ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երբեք մի՛ ասա` երբեք

Երբեք մի՛ ասա` երբեք
18.09.2009 | 00:00

«ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ»
Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո ծանր երկընտրանքի առջև կանգնած ԲՀԿ-ն, ի վերջո, փորձում է իր համար կիրառելի դարձնել գառների և գայլերի կուշտ ու ողջ լինելու դիլեման:
ԲՀԿ-Ն ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՎՈ՞ՒՄ Է

Քաղաքապետի ընտրություններով իշխանությունները ԲՀԿ-ին հստակ ազդանշանեցին` կողմնորոշվել: Առջևում հայ-թուրքական զարգացումներն էին. բոլոր անկանոն շարժումներն իշխանական թիմում պետք է կասեցվեին, ինչպես ասել ենք` հենց օրորոցում (ով-ով, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, թե ինչ է տեղի ունենալու աշնանը` հայ-թուրքական «գետնին» վրա, և ինչերի է ընդունակ Գյուլի երեսը տեսնել չուզող Քոչարյանը, որն առանց այն էլ երկար մնաց «երիտթոշակի» հույսին):
ԲՀԿ-իշխանություն սողացող ձեռնամարտը մի քանի ռաունդ ունեցավ: Քաղաքապետի ընտրություններին հաջորդեցին հարկային փաթեթի խորհրդարանական քննարկումները. պաճուճավորված խորամանկությամբ ԲՀԿ-ն փաթեթին դեմ քվեարկեց:
Ընդ որում, հարկային փաթեթի խորհրդարանական քննարկումները երկու կողմերի համար էլ ունեցան որոշիչ նշանակություն. Սերժ Սարգսյանը ի վերջո հասկացավ` խորհրդարանում «խաղերն անպակաս են», և պետք է վերջնական մոտեցում դրսևորել այդ ամենի նկատմամբ, որովհետև նույնակերպ մոտեցում կարող է լինել հայ-թուրքական համաձայնագրերի վավերացման ժամանակ:
Որոշիչ եղավ նաև ԲՀԿ-ի համար. վերջինս հասկացավ` իշխանությունը ոտքը դրել իր մեքենայի գազին, առանց արգելակելու առաջ է գալիս, իսկ դիմացը պատն է:
Արգելակների բացակայությունն ու պատի առկայությունն ավետվեց նաև մարտի մեկի հանձնաժողովի օգոստոսյան նիստին նվիրված ռեպորտաժով, ուր «սևով սպիտակի վրա» ցուցանվեցին հատկապես այն «կադրերը», որոնք պատմում էին ՀԱԿ-ի փաստահավաք խմբի «դիտարկումները» օլիգարխների մասնակցությանը վերաբերող, ինչպես նաև այդ առնչությամբ Արամ Սաֆարյանի խոսքն ամբողջությամբ:
Ընդ որում, նույն կարգի ռեպորտաժներ ցուցանեցին նաև մյուս հեռուստաընկերությունները` 25-րդ կադրի սկզբունքով, երբ մարդկանց ենթագիտակցության մեջ մնում է ոչ թե չմասնակցության, այլ հատկապես մասնակցության «կադրը»:
ԲՀԿ-ն նույնպես պարապ նստած չէր. փորձում էր հնարավորինս ճկուն մանևրով դուրս գալ ստեղծված վիճակից ու սկսեց «հարցի լուծումը» ոչ թե ներսից, այլ դրսից («ներսում» եղող Քոչարյանը միայն խանգարելու էր նրան): Եվ պնդումը, թե ԲՀԿ առաջնորդի բելառուսական և խորվաթական տուրնեներն առանց Սերժ Սարգսյանի գիտության էին և այլ նպատակներ էին հետապնդում, միամտություն է:
Այն պարզ պատճառով, որ նույն այդ երկրները, որոնք Ռուսիո հայտնի թևի ազդեցության տակ էին, շատ սահուն անցել էին Ռուսիո շատ հայտնի մեկ այլ թևի ազդեցության տակ (այս խոսակցությունը մենք կմանրամասնենք հայ-թուրքականի հաշվով` Ռուսաստանի «պատրաստությունների» մասին նյութում). այն թևի, որը խիստ լոյալ է Սերժ Ազատի Սարգսյանի հանդեպ և բացարձակապես չունի Քոչարյանի, էլ չենք ասում` նրա վերադարձի կարիքն ու «զգացումը»:
ԲՀԿ ռեաբիլիտացիոն հաջորդ քայլերն արդեն արվեցին «ներսում»: Կուսակցությունը տեղը տեղին արձագանքեց հայ-թուրքական արձանագրություններին, ի տարբերություն Քոչարյանի` ասաց. իրենք սիրում են պարոն Գյուլին, իրենք կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, իրենք շուտով շենքուշնորհքով Սերժ Ազատիչին կճամփեն էն «անիրավ աշխարհ»` Թուրքիա, ֆուտբոլ նայելու:
Հաջորդ քայլով էլ «Բարգավաճը» կողմ քվեարկեց հարկային փաթեթին (նկատենք, որ կառավարությունն էլ, իր հերթին, այլևս չէր ցանկանում Ծառուկյանի «օբյեկտներ»` «մշտնջենական բնակության» ուղարկել հարկային տեսուչին, որն օրինական ձևով կարող էր պարոն Ծառուկյանի և «մույսի» բիզնեսը հիմնահատակ և խիստ օրենսդրորեն քանդուքարափ անել): Ընդ որում, Ծառուկյանն այդ օրը խորհրդարանում մնաց այնքան, մինչև «վերջին» ԲՀԿ-ականը կողմ քվեարկեց սույն բազմաչարչար-բազմախոստում փաթեթին, ու նոր «գնաց տուն»:
Ի դեպ, «դիտարժան» էր նաև կառավարության ղեկավարի` ձյուդոյի երիտասարդական օլիմպիադայի ժամանակ պարգևատրումը: Չէ, քաղաքական աստառ չենք տալիս, պարզապես ուշի ուշով դիտում ենք վարչապետական այդ պարգևատրումը` բասկետբոլ սիրող «ոմանց» ֆոնին:
Դառնանք ԲՀԿ-ին` արձանագրումով. բոլոր դեպքերում ԲՀԿ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի հանկարծ իր հետ չպատահի այն, ինչ կատարվեց «Ժառանգության» հետ: Հասկանալի է, չէ՞, երբ խոսվում է առ այն, թե որոշ ԲՀԿ-ականներ շուտով դուրս են գալու ԲՀԿ-ից, գնալու են «ՀՀԿ-ենց տուն», և կամ` Քոչարյանի գործարարները քիչ մը դժգոհ են այն ամենից, ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ում, ազդանշաններ են, որոնց արձագանքելու համար ԲՀԿ-ն պետք է ունենա պատրաստի ֆորմուլաներ:
Ասում են` ունի, ստեղծում է:
Բայց դրանից ԲՀԿ-ի դարդերը չեն պակասում:
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱ՜Ռ Է, ՇԱ՛Ռ
ԲՀԿ-ն ոնց որ չի «մարսում» սոցապնախարարության քվոտան (ասում են` շուտով կփոխվի նաև ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակի ղեկավար Սամվել Ադամյանը. հարմար թեկնածու է որոնվում):
Այսպիսով, սոցապերիտնախարար Գևորգ Պետրոսյանը շարունակում է իր «թամարապատումները». հիշում եք` նա վերցրել ու գործից հանել էր իր աշխատակազմի ղեկավարին` խիստ «ինքնուրույնաբար». վերջինս քաղծառայող էր: Նույնքան «ինքնուրույն» սոցերիտը նոր ղեկավար էր նշանակել: Առանց մրցույթի: Վարչապետն ասել էր երիտին` Գևորգ, մի արի տեսնենք` դու ո՞ր երկրի օրենքներով ես նշանակումներդ անում: Գևոն վերցրել ու «ճղել» էր բարաթը, իմա` իր իսկ արձակած հրամանը, թե` ըտենց բան չկա, չի եղել ու... էդպե՜ս շարունակ:
Հաջորդ «պատումը» նույնպես չէր ուշացել. այն տեղի էր ունեցել մանկատներից մեկում, ուր երեխաներից մեկը, կարծես, կոշիկ էր կարելիս եղել, սույն նախարարն իր «մեծական» ձեռքով շոյել էր որբի գլուխը, ու թե` կծախենք կոշիկդ, փողդ կբերենք, կտանք քեզ: «Վաճառականության» լուրը հասել էր ԲՀԿ-ի ղեկավարի ականջին, նա հերսոտել էր ու թե` «տղամարդ ես, փոխանակ ջեբիցդ հանես փող տաս էդ որբերին, ասում ես` կծախե՜նք...»։
Մի խոսքով, հավերժ շարունակվող այս իրավիճակները լցրել են ԲՀԿ-ի ղեկավարի համբերության բաժակը, նա վերջերս կանչել է երիտին ու թե... դիմում գրի:
Երիտը վերջը զանգել է ԲՀԿ-ի ղեկավարի մերձավորին, ասել` «չկարացա աշխատել, «պադվադիտ» արի ձեզ» ու երեք օրինակից դիմում է գրել` ՀՀ նախագահին, վարչապետին, ԲՀԿ-ի ղեկավարին, հանձնել «համապատասխան» վայր` առանց ժամկետների ու «գնացել տուն»:
Հիմա ԲՀԿ-ում ուժեղ հրմշտոց է: Կարծիքները տարբեր են: Մի մասն ասում է` դե, ո՞ւմ վրա չի բարկանում ԲՀԿ-ի ղեկավարը, բոլորի վրա էլ բարկանում է, ու հիշում են կոնյակի գործարանում տեղի ունեցած բարկացումներից ամենաուժեղը, երբ վերջինս հողին էր հավասարեցրել մարտի մեկին հիվանդանոց այցելած ինքնագլուխ ԲՀԿ-իստին: «Գետնին հավասարվածները» մտածում են, կանցնի-կգնա, որովհետև Գևորին նշանակելը մի այիբ է, հանելը` երկու, համ էլ որ` իրենք են այդ թեկնածությունը դեմ տվել ԲՀԿ-ի ղեկավարին:
Մյուս մասը պնդում է` չէ, անպայման կհանի, պարզապես թեկնածու է որոնում:
Տրվում են Միքայել Մելքոնյանի, Վարդան Բոստանջյանի և Մխիթար Մնացականյանի անունները:
Ասում են` Մելքոնյանը, որ էն ժամանակ չի համաձայնել (հասկանալի պատճառներով. վերջինս նախարարություններից մեկում աշխատելիս ֆինանսական խախտումներ էր, կարծես, թույլ տվել), հիմա էլ դժվար համաձայնի:
Մնում են վերջին երկուսը:
Վերջին պահին պարզվեց, որ Մխիթար Մնացականյանի շանսերն ավելի մեծ են, և նրա` սոցապնախարար դառնալուց հետո ԲՀԿ ֆրակցիան կհամալրվի երկու նոր պատգամավորներով. արտակարգ իրավիճակների փոխնախարար նշանակված Ռուբեն Հարությունյանը «կվերամարմնավորվի» նույնքան Ռուբեն, բայց Գևորգյանով (Ծաղիկ Ռուբո), իսկ Մխիթար Մնացականյանի փոխարեն պատգամավոր կդառնա ԲՀԿ երիտթևի ղեկավար Վահե Էյֆիաջյանը։
Ահա այսպիսի «ծաղկավոր» բաներ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ