Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեր քաղաքի մարդիկ (Ժորա Պեպանյանը` Գեորգի Տիգրանովիչը)

Մեր քաղաքի մարդիկ  (Ժորա Պեպանյանը` Գեորգի Տիգրանովիչը)
25.09.2023 | 13:01

Որքան էլ անցնի ժամանակը, Ժողովուրների կյանքում կան պատմական փուլեր ու իրադարձություններ, որոնց վրա երբեք չի նստում ժամանակի փոշին։ Այդպիսին է ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային բազմազգ ժողովրդի` արյան գնով տարած պատմական հաղթանակը։

Այդ պատերազմի` Մեծ հայրենականի մասին հուշերը տասնամյակներ շարունակ ապրել են մեր հիշողության մեջ, էլի են ապրելու, քանի կա ագրեսոր ու արյունռուշտ թշնամի, քանի կան տարածական ու աշխարհագրական նկրտումներ։

Մի վայրում այդ պատերազմի վերհուշը

հուշաքար-հուշարձան-հուշահամալիրի տեսքով է, մեկ այլ վայրում` երբևէ հպարտ քայլքով հաղթանակած զինվորի ու զինվորականի համազգեստի վրա շողացող շքանշանների փայլով, մեկ ուրիշ տեղ` որդեկորույս մոր չցամաքող արցունքով։

Պատերազմի մասին հուշերն իմ սերնդի համար մեկ այլ խորհուրդ ունեն. հարգանքի, պատկառանքի խորհուրդ այն մարդկանց նկատմամբ, ովքեր անցել են պատերազմի ճամփեքով, ովքեր կերտել են այդ հաղթանակը։

Մենք տեսել ենք այդ հաղթանակած սերնդին, ապրել նրանց կողքին, ովքեր մեր օրերում մեկ անուն ունեին` պատերազմի վետարան, որ այնքա՜ն շատ բան էր պատմում նրանց մասին։

1980 թվականն էր։ Ինձ` Երևանի պետհամալսարանի շրջանավարտ լրագրողիս, պատիվ էր վերապահվել հերթապահ խմբագիրը լինել «Լոռի» թերթի մայիսի 9-ի տոնական համարի։ Թերթի գրաշար, պատերազմի դաժան ու գերության դժնդակ ճամփաներով անցած Գրիգոր Մուրադյանն իր աշխատասեղանի դարակից հանեց իմ սիրած պրյանիկները, ապա` սեղանին հայտնվեց հայկական «Տոնական» կոնյակի շիշը։ Սպասում ենք թերթի տոնական համարի ազդօրինակին, որ նշենք հաղթանակի 35-ամյակը։ Այն հերթական խոսուն տարեգիրն էր դառնալու պատերազմի ահեղ ճամփաներով անցած իմ համաքաղաքացիների մասին պատմող նյութերով, վառոդահոտ հիշողություններով ու մի տեսակ տխուր սևուսպիտակ լուսանկարներով։

Վարպետ Գրիգորն արդեն գիտեր. ուր որ է` կգա պատերազմի ճամփաներով անցած մեր համաքաղաքացին` ԺՈՐԱ ՊԵՊԱՆՅԱՆԸ` ԳԵՈՐԳԻ ՏԻԳՐԱՆՈՎԻՉԸ, կգա «սահմանված կարգը խախտելով»` միայն հաջորդ օրն ընթերցողին հասնող թերթի հերթական համարն առաջինը վերցնելու, որ բոլորից շուտ իմանա քաղաքում ու շրջանում անցկացվելիք տոնական միջոցառումների մասին, իմանա ու պատվավոր մասնակիցը դառնա դրանց, առավել ևս` այդ օրը` Մայիսի 9-ին, օր, որ Գեորգի Տիգրանովիչի համար մեկ այլ իմաստ ու խորհուրդ ուներ։

Այդ օրը հիշողությունների հեղեղը շաղախվում էր օրվա խորհրդին ու նրան տանում այն ճամփաներով, ուր իր երիտասարդությունն էր` արկերի ու ռումբերի պայթունի տարափի տակ եռացող ջահելությունը, երազները, սերերը, կարոտները։

Կան տարածաշրջաններ, որտեղ ապրող մարդկանց առանձնացող կերպարներով է ամբողջանում այդ վայրի համապատկերը։ Այդպիսին է նաև հսկա ժայռերի մեջ ծվարած իմ ծննդավայր Ալավերդին։

Հիմա` անգամ տասնյակ տարիների հեռվից, դժվար է պատկերացնել մեր քաղաքն առանց Ժորա Պեպանյանի տեսակի, որ նաև քաղաքի դեմքին ու դիմագծին իր յուրօրինակ շտրիխներն ու գույնն էր ավելացրել, որոնք միայն իրենն էին ու իրենն էլ մնացին։

Ժամանակը չի խամրել նրա մասին իմ լուսավոր հիշողությունները։ Իսկ այդ լույսը նրա պայծառ, ճառագող ժպիտից էր գալիս, մարդկանց հանդեպ նրա տարբերվող, ընդգծված վերաբերմունքից։

Հետաքրքիր մարդ էր Գեորգի Տիգրանովիչը։ Ինձ այդպես էլ անհասկանալի մնաց` այդ ինչպես և երբ էր հասցնում ամեն տեղ լինել, ամեն ինչ հասցնել, ամեն ինչի մասին իր հստակ, հիմնավոր կարծիքն ունենալ ու չերկնչել այն բարձրաձայնել` երբեմն հակադրվելով այլոց կարծիքներին։

Չգիտեմ` եթե պատերազմի ճամփաներով անցած չլիներ, ինչպիսին կլիներ նա, ինչպիսի մարդ կդառնար, ինչ բարձունքների կհասներ։ Բայց մի բան ակնհայտ է` հաստատ լավ մարդ կդառնար, ինչպիսին կար, ինչպես նրան գիտեին իր համաքաղաքացիները, իր սերնդակիցները, նրան մոտիկից ճանաչողները։

Պատերազմը խլել էր նրա բազում երազանքները, բայց չէր կոտրել նրա լեռնական կամքը, ոգին, համառությունը, նպատակասլացությունը։

ՈՒշիմ ու հետաքրքրքրասեր տղան գերազանցությամբ ավարտել էր Սանահին կայարանի միջնակարգ դպրոցն ու պատրաստվում էր ընդունվել Երևանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, երբ ծննդավայր` Հագվի գյուղ էր հասել պատերազմի բոթը։

1941-ի հունիսին 18-ամյա պատանին անմիջապես զինվորագրվել էր հայրենիքի պաշպանությանը, անարգել անցել հաղթանակի ու փառքի ճամփաներով, որի մասին խոսում էին պետական բարձր պարգևները:

Զարմանալի նպատակասլաց մարդ էր։ Գուցե բնավորության այդ գիծն էր, որ օգնել էր հետախույզ Ժորա Պեպանյանին հաղթահարել հաճախ անանցանելի թվացող, դժվարություններով ու խութերով լի ռազմի ճամփաներով։ Շատ բան չէր պատմում այդ դժնդակ օրերից, մնում էր նույն գաղտապահ հետախույզը։ Այդ մասին խոսում էին իր բազմաթիվ շքաշաններն ու մեդալները, որ զարդարում էին նրա կուրծքն ամեն տարի` Մայիսի 9-ին։

Ժողովրդական մարդ էր` օգնող, ձեռք մեկնող, հեռատես խորհրդատու, զրուցասեր, բանիմաց։

Պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել առևտրի ցանցում։ Երևանի պետական համալսարանի «էկոնոմիկա» ֆակուլտետում ստացած` տնտեսագիտության վերաբերյալ իր հարուստ գիտելիքները կիսել էր Ալավերդու

Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի իր ուսանողների հետ։ Բազում տարիներ ղեկավարել էր վետերանների շրջանային խորհուրդը։ Նրան ճանաչողները երբեմն կատակում էին.

«ՈՒղեղը միլիոնի տակ աշխատում է»։

ՈՒ տեղին էին ասում։ Բազմագիտակ մարդ էր։

Զարմանալի պայծառ հիշողություն ուներ` մտքի սլացքին համահունչ։ Երբեմն այնպիսի մանրամասներ ու իրողություններ էր մտաբերում, որ զրուցակիցները զարմացած կարկամում էին.

«Ո՜նց էլ էդքան բանը հիշում է»։

Աշխարհի տակուգլուխը, չարնուբարին տեսած ու իմացող մարդու տեսակ էր։

Սակայն նրան տեսնել էր պետք շախմատի ու նարդու համաքաղաքային մրցաշարեր կազմակերպելիս ու դրանց պարտադիր մասնակցելիս։ Տարերքի մեջ էր։ Եթե տեսնեիր անսովոր իրարանցում է քաղաքում, ուրեմն` մրցաշար է ու դրան մասնակցելու շտապող բազմաթիվ մարդիկ։ Հպարտանում էր այդ իրողությամբ։

Եվ տեղին ու արդարացված էր այդ հպարտությունը. 1-ին կարգ ունեցող շախմատիստ էր։ Չէ՞որ այն երևույթ էր մեր քաղաքի համար։

Շախմատի վարպետության թեկնածու, Ալավերդիում ու հանրապետությունում ճանաչված շախմատիստ Ալբերտ Աբգարյանի ու Ժորա Պեպանյանի շախմատի մրցախաղին ականատես տարեց ալավերդցիների հիշողության մեջ մինչ օրս մնացել է շախմատի հանդեպ նրանց անթաքույց հիացմունքը, որ իսկապես դառնում էր արարողություն, տոն, հեքիաթ։

Ժորա Պեպանյանին կարող էիր տեսնել ամենուր` շրջանային պաշտոնական միջոցառումներին, դպրոցականների հետ հանդիպումներին, մարզամշակութային միջոցառումներին, շենքերի զրուցարաններում` ջահելներին շուրջը հավաքած։

Ամենուր էր Գեորգի Տիգանովիչը, միշտ սպասված հյուր, քանզի աչքի էր ընկնում իր բանիմացությամբ, համուհոտով

Զրույց-պատմություններով։

Իր քաղաքի արժանապատիվ քաղաքացին էր` իր առանձնացող, տարբերվող, ոչ մեկին չնմանվող տեսակով։

ՈՒղղակի նա Գեորգի Տիգրանովիչն էր, պատերազմի վետերանը, մեր հարգարժան համաքաղաքացի Ժորա Պեպանյանը։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3085

Մեկնաբանություններ