«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Այս տարածաշրջանում միայն մի երկիր կարող է ճիշտ ուղու վրա դնել Վրաստանին, և դա ԱՄՆ-ն է»

«Այս տարածաշրջանում միայն մի երկիր կարող է ճիշտ ուղու վրա դնել Վրաստանին, և դա ԱՄՆ-ն է»
21.07.2009 | 00:00

«ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ԲԱՆԵՐԻ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ»
Հուլիսի 19-ին ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան Իգոր Մուրադյանին վրացական սահմանապահները թույլ չէին տվել հատել հայ-վրացական սահմանը, պարզաբանելով, թե նրա մուտքը Վրաստան արգելված է։ Սա երկրորդ հրապարակային փաստն է` պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ կատարված միջադեպից հետո։ Երեկ «Իրավունք de facto» ակումբում ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ պարզաբանումներ տվեց Վրաստանի իշխանությունների այդ քայլին։
ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ, ՔԱՅՔԱՅԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Անդրադառնալով իր նկատմամբ վրացական իշխանությունների գործադրած քայլի շարժառիթներին` Ի. Մուրադյանը, մասնավորապես, նշեց. «Իսկապես, հուլիսի 19-ին հայ-վրացական սահմանային անցակետում ինձ թույլ չտվեցին մուտք գործել Վրաստանի տարածք, պատճառաբանելով, որ ինձ մերժվում է մուտքի արտոնության տրամադրումը։ Թեպետ մեկ օր է անցել, սակայն Վրաստանում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մեջ ունեցած իմ լայն կապերի շնորհիվ կարողացա պարզել դրա պատճառները։ Ի դեպ, այդ հարցում ինձ օգնել են ոչ գործադիր իշխանության մեջ գտնվող մարդիկ։ Նշանակում է, որ եթե անգամ նրանք գիտեն շարժառիթները, ուրեմն` հարցը լրջորեն է դրված եղել»։
Առաջին վերագրումը, որ, ըստ քաղաքագետի, վերաբերում է իրեն, իբր ինքը տեղեկատվություն է հավաքել ընդդեմ Վրաստանի անվտանգության։ «Սա կարող է նշանակել միայն մի բան. վերջին 7 տարիներին ես վերլուծական բնույթի շուրջ 60 տեղեկանք եմ նախապատրաստել` բացառապես Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում տիրող հասարակական, քաղաքական և սոցիալական իրավիճակի վերաբերյալ։ Չնայած այդ փաստաթղթերում չեմ անդրադարձել Վրաստանի իշխանություններին, քաղաքական պայքարին, պաշտպանության և անվտանգության խնդիրներին կամ տնտեսական իրավիճակին։ Ինձ բացառապես հետաքրքրել է կոնկրետ Սամցխե-Ջավախեթիի հետ կապված իրավիճակը»,- նշեց քաղաքագետը։ Ըստ նրա, թեպետ իբրև փորձագետ մասնակցություն է ունեցել մի քանի վերլուծական ծրագրերի` կապված Վրաստանի հետ, սակայն դարձյալ այդ ամենը չի կրել վրացական պետության իշխանությունների կամ ընդդիմության դեմ հատուկ ուղղորդված բնույթ։
Ըստ Ի. Մուրադյանի, «այդ նյութերը կամ փաստաթղթերը միանգամայն մատչելի են, որովհետև դրանք հրապարակվել են, և դրանցով հետաքրքրվել են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից և քաղաքական դասակարգից առհասարակ։ ՈՒստի առաջին վերագրումը, թե ես տեղեկություն եմ հավաքել Վրաստանի անվտանգությունը քայքայելու համար, պարզապես անհեթեթություն է, քանզի երբևէ չեմ ունեցել նման հնարավորություններ։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այդ նյութերը տրամադրվել են այնպիսի պետությունների կառույցներին, որոնք Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, և որոնց բյուջեից է տրամադրվում Վրաստանին հատկացվող օգնության զգալի մասը, այդ թվում` երկրի ադմինիստրացիայի աշխատավարձը։
Երկրորդ վերագրումը, որ առկա է իմ կապակցությամբ, ընդհատակյա կազմակերպության ստեղծումն է Ջավախքում, թեպետ ես չունեմ նման ֆինանսական ու կազմակերպչական հնարավորություններ, ինչպես նաև ցանկություն։ Վրաստանում 30-ից ավելի ամենատարբեր հայկական կազմակերպություններ են գործում, որոնց շարքերում կան շատ ակտիվ մարդիկ։ Այդ կազմակերպություններն ընտրել են Վրաստանի կազմում հայության գոյությունն ապահովելու մի քանի մոդելներ, մասնավորապես` համախմբում իշխանության շուրջ, չափավոր պահանջատիրություն և հարաբերականորեն արմատական դիրքորոշում, բայց դրանք բոլորն էլ ուղղված են Վրաստանի իշխանությունների հետ հարաբերություններին։ 25 տարին չբոլորած տղաներն այնտեղ ինչ-որ հիմարություններ արել են, ինչն այդ տարիքում ներելի է, մանավանդ որ որևէ արդյունքի չբերեց»։ Քաղաքագետը չժխտեց, որ Ախալցխայում գտնված ժամանակ ինքը փորձել է հանդիպել հայտնի դեպքերի առիթով կալանավորված և ապա ազատ արձակված տեղական հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանի հետ և ավելացրեց. «Գրիգոր Մինասյանն այժմ հսկողության տակ է, պարտավոր է ձայնագրել իր բոլոր խոսակցությունները, ում հետ շփվում է։ Իմ փորձն ունեցող մարդը չէր կարող դա չհասկանալ։ Այսինքն, Ախալցխայի հայկական հասարակական կյանքը կաթվածահար է արված, և իմ նպատակն է եղել վերադարձնել նրան լեգալ հասարակական գործունեության։ Դրանից հետո ես եղել եմ Թբիլիսիում և Վրաստանի անվտանգության կառույցներին մոտ կանգնած մարդկանց միջոցով փոխանցել եմ իմ նկատառումներն այդ հարցի վերաբերյալ։ Հիմա դա ինձ վերագրվում է որպես իրավիճակն ապակայունացնելու միտում։ Ավելի մեծ հիմարություն մտածել հնարավոր չէ»։
«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՐԱՆՔ ԿՈՄՍՈՄՈԼԻՇՐՋԿՈՄՆԵՐՈՒՄ ԷԻՆ»
Երրորդ վերագրումը, որ, ըստ Ի. Մուրադյանի, առկա է Վրաստանի իշխանությունների շրջանում իր կապակցությամբ, վրացական ընդդիմության հետ իր հարաբերություններն են. «Ինձ է վերագրվում այն, որ փետրվարին և ապրիլին լինելով Թբիլիսիում, բանակցել եմ ընդդիմության հետ և իբր խոստացել նրանց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում Ջավախքում իրենց համար ձայներ կապահովեմ։ Իսկ դրա փոխարեն ընդդիմությունը պետք է գնահատական տա այնտեղ սկսված իրավիճակին։ Թբիլիսիում ես խոսակցություն ունեցել եմ Պատա Զաքարիշվիլու գրասենյակում, և հիմա իբր գոյություն ունի այդ խոսակցության ձայնագրությունը։ Սակայն ես այդպիսի խոսակցություն ունեցել եմ նաև Խաինդրավա եղբայրների, այլ ընդդիմադիրների, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերի, այսինքն` իշխանության կողմնակիցների հետ։ Այդպիսի զրույցներ ես վարում եմ 15 տարի շարունակ, իսկ այժմ դա բնութագրվում է իբրև քայքայիչ գործունեության փորձ։ Ես երբևէ այդքան ազդեցություն չեմ ունեցել և չունեմ Ջավախքում, որպեսզի համոզեի 20-30 կազմակերպությունների` ընտրությունների ժամանակ ինչ-որ դիրքորոշում դրսևորել։ Այնպես որ, այդպիսի վերագրումն ինձ պարզապես ծիծաղելի է։ Ընդ որում, դիտավորյալ է այդպես արվել, որպեսզի ապացուցեն տարբեր պատգամավորների, ընդդիմության ներկայացուցիչներին, թե դուք ինչ-որ հայերի հետ մութ գործեր եք բռնում, ովքեր քայքայիչ գործունեությամբ են զբաղված։ Դրա համար էլ ինձ հաջողվեց մի քանի ժամվա ընթացքում պարզել պատճառները, թեպետ սկզբունքորեն դա պետական գաղտնի տեղեկատվություն պետք է լիներ»։
Ըստ քաղաքագետի, վրացական քաղաքական ընդդիմության հետ իր հարաբերությունները հնարավոր է, որ եղել են Վրաստանի իշխանությունների գործելակերպի հիմնական շարժառիթը։ Թեպետ, ըստ նրա. «Իշխանությունը Վրաստանում խիստ անհանգիստ է և ուշադրությամբ է հետևում այն բանին, որպեսզի ընդդիմությունը հենարաններ չձևավորի ազգային ծայրամասերում, հատկապես Մեգրելիայում և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում։ Ես Թբիլիսիում մասնակից եմ եղել առաջին հակախորհրդային ցույցին, որի կազմակերպիչն էր Մեհրաբ Կոստավան։ Այն ժամանակ շատերը, ովքեր հիմա կառավարում են Վրաստանը և խոսում անկախությունից, կոմսոմոլական շրջկոմներում նստած էին և երազում էին կուսակցական կարիերայի մասին։ Այն ժամանակ Ռուսթավելու պողոտայի վրա միանգամից պետք է դուրս գային 50 մարդ, ովքեր հավաքվել էին սեմինարիայի շենքի մոտ։ Բայց սկզբում դուրս եկան միայն երեքը` մեկ կին, նրա ամուսինն ու ես։ Կես ժամ հետո մեզ միացան մյուսները, իսկ այսօրվա իշխանավորներից ոչ մեկը չկար։ Ես մասնակցել եմ նաև Վրաստանի նախագահի նստավայրի հայտնի գրոհին ու Գամսախուրդիային փրկելու գործընթացին։ Այսինքն` այդ երկրում շատ բաների ներկա գտնվելու առիթ եմ ունեցել»։
ՑՈՒՑԱԿԸ
Այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե վրացական իշխանություններն անցանկալի հայաստանցիների 20-30-հոգանոց ցուցակ ունեն, որոնց մուտքը Վրաստան արգելված է կամ արգելվելու է, Ի. Մուրադյանը դրական պատասխան տվեց. «Ես այդ ցուցակում չկամ, թեպետ այդ ցուցակը տեսել եմ։ Այնտեղ կա 19 մարդու անուն, որոշ տվյալներ կան մինչև 25 մարդու վերաբերյալ, բայց ես տեսել եմ 19 հոգու անուններ ներառող ցուցակ։ Բոլոր այդ մարդկանց ես կա՛մ անձամբ եմ ճանաչում, կա՛մ լսել եմ նրանց մասին։ Բոլորը կամ մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, երիտասարդներ, ովքեր աչքի են ընկել Սամցխե-Ջավախեթիում` իբրև հասարակական ակտիվիստներ։ Մի քանիսի նկատմամբ ուղղակի սպառնալիքներ են եղել։ Չգիտեմ որքանով է դա իսկապես իրականությանը համապատասխանում, բայց լսել եմ, որ մի քանիսին էլ սպառնացել են ձերբակալել Վրաստանի տարածքում հայտնվելու դեպքում։ Այդ ցուցակում ընդգրկված մարդկանցից ոչ ոք հիմա Վրաստանում չի լինում»։
Ի. Մուրադյանի կարծիքով` Վրաստանում բնակվող հայերի կողմից հասարակական գործունեություն ծավալելու ձևերն իրականում իրենց սպառել են։ «Այսօր Ջավախքում կայունության միակ գործոնն այդ ժողովրդի հոգեկերտվածքն է, որը գնալու տեղ չունի, ուզում է մնալ ու ապրել իր հողի վրա։ Շատերը նույնիսկ վերադառնում են Ջավախք, ինչը կապված է Ռուսաստանում և այլ վայրերում առաջացած տնտեսական պրոբլեմների հետ։ Մարդիկ փորձում են վերահաստատվել իրենց հայրենիքում, տնտեսական կենսագործունեության մեխանիզմներ ստեղծել, և դա էլ Վրաստանի իշխանություններին դուր չի գալիս։ Վրաստանի իշխանությունները հարձակման են անցել ամբողջ ճակատով` Ջավախքը Հայաստանից տարանջատելու համար։ Թեպետ ես միանգամայն ազնիվ եմ եղել նրանց նկատմամբ, թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը, թե՛ վրացական ԶԼՄ-ներին տրամադրել եմ իմ նախապատրաստած հուշագիրը` «Ռեգնում» տեղեկատվական ծառայության գործունեության մասին Սամցխե-Ջավախեթիում։ Խոսքը քայքայիչ ցանցի ստեղծման նախաձեռնության մասին է, որը կապ չունի պաշտոնական Մոսկվայի հետ, այլ Ռուսաստանում գործող և Իսրայելի հետ որոշ կապեր ունեցող խմբավորումների։ Այդ հուշագիրը ես հրապարակել եմ նաև ռուսաստանյան «Գեոպոլիտիկա» ինտերնետային կայքում, որը ՌԴ նախագահի աշխատակազմի քարոզչամիջոցներից է։ Չնայած Ռուսաստանի հետ կապված շատ խիստ գնահատականներին, դա այնտեղ հրապարակվել է, և մարդիկ հասկացել են, թե ով է փորձում Վրաստանում պղտոր ջրում ձուկ որսալ։ Այդ կայքում պատահական նյութեր չեն հրապարակվում»։
Քաղաքագետը, ինչպես նախկինում, Ռուսաստանի քաղաքականությունը Ջավախքում չի ողջունում և կարծում է. «Ռուսներն արեցին հնարավոր բոլոր այլանդակությունները Ջավախքում։ Սկսած ռազմաբազան դուրս բերելուց, վերջացրած նրանով, որ 320 պայմանագրային հայ զինծառայողների ընտանիքներով Ջավախքից տարան Ռուսաստան` արյունազրկելով երկրամասը։ Բացարձակապես ապուշ հանրահավաքներ էին կազմակերպում 150 մարդու մասնակցությամբ, որոնց մեծ մասը 70-80 տարեկան, դեռ խորհրդային ժամանակներից մնացած գործակալներ էին։ Ռուսական ԱԴԾ-ի (ФСБ) տեղական ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Մորոզովն էր կազմակերպում ու տեսագրում այդ ամենը` գլուխ գովելով, թե ինքն ամեն ինչ ավելի շուտ է տեսնում, քան վրացական հեռուստատեսությունը։ Ինչպես տեսնում եք, ես դա էլ գիտեմ, որովհետև այդ հողն ու նրա վրա ապրող մարդիկ թանկ են ինձ համար»։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
«Ես շատ սկեպտիկ վերաբերմունք ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կարող են Ջավախքի հարցում Վրաստանին իրենց պայմանները թելադրել։ Այն կարծիքին չեմ, թե Հայաստանում բռնապետություն է, մեզ մոտ ավելի շուտ անիշխանություն է։ Այդպիսի իշխանությունն իր պայմանները թելադրել չի կարող, հատկապես նման հարցում»,- այս կարծիքին է Իգոր Մուրադյանը Ջավախքում Հայաստանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Նրա գնահատմամբ` Ջավախքում Հայաստանի իշխանությունների բոլոր նախաձեռնությունները տապալվել են, մնում է, որ սպառվի նաև Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը, և այն ժամանակ կարելի է իրական երկխոսություն վարել։
Քաղաքագետի կարծիքով` Վրաստանի սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման լիազորությունները միանգամայն բավարար են Ջավախքում կուտակված խնդիրները լուծելու համար, եթե ամբողջ ծավալով կիրառվեն, և տեղի հայ բնակչությունը հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իրեն տրված տեղական ինքնակառավարման իրավունքից։ «Նույնքան կարևոր է, որպեսզի Վրաստանը կատարի իր պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգմանը վերաբերող եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, որին միացել է։ Միաժամանակ, որքան Վրաստանն ինտեգրվի ԱՄՆ-ին, այնքան հեշտ կլուծվեն վիրահայության հետ կապված խնդիրները։ Սակայն եթե այդ ինտեգրումն ուղղված լինի դեպի Եվրամիություն` մեր ջանքերն անարդյունք կլինեն։ Որովհետև Եվրամիությունն այս հարցում գործընկեր չէ, այս տարածաշրջանում միայն մի երկիր կարող է ճիշտ ուղու վրա դնել Վրաստանին, և դա ԱՄՆ-ն է։ Մենք պետք է շահագրգռված լինենք վրաց-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ, որպեսզի ռազմավարական գործընկերության մասին խարտիան իր ամբողջ բովանդակությամբ սկսի կիրառվել»։
Եվ, վերջապես, Իգոր Մուրադյանը կարծում է, որ տարածաշրջանում վրացիները չունեն, հայերից բացի, որևէ հեռանկարային գործընկեր։ «Վրաստանը հիմա ժողովրդագրական, էթնոսոցիալական ճգնաժամի մեջ է, նրան գործընկեր է պետք, իսկ այդպիսին կարող են լինել միայն Վրաստանում բնակվող հայերը, ինչպես նաև Հայաստանը։ Վրացական էթնոսը չի կարողանում իր պետության շրջանակներում լուծել իր խնդիրները։ Վրաստանը հիմա նաև մեկուսացման մեջ է ու շահագրգռված է Հայաստանով։ Այն բանից հետո, երբ թուրքերը թույլ չտվեցին ամերիկյան ռազմանավերին անցնել Բոսֆորով, իրականություն դարձան այն բոլոր զգուշացումները, որ արվել են Վրաստանի իշխանություններին` Թուրքիայի հետ կապված։ Ինքս եմ բազմիցս նշել, որ Վրաստանի համար Թուրքիան գործընկեր չէ, այլ տեր։ Վրաստանի մի կողմում Ռուսաստանն է, մյուս կողմում` թուրք-ադրբեջանական դաշինքը։ Թուրքիայի գործընկերության մասին վրացիների պատրանքները ցրվեցին, երբ պարզվեց, որ Վրաստանը Թուրքիայի համար միայն միջանցք է։ Իսկ այս աշխարհում միջանցք լինելը շատ վտանգավոր է, որովհետև միջանցքներին տիրանալու համար հաճախ անգամ պատերազմներ են լինում։ Այդ պատճառով էլ Վրաստանը նոր հենարանների կարիք ունի և նույնիսկ փոխել է իր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հայաստանն այդտեղ ամրագրված է իբրև ռազմավարական գործընկեր, ինչը նախկինում չկար»,- նշեց Իգոր Մուրադյանը, դրանով իսկ ապացուցելով, որ, չնայած իր նկատմամբ վրացական իշխանությունների ցուցաբերած անհանդուրժողությանը, ինքը մտադիր չէ իրադարձությունները դիտավորյալ մեկնաբանել հօգուտ հայ-վրացական հարաբերությունների վատթարացման, եթե իրականում կան հակառակ հիմքերը։ Մնում է, որ վրացական իշխանություններն այդ իրողությունը գիտակ-ցեն, և հայերը, անկախ իրենց կարգավիճակից, հարևան երկիր այցելելու պրոբլեմներ չունենան։ Մանավանդ ամռանը, քանի որ հայկական տուրիզմը, ի վերջո, վրացական գանձարանն է հարստացնում։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ