Երկուշաբթի այդ կազմակերպությունը կարող է նորից բացել դռները Ռուսաստանի առաջ, որի դեմ պատժամիջոցներ էին սահմանվել 2014-ից՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության պատճառով՝ գրում է Բենուա Վիտկինը Le Monde-ում: ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ, որ սկսվում է Ստրասբուրգում, հունիսի 24-ին, ՌԴ խորհրդարանը նշեց, որ իր պատվիրակությունը պատրաստ է միանալ վեհաժողովի նստաշրջանին մասնակցող 46 ազգային պատվիրակություններին: Ռուսաստանի պատվիրակության իրավասությունների վերականգնումը ԵԽԽՎ-ում, կարծես, կասկածներ չի հարուցում՝ այդ փոքրիկ հեղափոխության ոչ կողմնակիցների, ոչ հակառակորդների մեջ: Կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության քվեարկությունը՝ լիազորությունների ավարտի պատճառով, նույնիսկ մեկ օրով հետաձգվել է և կայանալու է հունիսի 26-ին, որ ապահովվի ՌԴ պատվիրակության մասնակցությունը: ՌԴ-ի դեմ ԵԽԽՎ պատժամիջոցները՝ չունենաով տնտեսական բաղադրիչ, նվազ վնաս են պատճառում, քան այլ կազմակերպություններինն ու մայրաքաղաքներինը, մասնավորապես՝ Վաշինգտոնի ու Բրյուսելի: Սակայն ԵԽԽՎ պատժամիջոցների հնարավոր բեկանումը ունի սիմվոլիկ մեծ նշանակություն և այդ քայլի հակառակորդների կարծիքով՝ կարող է վտանգավոր նախադեպ դառնալ և առավելևս անհանգստացնող է, որովհետև Եվրոպայի Խորհուրդը, որտեղ հանդիպում են 47 ազգային խորհրդարանների պատվիրակներ, իր գլխավոր խնդիրն է համարում մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը: ՌԴ պատվիրակության վերականգնման նախորդ փորձերը անցյալում ձախողվել են, բայց վերջին շաբաթներին ուժերի հարաբերակցությունը փոխվեց՝ հատկապես Գերմանիայի ու Ֆրանսիայի համատեղ գործողություններով:
Սակայն առաջին հերթին իր արդյունքներն է քաղում Մոսկվայի քաղաքականությունը: 2016-ից Կրեմլը դադարեց իր պատվիրակերին ուղարկել Ստրասբուրգ, իսկ հետո դադարեցրեց նաև իր անդամակցության տարեկան վճարները (33 միլիոն եվրո, այսինքն՝ բյուջեի 7%)՝ Եվրոպայի Խորհրդին դնելով դժվար կացության մեջ: Կրեմլը նաև պարբերաբար սպառնում է, որ ընդհանրապես դուրս կգա կազմակերպությունից, որ կզրկի ՌԴ 144 միլիոն քաղաքացիներին ՄԻԵԴ-ում պաշտպանության իրավունքից: Թեպետ Մոսկվան հազվադեպ է կատարում ՄԻԵԴ-ի վճիռները, եվրոպական դատարանը մնում է վերջին ատյանը շատ ռուսաստանցիների համար: 20 տարում ՄԻԵԴ-ը 160 000 հայց է ստացել ՌԴ-ի դեմ և բազում հնչեղ գործերի թվում, ընդունել է ընդդիմադիրների, օրինակ, Ալեքսեյ Նավալնու, իրավացիությունը կամ Pussy Riot-ի: «Նպատակն է, որ Եվրոպայի Խորհուրդը՝ Եվրոպայի մեծագույն բազմակողմանի կառույցը, նորից կարողանա լիարժեք աշխատել, չլինելով աշխարհաքաղաքական բանավեճերի պատանդ: Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չենք, Ուկրաինայի կոնֆլիկտը մենք չենք լուծելու: Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդում, չպետք է դիտարկել իբրև ֆրանսիական կամ գերմանական շեղումների դրսևորում հօգուտ Ռուսաստանի»՝ գտնում է ԵԽԽՎ-ում ֆրանսիական դոսիեն վարող, Ֆրանսիայի ԱԳՆ-ում եվրոպական գործերի պետքարտուղար Ամելի Մոնտշալինը: Ֆրանսիան հիմա նախագահում է ԵԽԽՎ-ում:
Բենուա Վիտկին, Le Monde
Հ.Գ. Եթե ՌԴ պատվիրակության իրավունքները ԵԽԽՎ-ում վերականգնվեն, համաեվրոպական սառույցը կկոտրվի՝ սիմվոլիկ նշանակությունը դա է, իսկ հետո արդեն Բրյուսելը կսկսի քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու հարցը՝ մաս-մաս՝ ուղիղ հարաբերական ԱՄՆ-ի հետ ԵՄ հարաբերությունների վատացմանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ