ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ո՞վ է հաղթել նացիստներին՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն վիճարկում են ԽՍՀՄ-ի դերը երկրորդ աշխարհամարտում

Ո՞վ է հաղթել նացիստներին՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն վիճարկում են ԽՍՀՄ-ի դերը երկրորդ աշխարհամարտում
12.05.2020 | 11:09

Նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 75-ամյակի նախօրեին ՌԴ-ն ու ԱՄՆ-ը նորից են վիճարկում ԽՍՀՄ-ի դերը երկրորդ աշխարհամարտում: ՌԴ ԱԳՆ-ն զայրալից պատասխան տվեց Սպիտակ տան թվիթին, որտեղ իբրև հաղթողներ հիշատակվում էին ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ակաունտում հայտնվեց թվիթ Դոնալդ Թրամփի տեսագրությամբ, որ պսակ է դնում երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին:

Տեսագրությունը մակագրված էր. «1945-ի մայիսի 8-ին Ամերիկան ու Մեծ Բրիտանիան հաղթեցին նացիստներին: Ամերիկյան ոգին միշտ հաղթում է: Իվերջո հենց դա էլ լինում է»: Տեսագրության մեջ Թրամփը հենց այդ խոսքերն էլ արտաբերում է: Ի պատասխան ՌԴ ԱԳ-ն իր զայրույթն արտահայտեց «նացիզմի ջախջախման արդյունքների և մեր երկրի վճռական ներդրման արդյունքների խեղաթյուրման փորձերից, որ չի դադարեցնում Վաշինգտոնը»: «Չենք կարող սոցիալական ցանցերում տեղակայված մեկնաբանության կողքով անցնել, որտեղ հիտլերյան Գերմանիայի նկատմամբ հաղթանակը վերագրվում է բացառապես «Ամերիկային ու Մեծ Բրիտանիային».- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:-«Ամերիկացի պաշտոնյաները քաջություն ու ցանկություն չունեցան թեկուզ կես խոսքով արժանին մատուցել Կարմիր բանակի ու սովետական ժողովրդի անվիճելի դերին ու անհամադրելի կորուստներին հանուն ամբողջ մարդկության»: ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է նաև «ամերիկացի գործընկերների հետ լուրջ խոսակցություն ունենալ այդ թեմայով»:
Սպիտակ տան թվիթը նախ անգլիալեզու օգտատերերի, հետո նաև ռուսալեզուների արձագանքը ստացավ: Կիրակի օրը մի քանի հարյուր մեկնաբանություն արդեն կար երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի դերի մասին: pasanospoco օգտատերը Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի ստորագրման լուսանկար էր տեղակայել, որտեղ երևում է սովետական պատվիրակությունը, ու մակագրել՝ «Նացիստները ոչ այն տղերքին են հանձնվում»: Մեկ այլ մեկնաբան գրել էր. «ԽՍՀՄ-ի կորուստները չի կարելի համեմատել կորուստների հետ, որ կրել են մյուս դաշնակցները»: Սպիտակ տան քննադատությանը միացել է նույնիսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որ իր թվիթերում անգլերեն գրել է. «Ողջույն, տղերք: Դա ինչ-որ մրցություն չէր, բայց դուք մի փոքրիկ մանրամասն մոռացել եք: Իմ երկրի ներդրումը մեծ հաղթանակի մեջ՝ 27 միլիոն ռուսների կյանքն է այն պատերազմի ամենաարյունոտ կռիվներում»: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Սպիտակ տան թվիթը հակասում է Էլբայում հանդիպման մասին Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի ապրիլի 25-ի հայտարարությանը, որտեղ շեշտադրվում էր ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի համագործակցությունը:


ԱՄՆ Պետդեպարտամենտի երկրորդ աշխարհամարտի մասին հայտարարությունը բոլորովին այլ էր: Մայիսի 7-ին Պետդեպարտամենտը և արևելաեվրոպական 9 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արժանին է մատուցվում նացիզմի դեմ պայքարողներին, բայց նշվում է, որ պատերազմի ելքը «ազատություն չբերեց Եվրոպային»: «Բալթյան երկրները անօրինական օկուպացվեցին ու անեքսիայի ենթարկվեցին: Սովետական Միությունը և մյուս երկրներին էր պահում երկաթե բռունցքի մեջ՝ ռազմական ճնշող գերազանցության բռնաճնշումների ու գաղափարախոսական վերահսկողության օգնությամբ»՝ նշվում է հայտարարության մեջ, որ ավարտվում է հիշեցումով՝ խաղաղությունը «պահանջում է միջազգային իրավունքի ու նորմերի անկեղծ ու հետևողական պահպանում, ներառյալ ինքնիշխանությունը և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի ղեկավարները: Մայիսի 7-ին առանձին հայտարարություն արեցին Բալթյան երկրների ղեկավարները՝ Ռուսաստանին մեղադրելով պատերազմին նախորդած հանգամանքների, մասնավորապեա Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի աղավաղման մեջ: «Ռուսաստանը փորձում է կեղծել պատմությունը կամ ապատեղեկացնել ռեալ իրավիճակի մասին: Հատկապես՝ պատերազմի սկզբի ու այն մասին, որ Սովետական Միությունը ու նացիստական Գերմանիան բարեկամներ էին ու համագործակցում էին՝ և Լեհաստանը, և սովետական կողմից՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիայի մի մասը օկուպացնելու համար»՝ հայտարերել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը:


Նման հայտարարություններ արել են և մյուսները: «Մեզ համար պատերազմն ավարտվել է 1993-ին, երբ հեռացավ վերջին ռուս զինվորը»՝ հայտարարել է Ֆրանս պրեսին հարցազրույցում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Ռուսաստանն էլ բազմիցս մեղադրել է արևմտյան երկրներին, նաև՝ արևելաեվրոպական, պատմությունը կեղծելու, նացիստների հետ համագործակցած ուժերին փառաբանելու փորձերի մեջ:
BBC


Հ.Գ. ԱՄՆ-ը ու ՌԴ-ն վիճարկում են անվիճարկելին՝ պատերազմում հաղթել է զինվորը: Գերմանիայում ֆաշիստների իշխանության գալու մեջ մեղավոր էր ամբողջ Եվրոպան, որ համեստորեն լռում էր Հիտլերի Ավստրիա ներխուժելու, Չեխիա մտնելու, շրջապատի բոլոր երկրների վրա հարձակումների ժամանակ: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը մի մասն էր այլ երկրների հետ Գերմանիայի կնքած համաձայնագրերի, որ բոլորն էին դատապարտված էին ու նպատակ ունեին ժամանակ շահել՝ պատերազմին նախապատրաստվելու համար: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը բոլոր պետություններն օգտագործում են իրենց քաղաքական նպատակներով, ու դա 0 հարգանքի դրսևորում է պատերազմի զոհերի նկատմամբ: Մերձբալթյան երկրներն էլ, Լեհաստանն էլ արագ մոռացան՝ ինչպես պատերազմից հետո վերականգնվեց տնտեսությունը, նրանք հիշում են միայն բռնությունները, քաղաքական հալածանքները, բայց պատմությունը լավի ու վատի խառնուրդ է, ու աղավաղվում է երբ շեշտադրվում է միայն մեկ կողմը: Փաստացի՝ 75 տարի հետո էլ պետությունների ղեկավարները ի վիճակի չեն սթափ ու անկողմնակալ գնահատական տալ իրենց նախորդների քայլերին, և ուրեմն սթափ ու անկողմակալ չեն լինելու իրենց քայլերը: Ու դա բոլորի պարտությունն է՝ մեծ հաղթանակի 75-ամյակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ