Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՌԴ-ՀՀ «փոխհրաձգություն», ՀՀ-Ադրբեջան պատերազմի հավանականություն

ՌԴ-ՀՀ «փոխհրաձգություն», ՀՀ-Ադրբեջան պատերազմի հավանականություն
08.09.2023 | 20:08

Փաստ է, որ թե՛ հասարակության, և թե՛ իշխանական շրջանակներում քաոս է ու իրարանցում:

Բարդակի, «վալակիտայի» ու ավելորդ խառնաշփոթի մասին՝ էլ չեմ խոսում:

Իտալական «Լա Ռեպուբլիկային» տրված հարցազրույցում Փաշինյանը «փայլեց»:

Երևանում հերթական ունիկալ ու էքստրավագանտ մտքերն արտահայտեց, որոնք չէր ասի Մոսկվայում՝ Պուտինի հետ հանդիպմանը:

Իհարկե Պուտինի ճակատին ասելու շատ բան կա, ուղղակի ռիսկ ու երես, ինքնավստահություն ու կամք պետք է ունենալ, որպեսզի անկաշկանդ ասես այն, ինչ կա, և այն ինչ պետք է նա լսի:

Ընդունենք, որ այդ օրը դեռ չի եկել, այդ լիդերն էլ դեռ չի հայտնվել:

Ընդունենք նաև այն, որ անգամ եթե այդ օրը գա ու այդ մեկը գտնվի, որն այդուհանդերձ կասի այն, ինչ պետք է ասել, միևնույն է՝ Պուտինն անդրդվելի է:

Նա կանի այն, ինչն իր երկրի շահերից է բխում, տվյալ ասելիքն էլ կընկալվի որպես էմոցիոնալ պոռթկում, որի արձագանքն ու հակադարձումը (լինի այն համարժեք, թե անհամարժեք) չի ուշանա, հետևանքներն էլ կկրենք ազգովի:

Իսկ մինչ այդ, դեռ ականատեսն ենք Երևանի ու Մոսկվայի միջև «տարբեր տրամաչափերով» փոխհրաձգությունների:

Մոսկվան չափազանց դժգոհ է Փաշինյանի հայտարարություններից, անընդունելի է համարում վերջինիս բարձրաձայնած տեսակետները, ուստի Զախարովան իրեն վերապահում է ուղիղ տեքստով ասել, որ «պետք է կարողանալ պատասխանել սեփական արարքների համար, այլ ոչ թե շարունակ փնտրել մեղավորների»:

Նրան էլ ոչ պակաս էմոցիաներով, անձնական հողի վրա հակադարձում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պեսկովն էլ իր հերթին է հակադարձում Փաշինյանի այն արտահայտությանը, թե՝ «մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ» ասելով, որ «Ռուսաստանը չի պատրաստվում և չի կարող դուրս գալ տարածաշրջանից, առավել ևս հեռանալ Հայաստանից: Որ Ռուսաստանն այդ տարածաշրջանի բացարձակ անքակտելի մասն է, ուստի ոչ մի տեղ գնալ չի կարող»։

Սրան զուգահեռ Մոսկվայից հնչում են նաև «սպառնալիքներ»:

Նույն Պեսկովը Փաշինյանին «բարեկամաբար» հիշեցնում է, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»:

Դե իսկ Զախարովան էլ պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի Խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցով։

Ըստ այդմ էլ Ռուսաստանի իշխանություններն իրենց հետագա գործողությունները կկառուցեն՝ կախված նրանից, թե ինչպիսի պատասխան կստանան Հայաստանից:

Մի բան ակնհայտ է և փաստ.

նախ այն, որ բարձր մակարդակով, դինամիկ պրոգրեսիվ աճով հակառուսականության աննախադեպ ալիք ու պրոպագանդա է գեներացվում՝ հիմք ընդունելով, որ ոխերիմ բարեկամն ու դաշնակիցն ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Ավելին՝ ինչ-ինչ քաղգործիչներից ՆԱՏՕ-ին ամդամակցելու «գրավիչ» հրավերներ են գալիս, պլանավորվում է՝ «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնք խիստ մտահոգում են ՌԴ-ին, ավելին՝ այն Մոսկվայի կողմից արդեն իսկ դիտվում է որպես երկրորդ ճակատի բացման սպառնալիք:

Ընդ որում՝ ակնհայտ հակառուսական վարքագիծը ռուսներին ազատում է մեր հանդեպ որոշակի ստանձնած պատասխանատվությունից ու պարտավորությունների կատարումից:

Դե իսկ ՀՀ իշխանություններն էլ Հավաքական Արևմուտքի կողմից այս պահին արժանանում են գովասանքի խոսքերի, հավաստացիումների ու խոստումների:

Գաղտնիք չէ, կասկած էլ չկա, որ Ռուսաստանը լավ բարեկամ չէ, որպես դաշնակից՝ առավել ևս:

Բայց և դրանով հանդերձ պետք է նաև գիտակցել, որ Ռուսաստանը շատ դաժան ու սարսափելի թշնամի կարող է դառնալ։

Ռուսաստանի պես թշնամի մեզ պետք չէ:

Մենք պատրաստ չենք և պետք էլ չէ ունենալ նման թշնամի:

Ավելին՝ Ռուսաստան-Հայաստան լարվածության աճը միանշանակորեն նպաստում է տարածաշրջանում նոր պատերազմի հնարավորությանն ու Հայաստանի ներսում ներքաղաքական լարվածության օրեցօր սրացմանը։

Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների կողմից հրահրվող քաղաքական բախումների ու ակնհայտ անտագոնիզմի դրսևորումների հետևանքով չի բացառվում, որ առաջիկա ամիսներին Հայաստանին վառելիքի և սննդամթերքի, հատկապես ցորենի մատակարարման լրջագույն խնդիրներ առաջանան։

Ռուսաստանն այդկերպ պատժում է բոլորին, իսկ Հայաստանը բացառություն չի լինի։

Իսկ այս ամենի ֆոնին, օրեր շարունակ Ադրբեջանն աննախադեպ մասշտաբների հասնող զորքեր ու զինտեխնիկա է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով։

Նոր բնագծեր են բերվել՝ թուրքական, իսրայելական, ռուսական, պակիստանյան զինատեսակներ, այդ թվում՝ հրետանային համակարգեր, տանկեր, ՀՄՄ-ներ, ինքնագնացներ:

Միաժամանակ լայնածավալ ռազմաինժեներական և ամրակայման աշխատանքներ են իրականացվում:

Սա խոսում է մի փաստի մասին.

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ նոր, լայնամասշտաբ պատերազմի։

Ադրբեջանական ողջ մեդիա տիրույթը, քարոզչական մամուլը, պատգամավորները, իշխանությունների խոսնակները բացահայտ խոսում են Հայաստանի դեմ նոր ռազմական գործողությունների գնալու մասին:

Նախապատրաստվում է հարձակումն հատկապես Սյունիքի մարզի վրա.

հայտարարվում է, որ «Զանգեզուրի ազատագրական բանակը պատրաստ է ազատագրել իր հողերը»։

Սրա մասին վերջերս խոսեց նաև Ջեյհուն Բայրամովն ասելով՝ «եթե Հայաստանը շարունակի «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում ոչ կառուցողական մոտեցումը, Ադրբեջանը միջանցքի բացման համար ունի պլան «Բ»:

Ըստ նրանց՝ բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, առաջնահերթ թիրախում էլ՝ Սյունիքն է:

Այսպիսով՝ Ադրբեջանն իրոք պատրաստվում է ՀՀ–ի դեմ գործողությունների և բացեիբաց խոսում է դրա մասին:

Իսկ այս պահին զբաղված է տեղեկատվական քարոզչական աշխատանքներով, որի նպատակը հայ ժողովրդի մոտ խուճապ առաջացնելն է:

Զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ տեսանյութերը նպատակ ունեն ինչպես ներքին լսարանին ոգևորել, այնպես էլ մեզ բարոյալքելու, կամային հատկանիշները ընկճելու, որովհետև տեղեկատվական-հոգեբանական (հիբրիդային) պատերազմներում դա գործի կեսն է։

Թշնամին գիտի մեր հասարակության բնավորության ու խառնվածքի հպման կետերը և փորձում է խաղալ այդ զգացմունքների և էմոցիաների վրա:

Իսկ էմոցիաների հորձանուտում յուրաքանչյուրս դառնում ենք խոցելի, քանի որ սառը դատողություն, սառնասրտություն ու զգոնություն պահպանելը նման իրավիճակներում շատ դժվար է:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սահմանային զորաշարժի, դիվանագիտական, քարոզչական, հոգեբանական նպատակային արշավի, նոր պատերազմի հռետորաբանության ու ռազմական սպառնալիքի ներքո՝ ռազմական դիվանագիտության կիրառման միջոցով փորձ է արվում Հայաստանին միակողմանի զիջումների դրդել ադրբեջանահայկական օրակարգի գրեթե բոլոր խնդրահարույց խնդիրների մասով.

Հետևաբար.

չպետք է տրվել մանիպուլյացիաներին, սադրանքներին,

պետք է վարել հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն,

պետք է ինտենսիվ աշխատել իրանական կողմի հետ, որն օրեր առաջ կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության հետ կապված,

պետք է աշխատանքներ տարվեն Ֆրանսիայի հետ,

համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում,

հայտարարել մոբիլիզացիա ՀՀ ողջ տարածքում,

հնարավորինս կարճ ժամանակում

ազգաբնակչությանը տալ ռազմական, առաջին բուժօգնության առավելագույն գիտելիքներ,

հարձակման ենթադրյալ ուղղություններում մաքսիմալ հագեցնել համապատասխան սպառազինությամբ՝ ապահովելով նրանց և զորքի դիրքավորման վայրերի անտեսանելիությունը,

ստեղծել զինամթերքով ու տեխնիկայով հագեցած 8-12 հոգանոց մոբիլ խմբեր:

Իսկ այս ամենի համատեքստում պետք է արհեստականորեն չսրել ու էքսպերիմենտների չենթարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Առանց այն էլ, վարչապետի տիկնոջ ուկրաինական վոյաժը, Հռոմի ստատուտի վավերացումը, սահմանի Եվրադիտորդները, ՀԱՊԿ-ին բացահայտ արհամարհելը, հայ-ամերիկյան զորավարժություններն արդեն իսկ խոսում են այդ հարաբերությունների սուր լարվածության մասին:

Իսկ դա մեզ, մանավանդ հիմա բացարձակ պետք չէ, Հայաստանն էլ փորձադաշտ չէ:

Համենայն դեպս, մի քանի բանակային կորպուսներում տրված է «թիվ 1», իսկ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը հայտարարվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։

Այս ամենից զատ, իհարկե գիտենք նաև այն, որ վերջին երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն ապահովել զինված ուժերի ամբողջական ռեֆորմացիան:

Ավելին՝ բանակի վերազինումն ու մարտունակության բարձրացումն ապահովելու փոխարեն՝ «ապահովվել» է աներկբա խաղաղության ու պատերազմի բացառման խոսույթն ու դրա նարատիվը:

Իսկ վարչապետն այս օրերին զբաղված է իրավիճակի մասին ՄԱԿ ԱԽ երկներին տեղեկատվություն տրամադրելով՝ ակնկալիքով, որ վերջիններս միջամտեն և թույլ չտան պատերազմի մեկնարկը:

Միաժամանակ, իր հերթին էլ հաստատում է, որ ամեն դեպքում չի շեղվելու «խաղաղության օրակարգից».

ՈՒ սա այն պարագայում, երբ թշնամին բացեիբաց խոսում է իր ծավալապաշտական նկրտումների մասին, և երբ պարտադրված ռազմական էսկալացիայի շեմին մենք կրկին չենք պատրաստվում թշնամու հարձակմանը։

Իսկ այս պահին ՀՀ-ում ընտրարշավ է, Սնուփ Դոգի իդոլացումն է ընթանում ու զրո գործողություն պետության մոբիլիզացիայի ուղղությամբ։

Չզարմանանք, որ պատերազմի պարագայում վարչապետը կրկին բարձրաձայնի, որ այս անգամ էլ մեղավոր չէ, որ «խաղաղության օրակարգը» չաշխատեց, իրեն չարդարացրեց ու որ մենք ազգովի պատրաստ չէինք այլ սցենարի.

հետևաբար, պետք է ստորագրի նոր կապիտուլյացիա:

Մոտեցումն ու ձեռագիրը նույնն է լինելու.

պարտվողական, զիջողական, իսկ ավելի ճիշտ զոհաբերվող բանաձև-մանթրան կրկնվելու է հետևյալ կերպ.

զոհենք մի մասը, որպեսզի փրկենք մնացածը…

Այնպես, ինչպես՝ հանձնենք Արցախը, որ փրկենք Հայաստանը, Շուշին տանք որ փրկենք Ստեփանակերտը, կանգնեցնենք պատերազմը, որ փրկենք 35 000-ին, ստորագրենք կապիտուլյացիան, որ փրկենք արցախցիներին, «հանձնենք» 120 000-ին, որ փրկենք 2-3 միլիոնին,

հանձնենք Սյունիքն ու Սևանը, որ փրկենք Երևանը:

Դե իսկ վերջում էլ, էլ երբ հանձնելու բան չմնա՝ մատուցած ծառայությունների համար ձեռք կբերեն Կանադա կամ մեկ այլ տեղ անվտանգության երաշխիքներով տաքուկ ու ապահով կեցության վայր, ժողովուրդն էլ թող պատրաստ լինի լավագույն դեպքում համակեցության:

Եվ այս զոհաբերվող քաղաքականության հետնահանջը կարող է ավարտվել միայն նման վերջակետով, որովհետև զիջումների դեպքում ոչ գիշատիչի ախորժակը կփակվի, ոչ էլ զոհաբերվողն ուժ կունենա կանգնեցնելու այս կործանարար հետընթացը։

Սա նման է փարախը մտած գայլերի ողորմածությանը հանձնվելու ոչխարների միամտության վախճանաբանությանը, որոնք իրենք էին այդ գայլերի առաջ բացել իրենց դռները՝ նրանց հետ խաղասիրության ու համատեղ համագոյակցության մեծ խոստումներին, լոզունգերին ու օրակարգերին հավատալով։

Ողորմի քեզ, մե՛ծ բանաստեղծ.

«Չարի վերջը» մեր օրերում անգամ ակտուալ է:

Այսօր մեր անձնային-անհատական և ազգային-հավաքական արժանապատվությունը, ինքնությունը, դեմքն ու նկարագիրը փրկելու, էքզիստենցիալ վտանգից խուսափելու, զոհի կարգավիճակային ուղեծրից ու պարադիգմայից դուրս գալու համար,

ուղղակի պետք է որդեգրել դրան հակոտնյա այլ ալգորիթմ՝

փրկենք Արցախը, որպեսզի պահպանենք Հայաստանը, փրկենք մասը, որ պահպանենք ամբողջը,

պահպանենք ամբողջը, որ պահպանենք պետականությունը,

պահպանենք պետականությունը, որ փրկենք ազգաբնակչությանը,

պահպանենք ազգային ու պետական ամբողջականությունը, որ վերգտնենք, վերադարձնենք կորսված ամբողջական Հայրենիքը,

պահպանենք ազգն ու ազգայինը, հայրենիքն ու պետականությունը, որպեսզի կայանանք ըստ մեր ազգային առաքելության։

Այնպես որ, նման իրավիճակում վերը թվարկածներս առաջնահերթություններ ու ժամանակի հրամայական են:

Խոհեմություն բոլորիս:

Աստված մեզ պահապան:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ