ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրանի քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ

Իրանի քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ
31.07.2009 | 00:00

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ` ԹԵՀՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԾՐՈՒՄ
Իրանի քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների կոմպլեքսում վաղուց և ավանդաբար ընդունված է համարել պրոհայկական։ Իրականում եթե Իրանն այլ դիրքորոշում ունենար, ապա Հայաստանի դիրքերը տարածաշրջանում անհամեմատ աննախանձելի կլինեին։ Քաղաքագետների ու վերլուծաբանների համար հայ-իրանական հարաբերությունները պրոֆեսիոնալ առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում և դիտարկվում են իբրև ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերակցության կարևոր գործոն ողջ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Եվրոպայում ու մասամբ ԱՄՆ-ում գործող քաղաքագետներն ու վերլուծաբանները հասկանում են, որ հայ-իրանական հարաբերությունները տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն ու կայունություն ապահովող կարևոր բաղադրիչ են։ Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման խորապատկերի վրա, ԱՄՆ-ը հայ-իրանական հարաբերությունները չի կարող չդիտարկել ավելի դրական լույսի ներքո, քան նախկինում, ինչն արտահայտված է այս ուղղությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ, քանի որ այն դարձել է ավելի զուսպ։ Միաժամանակ ամերիկյան վարչակազմի և քաղաքական շրջանակների մի մասի համար հայ-իրանական հարաբերությունները շարունակում են մնալ բանավեճի առարկա` որոշակի բացասական ընկալման համատեքստում։ Հարկ է նշել, որ հայ-իրանական հարաբերությունները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել Ջոն Հոպկինսի անվան համալսարանի ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև «Նոր Ամերիկա» հիմնադրամի և Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ու Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից։ Այս թեման մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Ֆրանսիայի առաջատար հետազոտական ինստիտուտներում։
Ընդհուպ մինչև 1990-ականների վերջերը Իրանը մեծ վերապահություններ ուներ հայկական պետականության կայացման առումով, դիտարկելով այն այնպիսի ոչ ֆորմալ քաղաքական համակարգերի հետ նույն շարքում, ինչպիսիք են Իրաքյան Քրդստանը կամ Արևմտյան Աֆղանստանը։ Լեռնային Ղարաբաղն Իրանի կողմից դիտարկվում էր իբրև գործիք Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Իրանցիները նաև հույսեր ունեին Հայաստանի և Ադրբեջանի տնտեսություններն իրանական շահերին ենթակայացնելու առումով։ Համոզվելով Հայաստանի կենսունակության մեջ իբրև անկախ պետության, ինչն արտահայտվում էր դրական տնտեսական դինամիկայով և ներքաղաքական կայունությամբ, ինչպես նաև դեպի Եվրասիական գեոռազմավարական նախաձեռնությունը Հայաստանի կողմնորոշված լինելով, Իրանն արմատապես փոխեց իր առաջնահերթությունները և որոշում կայացրեց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին նոր ռեժիմում ու նոր նպատակներով։ Միևնույն ժամանակ Իրանը Հայաստանի քաղաքական ինքնուրույնությունն ու աշխարհաքաղաքական դերը դիտարկում է բացառապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ նրա հարաբերությունների լույսի ներքո։ Հայաստանի ինքնուրույնության և կենսունակության կարևոր գործոն են համարվում նաև հայ-իրանական հարաբերությունները։ Երկարաժամկետ կտրվածքով Իրանը փորձում է ապահովել իր ազդեցությունը Հայաստանի վրա, կապեր հաստատելով նաև տարբեր քաղաքական կուսակցությունների հետ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբում ամենաքիչը երկու անգամ դիտարկվել է զորախաղերի հնարավորությունը` ղարաբաղյան հակամարտության գոտու հետ կապված, և այդ դիտարկումների արդյունքները եղել են դրական, իսկ դրանց հիմքում ընկած էր ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում հայկական զինված ուժերի կողմից նոր տարածքների գրավումը` ամենից առաջ Արաքս գետի հոսանքով, նպատակ ունենալով Իրանի և Ադրբեջանի միջև «բուֆերի» ստեղծումը և լիարժեք վերահսկողության հաստատումն Արաքսի ջրային ռեսուրսների վրա։ Իրանցիների պնդմամբ, իրենք պատրաստ են եղել նույնիսկ պաշտոնական ներկայացուցիչ նշանակել ԼՂՀ-ում` հումանիտար հարցերով, իբրև պատճառաբանություն բերելով մահմեդականների իրավունքների և իսլամական կրոնական հուշարձանների պահպանությունը։ Սակայն այդ նախաձեռնությունը հանդիպեց Ադրբեջանի կտրուկ բողոքին։ Մինչդեռ Իրանը նպատակ ուներ Հայաստանին որոշակի տարածության վրա պահել ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից և հնարավորինս նախաձեռնել այնպիսի նախագծեր, որոնք կիրականացվեին հայ-իրանական համատեղ ջանքերով, սակայն բացարձակապես Ռուսաստանից անկախ։ Այդքանով հանդերձ, իրանցիները միշտ խուսափել են Հայաստանի հետ բավականին լուրջ պայմաններով ռազմական համագործակցության հաստատման գաղափարից, թեպետ արդյունքում, այնուհանդերձ, ստորագրեցին այդպիսի պայմանագիր։
Տեսակետներն այն մասին, որ Իրանն ու իրանական քաղաքական գործիչներն Ադրբեջանի նկատմամբ ունեն թշնամական դիրքորոշում, ոչ լիովին է համապատասխանում իրականությանը։ Իրանական քաղաքական էլիտան և հասարակության ճնշող մեծամասնությունն Ադրբեջանի նկատմամբ ունեն պրագմատիկ դիրքորոշում` ներառյալ նույնիսկ զգացական գնահատականները։ Իրանցիները բազմաթիվ իսլամական պետությունների հետ թշնամական հարաբերությունների հարուստ փորձ ունեն, այդ պատճառով էլ Ադրբեջանի ղեկավարության հակաիրանական քայլերը չհանգեցրին Իրանում հյուսիսային հարևանի նկատմամբ թշնամական դիրքորոշման ձևավորման։ Իրանն Ադրբեջանը դիտարկում է իբրև իսլամական քաղաքական տարածքում ինտեգրացվելու համար պիտանի հրաշալի հումք` նկատի ունենալով, որ այն կկազմի «շիա-իրանական կայսրության» մի մասը։ Ադրբեջանական հասարակության տարբեր շերտերն ու խմբավորումներն անհամեմատ սերտ են ինտեգրացված իրանական քաղաքական կառույցների մեջ, և Իրանն ադրբեջանական հասարակության վրա իր ազդեցությամբ ոչնչով չի զիջում Թուրքիային, իսկ մանրամասների մեջ խորանալու դեպքում նույնիսկ ունի որոշ առաջնահերթություններ։
Ադրբեջանում գործում են մի շարք քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ, որոնք ունեն իրանամետ-իսլամական կողմնորոշում։ Իրանը կարողացել է Ադրբեջանում ստեղծել ազդեցիկ կրոնակրթական կենտրոններ, համապատասխան մշակման ենթարկել մտավորականության մի մասին։ Ապշերոնյան թերակղզին դարձել է կատաղի մրցակցության հրապարակ Իրանի ու սալաֆիստական շարժումների միջև։ Իրանական ազդեցությունը հատկապես ուժեղ է ադրբեջանական մի շարք նահանգներում, ամենից առաջ Թալիշստանում, Մուղանում, Նախիջևանում։ Գոյություն ունեն փաստացի ապացույցներ Իրանի լայնածավալ գործունեության վերաբերյալ ինչպես թալիշական բնակչության շրջանում, այնպես էլ Նախիջևանում, ինչը ցույց է տալիս Իրանի ձգտումը` հեռանկարում անեքսիայի ենթարկելու այդ նահանգները։ Իրանցիներն այդ տարածքները դիտում են իբրև Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, այդ թվում նաև` Բաքվում իշխող նախիջևանյան կլանի վրա ազդելու միջոց։ Միաժամանակ Իրանը մեծ ազդեցության չի ձգտում Ադրբեջանի կառավարող ռեժիմի, քաղաքական կուսակցությունների և քաղաքական դասակարգի վրա, առհասարակ, ինչը դարձել է մշտական բնութագրական իրավիճակ Ադրբեջանում։
Անշուշտ, իրանցիներն Ադրբեջանը դիտարկում են իբրև թշնամական պետություն, որը սերտ կապեր ունի Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ։ Իրանն իրականացնում է լայն քաղաքական-դիվերսիոն գործունեություն Ադրբեջանի նկատմամբ, զբաղվում ազդեցիկ ընդդիմության կազմակերպմամբ։ Չնայած Հայաստանում Իրանի ակտիվացմանը, հատկապես 1998-ից հետո, Թեհրանը թշնամական գործունեություն չի ծավալում Երևանի նկատմամբ։ Այդ իմաստով Իրանի քաղաքականությունը երկու երկրների հանդեպ բավականաչափ տարբերակված է։ Իրանի համար միաժամանակ բնութագրական է որոշակի սպեցիֆիկան հարևան պետությունների հետ հարաբերություններում։ Իրանը կարող է բավականաչափ թշնամական հարաբերություններ ունենալ հարևան երկրի հետ, սակայն հաճույքով զբաղվել տվյալ պետության կամ նրա մի հատվածի վրա տնտեսական ազդեցության ձեռքբերմամբ։ Այդպիսի մոտեցումը բոլորովին էլ պատահական չէ և պայմանավորված չէ միայն տնտեսական շահերով։ Իրանի տնտեսական շահերը հարևան պետություններում, անկասկած, լուրջ են և ունեն ինքնաբավ նշանակություն, քանի որ Իրանը սակավ ռեսուրսներ ունեցող, սակայն բազմաքանակ բնակչությամբ երկիր է և ջրի, միներալների ու այլ ռեսուրսների կարիք ունի։ Նույնիսկ աննշան տնտեսական պաշարները եթե գտնվում են իր սահմաններին մոտ, Իրանի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Երկրի աշխարհագրական դիրքը, իր դրական կողմերով հանդերձ, բովանդակում է նաև բացասական հանգամանքներ այն իմաստով, որ Իրանը որոշակիորեն գտնվում է շրջափակման մեջ և հուսալի կոմունիկացիաների կարիք ունի։ Թեհրանի համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում հարևան երկրների արդյունաբերական հնարավորությունները, հատկապես քիմիական, մետալուրգիական և էներգետիկ արդյունաբերությունը։ Իրանը, որպես կանոն, ձգտում է իր տնտեսական համակարգի մեջ ներգրավել այդպիսի ձեռնարկությունները, որպեսզի հնարավորություն ունենա ստանալու արդեն պատրաստի արտադրանք` առանց զգալի ներդրումներ կատարելու։ Իրանն ունի մեծ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են այդպիսի ձեռնարկությունների կենսագործունեության համար, ինչը նրան լուրջ առավելություն է տալիս Թուրքիայի ու Չինաստանի համեմատ։ Այդ իմաստով Հայաստանի և Ադրբեջանի արդյունաբերական հզորություններն Իրանի համար շատ գրավիչ են։
Այսպիսով, Հայաստանն ու Ադրբեջանն Իրանի կողմից դիտարկվում են մի քանի հարթություններում։ Այս երկրները դարձել են ոչ այնքան իրանա-թուրքական, որքան իրանա-ամերիկյան մրցակցության հրապարակ, ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործոնը։ Միաժամանակ Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը, Իրանի կողմից դիտարկվում են իբրև կարևոր գործընկերներ կոմունիկացիաների, էներգետիկայի, արդյունաբերական ապրանքների փոխանակման բնագավառներում։ Ելնելով այս նախադրյալներից, տարածաշրջանը պետք է դիտարկել իբրև լոկալ և խաչաձև քաղաքական հարաբերությունների դաշտ, ուր կարող են գոյություն ունենալ բազմաթիվ ռազմավարություններ ու շահեր։ Իրանի նկատմամբ իր ողջ թշնամական տրամադրվածությամբ հանդերձ, Ադրբեջանը չի ձգտում արագ ինտեգրացվել ՆԱՏՕ-ի կազմում, ինչն իր հերթին պայմանավորված է Ռուսաստանի ու Իրանի շահերի հաշվառումով։ Իրանն իր հերթին չի կարող հաշվի չառնել այս իրողությունն իբրև կարևոր հանգամանք Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Ադրբեջան-ԱՄՆ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ Բաքվի և Թեհրանի միջև տեղի է ունենում հարաբերությունների պարզաբանման կանոնավոր գործընթաց։ Ադրբեջանն ԱՄՆ-ի հետ հիշյալ համագործակցությունն օգտագործում է իբրև ծանրակշիռ և բացահայտ գործոն Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ադրբեջանի նկատմամբ իրանական քաղաքականության կարգավորման հիմնական գործոնը հանդիսանում են Բաքվի արտաքին քաղաքական հնարավորությունները, որոնք որոշակիորեն ավելի նախապատվելի են, քան Հայաստանի հնարավորությունները։ Իրանցիները չեն համարում, որ Ադրբեջանն ավելի ինքնուրույն երկիր է միջազգային հարաբերություններում, քան Հայաստանը։ Իրանի համար արդիական խնդիր է արևմտյան հանրության հետ ռազմական ինտեգրացման առումով Ադրբեջանը պահել որոշակի տարածության վրա։ Իրանցիներն իրենք էլ չեն հավատում, որ այդ խնդիրը սկզբունքորեն լուծելի է, բայց հարկադրված են օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր քաղաքական ռեսուրսները` այդ նպատակին հասնելու համար։ Իսկ այդպիսի ռեսուրսների թվին են պատկանում ղարաբաղյան հիմնախնդիրը, թալիշական հիմնախնդիրը, Նախիջևանի պրոբլեմը, Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված խնդիրները, իսլամական գործոնն Ադրբեջանում, այնտեղ գործող քաղաքական ռեժիմին հնարավոր աջակցությունը, ընդհանուր տնտեսական պրոբլեմները։
Հարկ է նշել, որ Իրանի քաղաքական շրջանակներում ձևավորվել են մի քանի խմբավորումներ, որոնք իրենց հայացքներն ունեն հարևան պետությունների, այդ թվում` հարավկովկասյան ու կենտրոնասիական երկրների հետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ։ Առավել տարածված տեսակետն այն է, որ անհրաժեշտ է այդ տարածաշրջաններում ապահովել հարաբերությունների ու շահերի հավասարակշռություն, իրականացնել ակտիվ տնտեսական ու գաղափարախոսական քաղաքականություն` հիշյալ պետություններում ազդեցությունը մեծացնելու համար։ Սա գործնականում Իրանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն է։ Կան նաև Իրանի տարածաշրջանային քաղաքականության որոշակի սրբագրման կողմնակիցներ, որոնք հնարավոր են համարում առաջնահերթությունների հաշվառումով տարածաշրջանային դաշինքների ձևավորումը։ Քաղաքական գործիչների ու փորձագետների մեկ այլ խումբ հանդես է գալիս քաղաքական մեկուսացման գաղափարախոսության օգտին, ինչը, ըստ նրանց, ամենից լավ կապահովի Իրանի արտաքին քաղաքական անվտանգությունը։ Գոյություն ունեն նաև արմատական հայացքների կրողներ, որոնք հնարավոր են համարում հարևան պետություններում տարբեր քաղաքական, կրոնական ու անջատական խմբավորումներին աջակցության ցուցաբերումը։ Հարևան տարածաշրջանների նկատմամբ Իրանի բուն քաղաքականության մեջ իրականում գոյություն ունեն բոլոր վերոնշյալ գաղափարներն ու խնդիրները։ Իրանի արտաքին քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ երկիրն իրականացնում է ավելի քան կանխատեսելի, կայուն արտաքին քաղաքականություն` հատկապես մերձավոր հարևանների նկատմամբ։
Իրանի ներկա քաղաքական ղեկավարության արտաքին քաղաքականությունը բավական հետևողական է և բխում է շատ պրագմատիկ նպատակներից։ Ներկայումս Իրանն արտաքին սպառնալիքի մեծացման պայմաններում է, որը բխում է Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումից։ Իրանը փորձում է որոշակի երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, առաջարկել նրան քաղաքական ծառայությունների որոշակի համակարգ։ Այդ մարտավարությունը բախվում է Ադրբեջանի առաջ քաշած մի շարք սկզբունքային պահանջներին, որոնք բավարարելն Իրանի համար դժվար է։ Առայժմ ադրբեջանա-իրանական հարաբերությունները, չնայած որոշ ցուցադրական ակցիաներին, չեն հանգեցրել այն ռեժիմի ձևավորմանը, որը կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի շահերին։ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների գնահատմամբ, ի տարբերություն Ռուսաստանի, որը մշտապես շփոթվածություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ և հատկապես Կովկասում, Իրանն ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում չի դիտարկում իբրև երկարաժամկետ գործոն, եթե նույնիսկ այն տևի քսան տարի։ Այդ իսկ պատճառով այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել Իրանի կարևոր ռազմավարական դիրքերի կորստին, այդ թվում` Հայաստանում, Իրանի համար անընդունելի են։ Ըստ այդմ, ղարաբաղյան գործոնի նշանակությունը պետք է դիտարկել իրանա-ադրբեջանական և հայ-իրանական ընդհանուր հարաբերությունների համատեքստում։
Իրանը միշտ փորձել է Ադրբեջանին ներկայացնել, թե բացարձակապես հետաքրքրված չէ ղարաբաղյան հիմնախնդրով և շատ անգամ իր աջակցությունն է հայտնել նրա տարածքային ամբողջականությանը։ Սակայն ժամանակ առ ժամանակ Իրանն իր ակնհայտ մտահոգությունն է արտահայտում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ։ Իրանցիների այդպիսի պահվածքի բազմաթիվ օրինակներ կան։ 2005-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում և 2006-ի հունվարին Իրանի պաշտոնական ներկայացուցիչները ջանքեր էին գործադրում հակամարտության կարգավորման հանգամանքները պարզելու համար։ 2008-ի աշնանից մինչև 2009-ի գարունը տևած ժամանակահատվածում էլ Իրանը Ռուսաստանին ու Թուրքիային համոզիչ կերպով ցույց տվեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, ինչը փոքր դեր չխաղաց այս պետությունների, հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների սրբագրման առումով։ Ներկայումս Ադրբեջանը խիստ վրդովված է այն հանգամանքից, որ Իրանը Ռուսաստանին զուգահեռ աջակցություն ցույց տվեց Հայաստանին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, ըստ էության, տապալելով Հայաստանը կոմունիկացիոն շրջափակման ենթարկելու ադրբեջանական ծրագրերը։
Չնայած վերոնշյալ մարտավարական խնդիրներին, Իրանը չի կարող ռեզերվում չունենալ պահեստային տարբերակ, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվեն խաղաղապահ ուժեր։ Այս դեպքում ղարաբաղյան հարցում Իրանի հիմնական գործընկերը կդառնա Ադրբեջանը, քանի որ խաղաղապահների խնդիրը կապված կլինի նրա իրավունքների ու նախաձեռնությունների հետ։ Ժամանակի ընթացքում խաղաղապահ ուժերի ներկայության հարցն ավելի ու ավելի կպայմանավորվի Ադրբեջանով։ Հայաստանն այս դեպքում դուրս կմնա Իրան-Ադրբեջան հարաբերությունների դաշտից` Ներքին Ղարաբաղի տարածքների առումով։ Այսպիսի իրավիճակն իրանցիները դիտարկում են իբրև հնարավոր հեռանկար և չեն կարող անտեսել իրադարձությունների զարգացումն այդ տարբերակով։ Դա կապված է Իրանի ազգային անվտանգության հիմնարար խնդիրների հետ, և, իհարկե, նրա քաղաքականությունը կլինի դրան հակազդելը։ Հազիվ թե Իրանի իշխանական կառույցներում որևէ փոփոխություն սրբագրման ենթարկի նրա դիրքերը և տարածաշրջանային քաղաքականության ներկա կուրսը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ