Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իրականությունից կտրված ինքնագնահատականը՝ քաղաքակրթական թյուրիմացությունների պատճառ

Իրականությունից կտրված ինքնագնահատականը՝ քաղաքակրթական թյուրիմացությունների պատճառ
24.12.2023 | 15:15

Սկիզբը՝ այստեղ

Անցյալ դարի 80-ականների վերջի իրադարձությունները՝ Գորբաչովի պերեստրոյկան, Արցախյան շարժումը, երկրաշարժը, Սումգայիթն ու Բաքուն, Խորհրդային Միության փլուզումը ու դրան հետևող քաոսը, մեր և մյուսների անկախությունը, Արցախի առաջին պատերազմը և մեր բացահայտ քաղաքական մանկամտությունն ու թյուրիմացություններով լի մտածելակերպը որոշիչը դարձան մեր ինքնագնահատականի հետագա զիգզագների համար։

Մինչ այդ, արժի հակիրճ ձևով անդրադառնալ խորհրդային կյանքի որոշ մանրամասներին ու տենդենցներին, որոնք իրենց անհիմն վայրիվերումներով կերտել էին մարդկային նոր տիպ՝ հոմո-սովետիկուս, իր տկար, միամիտ ու աշխարհի գործերից կտրված մենթալիտետով։

Խորհրդային իշխանությունը, իր նախնական փուլում իրական, թվացյալ ու պոտենցիալ բոլոր թշնամիներին դաժանորեն կոտորելուց և բոլորի աչքը վախացնելուց հետո, անցավ երկրի ժողովուրդների համահարթեցման ու իրար հավասարեցնելու երկար պրոցեսին։

Ըստ այդ՝ ազգային քաղաքականության հիմքը կազմող դոկտրինի, բոլոր ծողովուրդները պարտադիր ունեին գիր ու գրականություն, արվեստ, գիտություն, և բոլորն էլ հավասարապես ատում էին խորհրդային իշխանության կողմից թշնամի ճանաչված իրենց նախկին եղած կամ չեղած գործիչներին։

Սկսվեց նաև բոլոր ժողովուրդների անհիմն գովաբանման մի պրոցես, որի նպատակը այդ ժողովուրդների մոտ կուտակված կամ կուտակվող հնարավոր դժգոհությունները կոմպենսացնելն էր՝ կուտակված գոլորշին բաց թողնելը, որն ուղեկցվում էր նաև վերևից թույլատրվող ազգայնական որոշ պնդումներով ու կարելիության սահմաններում համապատասխան միկրոքարոզչությամբ։

Դա պարզունակ ու հետամնաց ժողովուրդների կյանքում ունեցավ շրջադարձային նշանակություն՝ նրանց ինքնագնահատականը արհեստականորեն խիստ և անհիմն ձևով բարձրացնելով, որը նաև դարձավ դանդաղ գործողության ռումբ, որի պայթելու համար հարմար պայմաններ ստեղծվեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

Այս ամենն էլ, վերջին հաշվով, խորհրդային ժողովուրդների մոտ ձևավորեց ընդհանուր առմամբ ազգայնական շեշտերով հակասովետական մենթալիտետ, որում իրենց դերն ունեին և՛ դրսից եկող քարոզչությունը, և՛ խորհրդային իշխանությունների հակասություններով լի գործունեությունը։

Խորհրդային բոլոր ժողովուրդներին բարձրացնելով քաղաքակրթական աննախադեպ բարձր մակարդակի, դրան զուգահեռ, նույն ժողովուրդների ամենօրյա կյանքը այնպիսի գաղափարախոսական ստերով էր լի, ու դրանք այնքան էին հակասում իրական կյանքում տեղի ունեցող ամեն ինչին, որ մարդիկ ճիշտն էլ էին ստի տեղ ընդունում։

Այնպես որ, այս ֆոնի վրա, խորհրդային կյանքի վերջերում մեր ինքնագնահատականը լրիվ համապատասխանում էր Չարենցի ձևակերպմանը, որ «առանց մեզ աշխարհը կլիներ պարտեզ մի ամայի», և, դրանից բացի, մենք խորապես համոզված էինք, որ սովետը թալանում է մեզ ու միայն մեր մոլիբդենով ու ջերմուկով մենք կարող ենք ունենալ անկախ բարեկեցիկ կյանք։

Եվ այսպես, միամիտ ու մեծամիտ, աշխարհի գործերից անտեղյակ, անղեկ ու անառագաստ, մեր խարխուլ մակույկով մտանք անկախության փոթորկուն ծովը:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3574

Մեկնաբանություններ