ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գաղթականն իր պատմական հայրենիքից զրկված է

Գաղթականն իր պատմական հայրենիքից զրկված է
22.09.2009 | 00:00

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ-1
Երբ հետադարձ հայացքով հետևում ենք մեր ազատագրված տարածքներում ծավալվող իրադարձություններին, ակնառու է դառնում, որ բուն ազերթուրք ժողովուրդը՝ այն հսկայական զանգվածը, որն իր մի կտոր հացը սեփական քրտինքով է վաստակում, ըստ էության, չի մասնակցել պատերազմին: Բուն ժողովուրդը լավ գիտեր, որ իրեն խցկել են ուրիշի հայրենիք, որի նկատմամբ ինքը տիրոջ իրավունք չունի: Ահա թե ինչու մեր 13-14 տարեկան պատանին անգամ դուրս էր գալիս թշնամու տանկի դեմ՝ իր հայրենական հողը պաշտպանելու վճռականությամբ, իսկ թվակազմով համարյա մարզին հավասարակշռող (135900) Աղդամի շրջանի ազերթուրքերը, հեռվից մի քանի կրակոց լսելով, լքեցին իրենց չպատկանող տարածքները: Այդ օրը մենք Ստեփանակերտում էինք: Առավոտյան իջանք հյուրանոցի բուֆետ՝ թեյելու: Հանկարծ օդում սուլոցներ լսվեցին, և աշխատողները փախան շենքի ներսի կողմը: Իմ այն հարցին, թե ինչու են փախչում, պատասխանեցին. «Չե՞ս լսում, Աղդամից հրետակոծում են»: Մի ժամ հետո լուրը հասավ Ստեփանակերտ, որ մեր տղաներն Աղդամն ազատագրել են: Մի ժամում մերոնք տիրացան 40000 բնակիչ ունեցող Աղդամին: Այդպես է եղել նաև մյուս տեղերում՝ սկսած Շուշի քաղաքից, բայց ամենից խոսունը, ինչպես արդեն գրվել է, պատերազմական գործողություններից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ժդանովի շրջանի միջադեպն է, բնակչության ինքնակամ հեռանալն այնտեղից:
Տեղին է հիշատակել նույն տարածքներում ոչ վաղ անցյալում համանման վարվելակերպի զուգահեռը: Երբ ցարական Ռուսաստանը տիրացավ Անդրկովկասին, բոլոր հարմար տեղերում ստեղծեց ռուս վերաբնակիչների գաղթօջախներ, այդ թվում նաև` Ղարաբաղում՝ Կարյագինո, Գևորգավան, Կուրոպատկինո և այլն: Ցարիզմի տապալվելուց հետո այդ գաղթօջախների բնակիչները, մեկ մարդու նման, վերադարձան հայրենիք: Ազերթուրք բուն զանգվածը, անկասկած, տեղյակ լինելով իրենցից առաջ ռուսների հետ կատարվածին, կրկնեց նրանց, հեռացավ իրեն չպատկանող բնակավայրերից: Պահի հարկադրանքով թելադրված այս ինքնակամ հեռացումը շառաչուն ապտակ էր ինչպես նվաճողական մոլուցքով տարված ազերթուրք ղեկավարության, այնպես էլ այդ երևույթի բուն էությունը նենգափոխողների ու շահարկողների դեմքներին:
Ինչպես Ղարաբաղից ռուս վերաբնակիչների՝ հայրենիք վերադառնալու առնչությամբ ռուսական որևէ կառավարություն որևէ պահանջ չի ներկայացրել ղարաբաղցիներին, այնպես էլ Բաքուն իրավունք չունի նման պահանջ ներկայացնելու: Ճիշտ է, Ղարաբաղի որոշ մասերից հեռացած ազերթուրքերը փախստականներ են, բայց նրանք գաղթական չեն, որովհետև գաղթականն իր պատմական հայրենիքից զրկվածն է:
Այստեղ ևս համանախագահները հարազատ են մնում իրենց՝ անտեսելով իրական գաղթականների, հազարամյակների հայրենիքից բռնագաղթված հայության իրավունքները: Բավարարվենք միայն Բաքվի օրինակով: Հայտնի է, որ դեռևս Վանի Արարատյան թագավորության տիրակալ Արգիշտի Բ-ն (մ.թ.ա. 713-685 թթ.) «հաղթությամբ հասել է ընդհուպ մինչև Կասպից ծովի արևմտյան ափերին հարող շրջանները» (ՀԺՊ, հ.1, 1971 թ., էջ 392), իր համանուն պապին ընդօրինակելով՝ այնտեղ հիմնադրել Բագուն ու Մարդականը՝ բնիկ հայերեն բառերով կազմված տեղանուններ: Թե հազարամյակներ շարունակ ինչ տեղաշարժեր են կատարվել այնտեղ իրար հերթափոխող նվաճողների ձեռքով, հայտնի չէ: Բայց ահա 18-րդ դարի վերջին շրջանին անդրադառնալով` թուրք պատմագիր Ջևդեթ փաշան արձանագրում է. «Սալյան և Բագու քաղաքներում ապրում են 10000 տուն շիաներ և 10000 տուն հայեր» («Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և...», հ. Ա, 1961 թ., էջ 248):
Անհրաժեշտ է նշել, որ այդ 10000 տուն շիաները տեղաբնիկ, ոչ ազերթուրք մահմեդականներ էին, որովհետև Ջևդեթ փաշայի վկայությունից հետո Բաքվում հիմնարար տեղաշարժեր էին կատարվել, և ռուսների երկրորդ նվաճումից հետո այնտեղ մնացել էր ընդամենը 500 ծուխ, որից 70-ը՝ հայկական: Մինչդեռ 1890 թվի վիճակագրական տվյալներից մեկի համաձայն` Բաքուն արդեն ուներ հետևյալ ազգային կազմը. թաթեր՝ 29631, հայեր՝ 25897, ռուսներ և քիչ թվակազմով վրացիներ՝ 22693, թաթարներ՝ (ազերթուրքեր)՝ 9877, այլ ազգություններ՝ 5520 («Բաքուն և իր արվարձանները», Թիֆլիս, 1891): Ինչպես տեսնում ենք, հայերի թիվը երկուսուկես անգամ ավելի է ազերթուրքերից: Այս ամենը համարենք պատմություն և շարունակենք ներկա հակամարտության ելման կետից:
1918 թվի թուրքական օկուպացիայի օրերին հայերը Բաքվում ունեցան 30000 զոհ: 1926-ի մարդահամարի համաձայն՝ Բաքվում դեռևս ապրում էր 76656 հայ: Նույն սկզբնաղբյուրում ազերթուրքերը ներկայացված են 118737 թվակազմով, 12 անգամ ավելի` 1890-ի համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ իշխանությունները Բաքվի բոլոր մահմեդականներին, առանձնապես թաթերին, ներկայացրել են որպես ազերթուրքեր՝ շահարկելով հավատի նույնությունը: Մանավանդ թաթերի, որպես ինքնուրույն ժողովրդի, ուրացումը Ադրբեջանում իր արտահայտությունն է գտել նաև նույն՝ 1926-ին հրատարակված «Большая советская энциклопедия.»-ում, որտեղ միաժամանակ նշվում է, թե իրանական ծագման թաթերը համարյա դարձել են ազերթուրքեր:
Վիճակագրական փաստերը հետևողականորեն հաստատում են, որ, Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելու պահին անգամ, հայերը Բաքվում դեռևս մեծամասնություն էին ազերթուրքերի համեմատությամբ: Իսկ 1988-ին Բաքուն ուներ կես միլիոնի չափ հայ բնակչություն, որ հավաքագրել էին Ղարաբաղից որպես բանվորական ուժ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նորաստեղծ Հանրապետության կենտրոնական ու տափաստանային շրջաններին, այնտեղ ազերթուրքերն էին մեծամասնություն կազմում, չնայած ամենուր առկա էին նաև հայերը՝ Շամախու և Շաքիի, Գանձակի և Ղազախի, այլ շրջանների իրենց պապենական տարածքներով: Ազգային կազմի այդ համամասնությունը ստիպեց Լենինին կազմավորվող հանրապետությունը հայտարարել ինտերնացիոնալ՝ պետականաստեղծ կողմեր ճանաչելով հայերին ու մահմեդականներին, իսկ մի տարի հետո էլ ինտերնացիոնալ այդ հանրապետությանը բռնակցել նաև Լեռնային Ղարաբաղը:
Եվ ահա համանախագահները, դարձյալ ամեն ինչ շրջելով գլխիվայր, ուրանալով ուրանում են իրենց հազարամյակների հայրենիքը կորցրած ու գաղթական դարձած հայության իրավունքը, առաջին պլան մղում ոչ վաղ անցյալում նվաճողական ծրագրով այնտեղ հաստատվածներին վերադարձնելու պահանջն այն դեպքում, երբ հայ բռնագաղթվածները կրկնակի շատ են ազերթուրք փախստականներից:
Ժամանակն է արդեն մատնանշելու, թե ո՞րն է Ղարաբաղից հեռացած ազերթուրքերի իրական հայրենիքը, որտեղի՞ց են նրանց տեղափոխել Ղարաբաղ: Հանրահայտ է, որ ազերթուրքերի առաջին քոչը, հավաքագրված Պարսկաստանի այլևայլ տեղերից, Արաքսով անցկացրել է Նադիր շահը՝ տեղաբնիկ մահմեդականների հետ համատեղ Ռուսաստանի հարավային ներթափանցման դեմ մահմեդականության պատնեշ ստեղծելու հեռահար ծրագրով: Հետագայում այդ ծրագիրը տոկոսով հանդերձ որդեգրեց ցարիզմը՝ կորցրած պետականությունը վերականգնելուն հետամուտ հայերի ակնկալությունները ճզմած պահելու առաջադրանքով: Պատահական չէ, որ Անդրկովկասը նվաճելուց հետո ցարը Ղարաբաղի մելիքներին արգելեց վերադառնալ սեփական բնակավայրեր, իսկ Պարսկաստանի Խոյից փախած Ջաֆար Ղուլի խանին նշանակեց Շաքիի խան, որը քրիստոնյա թագավորի իշխանության տակ քրիստոնյա հայից հավատի հարկ էր պահանջում:
Դեռևս 1904-ին, երբ ցարական զորքերը հայոց մելիքական զորաջոկատների հետ մտան Գանձակ՝ այն Ելիզավետպոլ դարձնելու, Նադիր շահի տեղահանած քոչվորները փախան Պարսկաստան: Ցարը մարդ ուղարկեց նրանց հետևից՝ վերադարձնելու համար: Իսկ թե ինչ հաճախականությամբ է ցարիզմը Պարսկաստանից ազերթուրքերի ներհոսք կազմակերպել, թռուցիկ տեղեկանում ենք «Ադրբեջանի պատմություն» ակադեմիական հրատարակությունից:
Այդ աղբյուրի վկայությամբ, 1880-1897 թթ. Ադրբեջանում ավելացել է 240000-ից ավելի ազերթուրք: Հերթականորեն վերջին խոշոր ներհոսքն Իրանից տեղի է ունեցել մեր աչքի առաջ՝ 1954 թ.:
Երբ 1941 թվի օգոստոսին խորհրդային զորքերը մտան Իրան, բուն Ազարբայջանում ձևավորվեցին մի շարք կուսակցություններ։ Դրանցից ամենակենսունակը Ազարբայջանի դեմոկրատական կուսակցությունն էր, որի նպատակն էր բուն Ազարբայջանն անջատել Իրանից ու միացնել Խորհրդային Միությանը: Ահա ինչ են գրում այդ կապակցությամբ կուսակցության ղեկավարներն իրենց հեռագրերից մեկում` 1950 թ. դեկտեմբերի 12-ին:
«Գորովագութ և սիրելի հայր, Միր Ջաֆար Բաղիրով: Հարավային Ազարբայջանի ժողովուրդը, որ անանջատելի մասն է Հյուսիսային Ադրբեջանի, աշխարհի բոլոր ժողովուրդների նման, իր հույսը դրել է խորհրդային մեծ ժողովրդի ու խորհրդային պետության վրա» (Էնաթուլլահ Ռեզա, «Ազարբայջան և Առան», Եր., 1994 թ., էջ 157):
Մոսկվայի և Բաքվի գաղտնի, բայց գործուն դերակատարմամբ 1952-ին բուն Ազարբայջանում տեղի է ունենում ապստամբություն, որի արդյունքում ձևավորվում է Ազարբայջանի Դեմոկրատական Հանրապետություն՝ Թավրիզ կենտրոնով: 1954-ին շահը հաղթում է ապստամբներին, և նրանց մի խոշոր զանգված փախչում է Խորհրդային Ադրբեջան: (1958-ին Մարտունու շրջկենտրոնի հիվանդանոցում տողերիս հեղինակի կույր աղիքը վիրահատել է Թավրիզից փախած թուրք Ֆառնադը, որն արդեն հասցրել էր ռուս կին ունենալ):
Չնայած արդեն չկար «գորովագութ և սիրելի հայր» Բաղիրովը, նրա գործը շարունակողներն Իրանից փախած այդ զանգվածներին տեղավորեցին ԼՂԻՄ-ը շրջապատող շրջաններում՝ մարզը թուրքական հոծ զանգվածներով շրջափակելու հեռահար նկատառումներով: Եվ որպեսզի ամբողջանա Ադրբեջանի բոլշևիկամուսավաթական կառավարության նվաճողական նկրտումների պատկերը Ղարաբաղի հարցում, վկայակոչենք մեկ փաստ ևս: 1912 թվի ցարական հարկացուցակի տվյալներով` Աղդամի շրջանն իր ինը բնակավայրերով ունեցել է ընդամենը 2097 բնակիչ, որից 260-ը՝ Աղդամում: Խորհրդային վերջին վիճակագրությամբ՝ 1991-ին Աղդամի շրջանն ուներ 135,9 հազար բնակչություն, որից 40000-ը՝ Աղդամում: Դժվար է հավատալ, որ նույնիսկ ճագարներն իրենց բնական աճով այդքան կարճ ժամանակամիջոցում այդպիսի բազմացում կարող էին ապահովել: Դա անշրջանցելի վկայությունն է ազերթուրքական նվաճողական քաղաքականության: Եվ եթե այս ամենին էլ գումարենք Միջին Ասիայից Ղարաբաղ խցկված մեսխեթ թուրքերին, որոնց համար Գորբաչովի հատկացրած լրացուցիչ գումարներով նույնիսկ էլեկտրական լույսի տակ գիշերներն էին կացարաններ կառուցում, ամեն ինչ կընկնի իր տեղը:
Ինչպես հետևողականորեն հաստատում են փաստերը, Ղարաբաղի տարածքներից փախստական դարձած ազերթուրքերն իրականում և հիմնականում Իրանի քաղաքացիներ են, որոնց դարձրել են պանթուրանական մոլուցքով տարված թուրք ղեկավար շրջանակների զոհ: Եվ եթե ներկա համանախագահներն այնքան մտահոգված են մարդու իրավունքներով ու ճակատագրով, թող բարի լինեն այդ փախստականներին վերադարձնել իրենց բուն բնակավայրերը՝ Թավրիզ ու նրա շրջակա վայրերը, որպեսզի աշխարհն էլ տեսնի, որ հզորները երբեմն էլ արդարացի վճիռներ են կայացնում:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ