Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նոր խոսք՝ զենքի վաճառքի մեջ

Նոր խոսք՝ զենքի վաճառքի մեջ
13.09.2019 | 12:03

Երեկ Երևանում ՀԱՊԿ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստն էր: Պաշտոնական մասից զատ հարցազրույցներ են տվել ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ու նորից ստացվում է, որ ռուս պաշտոնյաները Հայաստանում հարուցում են հակառուսական տրամադրություններ:


Յուրի Բորիսովին հարցրել են՝ կա՞ հնարավորություն, որ Ադրբեջանը ստանա ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ, ու նա պատասխանել է. «ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք ժամանակին մեկ ընտանիք ենք եղել: Մենք ընդհանուր շատ բան ունենք: Դա վերաբերում է նաև որոշակի հավասարակշռությանը, ասենք՝ բոլոր նախկին հանրապետությունների ռազմական ուժերի: Մենք վարում ենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն՝ կապված ՀԱՊԿ բոլոր երկրների և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետ»: Փաստացի՝ ՌԴ փոխվարչապետը բացարձակապես տեղյակ չէ, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Կամ՝ մենք տեղյակ չենք, որ ՌԴ ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանն է: Բորիսովը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ում որոշումը կայացվում է հավաքական: «Քննարկումներից հետո, եթե Կազմակերպությունը որոշում կայացնի նման անհրաժեշտության մասին, կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան», - ասաց Բորիսովը: Ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտություն սանձազերծմամբ, այլ օգնելու է հակամարտության կարգավորմանը: «Եվ դուք գիտեք, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը և, հատկապես, մեր նախագահը», - ասել է Բորիսովը:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ ոքի առաջ փակ չեն: «Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված նորմատիվ-իրավական դաշտից: Բոլոր որոշումները, մասնավորապես, այն, ինչ վերաբերում է անդամակցությանը, դիտորդությանը, գործընկերությանը, ընդունվում են կոնսենսուսով: Եթե մեկ անդամ պետության համաձայնություն չլինի, իհարկե, որոշում չի լինի», - ասել է Սեմերիկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությանը: Ըստ Սեմերիկովի՝ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է նման հնարավորության մասին՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ «մեր դռները ոչ մեկի համար փակ չեն»: «Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ դիտորդ, գործընկեր, սակայն կան որոշակի սահմանափակումներ, որոնք ամրագրված են նորմատիվային փաստաթղթերում», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: Այսինքն՝ ՌԴ երկու բարձրաստիճան պաշտոնյա հաստատել են, որ ՌԴ-ն կողմ է, որ Ադրբեջանը հայտնվի ՀԱՊԿ-ում:


Խորհրդարանն այս շաբաթ վավերացրեց Երկրորդ արձանագրությունը՝ ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որի համաձայն ՀԱՊԿ-ում ներդրվում են գործընկերության և դիտորդների ինստիտուտներ:
Երբ քննարկվում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը, որոնցից մեկով առաջարկվում էր ՀԱՊԿ-ում այլ պետության դիտորդից բարձր գործընկերոջ կարգավիճակ շնորհել, պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ ՀԱՊԿ-ում։
Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալ, Երևանը կազմակերպությունում կոնսենսուս չի ապահովի, այսինքն՝ Երևանը երբեք կողմ չի քվեարկի, որ Բաքուն որևէ կարգավիճակով ՀԱՊԿ մտնի: Սա աներկբա է, բայց փաստացի Երևանը նորից հայտնվելու է ՀԱՊԿ թիրախում, որտեղ բոլորը կողմ են լինելու, մենք՝ դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ամենազարմանալին՝ ինչու՞ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին հարցի պատասխանն էր՝ մինչդեռ Սեմերիկովը գլուխն ազատել է «Գիտեք, ես չեմ վաճառում զենքը», պատասխանով, Բորիսովը հայտարարել է՝ ՙՌուսաստանը զենք է վաճառում, որ պատերազմ չլինի՚։ Ցնցող տրամաբանություն ու, միանշանակ, նոր խոսք է այս պատմության մեջ: Փաստացի՝ ՌԴ փոխվարչապետը վստահ է, որ Բաքուն զենքը պահեստավորում է ու չի կիրառում, պարզապես ուզում է՝ պատերազմ չլինի: Սուրբ անմեղություն, եթե ոչ ցինիզմ:

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ