Որ Հովհաննես Թումանյանն ու նրա «Վերնատան» տանտերերը մի հազար անգամ շուռումուռ եկան, կասկած չկա: Մեղավորը Վազգեն Մանուկյանն է: Էլ անուն չէ՞ր մնացել, որ գնաց-եկավ, «Վերնատանը» կպավ: Հիմնադիր հավաքը վկայեց, որ ավելի դիպուկը «Տնետուն» է: «Վերնատան» հոտ չեկավ: Ամենայն հայոցի ստվեր էլ չկար: Իսկ ի՞նչ կար:
1. ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Վազգեն Մանուկյանը շտապում է: Մարդը 73 տարեկան է, ինչ ասես: Մամուլը դեռ ծամծմում էր Հանրային խորհրդից հեռանալը, նա արդեն այլընտրանքային «Հանրային խորհուրդ» բացեց՝ այլընտրանքային խորհրդարանի հավակնություններով: Վազգեն Մանուկյանը իզուր է շտապում, գնալու տեղ չունի: Մարդը ամբողջ կյանքում ուզում է առաջինը լինել: Միշտ ինչ-որ մեկը կանգնում է նրա ճանապարհին՝ սա իր գնահատականն է: Իրականում՝ գուցե նա է ինչ-որ մեկի ոտքի տակ ընկնում: Սկսած ղարաբաղյան շարժումից, երբ ինքն իրեն համարում էր շարժման ղեկավար, Ազատության հրապարակը ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին: ՈՒ՝ գնաց այդպես ամբողջ կյանքը: ՀՀ առաջին վարչապետը չգտավ իր տեղը կյանքում, թեպետ շատերից խելոք է: Նա պարտվեց, երբ հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, ու ինքն իր հրաժարականով սկսեց իր անվերջ պարտությունների էջը: Հիմա «Վերնատուն», թե՞ տնետուն՝ անիմաստ ջանք է, փոփոխության դուռ չի բացելու՝ ոչ իր, ոչ հանրության կյանքում:
2. ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ: Եվ, այնուամենայնիվ, շնորհակալություն Վազգեն Մանուկյանին: Նա կարողացավ մեկտեղել ցաքուցրիվ դաշտը, թեկուզ՝ մի քանի ժամով: Ընդամենը երկու բացակայով՝ Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան՝ ՀՀՇ-ՀԱԿ ու ԲՀԿ: Մնացած բոլորը, որ իրենց հպարտորեն անվանում են հայրենասեր ու համարում ընդդիմադիր, շարվել էին Մարզահամերգային համալիրում ու ներկայացնում էին իրենց նոր այցեքարտը: Նոր ոչինչ չկար: Նորը իրենք իրենց ու իրենց դերի ընկալումն էր: Մնացած ամեն ինչ այնքան հին է, ծանոթ, ծամծմված՝ մենք այդպիսի՞ հավաքներ ենք տեսել: ՈՒ՝ ի՞նչ: «Վերնատնվածներից» այնպիսի հուսալքություն էր ծփում, որ թվում էր՝ դուրս են գալու համալիրից ու գնալու են «Զվարթնոց», գնելու են առաջին չվերթի տոմս, կարևոր չէ՝ ուր: Փրկությունը չունի «Հայաստանի Հանրապետություն» հասցեն:
3. ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ: Իսկ ի՞նչ անի Վազգեն Մանուկյանը: Ոչ միայն նա, միջին վիճակագրական ցանկացած հայ, որ դեռ չի հրաժարվել մտածելու արատավոր սովորույթից, ստիպված է արձանագրելու՝ ստեղծվել է տճահ ու հակասական վիճակ: Մի կողմում գործող իշխանությունն է, որ իշխանության է եկել հեղափոխության անվան տակ, իրականում՝ գործարքով, որ պոպուլիստ է, դեմագոգ, ցինիկ, մեծամիտ, ու, ամենակարևորը, կապ չունի պետության, երկրի, տեսակի, արժեհամակարգի ու մշակույթի հետ։ Ինքնաբավ կոսմոպոլիտ է, որ ապրում է դաշտագլորի սկզբունքով: Մյուս կողմում նախկին իշխանություններն են, նյութապաշտ, հղփացած, երկիրը կողոպտած, կեղծիքի ու ստի մեջ թաղված, հանրության անանց զզվանքն ու ատելությունը հարուցած իրենց տասնամյակների կառավարումով: Ոնց պտտվում ես՝ ստացվում է՝ բոլորին պիտի պատերազմ հայտարարես՝ ոչ հներն են ընդունելի, ոչ նորերը: Նորերի հետ հույս կապած ժողովուրդը հիասթափվում է՝ նրանց անհեթեթ քայլերից ու նախաձեռնություններից, վարչապետը կորցնում է վարկանիշը, բայց երբ դուրս է գալիս ժողովրդի մեջ, էլի գտնվում են մարդիկ, որ կախվում են փեշերից՝ փրկիչ ջան, փրկիչ, մեզ փրկի: ՈՒ նրան թվում է, որ ժողովուրդն իր հետ է, մեծամասնությունը բողոքում է սեփական խոհանոցում ու չի փորձում բողոքը ընդհանրական դարձնել: Տարբեր, բայց մեկ հիմնական պատճառով՝ ուրիշը չկա: Ինչից բողոքում է ժողովուրդը, հանգամանալից տիրաժավորում են մամուլի բազմաթիվ միջոցներով, համոզիչ ու հոդաբաշխ բարձրաձայնում են նախկինները, բայց նրանց ճիշտը ընկալվում է ռևանշիզմ, աբիժնիկություն և բանսարկություն, թեպետ 90 %-ը իրականությունն է։ ՈՒ կա անպատասխան հարցը՝ իշխանություն էիք՝ ինչու՞ չեք արել: Կամ՝ ի՞նչ եք արել: ՈՒ հնարավոր չէ դուրս գալ փակ շրջանակից, որի անունը անհեթեթություն է: Ասես ճիշտը ու պատերազմ հայտարարես բոլորին, միանշանակ կպարտվես, հաղթողներին էլ ավելի կուժեղացնես: Ոչինչ չասելու իրավունք չունես՝ նախ իսկապես վտանգներ կան, որ այս ընթացքով մեծանում են: Երկրորդ՝ եթե քաղաքական ուժ ես, պարտավոր ես գնահատական տալ, եթե հպարտ հայ ես՝ առավել ևս, միջին վիճակագրական հայ ես՝ նույնպես: Երրորդ՝ Հայաստանը հայրենիք է, որ եկվորներինն ու անցվորներինը չէ:
Պարադոքս է, որ թե հների, թե նորերի մեջ կան լուրջ, խելացի ու փորձառու, երկիրը սիրող մարդիկ, բայց պատանդ են թիմին ու չեն կարողանում ինքնարտահայտվել: Կուսակցական պատկանելությունից ու թիմային մտածելակերպից դուրս գալու, երկրի շահից ելնելով՝ ուժերը համատեղելու դեպքում միայն քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական հեղափոխություն անելը հնարավոր կդառնա: Անգամ այս վիճակում: Բայց դա Վազգեն Մանուկյանի դեպքը չէ:
4. ՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Այնքան բազմաբղետ էր Վազգեն Մանուկյանի «Վերնատունը», որ հարց է ծագում՝ մի՞թե նրան հաջողվել է համատեղել անհամատեղելին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Մի կողմից՝ Միքայել Մինասյանը նախօրեին գավազդում է ու «Վերնատուն» հրավիրում, նախկին ու ներկա ՀՀԿ-ականներն են իրենց հին ու նոր թևերով ելույթներ ունենում, մյուս կողմից՝ Վիկտոր Սողոմոնյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի պայծառ կերպարով: Վազգեն Մանուկյանն այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին՝ ո՞վ է իրեն ֆինանսավորում: Մի կերպ գտավ պատասխանը՝ գնացեք բանկ, փոխանցումները նայեք: Զավեշտ, որ մատնում է՝ նա էլ չգիտի, հիմա ո՞վ է իր պատվիրատուն իրականում: Դա միակ հակասությունը չէ, կա ավելի խորքայինը: Քաղաքական դաշտում ոչ ոք չունի ռազմավարություն, կան տարբեր մարտավարություններ: Իշխանության նկատմամբ, որ նույնպես չունի ռազմավարություն, հնարավոր են լոկալ հաղթանակներ: Տեղական նշանակության հարցերում: Ամբողջական հաղթանակից առաջ ու հաղթանակի համար հոդաբաշխ պատասխան է պետք՝ ո՞վ է հաջորդը: Եթե Վազգեն Մանուկյանն ու իր «Վերնատունը» պատասխանում են՝ մենք, իմա՝ տարբեր ժամանակների ու լիցքերի, մակարդակների նախկինները, գալիս է Ֆուկույամայի «Պատմության ավարտը»: Ոչ այն պատճառով, որ այդ «մենք»-ը ոչ պահանջարկ ունի, ոչ հեռանկար, թեպետ նրանցից շատերը անցյալ տարի հապճեպ թռչում էին հեղափոխության գնացքի վերջին վագոնը ու հետո հայտարարում, որ իրենք են «համաժողովրդականն» արել: Ոչ այն պատճառով, որ ապաշխարանք չի եղել, անգամ՝ խոստովանություն չեղավ: Ոչ այն պատճառով, որ երեկ նրանք միմյանց դեմ էին պայքարում ու ՀՀ վերջին Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի նախագահական հավակնություններին՝ նախագահի պաշտոնի «որակազրկումով» ու խորհրդարանական կառավարման մոդելով, որտեղ վճռական խոսքը կուսակցություններինն է. երկրորդ նախագահը կուսակցություն չուներ՝ ԲՀԿ-ն թռել էր, Օսկանյանը ձախողվեց: Այլ այն պատճառով, որ այսօրվա շահերի համընկնումն ավարտվում է, երբ ծագում է նոր իշխանություն ձևավորելու հարցը: Նախկին բաժանարար գծերը նաև ապագայի բաժանարարն են: Լոկալում միասնական են, տոտալում՝ երբեք:
5. ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ: Եվ, այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը բացե՞ց, թե՞ չբացեց երկրորդ ճակատ: Մինչև «Վերնատունը» ընդհանրական ընկալումն էր, որ «նախկինների» միջնաբերդը ՍԴ-ն է ու Հրայր Թովմասյանի ձեռքում է «պաշարված ամրոցի» դրոշը: Հիմա ո՞վ է դրոշակակիրը՝ Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը: Ավելի ստույգ՝ «նախկինները» խաղը ՍԴ-ից տեղափոխու՞մ են, հանձնու՞մ են ՍԴ-ն: Թե՞ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ կյանքում առաջինը լինել այդ կարգավիճակով:
6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ: Իսկապես ողբերգական է Վազգեն Մանուկյանի ճակատագիրը՝ իշխանության հավերժ ձգտում, բայց՝ միշտ ծառայություն իշխանությանը: Անգամ՝ այս: Գիտակցված, թե հարկադրված, գուցե՝ ակամա, Վազգեն Մանուկյանն իր բազմաբղետ «Վերնատնով» կարող է դառնալ կլոր ու կոշտ քար՝ ընդդիմության ճանապարհին: Նրանք խոսելու են, մեղադրելու են, քննադատելու են, միով բանիվ՝ ստեղծելու են հիմնավոր տպավորություն, որ իրենք են ընդդիմությունը, ու հենց այդ տպավորությամբ խանգարելու են իրական ու հեռանկար, պահանջարկ ունեցող ընդդիմության ձևավորմանը: Դա ամենամեծ ծառայությունն է գործող իշխանությանը, որովհետև ինչ քննադատություն էլ հնչի «Վերնատնից», ընկալվելու է նախկին «աբիժնիկների» խոսք, որ արդեն իսկ գինը հավասարեցնում է արժեքին ու իմաստազրկում:
7. ՀԱՎԱՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ: Վազգեն Մանուկյանին հնարավոր էր հավատալ, եթե նա 1992-ին հրաժարական տված չլիներ վարչապետի պաշտոնից: Եթե նա 1996-ին՝ 20 րոպեով խորհրդարան մտնելուց հետո Դեմիրճյանի մուտքից չհեռանար ու տեր կանգներ իր Բաղրամյան 19-ը գրոհող կողմնակիցներին: Եթե Սերժ Սարգսյանի առաջարկով չդառնար Հանրային խորհրդի նախագահ՝ 10 տարի պաշտոնավարելով անգույն ու անդեմ մի կառույցում, որի որոշումներն ընդամենը խորհրդատվական են: Եթե «Վերնատունը» որոշեր հիմնել 2008-ին, ոչ թե 2019-ին: Նա կարող է թվարկել 3, 13. 103, 1003 խնդիր, բայց ոչ մի խնդիր չի կարող լուծել՝ ինչպես չէր լուծում առաջ, այնպես էլ չի լուծելու երբևէ: ՈՒ դա ողբերգություն է՝ մարդու ու հասարակության, որ մեկընդմիշտ մարդուն գցում է լուսանցք ու թույլ չի տալիս ինքնարտահայտվել՝ առաջին սխալից հետո: 1999-2000՝ հազարամյակից հազարամյակ Վազգեն Մանուկյանը ԱԺՄ համագումար էր անում ու կուսակցությունը վերականգնելու խնդիր էր դրել: Ապարդյուն: Մի քանի օր առաջ նա հայտարարեց, որ 2020-ի գարնանը կուսակցությունը վերականգնելու է, դա էլ կդառնա վերադարձ քաղաքականություն: Ինչու՞ և ու՞ր: Ո՞վ է լինելու նրա կուսակցության անդամը: Համենայն դեպս՝ արժի գոնե մեկ անգամ այս հարցով խորհրդակցել Վարդան Օսկանյանի հետ: Փողը գաղափար չի դառնում:
Իսկ ընդհանրապես՝ «Վերնատունը» հասարակական-քաղաքական ակումբ է, այնքան ակումբներ են եղել, մի ժամանակ նույնիսկ նախկին վարչապետերի ակումբ կար: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Թումանյանն է ափսոս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ԱԺ-ն քննարկում էր 2020-ի պետբյուջեի նախագիծը: 2020-ին նախատեսվում է 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ եկամուտ, 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս, տնտեսական աճը՝ 4,9 %: ԼՀԿ+ԲՀԿ-ն պնդում էր, որ նախագիծը հեղափոխական չէ, ինչպես որակում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, պահպանողական է, իներցիոն: ՈՒ նրանք ճիշտ են: Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ: Աժ-ում նա հայտարարեց. «2018-ին հեղափոխության շրջանում, երբ դեռ ՀՀ վարչապետ չէի, հրապարակային հայտարարել եմ՝ 1-2 տարում ՀՀ բյուջեն կարող է և պետք է ավելանա 30-35-ով: 2020-ի պետական բյուջեում եկամտային մասը 2018-ի համեմատ գերազանցում է 27,4 %-ով, եթե սրան գումարենք նաև 2018-ի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները` 62 մլրդ, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 %: Իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք հարկային օրենսգրքի փոփոխության, պարտադիր կենսաթոշակի արդյունքում, աճը կազմում է 35 %»՝ սա պատասխանն է հարցի՝ բյուջեն հեղափոխակա՞ն է: «Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստում էր, որը հնչեցրել եմ»,- ասաց նա: Եվ որովհետև ավանդույթ է, որ պիտի նաև սպառնա՝ թվերից ու տոկոսներից հետո ինքն իրեն հարցրեց՝ հեղափոխականը պոզով-պոչո՞վ է լինում ու իրեն ավելորդ հարցեր տվողներին՝ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը, նետեց. «Մարդ ասելով ու՞մ նկատի ունեն ոմանք: Այդպես ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենան»: Իմացա՞ք: Դե գնացեք «Վերնատուն», ԼՀԿ+ԲՀԿ, ու այլք ներկա նախկիններ: