ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պրագմատիկներ Սուլեյման Դեմիրելն ու Հեյդար Ալիևը ձևավորեցին թուրք-ադրբեջանական հարաբերությունները

Պրագմատիկներ Սուլեյման Դեմիրելն ու Հեյդար Ալիևը ձևավորեցին թուրք-ադրբեջանական հարաբերությունները
18.09.2009 | 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԾՐՈՒՄ
Ամերիկացիները միշտ մեծ զգուշությամբ են դիտարկել Թուրքիայի հնարավոր ազդեցությունն Ադրբեջանում։ Նավթի, գազի և տրանզիտի հնարավորություններ ունեցող այդպիսի երկիրը չպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության ներքո։ Թեկուզ և արևմտյան հանրությունը հռչակագրային իմաստով ողջունում էր թուրքական աշխարհիկ քաղաքական մոդելի տարածումը Եվրասիայի իսլամական պետությունների վրա, այնուհանդերձ, Թուրքիան դիտարկվում էր իբրև ասիական երկիր, որի չափազանց ազդեցությունն Ադրբեջանի վրա անցանկալի էր։ Ամերիկացիներն ու եվրոպացիները ցանկանում էին Ադրբեջանը տեսնել իբրև խիստ աշխարհիկ պետություն, ուր իսլամն ունի ձևական նշանակություն, ինչը և թույլ կտար առանց մեծ պրոբլեմների ինտեգրել այդ երկիրը եվրոպական քաղաքական, տնտեսական ու սոցիալական տարածության մեջ։
Միայն այս հանգամանքից ելնելով Արևմուտքը չի ձգտում աջակցել Ադրբեջանն իրենով անելու Թուրքիայի ջանքերին։ Սակայն Արևմուտքում միշտ եղել է մտահոգություն, որ Թուրքիան կփորձի իրեն միացնել Ադրբեջանն ու վերածել այն ձևական, իրեն ենթակա պետական կազմավորման, ուր ամերիկացիների և առաջատար եվրոպական պետությունների ազդեցությունը պայմանավորված կլիներ Անկարայի ցանկությամբ։ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի պետությունների անկախությանն աջակցելու ամերիկյան թեզը նշանակում էր ոչ միայն նրանց անկախությունը Ռուսաստանից, այլև այլ պետություններից և ամենից առաջ` Թուրքիայից։ Դրանից ելնելով` Արևմուտքն աջակցում էր Ադրբեջանում Հեյդար Ալիևի ռեժիմին, որովհետև այն չէր ձգտում ենթակայեցնել երկիրը Թուրքիային, այլ նրան դիտարկում էր միայն իբրև բարեկամ, դաշնակից պետություն։ Դրան զուգահեռ, Թուրքիայի ջանքերն Ադրբեջանին արտաքին քաղաքական ու լայնածավալ ռազմական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, ներառյալ ՆԱՏՕ-ի շրջանակներում դրված խնդիրներն արժանանում էին ԱՄՆ-ի հավանությանը և աջակցությանը։ Թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում դրական էր դիտարկվում Վաշինգտոնում` ելնելով անվտանգության խնդիրներից և Իրանից բխող իրական վտանգից։ ԱՄՆ-ը, անհրաժեշտ չափով ռազմական ներկայություն չունենալով Հարավային Կովկասում, Թուրքիայի միջոցով էր լուծում էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության ապահովման խնդիրների մի մասը։ Վաշինգտոնը ոչ մի կերպ չէր արտահայտում իր մտահոգությունը` թուրք-ադրբեջանական համագործակցության հետ կապված, սակայն բավական քննադատաբար էր վերաբերվում Թուրքիայի միջամտություններին Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին։ Մասնավորապես, ԱՄՆ-ը դիրքորոշում արտահայտեց, երբ Թուրքիան փորձեց «Մուսավաթ» կուսակցությանն աջակցելու միջոցով հեռացնել Ալիևների կլանն իշխանությունից։ ԱՄՆ-ը Ռուսաստանին զուգահեռ որոշիչ դեր խաղաց ղարաբաղյան հակամարտության ընթացքում, 1992-93-ին, Թուրքիային միջամտությունից զերծ պահելու ուղղությամբ։ Ամերիկյան փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի խնդիրներից մեկն է` տեղավորել Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի ռազմական աջակցությունը բացառապես ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, թեկուզ և դա չի հաջողվում։ ԱՄՆ-ը բացարձակապես շահագրգռված չէ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության մեծացմամբ` հատկապես պաշտպանական բնագավառում և ցանկալի է համարում Ադրբեջանում ինքնուրույն որոշումների կայացումը ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի առնչությամբ։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կարևոր խնդիրներից մեկն էլ Հայաստանի դուրսբերումն էր Ռուսաստանի ազդեցությունից, ինչից ելնելով էլ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը դարձավ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրներից մեկը տարածաշրջանում։ Միաժամանակ ԱՄՆ-ը փորձում էր լուծել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը և հաղորդակցություն վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև` ներառյալ Մեղրու «միջանցքի» ապաշրջափակումը։ 2003-ին թուրք-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամից հետո ԱՄՆ-ը զգալիորեն փոխեց իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ և այլևս չի պնդում, նույնիսկ որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում, մասնավորապես, Մեղրու «միջանցքի» ապաշրջափակման հարցում։ Տեսնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով հնարավոր չէ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, ԱՄՆ-ը սկսեց իրագործել նոր մոտեցումներ` ուժեղացնելով Հայաստանը, ցուցաբերելով նրան քաղաքական ու տնտեսական աջակցություն։ ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսության մեջ և ավելի շահագրգռված է Ռուսաստանին զուգահեռ Հայաստանին տրամադրելու ռազմական օգնություն։ Թեկուզ և մինչ օրս ԱՄՆ-ի` Հայաստանին տրամադրած այդպիսի օգնությունը համեմատելի չէ նրա հետ, ինչ տրվել է Ադրբեջանին։ Եվ, այնուհանդերձ, Հայաստանին ցուցաբերած 235 մլն դոլարի չափով տնտեսական աջակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլև ռազմական ներուժի ամրապնդում, նկատի ունենալով Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը։ Բացի այդ, Հայաստանին ցուցաբերված ամերիկյան տարեկան օգնությունը կրկնակի գերազանցում է այն, ինչ տրվում է Ադրբեջանին։
Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ը մշակել է մոտեցումներ 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահն այդպիսի հրամանագիր կստորագրի այն բանից հետո, երբ դա համապատասխան ընկալում կունենա ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության մեջ, ներառյալ նահանգները, խոշոր ոչ կառավարական կազմակերպությունները, կոնգրեսը, գիտական աշխարհը։ Մինչ այդ իրադարձության հասունանալը Թուրքիան պետք է փորձի լուծել իր խնդիրները Հայաստանի հետ, ամենից առաջ հարկադրելով նրան ճանաչել 1921-ին ձևավորված սահմանները։ Այդ քաղաքականությունը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների նոր կոնֆիգուրացիայի ձևավորում, տնտեսական հարաբերություններ, զինված ուժերի նոր տեղաբաշխում, Հայաստանի աշխարհաքաղաքական շրջափակում, որի արդյունքում այն պետք է դառնա Թուրքիայի արբանյակը կամ, առհասարակ, դադարի իբրև ազգ ու պետություն գոյություն ունենալուց։ ԱՄՆ-ը հասկացել է, որ Թուրքիան չի կարող գործընկեր լինել շահագրգիռ պետություններից ոչ մեկի, առավել ևս փոքր երկրների համար։ ԱՄՆ-ի այդ նոր դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի համարժեք դիրքորոշմամբ։ Միաժամանակ, եթե ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար, հարկադրված կլինի ամենից առաջ դիտարկել Հայաստանի անվտանգության հարցը։ Սակայն այդ խնդիրը չի կարող լուծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ ԱՄՆ-ը պետք է հնարավոր համարի Հայաստանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի և Իրանի հետ կամ էլ Հայաստանը վերածի «երկրորդ Իսրայելի»` տրամադրելով նրան ամենաժամանակակից զենք և անվտանգության երաշխիքներ։
Ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի համար չունի որևէ ռազմավարական նշանակություն, կան միայն զգացմունքային գնահատականներ` Ադրբեջանի իրավունքների ոտնահարման հետ կապված։ Թուրքիայի համար նշանակություն ունեն միայն այն արտաքին քաղաքական խնդիրները, որոնք պայմանավորված են իր անվտանգությամբ և հաջող տնտեսական զարգացմամբ։ Թուրքիան միշտ զգուշացել է ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելուց և դրանով իսկ ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հակադրության մեջ հայտնվելուց։ Թուրքիան խնդիր ունի ընդունվել Եվրամիություն, երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ հաստատել Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, դառնալ էներգակոմունիկացիաների միջազգային հանգույց, նոր դիրքեր նվաճել Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի շուկաներում, բարձրանալ տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի։ Թուրքիայի կարևորագույն խնդիրներից մեկը զինված ուժերի արդիականացումն է, նոր զինատեսակներով զինվելը, ինչը կախված է ԱՄՆ-ի, առաջատար եվրոպական երկրների և Իսրայելի հետ հարաբերություններից։ Կասկած չկա, որ Անկարայում զգուշանում են կիպրոսյան և քրդական խնդիրների վրա ղարաբաղյան հարցն ավելացնելուց։ Թուրքիան մտահոգված էր նաև, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վերջին նախաձեռնություններն իրեն մեծ կախվածության մեջ կդնեն նրանց ազդեցությունից, և, ի վերջո, Թուրքիան կվերածվի ամերիկա-ռուսական երկխոսության մեջ քաղաքական առևտրի առարկայի։ Թուրքիան բավական համոզիչ ցույց տվեց, որ ընդունակ է իրականացնելու ռազմական ներխուժումն այն տարածաշրջաններ, ուր իր անվտանգությանն իրական սպառնալիք կա։ Անկասկած է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին գտնվելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կոշտ վերահսկողության ներքո, Թուրքիայի շահերին սպառնալիք չէ, այնուհանդերձ, չի նշանակում, որ Թուրքիան չունի ղարաբաղյան խնդրի հետ կապված ծրագրեր։
Թուրքիան իր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մշակել է դեռ 1990-ականների վերջին, և այն Սուլեյման Դեմիրելը ներկայացրեց Հեյդար Ալիևին 1998-ի գարնանը, երբ վերջինս բուժվում էր Անկարայի Գյուլխանե կլինիկայում։ Երկու փորձառու և պրագմատիկ քաղաքական գործիչները լիովին հասկացան միմյանց։ Դեմիրելը բացատրեց Ալիևին, որ արմատական մեթոդները, ներառյալ Հայաստանին ռազմական ուժով ինչ-որ բան հարկադրելը, բացարձակապես անընդունելի են ու ոչնչի չեն հանգեցնի, ինչը հաստատվեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի արձագանքով 1992-ին, երբ Թուրքիան մտադիր էր ռազմական միջամտության գնալու ղարաբաղյան հակամարտության մեջ։ Երբ Թուրքիան պատրաստվում էր օդային հարված հասցնել Հայաստանին, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենտ Սկրոուֆտը Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հետ հեռախոսազրույց ունեցավ ու բացատրեց, որ այդ դեպքում ԱՄՆ-ը «չի կարող պաշտպանել Թուրքիային ռուսական հրթիռներից»։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը կասկած չունի, որ Հայաստանի նկատմամբ ցամաքային գործողություն սկսելու դեպքում ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի թուրքական ռազմական տեխնիկայի կուտակումներին Հայաստանի սահմանի մոտ։ Սա դատարկ խոսք չէ, այլ ունի հիմքեր։ Եվ արդյունքում Թուրքիան հազիվ թե հասնի ցանկալի նպատակին, միևնույն ժամանակ կհայտնվի բոլորովին այլ, ավելի բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, ըստ էության` մեկուսացման մեջ։ Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը նույնպես նման գործողության չիրականացման կարևոր փաստարկ է։ Այդպիսի գործողությունը միգուցե արժանանա արմատական և այլ ազգայնական շրջանակների աջակցությանը, բայց ոչ հասարակության հեղինակավոր շրջանակների ու խմբերի։ Թուրքիան, չնայած ներքին ու արտաքին քաղաքականության մեջ նոր միտումներին, մնում է կապված իր նախկին ռազմավարությանը, աչքի է ընկնում ժառանգական հետևողականությամբ արտաքին քաղաքականության մեջ։ 1992-93-ին եղավ նախադեպ, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համարժեք դիրքորոշում որդեգրեցին Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի կապակցությամբ։ Իհարկե, իրավիճակն այն ժամանակներից հետո փոխվել է, Թուրքիան դարձել է ավելի անկախ ու անկառավարելի, սակայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ նոր բնույթ է ձեռք բերել, և նրանք ավելի ու ավելի են գիտակցում Թուրքիային զսպելու անհրաժեշտությունը։ 2008-2009-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան չի կարող հուսալի գործընկեր լինել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի համար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը հնարավորություն ստացավ ի ցույց դնելու, որ այլևս միայն Ռուսաստանը չէ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը։
Անկասկած է, որ ժամանակին ռազմական մեթոդները ժխտելով` Դեմիրելը նկատի ուներ բոլորովին այլ բան, ինչը հնարավորություն կտար Թուրքիային, իբրև լուրջ պետության, լուծելու Հայաստանի հետ կապված խնդիրները պատմական հեռանկարում։ Թուրքական քաղաքական գործիչները չեն կասկածում, որ Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի ապագան պայմանավորված է լինելու թուրքական մեծապետականությամբ և այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, առաջատար եվրոպական պետությունների ազդեցության թուլացմամբ։ Եթե Թուրքիան նույնիսկ չունի պատրաստի որոշումներ Ղարաբաղի հարցում մոտակա հեռանկարի կտրվածքով, ապա ունի հարևան տարածաշրջաններում իր տիրապետության հաստատման երկարաժամկետ ծրագրեր։ Թուրքիան այդ հիմնախնդրի և, առհասարակ, Հայաստանի ճակատագրի լուծումը տեսնում է ավելի տեսանելի հեռանկարում և կառուցում երկարաժամկետ քաղաքականություն ինչպես Կովկասում, այնպես էլ այլ տարածաշրջաններում` տնտեսական, սոցիալ-մշակութային, քաղաքական շահերի հաշվառումով, թեկուզ և դեռևս չունի տարածաշրջանային տերության կարգավիճակի ձգտելու ներուժ։ Թուրքիան հասկանում է, որ չի կարող այդ դերին հավակնել, քանի դեռ տարածաշրջանային կոմունիկացիաներն իր վերահսկողության տակ չեն։ Գեոտնտեսությունը Թուրքիայի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է և դրանից է կախված նրա առաջնային դիրքը տարածաշրջանային ազդեցության համար պայքարում։ Թուրքիայի հակառակորդներն ու մրցակիցներն այդ մրցավազքում Ռուսաստանն ու Իրանն են, ինչպես նաև ԱՄՆ-ը, որոնք Եվրասիայի և այլ տարածաշրջաններում հավակնում են գերակա դերի։ Հայաստանը թուրքական ռազմավարության ոչ մի հնարավոր սխեմայում չի կարող գործընկեր լինել և լավագույն դեպքում պարզապես անպետք բաղադրիչ է։ Ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման» հերթական փուլում` 2008-2009-ին, Թուրքիան զգացել է այդ հիմնախնդրի լուծման մեջ ներքաշվելու վտանգը։ Ավելին, ոչ միայն ղարաբաղյան հարցը, այլև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայն ընկալում է որպես իրեն խիստ վտանգավոր հեռանկարի մեջ ներքաշելու բեմահարթակ` Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քաղաքականությանը կապվելու առումով, ներառյալ նաև Եվրամիության գործոնը։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ ղարաբաղյան հարցը Թուրքիայի համար նրա արտաքին կախվածությունը մեծացնելու միջոց են։ Թուրքիան, ինչպես մեկ հարյուրամյակ առաջ, այնպես էլ այսօր, Հայաստանն ընկալում է իբրև մեծ տերությունների կողմից իր գործերին միջամտելու գործոն, և այդ տերություններն այժմ էլ փորձում են մանիպուլյացիա անել Թուրքիայի պահվածքով։
1997-98-ին Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական ղեկավարների միջև տեղի ունեցած կարևոր քաղաքական շփումների արդյունքում մշակվեցին երկու պետությունների միջև հարաբերությունների սկզբունքները։ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարեցին հեռանկարում կոնֆեդերացիա ձևավորելու իրենց մտադրության մասին, որի պայմաններում երկու պետություններն էլ մնում են միջազգային իրավունքի սուբյեկտներ, սակայն ինտեգրում իրենց ջանքերը համատեղ տնտեսական, քաղաքական և ռազմական համակարգերի զարգացման ուղղությամբ։ Այն ժամանակից ի վեր շատ իրադարձություններ են տեղի ունեցել, Թուրքիան այսօր կառավարում են բոլորովին այլ մարդիկ, սակայն Սուլեյման Դեմիրելի և Հեյդար Ալիևի մշակած թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր սխեման ու տրամաբանությունը մնում են արդիական։ Եվ, հավանաբար, Թուրքիայի ցանկացած կառավարություն հաշվի է առնելու այդ քաղաքական փորձը։ ԱՄՆ-ը, սակայն, հենց սկզբից առանց ոգևորության վերաբերվեց այդ մտադրություններին։ Որովհետև ԱՄՆ-ը շահագրգռված է Թուրքիայի ազդեցության որոշակի սահմանափակմամբ Կովկասյան-Կասպիական տարածաշրջանում։ ԱՄՆ-ը համարում է, որ Թուրքիան ունի Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ` առանց կոնֆեդերացիա ձևավորելու։ Սակայն ԱՄՆ-ի հնարավորություններն էլ անսահմանափակ չեն։ Վաշինգտոնում գիտակցում են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ունի այլ նշանակություն, քան Կենտրոնական Ասիան։ Առայժմ փորձագիտական հանրության մեջ և միջազգային հասարակական կարծիքում կան պատրանքներ, թե Թուրքիայի և Ադրբեջանի թուրքերը միասնական էթնոս են, նույն լեզվով, արժեքներով ու փոխադարձ ձգողականությամբ։ Բայց միևնույն ժամանակ երկու պետությունները բավական ակնհայտ ցույց տվեցին նաև իրենց լուրջ հակասությունները։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ջանքեր չի գործադրում վերոնշյալ ծրագրերը տապալելու ուղղությամբ, հուսալով, որ Ադրբեջանում, նրա քաղաքական էլիտայում կան զուտ տեղային շահեր։ Կոնֆեդերացիայի ձևավորման դեպքում ադրբեջանական էլիտան կկորցնի իր ազդեցությունն ու նշանակությունը սեփական երկրում։ ԱՄՆ-ը շահագռված է, որ տարածաշրջանում լինեն բազմաթիվ սուբյեկտներ, ոչ թե միասնական «նոր կայսրություն»` մեծ հավակնություններով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ