ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«Համաժողովրդական շարժումը, նրա առաջնորդը երբեք չեն գնա առևտրի»

«Համաժողովրդական շարժումը, նրա առաջնորդը երբեք չեն գնա առևտրի»
18.07.2008 | 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ»
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հայաստանյան այցի և հարակից թեմաների շուրջ «Իրավունք de facto»-ին իր դիտարկումներն է փոխանցում Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ։
-Երևանյան ասուլիսում, անդրադառնալով ԵԽԽՎ 1620 բանաձևի պահանջներին, Թոմաս Համմարբերգն ընդգծեց, թե «այս պահի դրությամբ դրանք չեն կատարվել»։ Եթե ԵԽԽՎ պահանջները չկատարվեն մինչև սեպտեմբերի 11-ը՝ աշնանային նստաշրջանի սկիզբը, ինչպիսի՞ն կլինի ԵԽ արձագանքը։ Արդյո՞ք այս անգամ հայաստանյան պատվիրակությանն իրոք կզրկեն ձայնի իրավունքից։
-Նախ նշեմ, որ Համմարբերգի գնահատականներն աչքի ընկան իրենց օբյեկտիվությամբ։ Ակնհայտ է, որ ԵԽԽՎ 1620 բանաձևի ընդունումից հետո Հայաստանի իշխանությունները որևէ ռեալ քայլ չեն ձեռնարկել բանաձևում ամրագրված պահանջների իրականացման ուղղությամբ։ Կիրականացնե՞ն, արդյոք, մինչև սեպտեմբերի 11-ը, թե ոչ, չեմ կարող ասել, սակայն չեմ էլ թաքցնում, որ հոռետեսորեն եմ տրամադրված իշխանությունների նկատմամբ, քանի որ, լինելով քաղաքականապես բովանդակազուրկ իշխանություն, չընկալելով Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի, ստեղծված քաղաքական իրողությունների պատճառներն ու բնույթը և մինչ օրս այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկելով, իրենք կարող են շարունակել նույն գործելաոճը։ Մյուս կողմից էլ վստահ եմ, որ իշխանություններն ստիպված են լինելու կոնկրետ քայլեր ձեռնարկել ԵԽԽՎ 1620 բանաձևի պահանջները կատարելու ուղղությամբ՝ Համաժողովրդական շարժման օրեցօր աճող ճնշման տակ։ Եթե Համմարբերգի գնահատականներն ու սպասվող զեկույցը կարող ենք համարել արտաքին աշխարհի ճնշման ձև, առավել էականն ու կարևորը ներքին ճնշումն է լինելու, ինչը գնալով կուժգնանա։
-ՈՒժգնացող ճնշմանը դեռ կանդրադառնանք, առայժմ մեջբերեմ Համմարբերգի մեկ այլ դիտարկում՝ քաղբանտարկյալների գծով։ «Ես իշխանություններին առաջարկել եմ՝ եթե ունեն ապացույցներ, որ նրանք հանցանք են կատարել, ապա թող արագորեն բոլորի գործերն ուղարկեն դատարան կամ ազատ արձակեն նրանց»։ Կարծում եք իշխանությունը կանսա՞ այս ողջախոհ առաջարկին։
-Չցանկանալով հատուկ մեկնաբանել Համմարբերգի խոսքերը, ընդամենը ենթադրություն կարող եմ անել, որ, ըստ նրա, նման ապացույցներ չկան։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նաև նշել էր, որ կան տասնյակից ավելի բանտարկվածներ, որոնց նկատմամբ որևէ կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել։ Բնականաբար, այս պահանջը պիտի առաջադրվեր իշխանություններին, և հիմա հարց է ծագում` իսկ ինչի՞ց են վախենում իշխանությունները՝ կալանավորվածների գործերը դատարան չուղարկելով։ Ամբողջ խնդիրն այն է, որ չեն կարող այդ գործերն արագ ուղարկել դատաքննության, որովհետև դրանց հետևում քողարկված ամբողջ խայտառակությունը, ամբողջ քաղաքական ենթատեքստը դուրս կգան ջրի երես։ Եթե նկատել եք՝ կալանքի երկարաձգման բոլոր միջնորդությունները, որ ներկայացվում են դատարան, միևնույն հիմնավորումն ունեն՝ «նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն», ինչը նշանակում է, որ տվյալ անձինք կալանավորվել են առանց բավարար ապացույցների։ Իսկ հանիրավի կալանավորվածներին ազատ արձակելու հեռանկարից սարսափում են առավել ևս, որովհետև դա կլինի Համաժողովրդական շարժման հաղթանակը, տվյալ անձինք էլ, լինելով գաղափարական համակիրներ, կրկնակի ակտիվությամբ կլծվեն շարժման պայքարին, ինչը սոսկալի դժվարություններ կհարուցի իշխանությունների համար։
-Նույն պահանջը՝ առանց նախապայմանների անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դեռևս հունիսի 20-ի հանրահավաքում հնչեցրեց առաջին նախագահը, ընդ որում, բավականին թափանցիկ, անգամ՝ տնավարի շեշտադրումով. «Սերժ, ազատիր քաղբանտարկյալներին, և նստենք երկխոսության սեղանի շուրջ»։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արտահայտած այն համոզմունքը, թե «մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցել են բռնարարքներին», Լևոն Տեր-Պետրոսյանին երկխոսության հրավիրելու «վիրտուալ» ակնարկ է։
-Հանրահավաքից անցել է գրեթե մեկ ամիս, և այդ հարցում որևէ տեղաշարժ չկա։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեխն այն էր, թե ինչ պայմաններում է հնարավոր երկխոսությունը ընդդիմության և իշխանության միջև։ Համաժողովրդական շարժումը, նրա առաջնորդը երբեք չեն գնա առևտրի՝ սա մեկ, երբեք չեն երկխոսի մի իշխանության հետ, որի թողտվությամբ մեկուսարաններում դեռ պատանդներ կան պահված։ Մենք մի քանի անգամ նշել ենք, որ սա միջնադարյան, Սալահեդինի ոճի պահվածք է, երբ պատանդ են վերցնում և փորձում հակառակորդին կանչել երկխոսության։ Նման բան չի լինելու։ Ինչ վերաբերում է Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին, ասեմ, որ ես չեմ դատում խոսքերով, դատում եմ գործերով։ Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե այսինչ մարդկանց պետք է մեղադրանք առաջադրվի, այնինչ մարդկանց՝ ոչ, պետք է հիշի, որ Հայաստանում դատախազությունն ու դատական մարմինները չպետք է հրահանգավորված աշխատեն։ Սա նաև ցույց է տալիս Սերժ Սարգսյանի էությունը, քաղաքական մտածողությունը կամ դրա բացակայությունը, այնպես որ, չզարմանաք, եթե սա լինի հերթապահ հայտարարություն։ Նորից եմ կրկնում՝ Համաժողովրդական շարժման գնալով ուժգնացող ճնշման տակ իշխանությունները ստիպված են լինելու ազատ արձակել քաղաքական պայքարի մեր բոլոր ընկերներին։
-Այդ թվում՝ անձեռնմխելիությունից զրկված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին և Հակոբ Հակոբյանի՞ն։
-Բոլորին։ Իսկ նրանց՝ հատկապես, որովհետև նրանք դասական իմաստով քաղբանտարկյալներ են։ Օրենքի տասնյակ դրույթներ են խախտվել նրանց ձերբակալության ժամանակ, որևէ կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել, քննչական գործողություններ չեն կատարվում։ Այսինքն՝ նրանք կլասիկ քաղաքական բանտարկյալներ են։
-Նույնիսկ երբ Սասուն Միքայելյանի առանձնատնից արկղերով պայթուցիկնե՞ր են հայտնաբերվել։
-Այդ դեպքում ինչո՞ւ գործը չեն ուղարկում դատարան։ Շատ պարզ պատճառով, որովհետև գիտեն, որ չեն կարողանալու ապացուցել այն շոուն, որն իրենք «բեմականացրել» ու ցուցադրել են հեռուստատեսությամբ։ Այս բոլոր էժան բեմականացումները կարող էին ինչ-որ ազդեցություն ունենալ մարտի 1-ից մինչև 20-նն ընկած ժամանակահատվածը, երբ հասարակությունն ի վիճակի չէր այլընտրանքային տեղեկատվություն ստանալու, այսօր արդեն մեր հայրենակիցները հստակ պատկերացնում են, որ այդ մարդիկ բանտերում են հայտնվել միմիայն այն պատճառով, որ կանգնել են Տեր-Պետրոսյանի կողքին, սկզբունքային են ու չեն պատրաստվում ընկրկել։
-Վերադառնանք ընդդիմության կողմից ճնշման ուժգնացմանը, ինչի մեջ, անկասկած, մտնում է նաև Քոչարյանի «գործը» Հաագայի դատարան ուղարկելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքը։ Այն արդեն սկսվե՞լ է, թե՞ մեկնարկը օգոստոսի 1-ի հանրահավաքում կտրվի։
-Մենք նախաձեռնել ենք այդ ստորագրահավաքը՝ Ռոբերտ Քոչարյանին, որպես մարտի 1-ի սպանդի գլխավոր դերակատարի, Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար։ Իր ստորագրությունը դնելով այդ փաստաթղթի տակ՝ ժողովուրդը ցույց կտա իր վերաբերմունքը և՛ մարտի 1-ի գործողություններին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանի իշխանությանը, եթե կուզեք։ Սա համարեք ճնշման ահագնացման ևս մեկ բաղկացուցիչ։ Մոտ օրերս մեր քաղաքացիներին ավելի ստույգ պարզաբանումներ կտրվեն, թե որտեղ կարող են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթի տակ։ Վստահաբար հայտարարում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում։
-Կիսո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, թե առնվազն մեկ միլիոն ստորագրություն է հավաքվելու։
-Չեմ կարող կոնկրետ թվերի մասին խոսել։ Կհավաքվի այնքան, ինչքան կհավաքվի։ Կարծում եմ՝ կհավաքվի բավարար չափով։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 3555

Մեկնաբանություններ