ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սպարտակ ԱՍՈՅԱՆ. Գալու է մի ժամանակ, երբ կսիրենք միայն Հայաստանի աշխարհագրական քարտեզը

Սպարտակ ԱՍՈՅԱՆ. Գալու է մի ժամանակ, երբ կսիրենք միայն Հայաստանի աշխարհագրական քարտեզը
16.12.2014 | 16:56

Սարսափելի բան է կատարվում՝ մի բան ես գրում, ֆեյսբուքցիների մի խումբ է հայտնվում իր դատափետող արտահայտություններով: Այդպես պատահեց, երբ աղանդի դեմ բան գրեցի: Մի ամբողջ ոհմակ հարձակվեց վրաս: Իրոք, սրբություն կորցրած մարդկանցից ուրիշ բան չես կարող սպասել: Հիմա էլ մի բան գրեցի, ավելի ճիշտ պատասխանեցի ոմն Ավոյի, ով հորդորում է քար ու փայտ վերցնել ու հարձակվել իշխանությունների վրա: Հարձակվենք, համաձայն եմ, բայց խորհուրդ տվեցի հեռվից մեզ ուղղություն չտա, գա մեր կողքին կանգնի, մի կոպալ էլ ինքը վերցնի: Արտերկրի հայերն այնպես հարձակվեցին (ես դա սպասում էի), թե մենք արտերկրում ապրելով քեզնից ավելի լավ հայ ենք: Լավ, ասենք թե , բայց ավելի մեծ ցավ եմ ապրում, երբ ոմանք, խնդրի խորքը չնայելով , ստատուսային տեսքով մեղադրական քարոզ են կարդում գլխիս և ավելի խորացնում երկրի համար օրհասական վիճակը: Ավելին՝ հայտնվում են այդ քարոզը պաշտպանողներ: Հարգելիներս, իմ ողջ մտահոգությունը Հայաստանի այս մի բուռ հողն է, որն օր- օրի դատարկվում է, գալու է մի ժամանակ, երբ կսիրենք միայն Հայաստանի աշխարհագրական քարտեզը: Այդ ժամանակ ի՞նչ ենք պատասխանելու մոլորակի չգիտեմ որ անկյունում ծնված մեր երեխաների հարցին. «Հայրիկ կամ մայրիկ, մենք հայրենիք ունեցե՞լ ենք»: Հավանաբար ցույց ենք տալու այդ քարտեզն ու տխուր հպարտությամբ արդեն հայերեն չհասկացող մեր երեխաներին օտար լեզվով ասենք, որ դա մեր 5000- ամյա հայրենիքն է, մեր պապերի երկիրը, հզոր մշակույթ ունեցող մի երկիր, որն աշխարհի աչքի փուշն է եղել: Ու բազում պատճառաբանություններով արդարանալու ենք, թե ինչու հայերը թափառական դարձան, վերցրին գաղթականի ցուպն ու դատարկեցին Հայաստանը` իրականացնելով Աթաթուրքի վաղեմի երազանքը՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ: Օտարախոս ձեր երեխաներին ու թոռներին կասե՞ք, գոնե, որ անկախության առաջին տարիներին 3.5-ից 4 միլիոն հայ էր ապրում այդ քարտեզի տարածքում:Հետո ապաշնորհ երեք իշխանությունների պատճառով այն դարձավ երկու միլիոն և գնալով պակասեց ու պակասեց: Կասենք երևի ու շատ բան էլ երևի չենք ասի: Չենք ասի, որ քամահրանքով ենք վերաբերվել Ազատության հրապարակում հայրենիքի փրկության համար ցույցի դուրս եկած, անձրևի ու ձյան տակ կանգնած միտինգավորներին: Կասե՞նք, թե՞ կամաչենք: Ինչ զգացողություն էլ ունենաք, միևնույնն է՝ արդեն ուշ կլինի, քո դաշտերում ու այգիներում հորովել այլևս չի հնչելու:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ