38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փլուզում

Փլուզում
21.07.2009 | 00:00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Հայաստանյան ներհասարակական-ներքաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների փոփոխությունները, ավելի որոշակի` դրանց ձևախեղումներն անկման այնպիսի կորագիծ են թողել իրենց հետևում, որ, մաթեմատիկական աքսիոմների նման, լրացուցիչ ապացուցման կարիք չեն զգում: Միաժամանակ, այդ ձևախեղումները, եթե պարզապես վնասել են հանրային, պետական կյանքի մի շարք բնագավառներ, ապա առանձին ոլորտներում այնպիսի ավերներ են գործել, որ ծայր է առել դրանց փլուզման գործընթացը:
Ինչպես աստվածավախ մարդու համար է հստակ, որ մեղքերի ծանրության հետևանքով մահից հետո իրեն սպասում է դժոխքի մղձավանջը, այնպես էլ կրթության ոլորտում առկա իրավիճակով մտահոգ մարդկանց համար էր պարզ, որ այստեղ գործած ավերներն անխուսափելիորեն հասցնելու են կրթական համակարգի փլուզման:
Հանրային կյանքի այս ոլորտը համեմատաբար երկար դիմադրեց ավերման հորձանքին հետևյալ պատճառներով. նախ` կրթության խորհրդային համակարգի ավանդույթների արդյունքում ձևավորվել էին ուսյալ մարդկանց մի քանի սերունդներ, որոնք կարողացան հետխորհրդային կրթական ձախավեր նորամուծությունների ճանապարհին դառնալ գրագիտության և կրթության հանդեպ աստիճանաբար փոխվող հանրային վերաբերմունքի ամբարտակներ, երկրորդ` կրթական ոլորտը, ի տարբերություն հասարակական կյանքի այլ ոլորտների, ավելի զգուշավոր է փոփոխությունների հանդեպ, երրորդ` այդ փոփոխությունների առաջ բերած ավերները կարող էին ի հայտ գալ բացառապես լիարժեք սերնդափոխությունից հետո:
Միաժամանակ, եթե այլ ոլորտներում հասարակական-քաղաքական կամքի առկայության դեպքում իրավիճակը հնարավոր էր որոշ չափով շտկել, ապա կրթության ոլորտում իրավիճակի հետագա բարելավումն անհնար է: Օրինաչափ էր, որ կրթության երկու հիմնական մակարդակների` հանրակրթության և բարձրագույն կրթության փլուզումն ընթանում է զուգահեռաբար: Կրթության ոլորտը ոչ միայն արտացոլում էր հասարակական-պետական կյանքի արատավոր երևույթները, այլև սպունգի պես ներծծում էր դրանք: Այդօրինակ երևույթները սկսեցին վառելանյութ մատակարարել կրթությունն ավերող հնձիչ մեքենային:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ
Ի տարբերություն գաղափարախոսության` խորհրդային կրթական համակարգը տասնամյակների ընթացքում ստեղծել էր այնպիսի ավանդույթներ և մեխանիզմներ, որոնք ոչ թե անցողիկ, այլ խոր և կայուն գիտելիքներ էին ապահովում: Բնականաբար, խորհրդային քաղաքական համակարգի արատավորվածությունը չէր կարող չանդրադառնալ նաև կրթական համակարգի վրա: Խորհրդային գաղափարախոսության հետևանքով կրթության հումանիտար ոլորտը միագիծ էր և խիստ ուղղորդված, իսկ գաղափարախոսական ոլորտը մեծ տեղ էր զբաղեցնում խորհրդային կրթական համակարգում: Այդ պատճառով միանգամայն օրինաչափ էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգում վակուում էր առաջացել, որն աստիճանաբար լցվեց ոչ թե արևմտյան կրթական համակարգի առավելություններով` տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ, տեղեկատվական բազմազանությամբ, ուսումնական ծրագրերի նորացմամբ և դասավանդման նորագույն մեթոդների կիրառմամբ, կաշառակերության և կոռուպցիոն ռիսկերի կրճատմամբ, այլ արևմտյան կրթական համակարգի տգետ նմանակմամբ, դրա ձևի, այլ ոչ թե բովանդակության ներմուծմամբ:
Հետխորհրդային Հայաստանում կրթական ոլորտում առաջին մրրիկը ծայր առավ 1994-ին, լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանի դասագրքային հեղափոխությամբ, որը նոր արժեքներով չհամալրեց խորհրդային գաղափարախոսության վակուումը, այլ ճանապարհ բացեց հանրակրթության ոլորտում չհիմնավորված լայնածավալ փորձարարությունների համար և խնդիրը լուծելու փոխարեն ավելի խճճեց այն:
Կրթական մրրիկները դրանով չդադարեցին, մանավանդ որ հայաստանյան կրթական համակարգի բարեփոխումների իրականացման համար արևմտյան կառույցները դրամաշնորհային և վարկային հսկայական միջոցներ էին ներդնում: Միջազգային ֆինանսական հոսքերը հորձանքի պես մտան հայկական կրթական նոր ձևավորվող համակարգ, որը դեռ չէր կայացել` դիմանալու համար ֆինանսական մսխումներին և դրա հետևանք հանդիսացող չհիմնավորված բարեփոխումներին: Դասագրքերի մրցույթները, դպրոցների տնօրենների նշանակումներն աննախադեպ չափերի հասցրին կոռուպցիայի մակարդակը հանրակրթության ոլորտում: Կոռուպցիայի չափերի հետ զուգահեռ աճում էր նաև մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի, մայրաքաղաքի և մարզերի դպրոցների զարգացման անհամամասնությունը:
Դեռևս չսթափված ավելի քան մեկ տասնամյակ խելահեղ արագությամբ միմյանց հաջորդող ձախավեր զարգացումներից` հայաստանյան դպրոցների կրթական տանիքը 2004-ին հիմնովին ավերվեց օպտիմալացման մրրկահողմի արդյունքում. կրճատված ուսուցիչների բանակը, 35-40 աշակերտներով լեցուն դասասենյակները և դասաժամերն իսկական մղձավանջի վերածվեցին թե՛ աշակերտների, թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների համար:
Դեռևս լիովին չհաղթահարած օպտիմալացման մրրկահողմի հետևանքները` հանրակրթության անտանիք շենքը ենթարկվեց նոր պտտահողմի գրոհներին. 2005-2006-ին ներդրվեց տասներկուամյա կրթական համակարգը, ավելի ուշ` գնահատման տասը միավորանոց սանդղակը: Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, աշակերտները, ծնողները չէին հասցնում սթափվել փոփոխությունների հեղեղից: Իրավիճակի ողջ անհեթեթությունը կարելի էր պատկերացնել միջին հայաստանյան ընտանիքով, երբ նույն ընտանիքի տարիքային երեք խմբերի աշակերտներն ուսանում էին երեք միանգամայն տարբեր ուսումնական ծրագրերով և տարբեր դպրոցական համակարգերում:
Այսօրինակ արատավոր և անհեթեթ գործընթացների արդյունքում անտեսվեց դպրոցի ահռելի դերը ուսումնառության նորացման, զարգացման, նոր սերնդի գրագիտության մակարդակի ապահովման, գիտելիքի, իմացության, կրթության նկատմամբ հարգանքի և ակնածանքի ձևավորման ու պահպանման մեջ: Իր հերթին հայաստանյան դպրոցն արդեն իսկ դառնում էր մերժելի արժեքների և արատավոր երևույթների արմատավորման տեղապահը: Այնպիսի տպավորություն էր, որ հանրակրթությունը գիտակցաբար ոչնչացվում էր, կտրվում էին աշակերտին դպրոցի հետ կապող վերջին թելերը, խրախուսվում էր հատկապես բարձր դասարաններում աշակերտների զանգվածային բացակայությունը:
Ակնհայտ էր, որ հանրակրթության ոչնչացմամբ, պետության կողմից միջնակարգ դպրոցներին հատկացվող չնչին միջոցներով, դպրոցների հանդեպ պետական պատասխանատվության և հոգածության բացակայությամբ մեծ խնդիր էր լուծվում` հանրակրթությունը բիզնեսի վերածելու արատավոր խնդիրը:
ԿԵՂԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Պետական միջնակարգ դպրոցների ոչնչացմանը զուգահեռ հետխորհրդային Հայաստանում ծայր առավ մասնավոր դպրոցների ստեղծման գործընթացը: Մասնավոր դպրոցները, որոնք իրենք իրենց մեծարում էին «վարժարան», «կրթահամալիր», «կրթօջախ», «քոլեջ» եզրույթներով, լուծում էին ոչ թե կրթական գործարարությամբ կրթության որակի նշաձողի բարձրացման խնդիր, այլ վերածվում էին կրկնուսույցների կենտրոնացված հավաքատեղիների:
Ազատական տնտեսական գաղափարախոսություն և շուկայական հարաբերություններ որդեգրած նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, անշուշտ, պետք է ստեղծվեին մասնավոր դպրոցներ, սակայն որակյալ կրթություն և մրցակցային հավասար, ոչ արտոնյալ պայմաններ ապահովելու առաքելությամբ: Մինչդեռ: Երբ ԱԺ կրթության, գիտության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Քվանտ» մասնավոր վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հրավերով «Քվանտի» Աղավնաձորի հանգստյան ճամբարում մի քանի օր շարունակ հաճելին օգտակարի հետ զուգակցած, սկսեց մշակել կրթության համակարգին առնչվող օրենսդրական այն փոփոխությունները, համաձայն որոնց պետական միջնակարգ դպրոցներից մասնավոր դպրոցներ, այդ թվում` «Քվանտ», տեղափոխված աշակերտներին հատկացվող պետական ֆինանսական միջոցներն աշակերտի հետ տեղափոխվում էին մասնավոր դպրոց, հանրակրթական դպրոցների տնօրեններն ընդվզեցին: Խնդիրն այն էր, որ «Քվանտի» ուսման վարձը յուրաքանչյուր աշակերտի համար կազմում էր շուրջ հազար դոլար, և, տեղափոխված աշակերտների ուսման վարձերը նվազեցնելու փոխարեն, Վարդանյանն աչք էր դրել պետական հատկացումների վրա: Միաժամանակ, որքան ցցուն էր անարդարությունը և գործարարի ագահությունը, այնքան փակ էր տեղեկատվությունը Ռոբերտ Վարդանյանի ղեկավարությամբ մասնավոր մի քանի դպրոցների իրականացրած լոբբինգի մասին: Վարդանյանի լոբբինգը ներառել էր ոչ միայն օրենսդիր, այլև կրթության գործադիր ոլորտը: Երբ 2008-ի ապրիլին Մամուլի ազգային ակումբում կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանին լրագրողները հարցրին օրենսդրական այդ փոփոխության նպատակահարմարության մասին, նախարարն ապշեց ոչ թե այդ փոփոխությունից, այլ լրագրողի տեղեկացվածությունից:
Ռոբերտ Վարդանյանի պատմությունը նման է հայաստանցի գործարարներին առնչվող համանման պատմություններին: Քանի դեռ ղարաբաղյան շարժման նվիրյալները փորձում էին փրկել Հայաստանը խորհրդային փլատակներից, միաժամանակ պատերազմել Ղարաբաղում, Շարժումը և նոր արժեքներն արհամարհող մարդկանց նման, նա սկսեց գործարարությամբ զբաղվել: Նոր իշխանություններին դա միանգամայն ձեռնտու էր, քանի որ ավերված տնտեսական հարաբերությունների փոխարեն հարկ էր կառուցել նորը: Հայաստանյան գործարարության նոր ձևավորվող արատավոր հոգեբանության համաձայն` նորահայտ գործարարները ոչ միայն գերադասում էին կանգնել իշխանությունների կողքին, այլև ձգտում էին մուտք գործել իշխանության համակարգ: 1990-ին եղբորը Գերագույն խորհրդի պատգամավոր դարձնելու բազմաթիվ ձախողված փորձերից հետո Ռոբերտ Վարդանյանը որոշեց զբաղվել գործարարությամբ: Փորձելով չկրկնել Շարժման թեկնածուի դեմ եղբոր թեկնածությունը հերոսաբար առաջադրելու անհաջող փորձը` նա կտրուկ փոխեց վարքագիծը, որը հետո դարձավ կենսակերպ, և ՀՀ առաջին նախագահի խորհրդականներից մեկի աջակցությամբ սկսեց զբաղվել կրթական գործարարությամբ` հիմնելով «Քվանտ» մասնավոր դպրոցը: Եթե սկզբնական շրջանում «Քվանտ» ընդունվելը քննությունների միջոցով բավականին բարդ էր, ինչի արդյունքում պետական դպրոցներից այստեղ էին տեղափոխվում բացառապես լավագույն աշակերտները, ապա կարճ ժամանակ անց «Քվանտը» լայն բացեց դռները ցածր առաջադիմություն ունեցող թույլ աշակերտների առջև: «Քվանտն» աստիճանաբար վերածվեց կրկնուսույցների մասնավոր դպրոցի: Հազար դոլար ուսման վարձի դիմաց «Քվանտի» սաներին հնարավորություն էր տրվում մի քանի տարի շարունակ սերտել երեք-չորս առարկաներ` բուհ ընդունվելու համար: «Քվանտի» ուսուցիչները բուհերի, հիմնականում ԵՊՀ դասախոսներ էին, որոնց` ուսուցչի ցածր աշխատավարձը փոխհատուցվում էր նույն դպրոցի սաներից դիմորդներ ձեռք բերելու հնարավորությամբ: Վարդանյանը որոշեց օրինականացնել այդ գործընթացը, և ցանկացողները ուսման վարձից բացի, լրացուցիչ գումարի դիմաց հենց «Քվանտում» պարապում էին նաև լրացուցիչ` ապահովելով լրացուցիչ շահույթ: Դրանից հետո բուհ ընդունվելը ներկա ընդունելության համակարգով դյուրին խնդիր էր, մինչդեռ հենց դա էր «Քվանտը» դարձրել արտոնություններ կորզելու դրոշակ` հայտարարելով, որ շրջանավարտները բուհ են ընդունվում առաջին իսկ տարում: Տարիներ շարունակ ուսումնական գործընթացը սերտելու գործընթացի վերածած աշակերտների զգալի մասն աստիճանաբար վերածվում էր ռոբոտների` առանց որոշակի արժեքային համակարգի:
(շարունակելի)

Դիտվել է՝ 4706

Մեկնաբանություններ