Թույլ ժողովուրդները, ձգտելով իրենց ընթացիկ կյանքի որակն ու անվտանգությունը մեծացնել, ուրիշ լուրջ միջոցներ չունենալով, չափից դուրս մեծ նշանակություն են տալիս իրենց, այսպես կոչեցյալ, ավանդական արժեքներին։
Այս հարցում շատ մեծ նշանակություն ունի մարդկության կյանքին լուրջ մասնակցություն չունենալը և թյուրիմացաբար դա խառնելը անկախության հետ։
Մենք այստեղ խորին թյուրիմացության մեջ ենք, քանի որ համատարած ուժային դաշտում ապրել ցանկացող թույլը անկախ լինել չի կարող՝ ըստ սահմանման (by definition, по определению):
Մյուս կողմից էլ, այս հարցում մեզ արջի ծառայություն է մատուցում մեր մտածողության իներցիան, որը, իրատեսության բացակայության և առաջընթացի պրոցեսին չմասնակցելու պատճառով, մեր հին ազգ լինելուն անբնական մեծ տեղ է տալիս։
Սովորաբար, տարբեր երկրներում կյանքի որակը որոշվում է մարդկանց անվտանգության ու բարեկեցության ուրիշների հետ համեմատած հարաբերական մակարդակներով և, մյուս կողմից էլ, պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ որևէ կորելյացիոն կապ ժողովրդի հնության և նրա կյանքի որակի մեջ գոյություն չունի։
Բացի դրանից, եթե խորանանք մեր ավանդական ազգային արժեքների իմաստների ու դրանց առաջացման պատմության մեջ, ապա դժվար չէ կռահել, որ դրանք ստեղծվել ու հաստատվել են մեր պատմության վերջին հազարամյակում, երբ մենք օտարի ճնշման տակ ձեռք ենք բերել այնպիսի արժեքներ, որոնք նպաստել են ծայրահեղ խեղճության պայմաններում մի կերպ ապրելուն։
Եվ, որպես այդպիսին, մեր ավանդական արժեքներ կոչեցալները, պետք է որ այնքան էլ պիտանի ու նպաստավոր չլինեն արդեն ազատ պայմաններում բարգավաճելու համար։
Այսինքն, մեր բարգավաճելու համար այնքան կարևոր չեն մեր ունեցած ավանդական արժեքները, որոնց մի մասը նույնիսկ խոչընդոտ են այդ գործում, ինչքան նպատակային ձևով նոր պայմաններին համապատասխան՝ ապրելու նոր իմաստներին համապատասխանող նոր արժեքներ ձեռք բերելը։
Իսկ վերջինս էլ հնարավոր է միայն աշխարհի գործերին հնարավորինս մասնակցելու տեսքով, քանի որ մեր ժամկետանց արժեքների մեծ մասը մենք ձեռք ենք բերել աշխարհի գործերին չմասնակցելու պատճառով։
Երկնքից երեք խնձոր ընկավ, ու երեքն էլ ուժեղները տարան։
Պավել Բարսեղյան