Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ընդդիմությունը հնարավորություն է ստացել իշխանություններին թելադրելու գործողությունների իր սցենարը

Ընդդիմությունը հնարավորություն է ստացել իշխանություններին թելադրելու գործողությունների իր սցենարը
06.03.2009 | 00:00

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Արմատական ընդդիմության՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի գործունեության հետագա շարունակման, մարտի 1-ի հանրահավաքը, անշուշտ, վճռորոշ նշանակություն ունեցավ։ Այն արձանագրեց, որ ընդդիմությունը հասարակության մեջ ունեցած իր ռեսուրսները և հենարանները պահպանել է, քանի որ բողոքական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի կայուն «կրիտիկական մասսան», այնուհանդերձ, չի նվազում։
Անշուշտ, մարտի 1-ին Մատենադարանի հրապարակ ժամանած Հայաստանի քաղաքացիներից ոչ բոլորը, գուցե և մեծամասնությունը, ընդդիմության հավատավոր կողմնակիցները չեն։ Սակայն, 35-40 հազար մարդու հերթական հանրահավաքին, ամենայն հավանականությամբ, բերել էին խորացող տնտեսական ճգնաժամը, գնային անվերահսկելի թանկացումները, առաջին անհրաժեշտության ծառայությունների (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) սակագների սպասվող բարձրացումը։ Արդյունքում ստացվեց, որ հոկտեմբերի 17-ից ի վեր գործնականում անգործության մատնված ընդդիմությունն ընդամենը մի կոչով կարողացավ հավաքել զգալի զանգված՝ չնայած մինչև հանրահավաքի օրը իշխանության տարբեր օղակների և տարբեր կարկառուն դեմքերի ձեռնարկած «պրոֆիլակտիկ» միջոցառումներին։
Այսպիսով, ստեղծվում է նոր իրավիճակ, որտեղ իշխանություններն ու ընդդիմությունը գտնվում են նախկինի համեմատ տարբեր դիրքերում։ Ընդդիմությունը, փաստորեն, այսօր հնարավորություն է ստացել «նախահարձակ» լինելու և իշխանություններին թելադրելու գործողությունների իր սցենարը։ Իշխանությունը, ընդհակառակը, խորացող տնտեսական ճգնաժամի և աճող գործազրկության պայմաններում ստիպված է հանդես գալ պաշտպանվողի դիրքերից և հասարակությանը համոզել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները կամ քայլերը՝ ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Հարկ է նշել, որ այս իմաստով իշխանական քարոզչությունն առանձնապես արդյունավետ չէ, որովհետև ակնհայտորեն չկա գոնե տարրական համակարգում։ Իշխանության ներկայացուցիչները, իշխանամետ դաշտում գործող պատգամավորները հախուռն ու իրարամերժ մտքեր են արտահայտում իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի վերաբերյալ, ինչը հասարակական գիտակցության մեջ ավելի է թուլացնում իշխանության դիրքերը։
Եթե անդրադառնալու լինենք արմատական ընդդիմության առաջնորդի՝ հանրահավաքում հնչած ելույթին, ապա կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերոնշյալ իրողությունները բավական լավ հաշվարկել էր։ Առաջին հերթին, նա, փաստորեն, խոսեց հեղափոխական զարգացումների անցանկալիության մասին, հայտարարելով, որ բռնի ուժի կիրառմամբ իշխանության փոփոխությունն ինքն անթույլատրելի է։ Սա, անշուշտ, արտաքին աշխարհին ուղղված ազդակ էր, որ նպատակ ունի բարելավելու ընդդիմության հեղինակությունը, ի ցույց դնելու, թե ընդդիմությունն օրինապահ է ու աշխատում է գործել բացառապես օրենսդրության սահմաններում։ Այնուհետև արմատական ընդդիմության առաջնորդն ակնարկեց ազգային համաձայնության կամ փրկության կառավարության ձևավորման հնարավորության մասին։ Ենթատեքստում սա պետք է հասկանալ իբրև առնվազն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, որովհետև պարզ է, որ ներկա խորհրդարանն այդպիսի կառավարության գործունեության համար երաշխիք լինել չի կարող։ Եվ, իհարկե, ազատազրկման մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչների ազատ արձակման պահանջը մնում է օրակարգային առաջին հարցն արմատական ընդդիմության համար։
Ակնհայտ է, որ ընդդիմությունը, անցած ժամանակահատվածի զարգացումները հաշվի առնելով, նախապատրաստել է որոշակի սցենար։ Այդ սցենարը կառուցված է այն տեսության կամ հնարավոր իրավիճակի վրա, որ առաջիկա ամիսներին բողոքական կամ դժգոհ ընտրազանգվածը միայն աճելու է։ Միաժամանակ մոտենում են քաղաքային ավագանու ընտրությունները։ Մինչև մայիսի 1-ն ընդմիջում վերցնելով՝ Տեր-Պետրոսյանը, թերևս, համոզված է, որ հաջորդ հանրահավաքին տնտեսական ցնցումներից զզված ու հոգնած ավելի շատ ժողովուրդ կհավաքվի։ Իշխանությունները դարձյալ չեն կարող կասեցնել հանրահավաքի անցկացումը ոչ միայն այն պատճառով, որ չեն ցանկանա դիմել ուժային գործողությունների։ Պարզապես այդ ժամանակ արդեն սկսվում է քաղաքային ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, և ընդդիմությունն այդ շրջանակներում քարոզարշավ տանելու համար պաշտոնական հայտ կներկայացնի քաղաքապետարան։ Հայտի մերժումը ոչ միայն ընդդիմության, այլև արտաքին աշխարհում, Երևանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից կմեկնաբանվի իբրև նախընտրական քարոզչության սահմանափակման փորձ, ինչն իշխանության շահերից չի բխում։ Դրանից հետո, հետագա գործընթացներում, ընդդիմությունը, բնականաբար, կաշխատի առավել բևեռացնել իրավիճակը և մայիսի 31-ի շեմին ստեղծել հակադրության այնպիսի կացություն, որն իշխանությունների համար ուղղակի անհնարին կդարձնի վերահսկելի ընտրությունների անցկացումը։
Ստեղծված իրավիճակում իշխանությունն ունի երկու ելք։ Նա կարող է մինչև մայիսի 1-ը որոշակի բանակցային գործընթաց նախաձեռնել ընդդիմության հետ, ազատ արձակել ընդդիմադիրների առնվազն այն մասին, ում նկատմամբ քրեական հետապնդումն իրական հեռանկար չունի։ Կողմերը կարող են համաձայնության գալ որոշակի պայմանների շուրջ, որ քաղաքային ավագանու ընտրությունները անցկացվեն նորմալ մթնոլորտում, առանց օրենքների խախտումների, արդյունքների ամփոփումը լինի թափանցիկ, որից հետո կարելի է երկխոսությունը շարունակել։
Իշխանության համար մյուս ելքն առաջիկա երեք ամիսներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կարգավորման համալիր մեխանիզմների մշակումն ու կիրառումն է։ Այսինքն՝ բնակչության համար տեսանելի և շոշափելի քայլեր՝ գնաճը զսպելու ուղղությամբ։ Աշխատանք, որ տեսանելի պետք է լինի հասարակության համար։ Նկատի ունենալով առաջին անհրաժեշտության ծառայությունների սակագների սպասվող բարձրացումը և դրամի արժեզրկումը՝ կառավարությունը միաժամանակ պետք է իրականացնի աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների ինդեքսացիա, որպեսզի կարողանա բնակչության լայն խավերին իրական փոխհատուցում տալ թանկացումների դիմաց։
Օպերատիվ կառավարման բարելավում, կառավարման համակարգում կարգապահության և օրենքի կիրառման ապահովում, սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակում քաղաքացիների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների կիրառումը. ընդդիմության հետ մրցակցության կամ պայքարի մեջ միայն այս բարեփոխումները կարող են իշխանության համար դառնալ իրական հաղթաթուղթ։ Իրավիճակն ինքնահոսի թողնելը, ինչի միտումներն առկա են դոլարի կտրուկ թռիչքից հետո, քաղաքային ավագանու ընտրությունների շեմին իշխանությանը միայն նոր տհաճ անակնկալներ է բերելու։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ