ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Լավատեսությամբ հեռու չես գնա»

«Լավատեսությամբ հեռու չես գնա»
02.12.2008 | 00:00

ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼ
Հայաստանի գավաթի խաղարկությամբ հերթական մրցաշրջանն ավարտեցին վոլեյբոլիստները։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանանց և տղամարդկանց չորսական թիմեր մասնակցեցին Հայաստանի առաջնությանն ու գավաթի խաղարկությանը, ինչպես միշտ, այս անգամ էլ նույն ծանոթ թիմերն էին և նույն հիմնախնդիրները։ Չէ, իհարկե, մրցաշրջանը նախորդներից ինչ-որ չափով տարբերվում էր։ Կանանց Երևանի բժշկական քոլեջի «Նժդեհ» թիմը հաջող հանդես եկավ Իրանում անցկացված համահայկական խաղերում՝ նվաճելով հաղթողի կոչումը, անկախության հռչակումից հետո առաջին անգամ Վրաստանի կանանց երկու թիմեր հանդես եկան Երևանում։ Նրանցից առաջինն ամռանը ընկերական հանդիպումներ անցկացրեց Երևանում ու Արթիկում, իսկ աշնանը մեկ այլ թիմ հաշվարկից դուրս մասնակցեց Հայաստանի գավաթի խաղարկությանը։
Կանանց առաջնությունում, որն այս տարի անցկացվեց մեկնումներով, և յուրաքանչյուր փուլում թիմերն իրար հետ հանդիպեցին երկուական անգամ, դարձյալ մրցակցությունից դուրս էր «Նժդեհը»։ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի սաները 9-րդ անգամ անընդմեջ նվաճեցին չեմպիոնի կոչումը։ Ստեփանակերտի մարզուհիները, որոնք 1996 թվականից մասնակցում են Հայաստանի առաջնությանը, առաջին անգամ գրավեցին երկրորդ տեղը (մարզիչ՝ Ամալյա Մարտիրոսյան)` առաջ անցնելով Սիսիանի և Արթիկի թիմերից։ Գավաթի խաղարկությունում էլ ապագա բժիշկների առավելությունն ակնհայտ էր։ Այստեղ չենք կարող չնշել քոլեջի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանին, առանց որի համակողմանի աջակցության այս հաջողությունները չէին լինի։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա այստեղ էլ երրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը, որը գլխավորում է խաղացող մարզիչ Կարեն Ասմարյանը։ Ապագա մասնագետներն առաջինն էին նաև գավաթի խաղարկությունում։ Լավ տպավորություն թողեց առաջնության նորեկ Ախթալայի «Պղնձագործը»։ Թիկունքում ունենալով պղնձամոլիբդենային գործարանի պես հզոր հովանավոր՝ մարզիչ Նիկոլայ Նիկողոսյանի սաներն առաջին իսկ փորձից ճանաչվեցին երկրորդը՝ առաջ անցնելով Երևանի «Կիլիկիայից» և Արաբկիրի «Կոմիտասից»։
Անկեղծ ասած, Ախթալայի հայտնվելը հայկական վոլեյբոլի վերնախավում առանձնապես չի ուրախացնում, քանի որ թիմն ամբողջովին համալրված է երևանցի և վանաձորցի մարզիկներով։ Կխթանի՞ արդյոք այս հաջողությունը տեղերում վոլեյբոլի զարգացումը, ցույց կտա ապագան։ Այս հարցում ֆեդերացիայի նախագահը լավատես է.
-Այժմ վերանորոգվում է տեղի միակ մարզադահլիճը, ինչը հուշում է, որ առաջիկայում Ախթալայում կմտածեն նաև կադրերի պատրաստման մասին։
-Իսկ հայկական վոլեյբոլի ներկա վիճակը Ձեզ բավարարո՞ւմ է,- հարցնում եմ։
-Իհարկե՝ չի բավարարում, սակայն թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախության հռչակումից հետո պատկերը միշտ նույնն է եղել։ Տարբերությամբ, որ այն ժամանակ մեր մարզաձևով զբաղվում էր ավելի քան 15 հազար մարդ, մարզաձևը զարգացնում էին ողջ հանրապետությունում, իսկ այսօր նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող։ Մեզ հատկացված յոթ միլիոն դրամը հնարավորություն է տալիս մի կերպ անցկացնելու տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնություններն ու գավաթի խաղարկությունը։ Այսօր կան քաղաքներ (Եղեգնաձոր, Վանաձոր), որոնք թե՛ լավ պայմաններ ունեն և թե՛ մարզիկներ, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չեն կարողանում մրցումների մասնակցել ու հանդես են գալիս այլ թիմերից։ Դրա պատճառով անցյալ տարի քանդվեց Վանաձորի թիմը, իսկ այժմ էլ քանդման եզրին է Արաբկիրի «Կոմիտասը»։ Ֆեդերացիան այս արտահոսքն ի վիճակի չէ կանգնեցնելու, քանի որ բոլորն էլ սիրող մարզիկներ են և որտեղ ցանկանան, այնտեղ էլ կխաղան։ Ժամանակին բավականին ակտիվ էին բարձրագույն ուսումնական հաստատությունները, իսկ ահա այսօր ուսանողական վոլեյբոլ գոյություն չունի, թեև բոլորն էլ հրաշալի պայմաններ ունեն։ Ասենք, պետական համալսարանը, որը վարձավճարով դահլիճ է հատկացնում «Կիլիկիային», ինքը թիմ չունի։ Նույնը կարելի է ասել նաև ճարտարագիտական, բժշկական համալսարանների, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի մասին, որոնք ժամանակին եղանակ էին ստեղծում հանրապետության առաջնություններում։ Մենք այսօր համապատասխան լծակներ չունենք, որ կարողանանք ազդել նրանց վրա։ Դա պետք է անի գիտության ու կրթության նախարարությունը, որի ենթակայության տակ է գտնվում ուսանողական ֆեդերացիան։
-Միգուցե դա գալիս է մասնագետների պակասի՞ց։
-Մասնագետների պակաս էլ կա, բայց հիմնական պատճառը սրտացավության պակասն է։
-Արդեն մի քանի տարի` դասական վոլեյբոլին զուգահեռ, անցկացնում եք նաև լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնություններ։
-Լողափնյա վոլեյբոլը վաղուց նվաճել է ողջ աշխարհը, այնպես որ Հայաստանը շրջանցել չէր կարող։ Ցավոք, ինչպես դասականում, այնպես էլ այստեղ Եվրոպայի ֆեդերացիայի պայմանը նույնն է. նախ զարգացրեք, պայմաններ ստեղծեք, ծրագրեր ներկայացրեք, որից հետո միայն կօգնենք։ Գոնե այսօր մենք ի վիճակի չենք պատրաստելու եվրոպական ֆեդերացիայի պահանջած 100-150 լողափնյա խաղահրապարակները, այնպես որ առաջիկայում էլ մեր վիճակը չի փոխվելու։ Հաջորդ տարվա համար նախարարությունը մեզ հատկացրել է 12 միլիոն դրամ։ Հինգը՝ լողափնյա, յոթը՝ դասական վոլեյբոլի համար, և սա ոչ թե վոլեյբոլի զարգացման, այլ մրցումների անցկացման համար, և դա այն դեպքում, երբ լողափնյա վոլեյբոլի մեկ գնդակն արժե 80 դոլար։
Երբ ժամանակին ստանձնեցի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, մտածում էի, որ ինչ-որ բան կկարողանամ անել, սակայն շատ շուտով հասկացա, որ նախագահ եմ... առանց լիազորությունների։ Մասնավորապես, իրավասություն չունեմ անդրադառնալու գլխավոր հիմնախնդիրներին՝ մանկական վոլեյբոլին և մարզադպրոցների բազաներին։ Մեր մանկական խմբերը մարզվում են հանրակրթական դպրոցներում, սակայն, նախարարության որոշմամբ, այնտեղ կարող են մարզվել միայն վարձակալական հիմունքներով։ Իսկ որտեղի՞ց հայթայթել այդ գումարները, երբ երեխաները մարզվում են անվճար։ Ես խառնվածքով լավատես եմ, սակայն միայն լավատեսությամբ հեռու չես գնա։ Վաղուց ժամանակն է, որ ամենաժողովրդական մարզաձևի նկատմամբ վերաբերմունքը փոխվի։ Այլ կերպ հնարավոր չէ այն դուրս բերել փակուղուց, իսկ թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ապագան։
Զրույցը՝ Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4606

Մեկնաբանություններ