Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՆԵՏՎԱԾ ՁԵՌՆՈՑ

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՆԵՏՎԱԾ ՁԵՌՆՈՑ
02.04.2010 | 00:00

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԻՊՆՈՍԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Հետամանորի խումհարից ծուլակամ սթափվող մեր մշակութային կյանքը խուռներամ աշխուժությամբ լցվեց գարնանամուտին։ Հատուկենտ միջոցառումների առկայծումներով խթանվող ռիթմը մշակութային ամենատարբեր հաստատությունների աշխատանքային առօրյայի աննախադեպ լարվածություն ստացավ թատերաերաժշտական փառատոների գրեթե միաժամանակյա մեկնարկով։ Արվեստասեր հանրությունը, հոգևոր սնունդ հայթայթելու ջանադրությամբ, ակամա կրկին հայտնվեց ցայտնոտային մրցավազքում` շարունակական երկընտրանքի մատնված։ Ո՞Ւմ տալ անմիջական հաղորդակցության նախապատվությունը` փառքի մայրամուտին հասած լեգենդար թանկարժեք գիսաստղերի՞ն, իրարահաջորդ անհատական ցուցահանդեսներով հրապարակային հանդիպումների կարոտին հագեցում փնտրող հոբելյար արվեստագետների՞ն, նոր բեմադրությունների առաջնախաղերով հրապուրող թատրոնների՞ն, թե՞ հանրահռչակ երաժիշտների մասնակցությամբ անզուգական հնչողություն ձեռք բերող համերգներին։ Մոռացած վերահաս թանկացումների հերթական, արդեն ավանդական դարձած խաչելության արհավիրքները, վերստին գոտեպնդվում է զանգվածային տոնախմբության ուժգնացվող փայլատակմամբ խորագիտորեն ներարկվող մոտալուտ համընդհանուր բարեկեցության «իրատեսական» հավատով։ Կեցցե՛ մեր փոքրիկ երկիրը։ Կքած օտարերկրյա վարկերի բեռան տակ` համարձակորեն ձեռնոց է նետում ժամանակի մարտահրավերներին, էլիտար վայելքներ հրամցնում իր մարգինալացված ազգաբնակչությանը` չխնայելով աղքատիկ պետական ու մի շարք մեծահարուստ գործարարների (այժմ` հայրենանվեր բարեգործների) սեփական (երբեմն` դժվարությամբ տարբերակվող) գանձանակների պարունակությունը։ Գուցե սա «դեմոկրատիա» ասվածի նորահայտնությո՞ւնն է` դժվար ընկալելի «տոտալիտարիզմի» ժառանգորդներիս։ Ո՞վ գիտե։
Երկտասնամյա փորձառությամբ` ինչ-ինչ ապրեցնող լիցքեր (գեթ առժամանակյա մոռացության նիրվանա), այնուամենայնիվ, պարգևում են մշակութային փոխշփումները, ինքնախաբեության վտիտ լծակներ ապահովում, դիմակայելու կորով։ ՈՒստի, կենտրոնացնելով ժամանակն ու հնարավորությունները, հանրության գրեթե նույնակազմ մի ստվար խավ ձգտում է առավելագույնը կլանել իրեն հրամցվող մշակութային տարարժեք միջոցառումների ներթաքույց հոգեմտավոր կենսակունքից։ Եվ, մի կողմ թողած հաճախացող հիասթափությունների տրտմեցնող հուշը, ամեն նոր նախաձեռնության հետ նոր հույսեր կապելով` փութով ներգրավվում է հատկապես խնամքով գովազդվող հաջորդների շրջապտույտում։ Չնայած բազմիցս, բոլոր նախորդների անմիջական տպավորություններով, համոզվել է, որ ավանդական դարձվող փառատոներն ու նորահնար մեծադղորդ (նույնիսկ` գիսաստղային փառաշուքով գայթակղիչ) միջոցառումներն իրականում քաղաքական նպատակներ են հետապնդում` ավելի ու ավելի հազվադեպ ցուցանելով բարձրարվեստ լուսարձակումներ։ Բուտաֆորական բովանդակությամբ գերհագեցվող առօրյայում հետին պլան է մղվում կարծրացած հիմնախնդիրների արմատական հանգուցալուծումը։ Քաղաքական մշակույթի անկապտելի մասը կազմող մշակութային մարտավարությամբ հետևողականորեն թանձրացվում է զանգվածային հիպնոսի մթնոլորտը։ «Ընտրյալների» հատուկ կազմավորված նեղլիկ թիմերով ձեռք ձեռքի տված` խոշոր գումարներ են մսխվում «արտոնագրեր» շնորհողների հետ` բյուրեղացած հնարքահամակարգի գործարկմամբ մասնակի հատկացումներ տրամադրելով արտաքին տոնափայլի անխամրելի պահպանմանը։ Արդարանում են հեռահար ակնկալությունները։ Յուրայինները, հարստությունից բացի, փառք ու պատիվ են նաև «վաստակում»։ Նրանց անհրաժեշտ ծառայություններ «անբասիր» մատուցողները` մեդալամրցանակներ ու անձնական բարեկեցության անհամեմատ կայուն լծակներ։ Ազնիվ մտավորականներն ու գործի նվիրյալները, անդուլ աջակցելով այս կամ այն նախաձեռնության պատշաճ կայացմանը, «թուրքական» նրբանենգ դիվանագիտությամբ` ոչ միայն օտարվում են ֆինանսական խոհանոցից, այլև բարոյահոգեբանական խրախուսանքի չեն արժանացվում, և կենսական էներգիայի վատնումի հերթական տրտմասարսուռ փաստն են սոսկ արձանագրում` որպես նոր սեփական ձեռքբերում։
Այսպիսով ժամանակը վստահաբար հոսում է դեմոկրատական խաղերի նախանշված հունով, քաղաքականության մշակույթի ծաղկունքին միայն բարենպաստ։
Փորձեմ կոնկրետացված հիմնավորել մարտյան ընդհանուր տպավորություններիս դասդասմամբ բնականոն հորդած մտորումները։
ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Խաղացանկային թատրոնների աշխուժացող առօրյային միախառնված «Թատրոն-X» երրորդ հանրապետական և «Արմմոնո» ութերորդ միջազգային փառատոներով, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ` գարնանային մշակութային համանվագի գլխավոր դիրիժորը, անվերապահորեն, թատերարվեստն էր։ «Բանավեճի փառատոն» կարգախոսին հավատարիմ` Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) «X»-ականները, նորակազմ ընդլայնված թիմով, փորձեցին մարտի 2-ից 29-ը ծավալված ամենօրյա աշխատակարգով ամրապնդել ու խորացնել հետամտած գլխավոր նպատակը` հրապարակային քննարկումների երբեմնի բարի ավանդույթի վերահաստատումը։ Երևանյան 17 թատերախմբերի 2009-ին բեմադրած շուրջ երկու տասնյակ ներկայացումների անմիջական դիտումներից հետո ծայր առած խոսքուզրույցում, թիմայնացված փոխհարաբերությունների արգելափակող զորեղ ներգործությամբ, տարաչափ անկեղծության դրսևորումներ ի հայտ եկան։ Վաղուց կայացած ստեղծագործական խմբերը հիմնականում քամահրանքով էին ընդունում նորելուկ թատերաքննադատության կցկտուր ու թերարժեք, ամբողջի հստակ պատկերացումից հեռու ելույթները։ Սահմանված 3-5 րոպեում անկարելի էր խուսափել թռուցիկ գնահատությունից, մանավանդ` խիստ մոտավոր իմացությամբ կոնկրետ թատերախմբերի ընդհանուր ստեղծագործական նկարագրերի։ Բանավիճելու կորսված բարեկրթությամբ` թշնամական ընդդիմությամբ էին լռեցվում անաչառ նկատառումները հանրածանոթ բեմադրիչների ու դերասանների կողմից։ Ինչպես, ասենք, Բրեխթի «Կովկասյան կավճե շրջան» և Չեխովի «Հոբելյան» ներկայացումներին հաջորդած քննարկումների ժամանակ Սունդուկյանի անվան և Համազգային թատրոններում։ Նրանք, ովքեր երկփեղկված էին «X»-ի ու «Արտավազդ»-ի հանձնախմբերում, մասնագիտական միտքը կարող էին զգալիորեն ազատագրել կաղլիկությունից, եթե ստիպված չլինեին պահպանել վերջինիս կանոնակարգը։ «Փակ գաղտնի» քվեարկությամբ էին միայն պարտավոր (խուսանավել, իհարկե, հաջողվում էր, մինչև իսկ վերացարկվելիս) մարտի 27-ի նախօրեին արտահայտել սեփական վերաբերմունքը հավակնորդ ներկայացումների ու դրանց մրցակցող բաղադրիչների հանդեպ։ «X»-ացանկի 28 ներկայացումներից 17-ը «Արտավազդ»-ահայտ ունեին։ «Մազ»-ական երկուսը` 15-ամյա որոնումներով ծնված «Մարատ Սադը» (Պետեր Վայս) և անզուգական դառնահամը առանձնաշնորհյալ «վերին» բարեհաճությամբ «քաղցրացնող» «Մեղրը...» (Տոնինո Գուեռա), ինչպես և կանխագուշակում էինք, լուռումունջ դուրս սպրդեցին «Թատրոն-X»-ից (մեր հայկական հոգեկերտվածքով, պարզվում է, ի զորու չենք համընդհանուր խանդավառությամբ կրակվել` «Մազ»-արվեստի համամարդկային թատերագյուտերի բացառիկ բարեբախտությունը երախտագիտությամբ ընդունելով)։ «X»-ոլորտում հայտնվածները խոսքի լիակատար ազատություն ստացան տասնյակ երիտասարդական ներկայացումները քննարկելիս` երբեմն տուրք տալով գովաբանությանն ու անարդարացիորեն նորելուկներին հակադրելով ավագ գործընկերներին։ Կարծում եմ` նման դիրքորոշման հիմնաքարը նախաձեռնող աջակիցների «վերին» կամքը (նախապատվությունը տալ երիտասարդներին) հնարավորինս գոհացնելն էր։ Չափավորված կամակատարությամբ, համոզված եմ, առավել պատշաճ ուղի կհարթվի նոր թատերասերնդի վերընթացի համար։ Ամենևին կարիք չկա մեկին սևացնելով մյուսին արժևորել, ավելին, հակաբարոյական է նման մոտեցման արմատավորումն առանց այդ էլ ճահճացած մեր ստեղծագործական միջավայրում։ Երիտասարդներին զգույշ պետք է խրախուսել` անպայման նկատի առնելով բնատուր շնորհների բացահայտման ու վարպետացման ռեալ հնարավորությունները, ձեռք բերած փորձառությունը, հետաքրքրությունների շրջանակն ու մտահորիզոնի սահմանները։ Ինքնարտահայտման լծակներ պետք է գտնել թերմասնագիտացած շնորհալիների համար։ Զորօրինակ` ԵԹԿԻ-ի ուսանող Սուրեն Սաֆարյանի, ում բեմավորած «Փայտե մարդը» (Ստեփան Զորյան) բուռն խանդավառությամբ հակադրվեց Տիգրան Գասպարյանի «Կավճե շրջանին», և ՆՓԱԿ թատրոնի ինքնուս դերասան-բեմադրիչ-դրամատուրգ ԳարՍուի (Գարիկ Հովհաննիսյան), ում «Բարև, մահ ջան» հեղինակային ներկայացումը հարկավոր ուշադրության չարժանացավ նույնիսկ «X»-ականների կողմից, ովքեր գերադասել էին ներկա գտնվել «Արմմոնո»-ի վարագույրը բացելու պատվին արժանացած Գենադի Խազանովի «Ես վերհիշում եմ» մենաներկայացմանը (ըստ էության` ստեղծագործական երկարաձգված երեկոյին` տեսանյութի գերակայությամբ կենդանի շփումը տաղտկալիորեն թուլացնող)։
ԹԱՏԵՐԱՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ՉՀԱՄՏԵՍՎԱԾ ԼՈԽՈՒՄԸ
Խաչվելով «Թատրոն-X»-ին` «Արմմոնո»-ն, հիասթափեցնելով մշտական հյուրերին, մեծ հետաքրքրություն չառաջացրեց։ Երկատված թատերասեր հանդիսատեսն առանձնապես շենշող արտահայտություններ չգտավ Դանիել Լյուդվիգի (Շվեյցարիա), Արամ Հովհաննիսյանի ու Արեն Վաթյանի, Վերա Մույովիչի (Սերբիա) ու Սամվել Բաղինյանի, Յուրի Կրասկովի ու Օլգա Կուզինայի (ՌԴ) մենախաղերում։ Խաղացանկային 15 ներկայացումներից ուշագրավ տպավորություններ քաղեց մի քանիսից միայն` Յանոշ Ստոլարսկու «Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը»` ըստ Ֆիլիպ Դիմիտրի Գալասի (Լեհաստան), Ալեքսանդրաս Ռուբինովասի «Կոբան»` ըստ Էդ. Ռաձինսկու (Լիտվա), Կարինե Ջանջուղազյանի «Լույսը կբացվի» (դրամատուրգ` Կարինե Խոդիկյան, բեմադրիչ` Արթուր Սահակյան)։ Նարինե Գրիգորյանի ներկայացրած «Թռիչք քաղաքի վրայով» թերավարտ քնարական էտյուդը (ըստ` Անուշ Ասլիբեկյանի) նրա բազմաշերտ ունակությունների նորահաստատումը եղավ։ Ժիրայր Թորիկյանի (Ֆրանսիա) «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք»-ը հանդիսատեսային պատշաճ հետաքրքրության արժանացավ` Համազգային թատրոնում երկրորդ անգամ խաղարկվելով։
«Թատրոն-X»-ի մարզային յոթօրյա ծրագրին անդուլ մասնակցելով` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի մատույցներում նկատում եմ «Արմմոնո»-ի գովազդային մեծադիր պաստառը և երկմտում` թերարժեք դժգույն մենախաղերո՞վ պետք է հագեցվի մարզային թատերասերի հոգևոր պապակը... Մայրաքաղաքից դուրս գործող ստեղծագործական բոլոր խմբերն են կարոտ լիարյուն ինտեգրման արդի մշակութային դաշտին։ Նույնիսկ քիչ թե շատ կանոնավոր կյանքով ապրող Գյումրին ու Վանաձորը։ Աբելյանցիների ներկայացրած թումանյանական հեքիաթներով (բեմադրությունը` Արամ Մխիթարյանի) անսպասելի ոգևորությունը չնվազեց հաջորդ օրերին դիտված, հիմնականում ակումբային մակարդակի ներկայացումներով։ Հրազդանի քաղաքային թատրոնի կենսունակությունն ամենքիս բարյացակամությանն արժանացավ. տեղական իշխանությունների կողմից մոռացված նվիրյալներով բեմ բարձրացված երկու հեքիաթները` «Փոքրիկ ձկնորսը» և «Ճերմակ օձը», հավաստեցին փոքրաթիվ խմբի թատերաֆանատիզմի մասին։ Ինչպես և` Շուշիի «Նարեկացի» արվեստի միության մանկապատանեկան թատերախումբը (ղեկավար` Վլադիմիր Գևորգյան)։ Ինը մարզային ներկայացումների շուրջ տեղերում ծավալված խոսքուզրույցով միանգամայն հստակվեցին նրանց բարձրարվեստ ստեղծագործությունը խաթարող հիմնախնդիրները։ Գավառի, Հրազդանի, Արտաշատի թատրոնների շենքերի անմխիթար վիճակը կաշկանդեց դյուրությամբ հաստատված մտերմիկ մթնոլորտում (մարզերում միշտ էլ գերիշխողն անկեղծությունն է) խստահայաց վերլուծել բուն ներկայացումները։ Կանոնավոր փոխշփումների կարոտ` ոմանք վախվորած հարցնում էին` ՀԹԳՄ-ն կա՞, գործո՞ւմ է... Անվերջանալի անորոշությամբ ընկճված` տեղերում ելքեր են փնտրում փակուղուց` դժգոհ սեփական վտիտ ներուժով ինքնահնար ջանքերի ցածրարվեստ դրսևորումներից։ Բոլորի պարագայում էլ հերոսություն է թատրոնն ապրեցնելը, համակարգված պետական-հասարակական բարյացակամ հոգատարության մշտապես արժանի։ Մինչդեռ փառատոնային մերօրյա ստվարացող հիթ-շքերթով նրանց գոյությունն առկայծում է տարին մեկ անգամ, լավագույն դեպքում, ու շուտով մարում` որևէ արմատական տեղաշարժ չառաջացնելով։ Հուսանք, նորավյուն երիտասարդներով ձևավորված ԱԹՍՄ-ն համահայկական թատերադաշտը միավորելու իր շռայլած խոստումներին, այս անգամվա «X»-ի վեր հանած կարևորագույն խնդիրների համապատկերի խորագիտությամբ, հավատարիմ կմնա ձեռնարկած նոր ու շարունակելի գործերով։ Առայժմ, մեկամսյա քննարկումներով, «X»-ը բացահայտեց «Արտավազդ»-աշուկայի իրական բովանդակությունն ու շեշտադրեց առկա «բարիդրացիական» գնահատման չափանիշների անդրդվելի հեղհեղուկությունը։ Եվ` ընդհանուր թատերամիջավայրը ստեղծագործական առողջ լիցքերով շուտով անկողմնակալ մաքրագործելու սեփական նոր կազմավորվող կարողությունների զգալի տկարությունը։ Ի թիվս այլ արժանավորների` երկու թատերամիավորումների կողմից պարզապես անտեսվեց նաև Գարեգին Աբրահամյանի կոլորիտային դերակատարումը (Լոխում - Շահան Շահնուր, «Նահանջ առանց երգի», բեմադրիչ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյան)։ 2063-ամյա Արտաշատ թատերամայրաքաղաքի ներկայիս ստեղծագործական խումբն իրավացիորեն ընդվզեց տեղի ուսուցիչների խնդրանքով բեմ բարձրացված ու հանդիսատեսային համակրանք վայելող հրատապ ներկայացման հանիրավի նսեմացմանը «Արտավազդ»-ականների օրինակով։ Մարտյան թատերատոնավաճառում չհամտեսված այս Լոխումը կփորձեմ ինքս հաջորդիվ արժևորել, ինչպես, ասենք, Մնջախաղի թատրոնի «Արդաղիոնը»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ