Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը
19.03.2023 | 23:18

1945 թվականի ամռանը խորհրդային կառավարության ջանքերով բարձրացվեց Արևմտյան Հայաստանի
երեք նահանգների վերադարձման խնդիրը։ Դրանք Թուրքիային էին անցել 1921 թվականի մարտին
Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի հիման վրա։
Ռուս-թուրքական պայմանագրի առաջին փորձերն արվել էին դեռևս 1920 թվականի օգոստոսին, բայց թուրքերն այն ժամանակ հրաժարվեցին դրանից՝ պատճառաբանելով, որ ոչ մի պայմանով չեն համաձայնի Դաշնակցական Հայաստանին զիջել գրավված Արևմտահայաստանի տարածքների մի մասը։ Ավելին, երբ թվում էր՝ Հայաստանի համար նոր հորիզոններ են բացվում, դաշնակցական առավարությունը 1920-ի դեկտեմբերի 2-ի ցերեկը ինքնակամ իշխանությունը զիջել էր համայնավարներին, մի քանի ժամ հետո՝ դեկտեմբերի լույս 3-ի գիշերը, հին կառավարությունը թուրքերի ճնշման տակ ստորագրում է Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը, որը և դառնում է ելակետ հետագա բոլոր սահմանային փաստաթղթերի համար։
Խորհրդայնացումից հետո վիճակը, թվում է, փոխվեց, և պայմաններ ստեղծվեցին հայ-թուրքական շատ թե քիչ տրամաբանական հետագա կապերի համար հատկապես այն ժամանակ, երբ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Թուրքիային առաջարկեց Մոսկվայում անցկացնել Երկրորդ խորհրդա-թուրքական կոնֆերանսը՝ հարթելու տարածքային վեճերը։
Թուրքերը, սակայն, նախապամյան առաջարկեցին. Ալեքսանդրապոլի պայմանագրին վերաբերող որևէ
բանակցության իրենք կմասնակցեն, եթե բանակցողների մեջ հայեր չլինեն։ Թուրքերի թիկունքն ամուր էր նրանով, որ մոսկովյան բանակցություններին զուգահեռ նրանք Լոնդոնում բանակցություններ էին վարում նաև Անտանտի հետ, որտեղ հասել էին Ալեքսանդրապոլի պայմանագրի ճանաչմանը։
1921 թվականի ւիետրվարի 12 տարեթվով Լենինին հասցեագրված նամակում Իոսիֆ Ստալինը շեշտում է. «Ընկ. Լենին, ես միայն երեկ իմացա, որ Չիչերինը իսկապես մի տխմար (և սադրիչ) պահանջ է
ներկայացրել թուրքերին՝ Վանը, Մուշը և Բիթլիսը (թուրքական գավառներ՝ թուրք բնակչության հսկայական գերակշռությամբ) մաքրելու թուրքերից` հօգուտ Հայաստանի։ Հայկական իմպերիալիստական այդ պահանջը չի կարող մեր պահանջը լինել։ Պետք է արգելել Չիչերինին նման հայտագրեր ուղարկել թուրքերին ազգայնականորեն տրամադրված հայերի թելադրանքով։ Ստալին»։
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը, ըստ որի՝
Հայաստանից Թուրքիայի և Ադրբեջանի օգտին պոկվեցին երեք գավառներ։ Նույն թվականի աշնանն այդ
պայմանագրի հիմքի վրա կնքվեց Կարսի քառակողմ պայմանագիրը՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Նոր պայմանագիրն անհրաժեշտություն էր Թուրքիայի և Ռուսաստանի համար, քանի որ Մոսկովյան պայմանագիրը կնքվել էր այդ երկուսի միջև, և Անդրկովկասի երկրների ստորագրությունը չկար նրա վրա, և ահա Կարսի պայմանագրով Մոսկվան և Անկարան հարթում են այդ իրավաբանական անօրինությունը։
Պայմանագրի գլխավոր կետերն էին՝ Բաթումի մարզը Թուրքիայից անցնում է Վրաստանին, Թուրքիային են անցնում Հայաստանի Կարս և Սուրմալու գավառները՝ Արարատ լեռով, Ադրբեջանի խնամակալությանն է հանձնվում հայկական Նախիջևանի գավառը։
Այսպիսով, Հայաստանի հաշվին Մոսկվան բավարարեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ախորժակը։ Գործարքի հետևանքում անդրկովկասյան Հանրապետությունները հռչակվեցին խորհրդային։
Այսօր, սակայն, շատ քչերին է հայտնի, որ պայմանագիրը 25 տարվա ժամկետ ուներ, որը լրանում էր
1946 թվականի մարտի 16-ին։
Նախորդ դարի 70-ական թվականներին, երբ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում սկսվեց Հայաստանի
ազատագրության գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ահաբեկչական գործունեությունը, և Արևմուտքում
ահաբեկիչների դեմ կայացած դատաքննությունների ընթացքում հանկարծակի ի հայտ եկավ մոռացված
Հայոց Ցեղասպանության փաստը, թուրքական քարոզչամեքենան փութով սկսեց հակափաստարկներ թխել։
Դրանցից մեկն էլ այն էր, որ Հայաստանը միշտ էլ իբր ագրեսիվ նպատակներ է ունեցել Թուրքիայի

նկատմամբ։ Տենդագին շտապողականությունն էր պատճառը, որ թուրքերի հակափաստարկների հեղեղում երբեմն մեզ համար կարևորություն ներկայացնող փաստեր էին սպրդում։ Նման նյութերի շարքում առանձնակի կարևորություն ուներ, օրինակ, այն, որ 1925 թվականին Ռուսաստանի Դաշնության դեսպանը Բարձր Դռանը պաշտոնական նոտա է ներկայացրել՝ պահանջելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագիրը և ըստ թուրքական աղբյուրի՝ հայտարարել. «Մենք չենք կարող 25 տարի սպասել։ Այդ պայմանագիրը կնքվել է, որովհետև մենք թույլ էինք, իսկ հիմա մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»։ Դրան անմիջապես արձագանքել է Թուրքիայի այդ ժամանակվա ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Իսմեթ Ինենյուն՝ նշելով. «Նոր երկիրն անհրաժեշտաբար պետք է պաշտպանի իր միջազգային պարտավորությունները, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»։
Խորհրդային կառավարությունը 1945-ին փորձեց հետ ստանալ Մոսկովյան պայմանագրով թուրքերին 25 տարով զիջած այդ տարածքները։ Մինչ այդ՝ 1944-ի մարտին, միութենական հանրապետություններում ստեղծվեցին Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատներ։ 1920 թվականին՝ ԽԱՀՄ-ի կազմավորման ժամանակ, նրա կազմի մեջ մտնող հանրապետությունները Կենտրոնին էին զիջել իրենց որոշ գործառույթներ, այդ թվում՝ արտաքին գործերի բնագավառում։ Եվ ահա դրանց վերականգնումը որոշակի հող էր նախապատրաստում հետպատերազմական բանակցություններում տարածքային վեճեր ունեցող հանրապետություններին նախաձեռնություն ցուցաբերելու և որպես անմիջական պահանջատեր հանդես գալու համար։ Նման խնդիրներ ունեին Հայաստանն ու Վրաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը՝ Իրանի, ՈՒկրաինան և Բելառուսը՝ Լեհաստանի, մերձբալթյան հանրապետությունները՝ Գերմանիայի հետ։
Պատերազմի ավարտից քիչ վաղ՝ 1945-ի ապրիլի 6-ին, ԽԱՀՄ պաշտպանության պետական կոմիտեն
որոշում ընդունեց Անդրկովկասի ավտոմոբիլային ճանապարհների վիճակի բարելավման մասին։
Պատերազմի պատճառով քայքայված տնտեսությամբ երկրի համար նման որոշում ընդունելը նույնպես
աներկբա վկայությունն էր սահմանային վիճելի հարցերի լուծման վճռականության, մանավանդ որ որոշման հեղինակը ոչ թե ժողկոմխորհն էր, այլ՝ ռազմական գերատեսչությունը։
Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանում հարմար «օթևանած» վրացական 45-րդ դիվիզիան հաղթանակի նախօրյակին շատ արագ տեղափոխվեց Բեռլինի մատույցներ, ըստ երևույթին որպեսզի ռեյխստագի վրա հաղթանակի դրոշը բարձրացնող Կանտարիան և Եգորովը շեշտեին Առաջնորդի՝ երկու ժողովրդին պատկանելու իրողությունը, և խորհրդային բանակի հաղթանակի դափնիները վերագրվեին վրացիներին ու ռուսներին։ Կուշտ հանգստացած վրացիներին Հայաստանում փոխարինեց սիբիրցիների 4-րդ մոտորահետևակազորային դիվիզիան։ Բեռլինի գրավումից հետո հայկական Թամանյան դիվիզիան ևս միացավ նրանց։
Պահը կարծես հարմար էր։ 1945-ի մարտին Հայաստանն ու Վրաստանը Թուրքիային տարածքային
պահանջներ ներկայացրին վերջնագրի տեսքով, ըստ որի՝ Թուրքիան պարտավոր էր հետ քաշել իր զորքն ու բնակչությունը մինչև 1914 թվականի սահմաններն այն հաշվով, որ 1946-ի մարտին խորհրդային զորքերը կարողանան մտնել այդ տարածք։ Սկսվեցին նախապատրաստական զորավարժությունները։ Արաքսով գետանցումը թվում էր անխուսափելի։
Այդ մասին բազմաթիվ փաստաթղթեր և վկայագրեր կան։ Ներկայացնենք մի հատված պետական և
հասարակական անվանի գործիչ Ալեքսան Կիրակոսյանի հուշերից:
«Այո՛, մեր զորքերը 1945 թվականին պատրաստ էին մտնել Թուրքահայաստան։ Այդ ծրագիրը որևէ
կասկած չէր հարուցում։ Կատարված էին անգամ կադրային նշանակումները։ Կարսի մարզկոմիտեի
քարտուղար էր որոշված նշանակել Անտոն Քոչինյանին, մարզխորհրդի նախագահ՝ Գուրգեն
Փահլևանյանին։ Նշանակված էին նաև շրջանների ղեկավարները, որոնք պետք է տնօրինեին
ազատագրվելիք տարածքները։ Խոսքը 22 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին էր։

Նախատեսված էր, որ զինվորական գործողությունները ղեկավարելու են մարշալներ Ռոկոսովսկին և
Տոլբուխինը։ Տոլբուխինը շատ լավ գիտեր մեր տարածաշրջանը։ Մինչև պատերազմը եղել էր Անդրկովկասի զինվորական օկրուգի շտաբի պետ։
Երևանում այդ օրերին արտակարգ խանդավառություն էր տիրում։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ կլինի հրամանը, որպեսզի մեր զորքերը Կարս մտնեն»։
1945-ի մարտին նոր, առավել ընդգրկուն պայմանագրի նախապատրաստության պատրվակով Խորհրդային Միությունը չեղյալ հայտարարեց 1925 թվականի խորհրդա-թուրքական պայմանագիրը։ Ինչքան մոտենում էր պատերազմի ավարտը, այնքան «հայկական հողերը վերադարձնելու» հարցն ավելի առարկայական տեսք էր ընդունում։ Ստալինն այդ օրերին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղապահ Գևորգ Չորեքչյանին։ Խնդրո առարկան առաջիկա կաթողիկոսական ընտրություններն էին։ Դրանք կարևորվում էին այնքանով, որ սփյուռքահայ որոշ կազմակերպություններ, մատնանշելով անաստված սովետների երկրռւմ եկեղեցու դեմ իրականացված հրեշավոր բռնությունները, առաջարկել էին Մայր Աթոռը տեղափոխել սփյուռքահայ որևէ գաղութ, և Ստալինն անհանգստացած էր, որ այդ առաջարկից կօգտվեն արտասահմանյան թշնամական քարոզչամիջոցները։ Հանդիպման ընթացքում շոշափվեց նաև բռնազավթված հայկական հողերի հարցը։

(շարունակելի)
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8494

Մեկնաբանություններ