Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Յուրաքանչյուր պետություն իրականացնում է այն քաղաքականությունը, որը թելադրված է իր աշխարհագրությամբ

Յուրաքանչյուր պետություն իրականացնում է այն քաղաքականությունը, որը թելադրված է իր աշխարհագրությամբ
12.09.2008 | 00:00

«ՆԱԲՈՒԿՈՆ» ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այնուամենայնիվ, հետաքրքիր է այդ անունը՝ «Նաբուկո»։ Այդպես էր կոչվում Ջուզեպպե Վերդիի օպերաներից մեկը, այդպես էին անվանում Բաբելոնի թագավորին, որը մ.թ.ա. 4-րդ դարում գրավեց Հրեաստանը և քանդեց նրա առաջին տաճարը՝ գերեվարելով հսկայական քանակությամբ հրեաների։ Եվ... հետաքրքիր զուգադիպություն՝ 21-րդ դարում հենց այդպես է անվանվել առավել հեռանկարային էներգետիկ ծրագրերից մեկը, որը կոչված է փոխելու ստատուս քվոն ներկայիս աշխարհաքաղաքական համակարգում։
Ավելին, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին բուռն իրադարձությունները, ռազմական հակամարտությունները շատ կողմերով պայմանավորված են հենց «Նաբուկո» ծրագրի իրականացման հավանականությամբ, և տվյալ պարագայում անվան համադրությունը հայտնի նվաճող թագավորի հետ իսկապես սիմվոլիկ է։
«Հնգօրյա պատերազմից» հետո ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունները ոչ միայն չեն մտնում հանդարտ հուն, այլև գերտերությունների միջև հակադրությունն ավելի է խորանում ու միգուցե հանգեցնելու է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների։ Արդեն այսօր կարելի է արձանագրել երկու կարևոր հանգամանք։ Առաջինը՝ տարածաշրջանում Եվրոպայի պասիվությունը փոխարինվում է աննախադեպ ակտիվությամբ, և Եվրամիության նախագահող Ֆրանսիայի գլխավորությամբ եվրոպացիներն աննախադեպ ճեղքում իրականացրին տարածաշրջանում։ Դա, անկասկած, մեծ ձեռքբերում է Բրյուսելի համար, չնայած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների ձեռք բերած վերջին նախաձեռնությունն իրարամերժ գնահատականների է արժանանում և սկզբունքորեն բացահայտում, թե որքան տարբեր են կատարվածի իրենց գնահատականներում Մոսկվայի, Թբիլիսիի, Բրյուսելի և մնացյալ Եվրոպայի դիրքորոշումները։ Այսպես, «The Independent» հեղինակավոր պարբերականը, Եվրամիություն-Ռուսաստան բանակցությունների հետ կապված, մասնավորապես նշում է. «Շատ վերլուծաբաններ մտահոգ էին, որ Նիկոլա Սարկոզիին չի հաջողվի հասնել պայմանավորվածության Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Եվ հատկապես տարածաշրջանում Եվրամիության առաքելության տեղակայման կապակցությամբ, քանի որ այդ հարցի առնչությամբ նախօրեին Մոսկվայից հնչում էին շատ միանշանակ և կոշտ հայտարարություններ։
Բայց Սարկոզիի հաջողությունը, որը, չորսժամյա բանակցությունների ընթացքին ականատեսների գնահատմամբ, կարող էր և չլինել ռուսական կողմի անզիջում դիրքորոշման պատճառով, բանակցությունների ավարտին ակնհայտ դարձավ։ Հիմա մնում է հուսալ, որ ռուսական կառավարությունը կհարգի պայմանավորվածությունները, որոնց հասել է Եվրամիության նախագահությունը, ի դեմս Ֆրանսիայի ղեկավարի»։
Ռուսական քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը համարում է, որ Մեդվեդև-Սարկոզի բանակցություններում ձեռք բերվեց առավելագույն հնարավոր փոխզիջումը. «Այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի և Եվրամիության միջև, առավելագույն հնարավոր կոմպրոմիսն է։ Ակնհայտ է, որ այդ պայմանավորվածությունն անչափ անհրաժեշտ էր Մոսկվային, որպեսզի «բուֆերային գոտիներից» դուրս բերվեին ռուսական զորքերը։ Եթե մեր բանակը մնար զբաղեցրած դիրքերում, դրան դեմ կլինեին ոչ միայն Արևմուտքը, այլև Չինաստանը։ Մենք մեզ կդնեինք հարվածի տակ, կլիներ իրավացի քննադատություն միջազգային նորմերը չհարգելու վերաբերյալ»։
Ակնհայտ է, սակայն, որ դեռևս աննշան տարաձայնություններ կան պայմանավորվածությունների իրագործման մեխանիզմների վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահն այս կապակցությամբ նշել է. «Միջազգային դիտորդների (ովքեր կժամանեն Վրաստան) մանդատը կորոշվի ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում։ Նրանք իրավունք կունենան դիտորդական գործունեություն իրականացնելու Վրաստանի ցանկացած հատվածում, այդ թվում` հարավօսական և աբխազական հակամարտությունների գոտիներում»։ Մինչդեռ այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է. «Ընդունված փաստաթղթի ձևակերպումները պետք է բացառեն բոլոր հարցականներն այն կապակցությամբ, թե որտեղ կարող են տեղակայվել կամ այցելել ԵԱՀԿ-ի դիտորդները։ Նրանք կտեղակայվեն Հարավային Օսիայի շուրջը»։ Միևնույն ժամանակ Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Անրի Բենտեժը հայտարարեց, որ Եվրամիությունն ունի բոլոր անհրաժեշտ ռազմական ռեսուրսները ոչ միայն վրացական հակամարտությունների գոտիներ, այլև Մերձդնեստր և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար։ Ըստ գեներալի, «բնական է, որ Եվրամիությունն ունի բավականաչափ ռեզերվներ, որպեսզի կարողանա իր դիտորդներին տեղակայել հիշյալ տարածաշրջաններում։ Չի բացառվում, որ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանի և Ռուսաստանի միջև, ավելի ակտուալացնի այդ խնդիրը, և մենք սկսենք դրան ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Ամեն դեպքում, անվտանգության հարցը վերաբերում է միլիոնավոր քաղաքացիների և կարևոր է ինչպես ռազմավարական, այնպես էլ զուտ ռազմական տեսակետից։ Մանավանդ երբ դա վերաբերում է մի տարածաշրջանի, ուր հատվում են Եվրամիության և ԱՄՆ-ի շահերը»։
Ակնհայտ է, որ ռուս-վրացական վերջին պատերազմը խթանել է նաև իր էներգետիկ ապահովման ռեսուրսները դիվերսիֆիկացնելու Եվրոպայի ցանկությունը։ Քաղաքագետների և փորձագետների մեծամասնության կարծիքով` Եվրամիությունը պետք է որդեգրի միասնական էներգետիկ քաղաքականություն, որի միջոցով էլ կարողանա Ռուսաստանին պարտադրել Էներգետիկ խարտիայի կանոնները, որոնք ենթադրում են էներգետիկ բիզնեսի թափանցիկություն, հավասար ներդրումային հնարավորություններ և երրորդ անձանց համար խողովակաշարերի կառուցման ու շահագործման համար հասանելիության ապահովում։ Միանգամայն հավանական է, որ եթե Եվրամիությունը միասնական դիրքորոշում ունենա այս հարցում, դա լծակ կդառնա Ռուսաստանի վրա ազդելու համար։ Օրինակ, ամերիկյան Newsweek պարբերականը համարում է, թե եվրոպական էներգակիրները Ռուսաստանի կողմից վերահսկվելու մասին դրույթը իրականում միֆ է։ «Դա կարելի է մասամբ հավաստի համարել։ Նավթի և գազի մատակարարման դադարեցման սպառնալիքը, անշուշտ, հզոր զենք է, որը, սակայն, չեն համարձակվել կիրառել անգամ արաբական երկրներն Իսրայելի դեմ՝ չնայած կուտակված ատելությանը։ Ժամանակին նույնիսկ ՕՊԵԿ-ի հայտարարած էմբարգոն չստիպեց Արևմուտքին՝ լքելու Իսրայելը Յոմ-Քիպպուրի պատերազմից հետո»։
Փորձագետների մեծամասնությունն այս հարցման ժամանակ հանգում է այն կարծիքին, որ Լիտվայի, ՈՒկրաինայի կամ Վրաստանի նկատմամբ «խողովակը փակելու» ռուսական սպառնալիքները միայն վնասում էին անխափան գազամատակարարում իրականացնելու ընդունակ երկրի հեղինակությանը։ Առաջին հայացքից թվում է, թե Արևմուտքը ոչնչով չի կարող պատժել Ռուսաստանին, սակայն եթե խնդրին նայենք տնտեսական հարթությունից, ապա ռուս-վրացական պատերազմը Մոսկվային արդեն բավական թանկ արժեցավ, այն դեպքում, երբ արևմտյան կառավարություններն անգամ մատ չշարժեցին դրա համար։ Ռուսական ԶԼՄ-ների հավաստմամբ. «Պարզվեց, որ բիրժայում ռուսական «Գազպրոմի» ակցիաները վաճառող մարդկանց մեջ կային երկու մեծահարուստ ռուսաստանցիներ, որոնք երբեք չեն կարող գոհ լինել վարչապետ Վլադիմիր Պուտինի գործողություններից։ Իսկ նրա հավաստիացումներն այն մասին, թե Մոսկվան դարձել է գլոբալ ֆինանսական կենտրոն, և ռուսական ռուբլին կարող է վերածվել միջազգային ռեզերվային վալյուտայի, վերածվեցին ընդամենն անհաջող կատակի»։
Սակայն, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի համար ամենից դժվարը կլինի մարսել այն իրողությունը, որ Ադրբեջանը շարունակում է ձգտել դառնալ բնական գազի ամենախոշոր մատակարարներից մեկը դեպի Եվրոպա և բոլորովին էլ չի հրաժարվել «Նաբուկո» ծրագրի իրագործման մասնակից լինելուց, ինչպես փորձում էին ներկայացնել ռուսական ԶԼՄ-ները՝ տապալված ներկայացնելով ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի այցը Ադրբեջան։ Մինչդեռ Բաքվում ԱՄՆ-ի փոխնախագահն Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ է մեծացնել էներգետիկ միջանցքները Կովկասում։ «Էներգետիկ անվտանգությունն անհրաժեշտ է, և այդ հարցը դառնում է ավելի հրատապ։ Մենք պետք է աշխատենք Ադրբեջանի, Կովկասի այլ երկրների, Կենտրոնական Ասիայի պետությունների հետ լրացուցիչ էներգետիկ միջանցքներ ստեղծելու ուղղությամբ։ Նախկինում ԱՄՆ-ն աշխատում էր շատ հեռու չգնալ այս տարածաշրջանին ռազմական օգնություն ցույց տալու հարցում և ձեռնպահ էր մնում ռեգիոնի պետությունների բանակները մարզելուց և զինելուց։ Հիմա այդ քաղաքականությունը կարող է և վերանայվել»,- նշել է ԱՄՆ-ի փոխնախագահը, և այդ մոտեցումը ողջունել է Ադրբեջանի ղեկավարը։ Եվ դա չնայած այն բանին, որ Մոսկվան սիրախաղ է սկսել Բաքվի հետ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ Մի շարք ադրբեջանական փորձագետներ արդեն ուղղակի հայտարարում էին, թե Կրեմլն իրենց կնվիրի Ղարաբաղը, եթե Բաքուն իրեն պահի համապատասխան ձևով, և որ Ռուսաստանն ադրբեջանական գազի պաշարները պատրաստ է գնելու շուկայական և ոչ թե ֆիքսված գներով։ Բնականաբար, այս ամենը ենթադրում էր, թե Ադրբեջանը ձեռնպահ կմնա նաև «Նաբուկո» ծրագրին մասնակցելուց։ Մինչդեռ Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը հայտարարել է, որ դա ուղղակի իրատեսական չէ, թեպետ «արհեստականորեն փորձ է արվում քաղաքական լարվածություն ստեղծել, որը խանգարում է ծրագրի իրագործմանն այս փուլում»։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերը ևս հայտարարել է, որ «Նաբուկո» ծրագիրը ցանկացած դեպքում իրագործվելու է։ Հանդես գալով Բաքվում այդ նպատակով հրավիրված հատուկ ֆորումում՝ նա նշել է, որ «Նաբուկո» ծրագրի իրագործումը Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, միգուցե և Գերմանիայի տարածքով կսկսվի 2010 թվականին և կավարտվի 2013-ին։ Գազամուղի նախագծային արժեքը 7,3 մլրդ դոլար է, և ենթադրվում է, որ առաջին շրջանում դրանով կհոսի ադրբեջանական, հետո նաև թուրքմենական և ղազախական գազը։ Նախնական հաշվարկներով նախատեսված է դեպի Արևմուտք արտահանել 8 մլրդ խմ գազ, իսկ հետագայում դա հասցնել տարեկան 31 միլիարդի։
Ահա այսպիսի իրողություններ։ Հարավային Կովկասի և հատկապես նրա էներգետիկ բաղադրիչի համար պայքարը շարունակվում է և ստանում է լրացուցիչ խթաններ, որոնք ավելի են արագացնում զարգացումները։ Հայաստանին այս իրավիճակում հրատապ կարգով անհրաժեշտ է կոմունիկացիոն խնդիրների հիմնավոր լուծում։ Ինչպես ժամանակին նշել է Նապոլեոնը, յուրաքանչյուր պետություն իրականացնում է այն քաղաքականությունը, որը թելադրված է իր աշխարհագրությամբ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5225

Մեկնաբանություններ