ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նախիջևանի հիմնախնդիրը

Նախիջևանի հիմնախնդիրը
07.08.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հին հայկական մարզ Նախիջևանը գտնվում է պատմական Հայաստանի ուղղակի սրտում։ ԽՍՀՄ-ի վարած քաղաքականության շնորհիվ, որը հանդուրժողաբար էր վերաբերվում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության գործողություններին, Նախիջևանը դեռևս խորհրդային ժամանակաշրջանում զտվեց բնիկ հայկական բնակչությունից։ 1917-ին հայ բնակչությունը Նախիջևանում կազմում էր 40,3 հազար կամ ընդհանուր բնակչության 52 տոկոսը։ Թուրքական զորքերի ներխուժման հետևանքով հայ բնակչության թվակազմն այս մարզում կրկնակի նվազեց, ոչնչացվեց հին հայկական Ագուլիս քաղաքը։
Խորհրդային շրջանում հայ բնակչության թվակազմը Նախիջևանում 25 հազարից հասավ 3400-ի, 1988-ի իրադարձությունների ժամանակ այստեղ պահպանված մի քանի գյուղերի հայ բնակչությունը բռնագաղթի ենթարկվեց։ 2-3 պատմաճարտարապետական հուշարձաններից բացի, Նախիջևանի ողջ նյութական մշակույթը հայ ժողովրդի ստեղծածն է, առայսօր գոյություն ունեն մի քանի հարյուր հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ։ Այսպես կոչված, ազերիները, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր կիսավայրենի ցեղերի խառնուրդ, չկարողացան Նախիջևանում ստեղծել քիչ թե շատ նշանակալի մշակութային շերտ։ Ադրբեջանի կառավարությունը նպատակամղված ոչնչացնում է Նախիջևանում հայկական մշակույթի հուշարձանները, ինչին նպաստում է Եվրամիության քաղաքականությունը, որը հրաժարվում է ներգործել այդ բարբարոսական քաղաքականության վրա։
Հայաստանի համար ռազմավարական խնդիր է Նախիջևանի վերամիավորումը, որտեղից պետք է տարաբնակեցվեն ազերիները` իբրև Օսմանյան Թուրքիայի և շահական Իրանի շնորհիվ այդ մարզը բնակեցրած օկուպանտներ։ Նախիջևանի հայ բնակչությունն այսօր բնակվում է Հայաստանում, Կենտրոնական Ասիայում ու Ռուսաստանում։ Նախիջևանի հայերին համախմբող հասարակական կազմակերպություններն աշխատում են պահպանել պատմական հիշողությունը հայրենիքի մասին, ինչպես նաև իրենց մշակույթի բեկորները։ Տասնյակ հազարավոր բնիկ նախիջևանցի հայեր համապատասխան պայմանների դեպքում պատրաստ են վերադառնալու իրենց նախնիների երկիրը։
ԽՍՀՄ-ը, Թուրքիային և Ադրբեջանին խրախուսելով, ստեղծեց այնպիսի քաղաքական ու աշխարհաքաղաքական պայմաններ, երբ Ռուսաստանն այսօր չունի Նախիջևանի վրա ազդելու որևէ հնարավորություն, և ռազմավարական ազդեցության նախաձեռնությունը զիջել է Թուրքիային ու Իրանին։ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո Նախիջևանը Թուրքիայի և Իրանի հատուկ ծառայությունների միջև դարձավ կատաղի պայքարի առարկա` հանուն ազդեցության և ներկայության ապահովման։ Այս երկու պետությունները որոշակի առավելություններ ունեն Նախիջևանի համար մղվող պայքարում։ Թուրքիայի ազդեցությունը պայմանավորված է 1921-ի Կարսի պայմանագրի պայմաններով, Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններով և Նախիջևանում քաղաքական ու հետախուզական գործունեություն ծավալելու բարենպաստ հնարավորություններով։ 1990-ականների սկզբին Թուրքիան օժանդակություն ցուցաբերեց Ադրբեջանին` տրամադրելով 300 մլն դոլարի վարկ, որից 100 միլիոնը ենթադրվում էր օգտագործել Նախիջևանին պարենային օգնություն ցուցաբերելու համար։ Իրանն իր հերթին փորձում է իր ազդեցությունը հիմնավորել էթնոկրոնական գործոնով և Նախիջևանի հետ ունեցած պատմական կապերով։ Եթե Թուրքիան համարում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ու Կարսի պայմանագիրը բավարար են Նախիջևանի վրա իրական վերահսկողություն հաստատելու համար, ապա Իրանը, չունենալով այդքան բարենպաստ հնարավորություններ, իրականացնում է Նախիջևանը վերահսկելու բազմակողմ ծրագիր։ Իրանի քաղաքականությունն ինչպես Նախիջևանում, այնպես էլ Ադրբեջանի այլ էթնիկական նահանգներում` Թալիշստանում ու Մուղանում, ուղղված է այս տարածքների տարաբաժանմանն Ադրբեջանից սոցիալ-մշակութային ու քաղաքական ինքնուրույնություն ունենալու տրամադրությունների ուժեղացմանը, լեզվական և էթնոմշակութային ինքնության վերականգնմանն այս տարածքներում։
Իրանը Նախիջևանում ստեղծում է իրանամետ ենթակառուցվածքներ, ներառյալ կրոնական, մշակութային ու կրթական հաստատությունները, համապատասխան արժեքների ու գաղափարների ներդրումը։ Այն պայմաններում, երբ Թուրքիան պաշտպանում է Նախիջևանի պատկանելությունն Ադրբեջանին, ինչը ենթադրում է հիմնավորում, որ մարզի բնակչությունը նույն ծագումն ունի, ինչ ադրբեջանցիները, Իրանն իրականացնում է Նախիջևանի բնակչության էթնիկ ինքնուրույնության և ադրբեջանցիներից տարբերակվածության ուղեգիծը։ Տարբեր երկրների մասնագետների իրականացրած մարդաբանական ուսումնասիրությունները վերջին տարիներին ապացույց դարձան Նախիջևանի ժամանակակից բնակչության էթնոգենեզը դիտարկելու համար։ Ամենից առաջ հարկ է ընդգծել, որ այդ բնակչությունը թույլ կապեր ունի Քուռ-Արաքսյան հարթավայրի թուրքալեզու բնակչության և հարևան նախալեռնային շրջանների բնակչության հետ։ Որքան էլ տարօրինակ է, Նախիջևանի բնակչությունը մեծ մասամբ ազգակից է Արևմտյան Իրանի և Հյուսիսարևելյան Անատոլիայի քրդական բնակչությանը։ Միաժամանակ Նախիջևանի բնակիչների մեջ գոյություն ունեն բազմաթիվ իրանական և նույնիսկ բալկանյան ու միջերկրածովյան մարդաբանական տիպեր։ Որքան էլ տարօրինակ է, բայց Նախիջևանի բնակչությունն ամենից ավելի քիչ է հարում ընդհանուր ադրբեջանական առաջնահերթություններին ու գնահատականներին արտաքին քաղաքականության դաշտում։ Բաքվում իշխանության գլուխ գտնվող նախիջևանյան կլանը ծայրահեղ սպեկուլյատիվ դիրքորոշում ունի և համախմբված է միայն իշխանության ու եկամտի աղբյուրներին մոտ լինելու հարցում, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական գաղափարների շուրջ։ Այս հանգամանքն ավելի ու ավելի են ընդգծում տարաբնույթ գաղափարախոսություններ դավանող Բաքվի փորձագետները։ Միաժամանակ Ադրբեջանի ներկայիս կառավարողների այդպիսի պրագմատիզմը և նրանց շուրջ նախիջևանցիների համախմբված լինելն ընդհանուր հասարակական դաշտում դրական են գնահատվում, քանի որ Ադրբեջանի բնակչությունը վաղուց արդեն հասկացել է արտաքին քաղաքական իրողությունները և ցանկություն չունի ազգային հարցերը լուծել ռազմական ճանապարհով։
Միևնույն ժամանակ, Նախիջևանի «ինքնուրույնության» գաղափարները գնալով ավելի են տարածում ստանում, և դա ամենից առաջ պայմանավորված է այս մարզի կենսական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Ներկայումս Նախիջևանի բնակչությունն ավելի կողմնորոշված է դեպի Իրանի ու Թուրքիայի սոցիալական իրողությունները, իրեն համարում է երկարաժամկետ քաղաքական իրավիճակի «պատանդ» և միանգամայն թշնամաբար է վերաբերվում մնացած Ադրբեջանին, որի համար Նախիջևանն ընդամենը վատ աշխատող աշխարհաքաղաքական գործոն է։ Անկասկած է, որ ներկա իրավիճակը Նախիջևանում հետևանք է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի քաղաքականության, սակայն, այնուհանդերձ, իրանական շահերն այստեղ ավելի առարկայական են ու շոշափելի։ Ադրբեջանում տեղի ունեցող անկառավարելի գործընթացների արդյունքում, չնայած նրա ղեկավարների նախիջևանյան ծագմանը, 1989-ին Նախիջևանում բնակվող 308 հազար բնակչից արդեն 2002-ին մարզում մնացել էր ոչ ավելի, քան 85-90 հազար բնակիչ։ Այս իմաստով ադրբեջանական ընդդիմության և անկախ փորձագետների նշած 110 հազար թիվը չհիմնավորված լավատեսական է։ Ադրբեջանը չկարողացավ ապահովել նորմալ տրանսպորտային կապ Նախիջևանի հետ, մարզում գոյություն չունեն ներդրումներ, ենթակառուցվածքներ, առողջապահական համակարգը և բնակֆոնդը բացարձակ քայքայված վիճակում են, երեխաների մեծ մասը դպրոց չի գնում։ Թուրքական փորձագետների վկայությամբ ներկայումս Թուրքիայի տարբեր շրջաններում, հիմնականում ՈՒսքյուդարում, Իզմիթում ու Տրապիզոնում, բնակվում է 40-45 հազար նախիջևանցի վտարանդի, որոնք զբաղված են աղբահավաքությամբ կամ այլ սևագործ աշխատանքներով։ Մինչև 10-15 ընտանիքներ կենտրոնացել են Դևրիկից և Մալաթիայից արևմուտք ընկած հատվածում ու զբաղվում են վարձու ոչխարապահությամբ։ 600-700 մարդ տեղավորվել է Տրապիզոնում և զբաղված է բեռնակրությամբ կամ շինարարությամբ։ Նախիջևանի շուրջ 125 հազար բնակիչ տեղափոխվել է Ռուսաստան և բնակվում է հիմնականում Մերձմոսկովյան շրջանում, սիբիրյան երկաթուղուն զուգահեռ ու զբաղված է բանջարեղենի, հագուստի, թմրանյութերի առևտրով։ Նախիջևանի բնակչության մի զգալի հատվածն էլ` մինչև 12 հազար մարդ, տեղավորվել է Հյուսիսարևմտյան Իրանում, որտեղ դարձյալ զբաղված է վարձու ոչխարապահությամբ։ Նախիջևանից հեռացած բնակիչների միայն 2-3 տոկոսն է տեղավորվել Բաքվում։ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի թիմում գործող փորձագետների վկայությամբ` Նախիջևանից հեռացողների համար բնութագրական է անվերադարձ մեկնումը։ Ըստ էության, այդ հեռացած զանգվածն այլևս չի վերադառնալու Նախիջևան, բնակչության թվակազմն այնտեղ հարաբերականորեն կայունացել է, թեպետ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր մարդ լքում է այդ տարածքը։ Կարելի է ենթադրել, որ մնացած բնակչությունն արդեն կկարողանա ապահովել իր նյութական գոյությունը տեղական ռեսուրսների հաշվին` զբաղվելով ոչխարապահությամբ և իրանական ու թուրքական ապրանքների վերավաճառքով երկու ուղղությամբ։
Վերջին ժամանակներս Իրանը կարողացավ Նախիջևանում ձևավորել «իրանական կուսակցություն»` այն մարդկանցից, ովքեր էթնիկական ծագումով և լեզվաբանական հատկանիշներով պարսիկներ ու քրդեր են կամ շիա-իսլամի հետևորդներ, ինչպես նաև պատկանում են այն ընտանիքներին ու տեղական թայֆաներին, ովքեր թշնամաբար են տրամադրված Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։ Իրանական փորձագետների գնահատմամբ, Նախիջևանի բնակչության 40-45 տոկոսն իրանական կողմնորոշում ունի։ Իրանամետ կողմնորոշում ունեցող կրթված շերտի (ուսուցիչներ, հասարակական ակտիվիստներ, տեղական վարչակազմի աշխատողներ) հավաքներից մեկի ժամանակ իր հաստատումն է ստացել այն փաստը, որ Նախիջևանից հեռացել է Իրանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող բնակչության 90 տոկոսը, իսկ մնացած բնակիչները հիմնականում իրանական ծագում ունեն։ Հնչել են կարծիքներ, թե Նախիջևանը գործնականում օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, և եթե այդ ռազմական ներկայությունը չլիներ, մարզի բնակչությունն արդեն վաղուց ադրբեջանական պետությունից անջատվելու ցանկություն կարտահայտեր կա՛մ անկախություն հռչակելու, կա՛մ էլ Հայաստանի պրոտեկտորատն ընդունելու տարբերակով։ Վերոնշյալ հավաքի մասնակիցների կարծիքով, Ադրբեջանի իշխանությունն ատելի է նախիջևանցիների համար, Թուրքիայի հովանավորությունը` անընդունելի, իսկ ահա Իրանն իր իսլամական քաղաքական բովանդակությամբ ավելի հարազատ պետություն է։ Նախիջևանի բնակչությունն ինքն իրեն դիտարկում է իբրև ինքնուրույն էթնոս և կնախընտրեր անկախ գոյությունը, հնարավոր է Հայաստանի հետ ասոցացված հարաբերությունների պայմաններում և Թուրքիայի ու Իրանի հետ բարեկամական կապերի հաստատումով։
Հայաստանը, սակայն, լինելով փոքր պետություն, չի կարող քաղաքականապես կուլ տալ Նախիջևանը, մինչդեռ Թուրքիան ու Իրանը դա կանեն շատ հեշտությամբ։ Նախիջևանի բնակիչների այդպիսի հավաքներ յուրաքանչյուր տարի տեղի են ունենում Թեհրանում։ Համարժեք միջոցառումներ այդ մարզի այլ բնակիչներ կազմակերպվում են Մոսկվայում կամ Մերձմոսկովյան շրջանում։ Արդյունքում ձևավորվում են քաղաքական շրջանակներ, ի հայտ գալիս որոշակի գաղափարներ, հավաքվում են միջոցներ և կապեր են հաստատվում թալիշական, լեզգիական ու քրդական որոշ շրջանակների հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը ներկայացնող հասարակական խմբերի հետ։ Նախիջևանցի մահմեդականների շրջանում սկսել են առաջ գալ երիտասարդ, բավական կրթված մարդիկ, ովքեր փորձում են ձևավորել Նախիջևանի մահմեդական բնակչության ազգային գաղափարները։ Որոշակի հետաքրքրություն կա Եվրամիության քաղաքականության նկատմամբ, ենթադրվում է, որ Ադրբեջանի ինտեգրացիան եվրոպական քաղաքական դաշտ թույլ կտա առաջ քաշել Նախիջևանի քաղաքական ինքնուրույնության և քաղաքական շահերի հարցը։ Գոյություն ունի Նախիջևանին եվրոպական պրոտեկտորատ տրամադրելու գաղափարը, ինչը հազիվ թե բավական արագ ընկալման արժանանա Եվրոպայում, սակայն սա հետաքրքիր է Նախիջևանի մահմեդականների շրջանում քաղաքական մտքի զարգացման տեսանկյունից։ Փաստ է, որ Ադրբեջանը փլուզման եզրին է, և 2-3 տարի անց եվրոպական հանրությունը, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը ստիպված կլինեն ընդունել դա։
Սակայն իրանա-թուրքական պայքարը Նախիջևանում ազդեցության համար շարունակվում է, և այդ պայքարի կարևոր բաղադրիչներից մեկն էլ Իրանի շահագրգռվածությունն է Մեղրու «միջանցքում» ներկա իրավիճակը պահպանելու առումով, մինչդեռ Թուրքիան ճիշտ հակառակ հետաքրքրվածությունն ունի։ Նախիջևանի մարզի հիմնախնդիրը տեղայնացված վիճակից վերածվում է կարևոր աշխարհաքաղաքական պրոբլեմի և այն կարելի է դիտարկել աշխարհաքաղաքական իմաստով առնվազն միջտարածաշրջանային քաղաքականության մեջ։ Հատկապես նկատի ունենալով, որ Առաջավոր Ասիայի տարածաշրջանում, այսպես թե այնպես, սպասվում է սահմանների վերաձևում։ Ներկա պետական սահմաններն այս լայն տարածաշրջանում այլևս ձեռնտու չեն ո՛չ արևմտյան տերություններին, ո՛չ բուն տարածաշրջանի շատ երկրների։ Թուրքիան ու Ադրբեջանը, այս կամ այն չափով, գտնվում են մեկուսացման ու շրջափակման մեջ, ակնհայտորեն, դուրս են մնում դաշինքների ու գործընկերային կապերի հնարավոր սխեմաներից։ Թուրքիան դառնում է չափազանց ազդեցիկ, ուժեղ պետություն, և դա չի կարող չդիտարկվել իբրև սպառնալիք տարածաշրջանի մի շարք պետություններին, ԱՄՆ-ին և Եվրամիությանը։ Ապագայում Թուրքիան կարող է գոյություն ունենալ միայն սահմանափակ ձևաչափում` գնալով էական տարածքային զիջումների և հրաժարվելով արտաքին քաղաքական հավակնություններից։ Եթե Թուրքիայի առջև կանգնի փլուզման հեռանկարը, նա ժամանակ չի ունենա արտաքին «անվտանգության գոտու» բաղադրիչներով զբաղվելու։ Անխուսափելիորեն կստեղծվի Եվրատլանտյան-Առաջավորասիական դաշինք ընդդեմ Թուրքիայի, Պակիստանի, նրանց գործընկեր ու արբանյակ պետությունների։ Կհասունանա Ադրբեջանի մասնատման պահը, ինչից հետո Նախիջևանի ճակատագիրը կորոշվի Ռուսաստան-Իրան-Հայաստան հարաբերությունների առանցքում։ Ներկայումս Իրանն ակտիվ է այս ուղղությամբ, իսկ Ռուսաստանը դեռևս պետք է վերարժևորի և ընկալի այդ աշխարհաքաղաքական խնդիրները, առանց որոնց լուծման ինքը չի կարող Կենտրոնական Ասիայում և Կովկասում առաջիկա տասնամյակներում լուրջ ազդեցություն և նույնիսկ իր ներկայիս հարավային սահմանները պահպանելու հույս ունենալ։ Ժամանակակից թուրքական հասարակությունը գիտակցել է, որ սեփական նախաձեռնությամբ ստեղծված կամ արտաքին աշխարհից իրենց վզին փաթաթված արտաքին պրոբլեմների կուտակումը սկզբունքորեն սահմանափակում են ոչ միայն Թուրքիայի տնտեսական զարգացումն ու նրա ինտեգրացիան Եվրամիություն, այլև բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրագործումը։ Հենց տարածաշրջանային խնդիրների առկայությունը 2008-2009-ին Թուրքիային հանգեցրեց ԱՄՆ-ի և արևմտյան հանրության գիրկը վերադառնալուն, որոնք որոշակիորեն հասան իրենց նպատակին Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու առումով։
Միաժամանակ Իրանը, չսպասելով համաշխարհային քաղաքական ճգնաժամի ծավալմանը, վաղուց արդեն սկսել է Նախիջևանը տարաբաժանել Ադրբեջանից։ Նախիջևանում ստեղծվել է քաղաքական նիհիլիզմի մթնոլորտ, և, բուհերից մեկի ղեկավարի բնորոշմամբ, Ադրբեջանից Նախիջևանի անջատման խոչընդոտում է միայն երկու գործոն` ադրբեջանական ղեկավարության նախիջևանյան ծագումը և ադրբեջանական զորամիավորումների առկայությունն այդ հանրապետությունում։ Թավրիզում բնակվող նախիջևանցիներից մեկի բնորոշմամբ, իրենք դեմ չեն Ադրբեջանի կազմում գտնվելուն, եթե ունենան տնտեսության ու հասարակության զարգացման ավելի լայն հնարավորություններ, Հայաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու հեռանկար, որի արդյունքում էլ նախիջևանցիները կպահպանվեն իբրև ինքնուրույն ժողովուրդ, որը մեկ այլ ժողովրդի մասը չէ։ Հարկ է ընդգծել, որ նախիջևանցի մահմեդականներն ամեն կերպ հեռու են մնում Հայաստանից եկած ազերիներից։ Ներկայումս տեղի է ունենում ծագումով նախիջևանցի բազմաթիվ գրողների և մշակույթի գործիչների «տարաբաժանում» ադրբեջանական մշակութային դաշտից։ Սա ունի համակարգային բնույթ և այդ տարածքի բնակչության ինքնագիտակցության արթնացման ցուցանիշ է։ Նախիջևանյան կլանի փայլուն քաղաքական հաջողությունը Բաքվում, առաջին հերթին Ալիևների ընտանիքի պարագայում, դարձավ նախիջևանյան էթնոսի առաջացման խթանիչներից մեկը։ Այժմ առկա է փաստերի և պատմական իրադարձությունների, նույնիսկ այդ էթնոսի «անվան» փնտրտուք։ Նախիջևանում գործնականում միշտ քննարկվել են այնպիսի քաղաքական հարցեր, ինչպիսիք են հաղորդակցության վերականգնումը Հայաստանի հետ, ինչը կհանգեցներ Հայաստան-Իրան և հակառակ ուղղությամբ տրանզիտային փոխադրումների այդ տարածքով, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների սպառմանը Հայաստանի շուկայում։ Նախիջևանի բնակչության բացարձակ մեծամասնությունն այլևս անտարբեր է այդ մարզի ճակատագրի նկատմամբ և լքել է այն` արմատապես վերափոխելով իր կյանքը, բայց մնացած բնակչությունը շարունակում է բողոքական ներուժի կրող լինել։ Սոցիալական իրավիճակն այստեղ փոխվում է դեպի իրանամետ կողմնորոշումը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որոնումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ