ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Անցյալը վերլուծելով մեր օրերի քաղաքական կյանքը հասկանալու փորձ

Անցյալը վերլուծելով մեր օրերի քաղաքական կյանքը հասկանալու փորձ
11.08.2009 | 00:00

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ԿԱՄ...
«Բուլղարասպան» մականունով բյուզանդական Վասիլ Բ կայսրը 1021 թվականի ձմռանը ստիպված իր զորքի ձմեռոցի տեղ ընտրեց Տրապիզոն քաղաքը, մինչև կբացվեր գարունը վրաց-աբխազական թագավոր (հե՜յ պատմություն, դարավոր երևույթներն այսօր ապաշնորհ կառավարողների ստոր քաղաքականության արդյունքում թշնամիներ են դարձել) Գեորգիի հետ կիսատ մնացած հարցերը լուծելու համար: Հենց այդ թվականին էլ, կարելի է ասել, Տրապիզոնում հիմքը դրվեց Բագրատունյաց, նույնն է թե` հայոց թագավորության կործանման: Եվ ով արեց դա, մի հոգևոր այր, այն էլ` կաթողիկոս, որը բացահայտ դավաճանել էր իր հայրենիքին, ինչը արձանագրել է հայոց պատմությունը, բայց և այնպես, նրա ոճիրը դատապարտող ոչ մի խոսք չի ասվել: Ավելին, նրան դասել են նույնիսկ այնպիսի մարդկանց շարքը, որոնց ձեռքով իբր թե եկեղեցին հրաշքներ է ցույց տվել: Նրան նույնիսկ մեծարող տիտղոս են կպցրել` Գետադարձ: Եվ նրան փառաբանողներից էր նաև նրա անմիջական կուսակիցը` Գրիգոր Մագիստրոս փիլիփսոփան, որոնք էլ ամեն ինչ արեցին Անիի վերջին թագավոր Գագիկ 3-րդի կործանման համար: Մեր պատմությունը դավաճանի պիտակ է կպցրել միայն Վեստ Սարգիս կոչված մեկին: Հիշենք, որ սա աներն էր Գրիգոր Մագիստրոսի: 1021 թվականին հայոց Հովհաննես-Սմբատը (տեղին է ասել, որ նա օրինական թագավոր էր, և Արևմուտքում այդ հարցը երբեք կասկածանքի առարկա չի եղել և որպես դագանակ նրա գլխին թե՛ ներսում, թե՛ դրսում չի օգտագործվել), որը մի խեղճ ու կրակ թագավոր էր, Պետրոս կաթողիկոսին ուղարկում է Տրապիզոն Վասիլ Բ-ի հետ բանակցելու: Բանակցության արդյունքը լինում է այն, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո (վերջինս ժառանգ չուներ) Անիի թագավորությունը որպես ժառանգություն անցնելու էր Վասիլ Բ-ին: Տեղին է ասել, որ նման լիազորություն այդ ոչ ու փուչ կաթողիկոսին ոչ ոք չէր տվել: Թե այդ դավաճանության համար անկուշտ և արծաթասեր հոգևորականը որքան էր վարձատրվել, այնքան էլ կարևոր չէ: Գուցե բնական կլինի այդ դեպքի մեջ որոնել տիեզերական ու համամարդկային երևույթը` իշխանություն կոչվածը:
1022 թվականի հունվարի 6-ին Պետրոս կաթողիկոսը հրավեր ստացավ կայսրից ջրօրհնեքը հայկական ծեսով կատարելու: Այսօր ջրօրհնեքի փոխարեն Արևմուտքը նման գործիչներին Նոբելյան մրցանակներ է տալիս, զեղչ տոկոսներով վարկեր, պրոպագանդվում են որպես հավասարակշռված, չափավոր քաղաքական գործիչներ, որով իսկ կարծես մի տեսակ հիմարացնում և բթացնում են այդ գործչի սեփական ժողովրդին: Իսկ եթե այդ ժողովրդի մեջ լինում են անհատներ, ովքեր հանդգնում են ասել ճշմարտությունը, նրանց սպասում է, մեղմ ասած, հիմարի դերը: Հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին, նկարագրելով Տրապիզոնի դաշնագրությունը, գրում է. «Անդ եղե Հայոց կորստեան գիր և նամակ»: Փաստորեն, զանգվածային լրատվամիջոցների բացակայության պայմաններում անգամ, գտնվել են մարդիկ, ովքեր հասկացել են դրության ողջ ծանրությունը: Բայց և այնպես, կորստյան գիր ստորագրողը դուրս է գալիս Տրապիզոնից ոչ թե արատի բիծը ճակատին, այլ արդարության լուսապսակով զարդարված, փառաբանված և Գետադարձ անունն էլ «վաստակած»:
Կայսրը (այսօր այդ տիտղոսից էլ մեծ իրավունքներով իշխողները կոչվում են նախագահ, վարչապետ, պետքարտուղար և այլն) անձամբ ինքն է գնում մասնակցելու Տրապիզոնի փոքրիկ գետակի վրա հայկական ծեսով կատարվելիք ջրօրհնեքի արարողությանը: Անգամ այսօր անհնար է պատկերացնել այդ քաղաքական խորամանկության ողջ իմաստը։ ՈՒղղափառ կայսրը մասնակցում է հայ կաթողիկոսի ջրօրհնեքի արարողությանը: Ասենք` զարմանալու ի՞նչ կա, երբ դրանից հազար տարի հետո, Աֆրիկա մտնելուց առաջ, Հիտլերն ասաց, որ ինքն էլ է մուսուլման: Կայսրը թերևս ձևականորեն, բայց ոչ գիտակցորեն, գուցե վիրավորեց իր այդ արարքով դարերով որպես անհաշտ թշնամիներ, որպես հակառակ դավանանքի ներկայացուցիչներ (կարծես Քրիստոսը միակը չէ, բոլորինը չէ) իր հայրենակիցներին, եթե նկատի ունենանք անգամ, որ հույները կանգնած էին գետակի ներքևում, իսկ վերևում` հարմար դիրքում կանգնած էր հերետիկոս հայերի կաթողիկոսը, իսկ նրա կողքին` հզոր կայսրության տիրակալը: Կայսրը հասկանում էր, և ոչ միայն կայսրը, այլև գետակի ներքևում կանգնած նրա դավանակիցները, որոնք հազարամյակներ շարունակ ատել և ատում են հայ դավանանքը, իր խորամանկ դիվանագիտության ողջ իմաստը, դրա համար էլ դավաճանին ձևականորեն մատուցում էր մեծ ծառայություն (մի՞թե XX դարի հուդաներին` Գորբաչովին, Շևարդնաձեին, Արևմուտքը քիչ է մեծարել): Ասում եմ ձևականորեն, որովհետև հայ կաթողիկոսի ջրօրհնեքից հետո ներքևում կանգնած հոգևորականը գետակի մինչև ծով թափվելն իր հերթին օրհնում էր ջուրը, մաքրելով այն հերետիկոս հայի կեղծ օրհնանքից:
Եվ ահա այստեղ էլ դավաճան կաթողիկոսին, իբրև հրաշագործի (իբր թե ջրօրհնեքի ժամանակ գետակի ջրերը սկսել են հակառակ ուղղությամբ հոսել), տալիս են Գետադարձ անունը: Իսկ ավելի մոլեռանդ կրոնավորները (այսօր այդ կրոնավորների փոխարեն կարող են լափամանից օգտվող անթիվ պարտայգենոսեների հիշել) Տրապիզոնի փոքրիկ գետակը փոխարինել են Ճորոխի հորդառատ գետով: Բյուզանդական ստոր, բայց և կարճատես քաղաքականությունը (այսօր այդ դերը կատարում են Արևմուտքը, ՌԴ-ն, ԱՄՆ-ը) հայ դավաճանների միջոցով թուլացնում էր հայկական թագավորությունը, որից էլ հետագայում օգտվեցին թուրքերը, պատռելով սահմանագիծը, մխրճվեցին կայսրության սիրտը։ Վերջին հաշվով, Տրապիզոնի դաշնագիրը միայն հայոց պետությունը չէր ոչնչացնում: Չորս դար անց թուրքերը գրավեցին Պոլիսը: Չգիտեմ ինչո՞ւ, այսօրվա մեր երկրի քաղաքական կյանքը հասկանալու համար դիմեցի պատմությանը: Այսօր միանշանակ դժվար է ասել, թե ապագայում այսօրվա մեր պատմության ողջ պատասխանատվությունն ում վրա կծանրանա, կամ ավելի ճիշտ` ով է լինելու Վեստ Սարգիսը, իսկ Պետրոս Գետադարձ և Մագիստրոս կոչված դավաճանները պիտի փառաբանվեն որպես անկախ պետության հիմնադիրներ և շինարարներ:
Ես գուշակ չեմ և ոչ էլ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտն ավարտած դիվանագետ: Պարզապես շարքային մտավորական եմ, որը փոքր-ինչ տեղյակ է պատմությանը, որն ինձ համար կեղծ գիտություն չէ, և որը հուշում է ինձ տեսնել մեր օրերի Տրապիզոնի, ներեցեք, Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում գրված հայ-թուրքական արձանագրությունների նոթերը: Ասեմ` առանց վարանելու և սիրով կստորագրեի այդ արձանագրությունները, եթե նախապես այնտեղից հանվեր առնվազն երեք կետ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ