38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՀԿ-Ն ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԿԱՏԱՐԵԼ ԱՅԴ ԲԱՐԴ ԱՆՑՈՒՄԸ

ՀՀԿ-Ն ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԿԱՏԱՐԵԼ ԱՅԴ ԲԱՐԴ ԱՆՑՈՒՄԸ
01.12.2009 | 00:00

Որքան էլ պարադոքսալ, ՀՀԿ-ի ճակատագիրը, որպես իշխող կուսակցության, շատ ավելի հետաքրքիր է ստացվում, քան ՀՀՇ-ինն էր:
Շաբաթ օրվա 12-րդ համագումարը մեկընդմիշտ եկավ ու փաստեց, այո՛, սա անցումի կուսակցություն է: Պատմական անցումի:
ՈՒ որքան էլ դժվար է հետ գնալ ու 90-ականների հանգույն պատկերացնել, որ գրեթե մի քանի հոգուց բաղկացած Աշոտ Նավասարդյանի կուսակցությանը երբևէ այսպիսի դեր կվերապահվի Հայաստանի նորանկախ պատմության մեջ, այնուհանդերձ, ՀՀԿ «դրեյֆը», որն սկսվեց 1999-ին` Վազգեն Սարգսյանով, առայսօր շարունակվում է: Մինչև ո՞ւր` կյանքը ցույց կտա, մեզ մնում է արձանագրել:
ա) Շաբաթ օրվա համագումարը նույնպես անցումային էր, ինչպես որ էին ՀՀԿ-ի շատ համագումարներ, դիցուք` 2006-ինը, երբ Սերժ Սարգսյանը որոշեց անդամակցել հատկապես այս կուսակցությանը: Անդամակցեց ոչ միայնակ: ՈՒ հիմա, փաստորեն, գնում է ուղիղ հակառակ պրոցեսը (շշմելու է, սակայն նույն այդ 2006-ի պատմական համագումարին Գագիկ Ծառուկյանը դարձյալ չէր մասնակցում։ Ինչո՞ւ` մեր հարցին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանն ասաց` «գուցե տեխնիկական պատճառներ կան, չգիտեմ». ոնց տեսնում եք` տեխնիկական պատճառներն առայսօր չեն վերացվել):
Իսկ շաբաթ օրը, փաստորեն, եկավ ու արձանագրեց` տեղի է ունենում բոլորովին հակառակ գործընթացը. «ապագաղափարայնացումից» (երբ 2006-ին Ալրաղացի Լյովն այդպես էլ չգտավ «արգումենտացիա», թե ինչու է անդամակցում ՀՀԿ-ին, ու մեր ձեռքը մագնիտաֆոնախառը «հլը ըստուց» արեց) անցում է կատարվում ՀՀԿ-ի նորացման, թարմացան:
Կկարողանա՞ն: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը դրան է գնում: Քաղաքական իրողություններն էլ պարտադրում են` ՀՀԿ-ն, մասամբ էլ կոալիցիան, փոխարկել առավել բրգացած, արդիականացված կուսակցության: Շատ պրագմատիկ մեկ պատճառով. ՀՀԿ հաջորդ` հերթական համագումարը տեղի կունենա խորհրդարանական և նախագահական ընտրությունների «միջակայքում», ասել է` նախագահական երկրորդ «սրոկը» սարերի հետևում չէ, ու եթե «այդպես չարվի» , ապա թե՛ ներ, թե՛ արտաքաղաքական առումներով, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ֆիասկոների շարք գրանցի:
բ) Այո, համագումարը անցումի ազդանշան, «տոլչոկ» տվեց նաև կոալիցիոն ուժերին: Ակնհայտ է` ԲՀԿ-ն կտարրալուծվի, եթե շարունակի «տեխնիկապես չվերազինվել» ու նույնակերպ շարունակել (այո, հատկապե՛ս ԲՀԿ-ն. նույն ԲՀԿ-ն շատ ավելի ուղիղ ու շիտակ է խաղում, քան նրա շուրջը եղող «համախոհ», առավել խորամանկները, որոնք զոհասեղանին են դնում ԲՀԿ-ին):
Ընդ որում, ՀՀԿ-ի «արդիականացումը» քայլերի հզոր կասկադով է իրականացվելու: Ճիշտ է, Սերժ Սարգսյանին հատուկ է «step by step» տարբերակը, սակայն նպատակային ու վերջնական «ճանապարհային քարտեզն» արդեն իսկ գծված է. ասենք` պատգամավորների մեկ երրորդը դիմում է Սահմանադրական դատարան` ճշտելու` կարո՞ղ է արդյոք գործարարը ներկայացված լինել հաջորդ պառլամենտում` անկախ նրանից` «գրանցվա՞ծ» է որպես «տնօրեն», թե՞ ոչ (այս գաղտնիքը կբացենք հաջորդ նյութերից մեկում):
Համագումարը ցուցանեց, որ կոալիցիոն տարրալուծման վեկտորները, այո, արդեն իսկ որոշակիանում են, ու Արթուր Բաղդասարյանը յուր ՕԵԿ-ով դա շատ լավ է հասկացել: Նա ոչ մի կերպ չի ցանկանում «դուրս սահել» գնացքից, ուստի ասաց` իրենք, ի տարբերություն «այլոց», «հավատարիմ են ու հավատարիմ են լինելու ստորագրված կոալիցիոն փաստաթղթին»: Հիմա նա ժամանակ ունի խոկվելու, ներսուզվելու` ՀՀԿ «արդիականացման» մեջ է «ներսուզվում» անդամագրմա՞ն տեսքով, թե՞... Հիշենք, որ այդ Բուլբան էր` Տարաս, որ ծնեց ՕԵԿ-ին (Սերժ Սարգսյանի տեսքով), և քանի որ ծնել է, կարող է և... Այնպես որ, ՕԵԿ-ը գնալու տեղ առանձնապես չունի։
գ) Անցումային համագումարը վարում էր Սերժ Սարգսյանը: Սրանով ամեն բան ասված է: Իսկ ասված է` իմ ձեռքում է ամեն ինչ, ու ոչ մեկին շարժի իրավունք ու հնարավորություն չի վերապահվելու: Հիշենք` Ազատիչը միայն ծայրահեղ դեպքերում է առաջին գծում հայտնվում, նրա տարերքը «հետնաբեմն» ու «գորշ կարդինալի» մունդիրն են: Հանել էր, փաստորեն, մունդիրը, ու տեղը-տեղին վարում էր համագումարը: Ողջ ընթացում նա իրեն զգում էր ինքնավստահ, անչափ սթափ էր բոլոր կարգի ռևերանսների, մանրիկ սպասարկումների ու ծառայությունների նկատմամբ, հասկացնում էր` իրեն այդ ամենը հեչ չի հետաքրքրում, իրեն հեչ հետաքրքիր չէ Արտաշատի տեղական կառույցի տիկնոջ բարձրագոչ խոնարհումը` «մեծարգո նախագահ» ասելիս (չնայած տեղական կառույցների բոլոր ելույթները կրում էին տարածքային «ղեկավար-պապաների» գովականության խոշոր դրոշմը), երբեմն էլ «զոն նայող-պապաների» անունները հնչելիս նույնիսկ փորձ էր արվում ծափ զարկել, ծափը հանդիպում էր Սերժ Ազատովիչի «մեծարգոյական» սաստումին (ի դեպ, նա նաև թույլ չտվեց, որ իր ելույթից առաջ ծափեր հնչեն, հասկացնելով` այդ օրերն անցել են, արագ-արագ սկսեց ելույթը կարդալ):
ե) Ելույթից սպասումը մեկն էր` անցումը, որը սկսել է Սերժ Սարգսյանը, շարունակություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Ընդ որում, նրա «բանավոր» ելույթը մի մասով դեկլարատիվ, մյուսով ասելիքային էր, հիմնականում` կիսատոներից զերծ:
Այսպիսով, անցումը, որ սկսել է ՀՀԿ-ն, ի դեմս Սերժ Սարգսյանի արտաքաղաքական «նախաձեռնողականության», բավականին բուռն է և ակտիվ: Այո, ինչ-որ մեկը պետք է այդ գործն սկսեր: ՀՀԿ այս մի լիդերն այդ ռիսկայնությունը վերցրեց իր ուսերին և այդքանով դարձավ հասկանալի, ընդունելի, օժանդակության արժանի: Մեր կարծիքով: Իհարկե, սկսված այս մեծ խաղի առնչությամբ և՛ ինքը, և՛ շատերը մտահոգություններ ունեն, սակայն խաղի «սկսումը» այն եզակի ու միակ տարբերակն էր, որը կարող էր Հայաստանը հանել տարածաշրջանային և գլոբալ մոռացումից, դարձնել գործոն, խաղացող կողմ:
Բայց և դժվար է չհամաձայնել, որ ՀՀԿ-ին (շատ հաճելի կլիներ գիտակցել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում իսկապես թիմ ունի ու մենակ չի «գիտակցել» գլոբալ խաղի անհրաժեշտությունը. նայում էիր բեմում նստածներին և, բացի մեկ-երկուսից, դժվար է ասել` մնացածը «իրե՞նն» են, թե՞ «ում»-ը, գոնե մինչ այդ համագումար) «սոսկ հաջողվել է ձևավորել հռչակված նպատակների իրականացման համար անհրաժեշտ և պարտադիր միջավայր»: Ընդամենը:
Պահը նուրբ է այնքանով, որ մտահոգություններն ու վտանգները հնարավորինս ճշգրիտ ու անվնաս դիմագրավելու բանալին, նախ և առաջ, ներհայաստանյան գործընթացներում և ներքաղաքական ճշգրիտ քայլընթացներում են: Ճիշտ է, բավականին ուշացումով, բայց ինչ-որ կիսաքայլեր արվել են այս ուղղությամբ, սակայն շարունակությունը` դեկլարացիայից դեպ բուն գործողություն, շատ ավելի արագ պետք է տեղի ունենա, քան կարելի է սպասել:
Կիսաքայլեր ասելով էլ նկատի ունենք քաղբանտարկյալների մասնակի ազատումը, Նիկոլի գրանցումը, իրական երկխոսության և ոչ համագումարային բարձրաձայնումների իրականացումը:
Մյուս կիսաքայլը ներկուսակցական-ներկոալիցիոն էր, նկատի ունենք վարչապետական թևի միջոցով սկսված գործընթացը, խաղեր տվող ՀՀԿ-ականներին տեղը դնելը, թիմի միասնականությունն ապահովելը:
Այս «կոնտուրում» նույնպես կարծես թե փորձ է արվում շարունակականություն ապահովել կոնկրետ քայլերով: Բացի վարչապետին ու նրա թիմին կուսակցականացնելուց, կուսակցական «բունտարների» հաշվով ներքին շրջաբերական է իջեցվել բոլոր կառույցներին, կառավարման բարձրագույն և «ցածրագույն» մարմիններին` բացարձակապես չլսել ՀՀԿ «բունտար» թևի և ոչ մի հրահանգը, նրանց ասելով որևէ կադրային նշանակում չկատարել, նույնիսկ ամենաոչէական նշանակում-քայլ չանել, եթե դրան տեղյակ չէ վարչապետը։ Մի խոսքով, ամեն ինչից նա պետք է տեղյակ լինի, ու վարչապետի «դաբրոն» պետք է այսուհետ աշխատի:
Մեր հաջորդ ինֆորմացիոն «արտահոսքն» այս «գետնին» վրա, որն իսկապես շատ «հետաքրքիր» է (ականջդ կանչի, Քոչարյան)։ Այո, «արջացած վոյինը» լուր է տարածում, որ ինքն այս խաղում` «չկա», ու թե ոմանք «թիմում» այնքան անխոհեմություն «կունենան», որ կգնան Սերժ Սարգսյանի դեմ, ինքը կանգնելու է Սերժ Սարգսյանի կողքին (վաո՜ւ)։
Իսկ հիմա իսկական «արտահոսք» հատուկ «հակընդդեմների» մասով. ինչ-ինչ գործեր դատախազությունում կարծես թե վեր են հանվում` «սլուչի չեգո»:
Ավարտելով ՀՀԿ անցումային համագումարի «դրույթների» մասին մեր արձանագրումը, կանգ առնենք ամենակարևորի, գաղափարական նոր առաջադրանքի վրա` հարցադրումով` Սերժ Սարգսյանն իսկապե՞ս մոդեռնիզացիոն գործընթացների սկիզբ էր նախանշում (հիշենք, որ նա փորձում է տեղավորվել աշխարհում սկսված գլոբալ խաղի համատեքստում, «good boys» Օբամայի և Մեդվեդևի «մոդեռնիզացիայի սխեմայում». ասաց, չէ՞, իր ելույթում` «պետք է քաջատեղյակ լինել բուն համատեքստին»):
Հիմա տեսնենք` Մեդվեդևից հետո մոդեռնիզացիոն ինչպիսի «կարգ» իրականացվեց մեզանում շաբաթ օրը: Խիստ սերժսարգսյանական: Այո, ինչպես Գեղամյանը Գեղամյան չէր լինի, եթե «չկսմթեր», այնպես էլ Սերժը Սերժ չէր լինի, եթե վերցներ ու ասեր` «ֆսյո, պը՜րծ, վերջնականապես մոդեռնիզացվում ենք» (այո՜, Ազատիչը «խիստ ի սիրում» ջինը շշի մեջ պահել):
ՈՒ թե մեկ նախադասությամբ ձևակերպենք նրա ելույթն այս առումով, ապա այն մոդեռնիզացիայի ու պահպանողականության միքս էր: Հիշենք, որ ընդդեմ պուտին-մեդվեդևյան ուղերձին «Եդինայա Ռոսիան» հակադարձեց պահպանողականության մասին իր թեզիսով (ի դեպ, այդպիսի մի մունդիրիկ համագումարյան իր ելույթում փորձեց զգենալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շեշտելով` ՀՀԿ-ն, ԱԺ մեծասնությունը պահպանողականության կրողն են):
Այսպիսով`
դ) ասացինք, սա այն եզակի դեպքերից էր, երբ Սերժ Սարգսյանն առաջին գծում պայքար մղեց: Նրա ելույթն էլ առանձնապես կիսատոներ ու ենթատեքստեր չուներ: Մոդեռնիզացիոն ապագան նա հիմնականում կապեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, շատ նուրբ ակնարկելով` «կուսակցությունը ոչ միայն այսօրվա ու երեկվա կուսակցություններինն է, այլև վաղվա կուսակցությանը»:
Ակնհայտ է, վարչապետն ինչ-որ առումով դառնում է Սերժ Սարգսյանի սիամը (դե, գոնե անցած և սպասվող զարգացումներն այդ են ապացուցում): Սարգսյանը, ինչպես որ ցայս եղել է, հետայսու ևս Տիգրան Սարգսյանին քարտ բլանշ է տալիս, իսկ թե վերջինս ինչպես կօգտագործի այդ անչափ կարևոր «քարտը», ցույց կտա ժամանակը: Մենք նորագիր ՀՀԿ-ական նախարարներին հարցրինք` բա որ ձեզ ՀՀԿ-ի «հին գելերն» ուտե՞ն: Նրանք շատ ինքնավստահ պատասխանեցին` «էնքան էլ ուտելի չենք»:
Բայց և միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը շատ նրբորեն հասկացրեց, որ խոշոր «լինչ» չի կիրառելու հնագիրների նկատմամբ (առայժմ պահն ու տարածաշրջանային իրադրությունն էն չեն, ոնց որ) ու ասաց` դեռ հանդուրժելու է նրանց (հա, ի դեպ, համագումարի ողջ ընթացքում գրեթե մեկ անգամ միմյանց հետ խոսեցին Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, հետո Աբրահամյանը հպարտ նայում էր դահլիճին, մեզ, թե` տեսնում եք, ամեն ինչ մեր մեջ ինչքան լավ է)։ Սերժ Սարգսյանն արձանագրեց. «Եթե կուսակցական մակարդակում խնդիրը չի լուծվում, եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ինչի օրինակներ մեր քաղաքական դաշտում տեսել ենք, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ` նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմության։ Սա չէ Հայաստանի հանրապետական կուսակցության ճանապարհը, վկան` այն թեժ բանավեճերը, որ մենք ունենում ենք մեր քննարկումների ժամանակ»:
Մազից պրծան (եթե` պրծան): Անցանք առաջ:
«Ենթատեքստում» էր նաև Ռոբերտ Քոչարյանը: «Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն։ Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած... Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ է ու ավելի լավը, քան քո միտքը, ուրեմն պարտավոր ես իրագործել նրա միտքը ու ոչ թե քոնը` միայն այն պատճառով, որ քոնն է»:
Դո՛ւք ասացիք, պարոն Սարգսյան:
Բայց ամենաուղիղ, թամամ մեսիջն ու ենթատեքստն ուղղված էր ԲՀԿ-ին. «ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ ու դիրքորոշում փոխելու` հաճախ առկա գործելաոճից։ Մեր «այո»-ն «այո» է և «ոչ»-ը` «ոչ»:
Դարձյալ Դուք ասացիք:
Իսկ վերջում, երբ արդեն Սերժ Սարգսյանն ընտրվել էր ՀՀԿ նախագահ, թույլ տվեց մի շատ մեծ սխալ` օգտագործելով անթույլատրելի եզրույթ` «թե՛ սրանք, թե՛ նրանք» («սրանք» ձևակերպումը վերաբերում էր Տեր-Պետրոսյանին, նաև` Քոչարյանին, «սրանցից» Լևոնը «նպատակ ուներ Ղարաբաղը զիջել», իսկ Քոչարյանի մասով` «քաջություն չունեցան ժողովրդի կամքը բարձրաձայնելու և իրականացնելու»):
Բա ո՞ւր մնացին երկխոսության մասին քիչ առաջ արված բարձրաձայնումները, չէ՞ որ արդեն երկու տարի հանրությունը, նրա մտավորական շերտն ուշի ուշով Սերժ Սարգսյանից հենց այդ արդիականացումն են ակնկալում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ