Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԲՀԿ-ն ընդդիմությու՞ն է դառնում

ԲՀԿ-ն ընդդիմությու՞ն է դառնում
04.10.2019 | 11:47

Երեկվա քաղաքական-քրեական լրահոսի հերոսը պիտի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լիներ՝ Աժ-ում նրա պաշտոնանկության հարցի քննության բերումով, մանավանդ իր հարցազրույցից հետո, բայց իրադարձությունները պտտվեցին ոչ միայն նրա անձի ու պաշտոնի շուրջ, այլև՝ ԲՀԿ-ի: Ավելի ճիշտ՝ խորհրդարանում ԲՀԿ-ի դիրքավորման: «Իմ քայլը», չգիտես ինչու, ակնկալում էր, որ այս հարցում խորհրդարանը լինելու է միասնական «ոչի» մեջ: «Իմ քայլ» +ԼՀԿ տանդեմը կայացավ, ԲՀԿ-ն չմիացավ: Հոկտեմբերի 1-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աժ-ում ասաց. «Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել», «Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ։ Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - բացատրեց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում: Իհարկե, նա համեստություն էր անում: Լավ էլ ամեն ինչ տեսնում է ու հետևանքներն էլ հաշվարկում: ԲՀԿ-ն հայտարարում է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, բայց ՔՊ-ն բոյկոտ ու դեմարշ է գնահատելու: «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը՝ երեկ վերածվեց ՔՊ-ԲՀԿ հրաձգության՝ ԼՀԿ-ի լուռ քմծիծաղի տակ: Ինչու՞: 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններով ՔՊ-ն ստացել է բավարար ձայներ՝ իր ցանկացած որոշումը միայնակ ընդունելու համար: Խնդիրը քաղաքական է՝ ՔՊ-ին պետք էր ներկայացնել բացարձակ միակամություն այս հարցում, երբ բոլորը ձայն են խնդրում ու ասում են՝ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ու՝ վերջ: Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, որոնց մասին մամուլը երկար ժամանակ գրում էր, միայն բիզնես ներդրումներին նվիրված չեն եղել, Հրայր Թովմասյանի պայծառ անձի հարցն էլ է քննարկվել, բայց կոնսենսուս չի գտնվել: ՔՊ-ն կարող է հայտարարել, որ Ծառուկյանը ժողովրդի կողքին չի կանգնում, որովհետև ինքը ժողովուրդն է, Ծառուկյանն էլ իր խմբակցությունով կարող է հայտարարել, որ իրավաբաններն ուսումնասիրել են, և նախագիծը իրավական առումով հիմնազուրկ է, մերկ. հարցի լուծումը խորհրդարանական մասով նախատեսված չէ, և հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել նախաձեռնության քվեարկությանն ընդհանրապես՝ ինչպես Իվետա Տոնոյանն ասաց: Կամ՝ «Մենք ունենք պատասխան, թե ինչու չենք մասնակցում քվեարկությանը, բայց եթե հանկարծ այս փաստաթղթը չաշխատեց, դուք ունե՞ք պատասխան»՝ ինչպես Արման Աբովյանն ասաց: Բայց ՔՊ-ն ոչ մի դեպքում չի կարող ասել, որ ԲՀԿ-ի որոշումը քաղաքական չէ: Հենց էլ քաղաքական է, որովհետև երբ քաղաքական երկրորդ ուժը չի քվեարկում, «Իմ քայլը» մնում է մենակ իր քայլի պատասխանատվության հետ: ԼՀԿ-ն ընդամենը ուղեկից է այս հարցում:


Այսօր ԱԺ-ն քվեարկելու է ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Ամենայն հավանականությամբ՝ հավաքելու է անհրաժեշտ ձայները, բայց դա միայն առաջին արարն է, իսկ ի՞նչ է անելու Սահմանադրական դատարանը: Ճգնաժամը՝ ճգնաժամ, բայց լուծումը ոչ Հրայր Թովմասյանի հեռանալով է տրվելու, ոչ էլ նրա մնալով՝ հայտնի չէ՝ ինչպես ու ինչքան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ գուցե ԲՀԿ-ն դեմ է, որովհետև հասկանում է, որ ՍԴ-ից հետո ՔՊ-ն «անցյալի մնացուկ» է համարելու իրեն: Համենայն դեպս՝ հարվածի տակ է լինելու Գագիկ Ծառուկյանի ֆինանսական կայսրությունը, ու ԲՀԿ-ն որոշել է մարտն ընդունել:
Հոկտեմբերը հոկտեմբեր է՝ 2018-ին, թե 2019-ին: Գուցե իսկապես ԲՀԿ-ն ծուղակի մեջ է ընկել՝ ինչպես հայտարարեց ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Բայց այդ դեպքում ծուղակում են բոլորը, որովհետև Հայաստանի Հանրապետությանը պետք է անկախ դատարան, ոչ թե ՀՀԿ-ից ՔՊ-ի ենթակայության տակ անցնող:

Դիտվել է՝ 4345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ