«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Բարձր կրթական մակարդակ ու խոր գիտելիքներ

Բարձր կրթական մակարդակ ու խոր գիտելիքներ
07.07.2009 | 00:00

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐ` ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ
Հուլիսի 6-ին Երևանի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի և Մարսելի ֆրանսիական Մեդիտերանե (միջերկրածովյան) համալսարանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի առիթով հրավիրված մամլո ասուլիսում ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը և Մարսելի ֆրանսիական Մեդիտերանե համալսարանի նախագահի խորհրդական Միշել Կասպարյանը ներկայացրին իրենց անելիքները: Անդրանիկ Ավետիսյանը շեշտեց, որ Մարսելի Մեդիտերիանե համալսարանն իրենց հիմնական գործընկերներից է, 2005-ին բանակցությունների արդյունքում նոր համաձայնություն են ձեռք բերել առողջապահության ֆակուլտետի ստեղծման վերաբերյալ:
Առողջապահության ֆակուլտետը ստեղծվում է համատեղ մագիստրատուրայի հիմքի վրա, մագիստրոսական 20 տեղ է հատկացված, ուսման վարձը` տարեկան 500000 դրամ (նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` ուսման վարձը չբարձրացնել) ընդունելությունը կատարվելու է բժշկական հիմնական մասնագիտություն ունեցողների համար (բժիշկներ, դեղագործներ, ատամնաբույժներ, մանկաբարձներ) և այլ մասնագիտությունների գծով (բուժքույրեր, հոգեբաններ, անասնաբույժներ, տնտեսագիտության, կառավարման կամ սանիտարական և այլ հասարակական գիտությունների գծով կրթություն, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի բակալավրի որակավորում ունեցող): Շնորհվելու է դիպլոմ առողջապահության կառավարում մասնագիտության գծով: Ռեկտորը կարևորեց, որ ակադեմիայի լավագույն ուսանողները երկրորդ կուրսից կարող են ուսումը շարունակել Մարսելի համալսարանում` ստանալով երկու դիպլոմ` հայկական և ֆրանսիական: Նրա գնահատմամբ` դա ոչ միայն խթան է, այլև հնարավորություն հայ ուսանողի համար Ֆրանսիայում կրթություն ստանալու: Ակադեմիայի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան Ֆրանսիայում անցկացնելու հնարավորություն ունեն, համապատասխանաբար` Հայաստանում իրենց պրակտիկան կարող են անցկացնել մարսելցի ուսանողները: Կեցության հարցերը լուծում է հրավիրող կողմը:
Պարոն Ավետիսյանը ներկայացրեց Մեդիտերանե համալսարանի ռեկտորի խորհրդական, պրոֆեսոր Միշել Կասպարյանին, որը 2001 թվականից երկու բուհերի համագործակցության ակունքներում է եղել: Հայ գործընկերների հետ համագործակցությունը պրոֆեսորը հատկապես կարևորում է: Մարսելի բնակչության 10 տոկոսը հայ է, և սա ոչ միայն կրթական համագործակցություն է, այլև երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Միջազգային համագործակցությունը պահանջում է համատեղ գործունեություն և ֆինանսավորում, որը հնարավոր է ձեռք բերել միայն եվրոպական ծրագրերը ներառելով: Նշվեց, որ ստեղծման առաջին օրից ակադեմիան Երևանում ապահովվել է բարձր տեխնոլոգիաներով: Մարսելի Մեդիտերանե համալսարանը Ֆրանսիայի մեծ համալսարաններից է, իր կարևոր տեղն ունի կրթական համակարգում, գիտահետազոտական աշխատանքներով երրորդ տեղն է գրավում Ֆրանսիայում, ունի 25000 ուսանող: Հայաստանի եվրոպական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի բարձր գիտելիքներն ու մասնագիտական պատրաստականությունն առաջին իսկ օրից ըստ պատշաճի բարձր են գնահատվել Ֆրանսիայում: Միշել Կասպարյանը գոհունակությամբ նշեց, որ բարձր կրթական մակարդակ ու խոր գիտելիքներ ունեն և ակադեմիայի ուսանողները: Պատահական չէ, որ ակադեմիայի ուսանողներից Անուշ Կոստանյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` պատիվ բերելով ակադեմիային: 2009 թ. մարտից մեկնարկած նոր համագործակցությունը պարոն Կասպարյանը համարում է հատկապես կարևոր, քանի որ առաջին անգամ հայկական կողմը Մարսել էր մեկնել իր պատրաստած ծրագրերով ու առաջարկներով և շատ էր աշխատում դրանց իրականացման ուղղությամբ: Քննարկումները եղել են մի քանի մակարդակներում` տնտեսագիտության, բարձր տեխնոլոգիաների, բնական գիտությունների, բժշկության ոլորտներում: Խնդրո առարկային` առողջապահության կառավարման նոր ֆակուլտետի ստեղծմանն անդրադառնալով, ֆրանսիացի պրոֆեսորը կարևորեց այդ բնագավառում մասնագետների ուսուցումը Հայաստանում։ Ծրագիրը քննարկվել է Մարսելի համալսարանի առողջապահության համալսարանի հայտնի պրոֆեսոր Սամբյուկի հետ, նա ևս բարձր գնահատական է տվել: Այդ ծրագրով կրթությունը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Կրթության տևողությունը երկու տարի է: ՈՒսանողների ընդունելությունը երկու մակարդակով է լինելու` մագիստրատուրայի առաջին կուրսի համար ընդունելությունը կազմակերպվելու է եվրոպական ակադեմիայի ղեկավարության և Մարսելի համալսարանի ներկայացուցչի կողմից: ՈՒսանողներ ընտրվելու են բժշկական կրթություն և հարակից մասնագիտություններ ունեցողներից: Կրթության երկու տարին էլ համատեղ ծրագրի հիման վրա է իրականացվելու: Առաջին տարում դասավանդելու են հայ մասնագետները, կարող են նաև Մարսելից ժամանած դասախոսներ լինել: Ակադեմիայի լավագույն ուսանողները, ովքեր փայլուն կտիրապետեն ֆրանսերենին, համատեղ ընտրությամբ երկրորդ տարին ուսումը կարող են շարունակել Մարսելում` ստանալով երկու դիպլոմ: Ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերից:
Անդրանիկ Ավետիսյանը, արդյունավետ համագործակցության համար, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալով պարգևատրեց Միշել Կասպարյանին:
Ասուլիսին ներկա էր հայտնի նյարդաբան Հենրիկ Բակունցը: Քանի որ խոսք էր եղել Հայաստանում առաջին ստրոկ կենտրոնի հիմնադրման մասին (շտապ օգնության կենտրոն սրտանոթային հիվանդությունների բուժման համար), խնդրեցի մանրամասնել։ «Ծրագրված է ստեղծել Հայաստանում սրտանոթային հիվանդությունների մասնագիտական կենտրոն, որը զբաղվելու է ինսուլտի, ինֆարկտի բուժմամբ` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բարձրագույն որակավորման մասնագետներ են հրավիրվելու աշխատանքի: Տարեվերջին այս բուժհաստատությունն արդեն առաջին հիվանդներին կարող է ընդունել: Նման կենտրոններ կան Եվրոպայում և Ռուսաստանում, Հայաստանում լինելու է առաջինը: Նորք-Մարաշ կենտրոնը ստրոկ կենտրոն չէ, այնտեղ վիրահատում են ինֆարկտների և սրտի կորոնար անոթների ստենտավորման դեպքում, մեզ մոտ բուժելու են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները` տարբեր մեթոդների կիրառմամբ»,-ասաց նա: Կենտրոնի շինարարությունն արդեն սկսվել է հենց ակադեմիայի բակում, ղեկավարելու է Հենրիկ Բակունցը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ