ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արևելյան Հայաստանի Հանրապետություն

Արևելյան Հայաստանի Հանրապետություն
17.04.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս նոր խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասականի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Թույլ տվեք չհամաձայնել այսօր լայն տարածում ստացած «Հայաստանի Հանրապետությունը համայն հայության հայրենիքն է» ձևակերպման հետ՝ Նժդեհից հետևյալ մեջբերումն անելով. «Ներկա Հայաստանը (խոսքը 1929-ին Խորհրդային Հայաստանի շուրջ 29000 քառ. կմ-ի մասին է- Ն. Ն.) կազմում է հազիվ 1/12-ը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն: Այժմյան իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփյուռս աշխարհի ցաք ու ցրիվ եղած հայրենազուրկ հայությանը»:
Ընդհանրապես, արտացոլելով արտահայտողի գիտակցական մակարդակը, կարծիքը որքան հիմնավորվում է գիտելիքով, այնքան որակապես ավելի բարձր է, սակայն հասարակական յուրաքանչյուր կարծիք չէ, որ գոյության իրավունք ունի:
Տվյալ դեպքում հայ հասարակության մեջ «ՀՀ-ն համայն հայության հայրենիքն է» կարծիքը ձեռք է բերվել մեր շրջապատի նեղմիտ մտավորականության և վերլուծաբանների ջանքերով` հայ ժողովրդի հակառակորդ քաղաքական ուժերի «օգնությամբ»: Առաջին հայացքից այն չունի հայրենասիրությունը մեր միջից վերացնելու միտում, բայց այն թուլացնելու հետևանք թողնում է: Հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ շարքային քաղաքացիները քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը, նրա իղձերին, նպատակներին: Պատասխանը մասամբ բացասական է: Թեև քաղաքական կուսակցություններն ունեն քաղաքականության խնդիրների վերլուծաբանական և տեղեկատվական մեծ հնարավորություններ, այնուամենայնիվ, հայկական հարցի վերաբերյալ ժողովրդին նրանց տված բացատրական աշխատանքները ռազմավարական նկատառումներով ենթակա են վերանայման: Ժողովրդին արիություն է պետք հաղորդել, որպեսզի փոխվեն նրա մակերեսային մոտեցումները, քանի որ հարցը լուրջ է, խորքային և հիմնարար: Ազգայնական մոտեցումն այն է, որ հայրենիքը հարկ է սիրել անվերապահ չափանիշներով, որպեսզի դյուրությամբ հնարավոր լինի հրաժարվելու ամենից, ինչը վնասում է հայրենիքին: Յուրաքանչյուր հայի արած հայտարարություն, նույնիսկ մտայնություն` Թուրքիայից հողային պահանջներ չունենալու վերաբերյալ, մեզ օգուտ չի կարող բերել: Ներկա հանրապետական Թուրքիան ներկա հանրապետական Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի՝ հիմնականում հայերի հողային պահանջների չլուծված լինելու պատճառով: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ի վերջո հետևելու են տարածքային պահանջները, անկախ դրա մասին ՀՀ որևէ պաշտոնյայի արտահայտած կարծիքներից կամ նույնիսկ Թուրքիային ԱՄՆ-ի նախագահի տված երաշխիքից։ Հրապարակայնորեն կորուսյալ հայրենիքի գաղափարից հրաժարումը կարող է վնասել միայն մեզ՝ և՛ սփյուռքում, և՛ հայրենի այս անկյունում ծվարած հայերիս:
Սա՛ է մերկ ճշմարտությունը:
Հայրենասիրությունը պահանջում է հանուն այս ճշմարտության հրաժարվել այն տգիտությունից, որը, ինչպես ընդգծում է Նժդեհը, «հայրենասիրության անհաշտ թշնամին է»: Գաղափարախոսական դաշտում ազգային վերածննդի գործընթացն արդեն սկսված է, և հատկապես հայ մտավորականությունը, որի աշխարհընկալման վրա արդեն ազդեցություն ունի նաև հայ ազգայնականը, պարտավոր է ստանձնել մտավորականի իր կոչումը, ընդհուպ, եթե հայրենասիրության պահպանման համար նրանից անձնական զոհաբերություն պահանջվի:
«Հանուն հայրենիքի» գաղափարի շուրջ ազգային բոլոր ազդեցիկ ուժերն էլ ի զորու են միավորելու իրենց վերկուսակցական և՛ մտավոր, և՛ նյութական, և՛ իրավագիտական, և՛ հոգևոր ունեցվածքները, իսկ մտավորականությունը պետք է կրի աներեր առաջնորդի պարտավորությունը:
Պայմանները բարենպաստ են, քանի որ կան հանգամանքներ, որոնցից պետք է ուղղակի օգտվել.
ա) հայրենի հողի մեծագույն մասը` հայրենիքի արևմտյան տարածքները, թուրքերի տիրապետության տակ լինելը դեռևս ջնջված չեն հայերի մեծամասնության մտքից,
բ) այժմ գոյություն ունի հայկական երկու հանրապետություն՝ ՀՀ և ԼՂՀ, որոնք, ի վերջո, պետք է միավորվեն,
գ) աշխարհի շատ երկրներ ճանաչել են հայերի հանդեպ կատարված ցեղասպանության փաստը, և այս գործընթացը մյուս երկրներում շարունակվում է,
դ) շրջանառության մեջ է հայ-թուրքական սահմանի բացման հարցը:
Վերջին կետի վերաբերյալ կարելի է ավելացնել, որ իրականում պետք է հարցադրումը փոխել, այսինքն, ձևակերպումն անել հետևյալ կերպ` հայ-թուրքական սահմանի ճշտման հարց, և, որպես Հայկական հարցի լուծման հերթական քայլ, «Հայաստանի Հանրապետություն» անվանումը փոխարինել «Արևելյան Հայաստանի Հանրապետություն» անվանումով:
Եկել է ժամանակը: Դա անելու համար հարկ է հանրաքվեով կատարել սահմանադրական փոփոխություն և մեր երկրին տալ իրականությանն ավելի մոտ, թեև ոչ ամբողջական անվանում, դրանով մեր մեջ ամրագրելով Հայ դատը՝ ամբողջական Հայաստան վերակերտելու մեծ նպատակը: Ընդ որում, հանրաքվեի միջոցով կարելի է հաստատել նաև ՀԱՀ-ի նոր զինանշան: Նոր զինանշանի ընդունման ժամանակ հարկ է ձերբազատվել նաև քաղաքական կարճատեսությունից: Խորհրդային Հայաստանի զինանշանում Արարատի բնապատկերն էլ էր նպատակային և կանխամտածված. գեղեցիկ լինելուց բացի, այն իր մեջ ուներ պահանջատիրություն, ինչին առաջին հերթին դեմ էր Թուրքիան:
Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանը, իհարկե, պետք է վերահաստատել որոշ փոփոխություններով, օրինակ` արևի առջևից հեռացնել հնգաթև աստղը և մուրճն ու մանգաղը, զինանշանի շրջանակի եզրաշերտում գրել «Արևելյան Հայաստանի Հանրապետություն», իսկ դասակարգային պայքարի ապազգային կարգախոսի փոխարեն՝ «Հայեր, միացեք հանուն հայրենիքի»:
Մեր գաղափարական հակառակորդները մեր Մեծ հայրենիքի դեմ պայքարում են նաև աննկատելի թվացող մեթոդներով, օրինակ, «Հայաստանի Հանրապետություն» անվանման փոխարեն գործածության մեջ դնելով միայն «Հայաստան» կրճատ անվանումը, նմանակելով Ֆրանսիային, Ռուսաստանին կամ մյուս մեծ ու փոքր երկրներին։
Այս մոտեցումներն ունեն ավելի վտանգավոր ազդեցություն, քանի որ աներևույթ ձեռքի հովանավորությամբ հասարակական գիտակցության մեջ սերմանում են սխալը, իսկ մեղավորները չեն էլ փնտրվում, ուստի և չհայտնաբերվելով` պատժվելու փոխարեն խրախուսվում են:
«Արևելյան Հայաստանի Հանրապետություն» անվանումը, Թուրքիայի հետ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված սահմանների ճշտումը, նոր զինանշանի ընդունման և միջազգային ճանաչման ձեռքբերման հանգամանքը միայն նոր որակներ և ոգեղեն նոր լիցքեր կհաղորդեն հային: Այդ առումով ակնկալում ենք հայ մտավորականության աջակցությունը, ինչպես նաև ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ավանդական և նորաստեղծ կուսակցությունների ու կազմակերպությունների, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ անհատների անկեղծ օժանդակությունն ու մասնակցությունը վերոնշյալ ազգանպաստ նախաձեռնության իրականացմանը:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն հայրենիքի» ՀԿ նախագահ

Դիտվել է՝ 4215

Մեկնաբանություններ