Հասարակական կյանքում լուրջ լիդերների հայտնվելը, ուրիշ շատ բաների նման, պայմանավորված է որևէ կամայական ձեռնարկումի արդյունքում դրանից սպասվող Շահ/Կորուստ հարաբերության մեծությամբ։
Կախված կոնկրետ հանգամանքներից ու պայմաններից՝ ցանկացած ձեռնարկումից կարելի է սպասել ինչ-որ չափի գումարային շահ, ինչպես նաև որոշակի գումարային կորուստ։
Ըստ դրա էլ, որևէ ձեռնարկում կյանքի է կոչվում միայն այն դեպքում, եթե դրանից սպասվող Շահ/Կորուստ հարաբերության մեծության արժեքը բարձր է կոնկրետ պայմաններով թելադրված չափից։
Այսինքն, որևէ ձեռնարկում կյանքի կոչելիս շատ կարևոր է դրա հետ կապված սպասելիք շահի ու կորստի գնահատման մեթոդի հուսալիությունը և, որ շատ կարևոր է, սպասվող շահի ու կորստի հավանականային բնույթը հաշվի առնելը։
Դա կապված է այն հանգամանքի հետ, որ և սպասվող շահը, և սպասվող կորուստը, կամ դրա հետ կապված ռիսկը, պատահական մեծություններ են, և այն հանգամանքը, որ պետք է գործ ունենալ այդ երկու պատահական մեծությունների հարաբերության հետ, լրացուցիչ բարդացնում է ձեռնարկումը կյանքի կոչելու որոշումը։
Բանն այն է, որ երկու պատահական մեծությունների հարաբերության հավանականային բաշխումը, եթե նույնիսկ ամենապարզ դեպքում այդ մեծությունները, այն է՝ շահն ու կորուստը, ունեն նորմալ կամ Գաուսի բաշխումներ, ունի բարդ հատկություններ, քանի որ այն պատկանում է, այսպես կոչված, հաստ կամ չաղ պոչով բաշխումների դասին։
Դա նշանակում է, որ եթե նույնիսկ միջինների մակարդակով Շահ/Կորուստ հարաբերությունը ունենա ընդունելի արժեք, ապա կա որոշակի հավանականություն, որ իրականում այն կարող է ունենալ անընդունելի փոքր արժեք, իսկ այդ ուղղությամբ կայացրած որոշումը կարող է լինել սխալ։
Սա է այն պատճառներից մեկը, որ վստահորեն ձեռնարկած գործերի որոշակի մասը ձախողվում է։
Իսկ մարդկանց հետաքրքրող այն հարցը, թե մեզ մոտ ինչու լուրջ լիդերներ չեն առաջանում, պայմանավորված է նրանով, որ հնարավոր լիդերները ներկա բարդ իրավիճակում մեր գործի համար ընդունելի Շահ/Կորուստ հարաբերություն ունեցող լուծում չեն տեսնում, քանի որ դրա հետ կապված ռիսկերը շատ մեծ են։
Պավել Բարսեղյան