«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ցուցահանդեսի փակումը դարձավ հեղափոխության բացում»

«Ցուցահանդեսի փակումը դարձավ հեղափոխության բացում»
20.01.2009 | 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ-ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քանդակագործ ՀԵՐԻՔՆԱԶ ԳԱԼՍՏՅԱՆՆ անբովանդակ նյութին (քար, փայտ, գիպս, կաշի, ոսկոր, թել, մետաղ…) կերպ և էություն հաղորդելու արվեստն ուսանել է 1979-85 թթ. գեղարվեստի ակադեմիայում, Արա Հարությունյանի արվեստանոցում: Մասնակցել է միջազգային 8 սիմպոզիումի, հայաստանյան և արտասահմանյան շուրջ 40 ցուցահանդեսների, անձամբ կազմակերպել 6 ցուցահանդես: Ստեղծագործական իր սկզբունքներն ու դավանանքը մեկնաբանում է այսպես. «Ինձ շատ հուզում էր ժամանակակից արվեստը, գրավում էր նրա ազատությունը: Միևնույն ժամանակ ես իմ արյունով շատ հայ եմ, իմ մտածողությունը, իմ ներսում եղած խորհրդանիշներն այնքան հայկական են, որ ես կարիք չունեմ մտացածին ինչ-որ բաներ անելու: Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում»: ՈՒսանողական տարիներին առանձնապես չի հետաքրքրվել ժանրային թեմաներով: ՈՒշադրության դաշտում եղել է կնոջ կերպարը: Իր ընտրած թեմաները դեպի հայ մշակույթի ակունքները տանող ուղիներ են եղել: «Այդպես ես հասա արխաիկ մշակույթին՝ ակունքային արվեստին,- ասում է Հերիքնազը,- և նկատեցի, որ դրանում շատ մեծ հարմոնիա կա բնության հետ: Ոչ թե մրցակցություն, այլ հարմոնիա: Հաճախ ասում են, թե ուզում են բնությունից ավելի լավ քանդակել: Բնությունից ավելի լավ հնարավոր չէ քանդակել կամ նկարել: Բնությունն այնքան հանճարեղ է, որ պիտի պարզապես իրեն լսես, իրենից սովորես ու կարողանաս մոտենալ, երկխոսության մեջ մտնել նրա հետ: ՈՒ եթե տիեզերքն օգնի այդ երկխոսությանը, ուրեմն մի բան կստացվի»:
Այս որոնումներն էլ Հերիքնազին տարել են դեպի ժայռապատկերային խորհրդանիշները, դեպի կենաց ծառի խորհուրդը, դեպի ազգային լեգենդներն ու պատմամշակութային մասունքները: Նա կարծում է, որ ստեղծագործությունն այն ժամանակ է միայն հուզում մարդկանց, երբ ծնվում է հեղինակի հուզմունքից: Հ. Գալստյանն իր արվեստով արդիական ցավոտ հարցերից է խոսում, բայց չի սիրում դաժանությունն արվեստում: Ձգտում է իր գործերով մարդկանց մեջ բարի ու լուսավոր բան արթնացնել, հույս ներշնչել, հավատ առաջացնել սեփական ուժերի նկատմամբ: «Ես իմ արմատների ասելիքը զգում եմ ու թողնում, որ այն խոսի իմ ստեղծագործություններում: ՈՒ իմ գործերը հասկանալի են լինում ոչ միայն հայերին: Հավատացեք, որ եվրոպացիներն ու ամերիկացիները շատ են հավանում իմ արվեստը, որովհետև այն նրանց համար նորություն է, տարբեր է, իրենցին նման չէ»,- վկայում է արվեստագետը:
Հերիքնազի կյանքը միայն մշակութային իրադարձություններից չի բաղկացած: Ինչպես ինքն է ձևակերպում, 1987-ին զբաղվել է հեղափոխությամբ: «Ղարաբաղում ոչ մի անգամ չէր բացվել հայաստանցի արվեստագետների ցուցահանդես,- պատմում է Հերիքնազը:- Ստեփանակերտի պատկերասրահում ցուցադրվում էին ադրբեջանցիների սարսափելի գործեր՝ սոցռեալիստական թեմաներով արված: Ես այդ ժամանակ «Հայաստանի երիտասարդ նկարիչների» բյուրոյի կազմում էի և իմ առջև խնդիր էի դրել Ստեփանակերտում կազմակերպել մեր նկարիչների ցուցահանդեսը: 1987-ի դեկտեմբերին մեր գործերն ուղարկեցինք Ղարաբաղ: 65 աշխատանք էր, որոնցից 36-ը նվիրվելու էր Ստեփանակերտի պատկերասրահին: Այդ ցուցահանդեսից հետո ոչ մի ադրբեջանցու գործ այլևս չի կախվել այնտեղ: 88-ի փետրվարի 13-ին Հայաստանից գնացած 13 արվեստագետներով պետք է մասնակցեինք ցուցահանդեսի փակմանը: Ցուցահանդեսի փակումը դարձավ հեղափոխության բացում: Առաջին անգամ մենք տեսանք սովետական մարդկանց հավաք, որը նվիրված չէր սովետական որևէ տոնի՝ մայիսի 1-ին կամ նոյեմբերի 7-ին: Մի կին գոռաց՝ միացում: ՈՒ միանգամից հասկացանք, թե մարդիկ ինչ են ուզում: Մենք Լաչինով, ճանապարհները փնտրել-չգտնելով, ադրբեջանական օմոնին հանդիպելու տագնապով, իրական վտանգը շրջանցելով, մի կերպ հասանք Հայաստան: Երբ մտանք Գորիս, բոլորս չափազանց հուզված էինք, որ փրկվել ենք, որ Աստծո աչքը քաղցր էր մեզ վրա: Իսկ գորիսցիները դեռ չգիտեին, որ մեզ հետ հեղափոխությունն ենք բերում Հայաստան: ՈՒղիղ մեկ շաբաթ հետո Հայաստանում կայացավ առաջին միտինգը: Եվ մի հետաքրքրիր օրինաչափություն. այն մարդիկ, ովքեր Ստեփանակերտի պատկերասրահին գործեր նվիրեցին, այսօր Հայաստանում են, իսկ ովքեր չնվիրեցին, դրսում են»:
Ընդհանուր կոնցեպցիայից, բանաձևումներից, պատմական և ոչ պատմական իրողություններին անդրադառնալուց բացի, արվեստագետն առանձին պատմություններ ու մեկնաբանություններ է անում իր յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ: Դրանցից մի քանիսը մեր ընթերցողի համար կբացահայտեն Հերիքնազ Գալստյանի խորհրդանիշ-քանդակների աշխարհը:
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԸ» (նկ. 1) իմ դիպլոմային աշխատանքն է: Շատ էի ուզում ամրակուռ կոմպոզիցիա ունենալ, ու ֆիգուրները եռանկյունու մեջ դասավորեցի: Առաջին ֆիգուրը պինդ կնոջ, հայ կնոջ կերպարն է մարմնավորում: Կին, որը և՛ ռազմի դաշտ կգնա, և՛ երեխա կմեծացնի, և՛ գիրքը կփրկի: Մյուս ֆիգուրը հուզական կնոջ կերպարն է, որը փրկում է թանկ մասունքն ու միաժամանակ հետ շրջվում, նայում, թե ինչքան բան մնաց չփրկված: Կոմպոզիցիայի երրորդ դետալը խաչքարն է, որն ինձ շատ ճիշտ լուծում թվաց: Այս աշխատանքի թեման առնչություն ունի Արենի անունով հայուհու և Արենի եկեղեցու հետ կապված լեգենդի հետ: Մեծ վրդովմունք առաջացրեց այն, որ ես պատմական թեմայով էի քանդակել: Բացի Արա Հարությունյանից, բոլոր դասախոսները վրդովված էին: Խորհրդային շրջանն էր, և հայոց պատմությանն անդրադառնալը չէր խրախուսվում: 1,5-2 տարի պայքարելուց հետո համոզեցի, որ հենց այդ թեմայով պիտի աշխատեմ: Դիպլոմային աշխատանքս արել էի գիպսով: Դրա մեկ տարբերակն էլ՝ ավելի փոքր չափսերով, արեցի պղնձից ու 1987-ին նվիրեցի Ստեփանակերտի պատկերասրահին: Այն պատերազմին մատաղ եղավ: Մեծն էլ տանը կենցաղային աղետին զոհ գնաց: Հիմա աշխատում եմ նոր տարբերակի վրա՝ դարձյալ գիպսով:
«ԿԵՆԱՑ ԾԱՌԸ» (նկ. 2) ընդգրկված է Երևանի ժողարվեստի թանգարանի մշտական ցուցադրության մեջ: Տարբեր մեկնաբանություններ եմ տվել՝ կենաց ծառ, ցանկությունների ծառ, մուրազածառ: Հիմա ընդունված է ժամանակակից բառեր օգտագործել՝ ինստալյացիա, ակցիա, պերֆորմանս: Այս բոլոր բարդ ու անհասկանալի բառերի տակ շատ պարզ ու հասարակ բաներ են արվում, բաներ, որոնք մարդիկ արել են մինչև այդ բառերն իմանալը: Ընդամենն անունն է փոխվել: Կյանքի խորհրդանիշները միշտ էլ նույնն են եղել՝ բնությունը, բնության հետ հարմոնիկ ապրող մարդը և այս երկուսին համատեղող կենաց ծառը: Մինչ այս աշխատանքն արել եմ «Արտամետի խնձորները», որը սկզբնական մի էտապ էր ու նախապատրաստում էր «Կենաց ծառի» ի հայտ գալը: «Կենաց ծառն» ամբողջովին բաղկացած է խորհրդանիշներից: Հացի սեղանի վրա հավաքել եմ ծառը՝ յոթ ճյուղերով: Ներքևում պատռված սերմի խորհդանիշն է, որից դուրս է եկել ծառը՝ իր պտուղներով: Իսկ ճյուղերից կախված են դաղդղանները: Դրանք համայիլների աժեք ունեն: Ամեն մի կյանք կարիք ունի պաշտպանության, ու ամեն մի պտուղի ուղղությամբ ես կախել եմ համայիլներ:
«ՄԱՍՈՒՆՔԻ ՏՈՒՓԻ» (սկսեցի գործեր անել երկանքով) կլոր ձևը կատարյալ է: Բացի այդ, երկանքն ունի խորհուրդ: Ինքը կյանք է ունեցել, շատ սիրելի ու կարևոր է եղել, ձեռքից ձեռք է անցել, մարդկանց հաց է տվել: ՈՒ մեկ էլ ստացվել է այնպես, որ այդ պետքական գործիքը ոչ մեկին հարկավոր չէ: Իմ աշխատանքում, որի մեծ տարբերակն արել եմ Իջևանի սիմպոզիումի ժամանակ, երկանքը բաժանված է երկու կտորի, որոնք իրարից հեռացած են, ու դրանց արանքում խոփ է դրված: Մտահղացումն առաջացավ իմ մեջ, երբ Էջմիածնում տեսա Սուրբ գեղարդն ամփոփող մասունքի տուփը:
«ՄԱՐԿՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» աշխատանքը նվիրված է արվեստագետ Մարկոս Գրիգորյանի հիշատակին: Մարկոսը մեծ երևույթ էր ու չգնահատված: Երբ տեսա նրա այծիկներով գորգը, որոշեցի քարե դաղդղաններով, քարե այծերով գորգ անել: Այծը եղել է արևի խորհրդանիշ: Իսկ գորգի նմանությունը ստացա գունավոր թելերի միջոցով, որոնցից կախված են այծիկները: Այծիկներից մի քանիսն էլ փախել են, առանձնա-ցնել: Գունավոր թելերի շնորհիվ մի տեսակ ուրախ երանգ է հաղորդվում քարե գորգին: Սա մեր հնագույն գորգերն է հիշեցնում, որոնք բոլորն էլ ինչ-որ ուրախ, վառվռուն բան են ունեցել իրենց մեջ:
«ՀՐՈՎԱՐՏԱԿԸ» պատրաստված է ծառի կեղևից: Արել եմ այն դաժան ժամանակներում, երբ ոչնչացնում էին ծառերը: Պատահաբար ձեռքս մի կեղևի կտոր ընկավ, որը որդը կերել էր: Կարծես դա գրություն լիներ, հիերոգլիֆ, հրովարտակ: Ինձ ցավ է պատճառում այն, որ բնությանը վատ են վերաբերվում: Մենք այն ցուրտ տարիներին էլ կարող էինք մեզ ճիշտ պահել. ոչ թե ոչնչացնել ծառերը, այլ էտել, կտրատել այնպես, որ և՛ ժողովուրդը տաքանար, փրկվեր, և՛ ծառերը թարմանային ու չմահանային: Եվ ես մեկ տարվա ընթացքում հավաքեցի ծառի կտորներն ու կարողացա ստեղծել այնպիսի տպավորություն, թե այդ կտորները թելերով միմյանց կարված են: Կեղևի վրա դարձյալ կենաց ծառն է: Սա բնությունից մարդկանց ուղղված հրովարտակ է: Հրովարտակը կոչ է անում չոչնչացնել բնությունը. եթե բնությունը ոչնչանա, մենք էլ կոչնչանանք: Այստեղ կա նաև Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության գաղափարախոսությունը՝ «Բա՛ց կեղևդ, ծա՛ռ»:
«ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՏԻՐԱՄԱՅՐԸ» պատրաստված է թրծակավից: Արել եմ 1988-89 թվականներին: Հետագայում՝ 1994-ին, ծնվեց իմ երկրորդ աղջիկը, որը դիմագծերով շատ նման է այս Տիրամորը:
«ՔԱՐԵ ԱՐԵՎԻ ՕՐԱՑՈՒՅՑ»։ Ես անտարբեր մարդ չեմ: Ինձ հուզում է մեր հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը: Բողոքում ենք, որ վրացիները, թուրքերը, մյուսները վատ են վերաբերվում մեր հուշարձաններին: Իսկ մե՞նք ինչպես ենք վերաբերվում: Մենք ապրում ենք մարդկության օրրանում, բիբլիական երկրում: ՈՒ ապրում ենք օրվա հոգսով, առօրյայով, մեքենաների մուրազով, ուտուշ-խմուշի փափագով: Գեղամա լեռներում մի հնագույն քարե օրացույց կա, որի մասին գրված է գրքերում: Հետո լսեցի, որ այն կոտրվել է, վնասվել: Շատ ծանր ապրումներ ունեցա ու ստեղծեցի այս աշխատանքը, որն ինձ համար դարձավ կորցրած մշակույթի խորհրդանիշ: Սա հորդոր է մարդկանց, որ սիրով վերաբերվեն մեր հողին ու մշակույթին:
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ» թեմայով մի քանի գործեր եմ արել: Այստեղ ներկայացրել եմ գութանը, որից կախված են բազում ֆիգուրներ: Դրանք տարբեր կենդանիներ են: Ես սա ընկալել եմ որպես նոյյան տապան, այսինքն՝ փրկության միջոց:
«ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆ» արել եմ կաշվից ու ոսկորից: Ընդհանրապես, ցուլը շատ կարևոր կենդանի է, բանող, աշխատող արարած: Միշտ ցուլ ու սայլ պատկերելիս սայլը մեծ եմ անում, ցուլը՝ փոքր: Ես այս աշխատանքով որոշեցի կարևորել ցուլի դերն ու պատկերեցի միայն նրան:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4456

Մեկնաբանություններ