Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ընդդիմադիր Երևան

Ընդդիմադիր Երևան
10.08.2023 | 10:03

Քաղաքի ավագանի ընտրելուց օրեր առաջ զրուցելու ենք մի սխալի, մեկ մտայնության մասին, որն արդեն քանի տարվա պատմություն ունի։ Դա թունավորում է երևանյան ցանկացած քաղաքական միջոցառում, տապալում դիմադրության և նմանատիպ այլ շարժումներ և բողոքի, ենթադրյալ տարաժանր միջոցառումներ։

Ո՞րն է այդ սխալը, այդ թերի գնահատականը։

Դա Երևանը ընդդիմադիր հռչակելն է, քայլ, որի արդյունքում անպատրաստ ընդդիմությունն անընդհատ պարտվելու է, և պարտությունից հետո մեղադրելու է բոլորին, բացի իր ուղեղային կենտրոններից, որոնց թվում է, որ մայրաքաղաքը գրկաբաց սպասում է ընդդիմադիր առաջնորդներին և նրանց ստանդարտ, ոչինչ չբերող ծրագրերին։

Հարգելիներս, ժամանակն է խոստովանել, որ Երևանը գոնե 2021 թվականից այլևս ընդդիմադիր չէ և դրա համար կան լրջագույն ազդակներ, պատճառներ։

Որո՛նք են դրանք;

Փորձենք հետազոտողի հայացքով քննել մեր պնդման հիմքերը։

1. Երևանում կա տնտեսական առաջընթաց, աշխուժություն, որի արդյունքում տնտեսության մեջ զբաղված անձիք առանձնապես չեն հետաքրքրվում քաղաքական անցուդարձով։

2. Մոտ 140 հազար քաղաքացի աշխատում են պետական, հանրային կառույցներում և ելնելով աճող աշխատավարձերի փաստից, որոշակիորեն շահագրգռված են չգնալ քաղաքական փոփոխությունների։ Հիշատակված բնագավառներում գտնվողների հետ փոխկապակցված անձիք կազմում են մոտ 250 հազար մարդ։

3. Մայրաքաղաքում ընթանում է հիպոթեքային վարկավորմամբ հսկայածավալ շինարարություն։

Հիպոթեքային կախվածության մեջ գտնվող հազարավոր ընտանիքներ ևս հակված չեն իրենց հնարավոր բնակարանամուտի ծրագրերը խաթարող փոփոխությունների։

4. Իրականում շարունակվում է տրանսպորտային ցանցի բարելավումը,առանձին ժամերի քաղաքային տրանսպորտը բացարձակ դատարկ է երթևեկում։

5. Մեծ ծավալի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման աշխատանքները ստեղծում են քաղաքային փոփոխվող լանդշաֆտի, հարմարավետության աճի կարծիք, որն արմատավորվում է երեանցիների մոտ։

6. Էլեկտրոնային հարթակներից, վայլդբերիզ, օզոն, ամազոն, էժան դոլարի օգնությամբ կատարվող գնումները շեղում են քաղաքացիների ուշադրությունը ազգային հարցերից։

7. Ներգաղթած ռուսները շոշափելի եկամուտներ են ապահովում տները վարձով տրամադրող քաղաքացիներին, և սննդի ու զվարճանքների ինդուստրիային, որտեղ զբաղված երևանցիները երազում են ունենալ առավոտից երեկո հարբող, լափող հաճախորդներ։

Թվարկված պատճառները գուցե և հուսահատության մեջ գցեն ընդդիմադիր շրջանակների վերլուծողներին։ Հավատացնում եմ, որ վհատվել, թևաթափ լինել պետք չէ։

Ընդամենը անհրաժեշտ է մասնագիտական լեզվով խոսել խելացի երևանցու հետ, բացատրել նրան, որ ներկա թեթևսոլիկ, անհոգս կյանքը երկար չի շարունակվելու, քանի որ

1. 2024 թվականի սկզբներին նախատեսվում է ռուս -ուկրաինական ճգնաժամի կարգավորում, որի արդյունքում Երևանից կանհետանա մոտ 100 հազարից ավելի վճարունակ ռուս տուրիստը։

2. Ռուսների հեռացման հետ կդադարի արտարժույթի հոսքը դեպի Հայաստան, որն էլ կբերի ԱՄՆ դոլարի թանկացման:

3. ՀՀ դրամի արժեզրկման պարագայում կթանկանան օնլայն առևտրի հարթակներից գնումները:

4. Անխուսափելիորեն կփլվի բնակարանային շինարարությունը, որն էլ կբերի հիպոթեքային պարտքերով ծանրացած տնային տնտեսությունների ու նաև բանկերի սնանկացմանը։

5. Ստեղծված բանկային փլուզման արդյունքում հազարավոր ավանդատուներ կորցնելու են իրենց միջոցները։

6.Արտաքին պարտքի և դրա տոկոսների սպասարկումը դառնալու է ծայրահեղ դժվար, ինչ-որ իմաստով անհնար։

Այ այս ամենի մասին պետք է խոսել երևանցիների հետ, ներկայացնել իրավիճակը, կանխատեսել վտանգները, առաջարկել լուծումներ։

Նման գործելաոճի դեպքում երևանցին կդառնա իսկապես ընդդիմադիր և քաղաքի ավագանի կբերի մասնագետների, այլ ոչ թե ժամկետանց ծաղրածուների և չրերի բիզնեսով իբրև թե հարստացած ադմինիստրատիվ գաճաճների։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4120

Մեկնաբանություններ