«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Դե՜, կգան, քաղաքից կզզվեն, էլի կգնան իրենց գյուղերը»...

«Դե՜, կգան, քաղաքից կզզվեն, էլի կգնան իրենց գյուղերը»...
13.02.2009 | 00:00

«ԴԱՍԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ»
Օրեր առաջ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դասական ալբոմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «Օպերային արիաներ» ալբոմը: Սա ամոքիչ բալասան էր հայ բեմի «աստղաշատ» երկնակամարում իրական աստղերի փնտրտուքից չհոգնած երաժշտասերների համար: Հայաստանն աշխարհի մեծ բեմերում ներկայացրած երգչի ամենասիրելի քաղաքը Լոնդոնն է, ուր նա ծափերի, երկրպագուների ու հիացական վերաբերմունքի պակաս չի ունեցել: Արտիստի բեմական հաղթարշավը կայացած իրողություն է նաև Եվրոպայի ու Ամերիկայի շատ այլ քաղաքներում: Բայց արգասաբեր դեգերումներից հետո նա ամեն անգամ կարոտով վերադառնում է իր մանկության բնօրրանը և գերադասում հանգստավետ կյանքը մայրաքաղաքի փոշուց ու աղմուկից հեռու՝ հովվերգության գրկում:
-Պարո՛ն Թումանյան, երգարվեստում Ձեր կայացման հարցում ի՞նչ դերակատարություն են ունեցել բնատուր շնորհը և մասնագիտական կրթությունը:
-Երբեք չեմ երազել երգիչ դառնալ: Ես ճարտարապետ եմ իմ բնավորությամբ, փոքրուց սիրել եմ նկարել: Իմ երազանքը կապված է քաղաքների, քաղաքակրթությունների հետ: Պարզապես ձայն եմ ունեցել ու «ձեռքի հետ» էլ երգել եմ: Հետո խորհրդային տարիներին հասկացա, որ քառակուսի ստանդարտ շենքերի պարագայում ես ոչինչ չեմ կարող նախագծել ու կառուցել: Կողքից խորհուրդ տվեցին, որ ընդունվեմ կոնսերվատորիա: Ես էլ, քանի որ ջութակի էի գնացել, հեշտությամբ ընդունվեցի: ՈՒնեցել եմ շատ լավ դասատուներ, բայց դասատուն իդեալական կերպով չի կարող ներկայացնել քեզ քո ձայնը: Ինքս անալիզ եմ արել իմ սովորածը: Իմ մեջ հեղափոխական մոտեցումները միշտ ընդգծված են եղել: Երկար ժամանակ է պետք եղել, որպեսզի կարողանամ զտել ձայնս, մաքրել կեղծ հնչերանգներից: Մինչև հիմա էլ կարող եմ երգել, բայց չկան այն միջավայրը, այն դերերը, որոնք ինձ կգոհացնեին: Երբ չունես քո թատրոնը, երբ քո թատրոնը քեզնով ման ես տալիս աշխարհով մեկ, մի տեսակ հոգնում ես: Այդքան հեշտ չէ անվերջ ուրիշի տեսակետին հարմարվելը: Ես չեմ սիրում ենթարկվել ուրիշի մտքին, ուրիշի կամքի կրողը չեմ, իսկ եթե ինքս լինեմ ղեկավար, անկախ ինձանից, պիտի սկսեմ թելադրել իմ ճաշակը: Դեմոկրատ չեմ խաղա: Կուզենայի մեկ-երկու ռեժիսորի հետ համագործակցել, իմ երևակայությունը ներդնել և ինչ-որ գործ անել, բայց չգիտեմ՝ դա որքանո՞վ կգոհացնի այսօրվա ղեկավարներին, մշակույթի նախարարության պաշտոնյաներին: Այսօր մեր ժողովուրդը կարիք ունի ռեալիստական արժեքների: Եթե Ավարայր ես ներկայացնում, նա ուզում է կոնկրետ Ավարայր տեսնել, ոչ թե աբստրակտ մի բան: Մենք պիտի գնանք մինչև մեր ակունքներն ու ժողովրդի հետ միասին նորից առաջ գանք:
-Ձեր որդու՝ Դավթի հայտնվելը երգարվեստում ի՞ր ընտրությունն է, թե՞ Ձեր:
-Ես չեմ ուղղորդել, հիմա էլ չեմ ուղղորդում նրան: Ինքը, իհարկե, բողոքում է, որ չեմ պարապում իր հետ:
-Այսինքն՝ Դուք նրա ուսուցիչը չե՞ք:
-Բոլորովի՛ն: Ինքը որքան էլ ասի, թե ես եմ իր ուսուցիչը, դա այդպես չէ: Այնքանով եմ ուսուցիչը, որքանով որ կարող եմ ուսուցիչ լինել՝ նրա հետ շփվելով կամ տանը երգիչների հյուրընկալելով: Թեև երգիչ ընկերներ չունեմ: Ընկերներս քիմիկոսներ են, ճարտարապետներ, ինժեներներ: Բայց քանի որ նա փոքրուց երաժշտություն է լսել, իմ կողքին է մեծացել, իմ միջավայրում է գտնվել, դրա համար էլ ինձ համարում է իր ուսուցիչը: Ինքը դեռ չի կարողանում ռեալ կողմնորոշվել, թե ինչ պիտի երգի: Չնայած մեծ-մեծ խոսում է, թե դասականն է ամեն ինչի հիմքը, եթե դասական երգես, ռոք էլ կկարողանաս երգել: Բայց դասականն ուրիշ բան է, ռոքը՝ ուրիշ: Ռոքը բոլորովին այլ դպրոց է ենթադրում: Ես թողնում եմ իր հայեցողությանը: Թող ինքը հասկանա, ինքն ընտրի: Առայժմ որոնումների մեջ է: Տեսնում է, թե ինչքան կարճ կյանք ունի փոփը: Փոփի մեջ ընտրում է դասական փոփը: Գուցե դա ավելի լավ է: Իսկ եթե մտածի դասականի մասին, պիտի հաշվի առնի, որ Հայաստանում այն բոլորովին ապագա չունի: Ինչ էլ որ անես դասական երաժշտության ասպարեզում, անում ես սահմանափակ մի շրջանակի՝ ինտելեկտուալ խավի համար: Եվ պետությունը պետք է մտածի այդ խավը պահելու մասին, որովհետև դա է երկրի ուղնուծուծը:
-Ձեզ համար ո՞րն է տարբերությունը՝ Լոնդոնի Քովընթ Գարդեն թագավորական օպերային թատրոնում եք երգում, Փարիզի «Բաստիլ» օպերայո՞ւմ, թե՞ Երևանի օպերային թատրոնում կամ Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում:
-Դասական արվեստը նախընտրում է ավելի մոտ, ավելի անմիջական շփում ունկնդրի հետ: Նույնիսկ ջութակահարի համար է դժվար մեծ դահլիճում նվագելը, որովհետև ջութակը հազար հոգանոց դահլիճում նույն կերպ չի հնչի, ինչպես հնչում է երեք հարյուր հոգանոց դահլիճում: Ձայնի հզորությունը, ելևէջները մեծ և փոքր դահլիճներում նույնը չեն: Իհարկե, հիմա ինչ-որ միկրոֆոններ են օգտագործվում, տեխնիկական տարբեր միջոցներ են կիրառվում, նոր տեսակի գործիքներ են պատրաստվում, բայց փոքր դահլիճներում երաժշտությունն ավելի լավ է հնչում: Ես ավելի շատ փոքր դահլիճներն եմ սիրում:
-Այսօր Երևանի կենտրոնում բնակվելը պարզապես բաղձանքի է վերածվել հայերի համար: Դա, մոդայիկ ձևակերպմամբ, բացառիկ «դրայվ» է հաղորդում մարդուն: Ձեզ ի՞նչն է տարել քաղաքից դուրս՝ Զովունի:
-Հա՜, ի՜նչ մոդայիկ բառեր ունենք՝ «դրայվ», «բրենդ»: Պարաբոլայի նման բան է. գյուղացիները ձգտում են դեպի քաղաք, քաղաքացիները ձգտում են քաղաքից պոկվել, հանգստանալ: Դե՜, կգան, քաղաքից կզզվեն, էլի կգնան իրենց գյուղերը:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4609

Մեկնաբանություններ