Երաժշտական աշխարհում հազարավոր անեկդոտներ կան… դիրիժորների մասին: Ավելի շատ` մեներգիչների: Ավելի շատ` կոմպոզիտորների: Երաժիշտները ուրախ մարդիկ են: Հումորի անսպառ զգացումով ինչպես անսպառ է երաժշտությունը, թեպետ ունի-չունի` 7 նոտա ունի: Անհայտ մի դիրիժոր, օրինակ, ասել է իր երաժիշտներին. «Էս ձեզ համար սիմֆոնիկ նվագախումբ չէ` ամբոխի մեջ չես թաքնվի, մաքուր պիտի նվագես»:
Մաքուր նվագելու պահանջը մեր օրերին արտառոց է` ֆալշը հաղթում է: Արդեն մեկ է` ո՞վ ու՞մ դուդուկի տակ է պարում, ո՞վ ու՞մ է երաժշտություն պատվիրում և ո՞վ է հաշիվը փակում: Մեկ է` ֆալշ է: Երբ բոլորը երաժիշտ են, ոչ թե երաժշտություն է ծնվում, այլ կակաֆոնիա:
Անցյալ շաբաթ Հայաստանում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Երկարատև այցից սոսկ 2 հանդիպում լուսաբանվեց` նախագահի ու վարչապետի հետ: Թեպետ պարզ է, որ եղել են այլ հանդիպումներ ևս: Եվ Հ1-ով հեռարձակվեց մի հարցազրույց, որի հարցերը, մեղմ ասած, սխալ հասցեով էին: Հ1-ը և որևէ հեռուստաալիք նման հարցեր երբեք չեն ուղղել Ամենայն հայոց կաթողիկոսին, հարցեր, որոնց միակ ու իրական հասցեատերը հենց նա է: Համենայն դեպս հիշեցնեմ` Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին մեկ ամբողջական միություն է, բարձրագույն հոգևոր պետը Ամենայն հայոց կաթողիկոսն է` Սուրբ Էջմիածին կաթողիկոսական նստավայրով։ Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական 4 աթոռ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն։ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության, 3 աթոռների նկատմամբ նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն հայոց Կաթողիկոսը հաջորդն ու ժառանգորդն է Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի:
Բացի նվիրապետական 4 աթոռներից տարբեր երկրներում կան թեմեր, որ ունեն թեմակալ առաջնորդներ։ Թեմերի մեծ մասը (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Բուլղարիա, Արգենտինա, Բրազիլիա, Ավստրալիա, Թուրքիա և այլուր) գործում է Ամենայն հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական թեմերը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո են։ Հարց` եթե Հայաստանում իշխանության թեթև ձեռքով սկսվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների նոր իրավակարգի սահմանում, ինչու՞ է գործընթացին մասնակցում միայն Արամ Առաջինը: Եթե գործընթացը չի հասունացել այնքան, որ ինչ-որ որոշում լինի, որը հնարավոր է առաջարկել համաեկեղեցական քննարկման, Արամ Առաջինը ի՞նչ կապ ունի: Ինչու՞ են նվիրապետական աթոռների միջև ստեղծվում դիրքային անհավասարության նախադեպեր: Լավ իմանալով 1461-ին հիմնադրված Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի անգործունակ վիճակն ու պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գործի ու անձի վերաբերյալ վերապահումները, 638-ին հիմնադրված Երուսաղեմի հայոց պատրիարքության պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի խնդրահարույց նամակները, այնուամենայնիվ, Հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է ու Մայր աթոռ սուրբ Էջմիածնին վերաբերող որևէ որոշում անդրադառնալու է ամբողջ կառույցի վրա:
Մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց աշխատանքային խմբի ստեղծման մասին, կառավարությունն ու Հայ առաքելական եկեղեցին պետք է քննարկեն եկեղեցի-պետություն հարաբերության հեռանկարը, ներկայացնեն արդիականացման նախաձեռնություններ: Սա այն դեպքն է, երբ բառերի հետ խաղը չի ընկալվում: Եկեղեցին մեքենա չէ, որ արդիականացնես ու հեռանկար նկարես: Օբյեկտիվորեն` եկեղեցին պետություն է պետության մեջ: Ցանկացած երկրում: Առավել ևս` Հայաստանում: Հայ առաքելական եկեղեցին իրականում սփյուռքի առաջին նախարարությունն է եղել ու կա, որ լուծում է հայի ինքնության, հայկական մշակույթի ու հայերենի պաշտպանության հարցերը: Հիմա` առավել ևս: ՈՒ` ի՞նչ: Երբևէ Հայաստանում գիտակցվե՞լ է եկեղեցու այս դերն ու նշանակությունը: Ցավոք` ոչ: Գերմանիայում, օրինակ, սահմանված է եկեղեցական հարկ (Kirchensteuer), որ գանձում են կրոնական համայնքները հավատացյալներից ու օգտագործում համայնքի ծախսերի համար: Հարկը հավատացյալի եկամուտի 2-3 %-ն է և արձանագրված է Գերմանիայի Սահմանադրության մեջ: Կաթոլիկներից ու բողոքականներից բացի այս հարկը չի վերաբերում մյուս եկեղեցիներին: Գերմանիայի բնակչության 30 %-ը կաթոլիկ է, 29 %-ը` բողոքական: 48 միլիոն մարդ հարկ է վճարում` հավատացյալների 65 %-ը: Երեխաները, թոշակառուները, ցածր եկամուտ ունեցողները հարկից ազատված են:
Ամեն տարի հավաքվում է մոտ 10 միլիարդ եվրո: 1803-ից պետությունը վճարում է հոգևորականների աշխատավարձը և ընթացիկ ծախսերը (տուն, մեքենա և այլն)` իբրև փոխհատուցում եկեղեցական ունեցվածքի բռնագրավման 18-րդ դարում: Սա` լիկբեզ, եթե պատճենել ենք Գերմանիայի Սահմանադրությունը, արժի տեղյակ լինել եկեղեցի-պետություն իրավահարաբերություններին: Եվ` պետությունը բացարձակապես չի խառնվում եկեղեցու ներքին կյանքին` ընտրություններ, նշանակումներ, դպրոցների ու հիվանդանոցների հիմնում ու սպասարկում: Դիրիժորները երաժիշտներին հաճախ են հիշեցնում. «Ձևացրեք, որ երաժիշտ եք, ոչ թե երկաթի կտորներով տխմարներ»: Եվ` կարգին նվագախմբերում ընդունված չէ աչքերը չռել դիրիժորի վրա:
ՈՒրբաթ օրը մարտի 1-ն է: 2008-ից Հայաստանում փետրվարի վերջն ու մարտի սկիզբը միայն գարնան գալուստը չեն ավետում: 11 տարի այդ օրը ողբերգական իրադարձությունների տարելից է, իրադարձություններ, որոնց զոհ գնաց 10 մարդ: 10 տարի հանցագործությունը մնաց չբացահայտված, ու մարտի 1-ի էջը համարվում էր փակված: Մենք ընտելացել ենք այդ իրադարձությունների գերքաղաքականացմանը, և, կարծես, բթացել է քաղաքականության ու հանցագործության տարանջատման պահանջը: Մինչդեռ տեղի է ունեցել հանցագործություն, որի բացահայտումը ոչ թե հասարակության, քաղաքական գործիչների, այլ իրավապահների գործն է: Հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը իրավացիորեն վերաբացվեց` վերածնելով ոճրագործության վերջնական բացահայտման ու օրենքի սահմաններում մեղավորների պատժի հույսերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ գործը բացահայտված է: Թեպետ նման հայտարարությունը հակասում է պնդմանը, որ իրավապահների գործերին չի խառնվում: Աղմկահարույց պաշտոնանկություններից ու ձերբակալություններից հետո, գաղտնիությամբ պայմանավորված` անհայտ է, թե հետաքննությունը ի՞նչ հաջողությունների է հասել` կոնկրետ սպանությունների գործով: Դա ամենակարևորն է ոչ միայն սպանվածների հարազատների համար, այլև ամբողջ հանրության, որ 11 տարի առաջ շոկի մեջ էր և իրավունք ունի ոչ միայն բացահայտում ակնկալել, այլև մեղավորների պատիժ` իբրև երաշխիք, որ մարտի 1 Հայաստանում այլևս երբեք չի լինի` պետությունն այլևս երբեք չի կրակի և մեղքը չի բարդի իր քաղաքացիների վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարելիցին կլինի քաղաքացիական հզոր երթ՝ Ազատության հրապարակից Մյասնիկյանի արձան` «Երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի և ապօրինությունների» և ինքը ուղերձով դիմելու է ժողովրդին: Անցած տարիներին դեպի Մյասնիկյանի արձան բազում երթեր են եղել: Բնականաբար` ընդդդիմությունն է հիշել ու հարգել զոհվածների հիշատակը: Հեղափոխությունից հետո առաջին անգամ է մարտի 1-ը նշվում և հասկանալի չէ վարչապետի «քաղաքացիական հզոր երթ» կազմակերպելու պատճառը: Պարզ է, որ երթի նպատակը ոչ միայն զոհերի հիշատակը հարգելն է, այլև ողջերին ուղերձներ հղելը: Ի՞նչ ուղերձ: Որ Հայաստանում հեղափոխությու՞ն է եղել: Որ այլևս երբեք ընտրություններ չե՞ն կեղծվելու: Որ մեղավորները պիտի պատժվե՞ն: Բայց դա ասված է բազմիցս: Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը` իբրև արձագանք վարչապետի կոչին, ոչ թե նրանց, այլ իբրև պաշտոնական հայտարարություն է հնչում. «Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` Մարտի 1-ի զոհերի հարազատներիս, հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ և պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսևորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը»: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել` ինչո՞վ է պետական մակարդակով կազմակերպված երթը ոճրագործության բացահայտման քայլ դառնալու: Քայլելիս` պայծառատե՞ս են դառնալու ու ամեն ինչ պարզելու՞ են: Թե՞ երթի հզորությունից ցնցված` Ռոբերտ Քոչարյանը դադարելու է պնդել, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, ու` մեղքը ուրիշների վրա գցել: Միայն Ռոբերտ Քոչարյա՞նն է մեղավոր: Իսկ մյուսնե՞րը: Վերջապես` ե՞րբ են ավարտվելու հետաքննությունները, ու ե՞րբ է սկսվելու դատավարությունը: Ստացվում է` 2019-ի մարտի 1-ին էլ հարցերը շատ են պատասխաններից: Հմուտ դիրիժորներն ասում են` եթե ինչ-որ մեկը ֆալշ է նվագել, կարևոր է, որ մեղադրական հայացքով արագ հարևանին նայի, ու հավելում են` մի խեղդվեք ձեր սեփական տաղանդի մեջ:
Տաղանդի հիշատակումն ավելի շատ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Լցվեց նրա համբերության բաժակը ու թափվեց` երկարատև ու մանրակրկիտ խոսքի տեսքով: Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց վարչապետից սահմանազատվել` «Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով»։ ՈՒնի՞ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության կարիք: Եվ իսկապե՞ս առաջին նախագահի խոսքը ինքնապաշտպանություն չէ: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հերքումով ավելի շատ հաստատեց իր ու Փաշինյանի հոգեհարազատությունը, հարց դարձնելով` ինչու՞ է ժխտում, ու՞մ համար է հոգեհարազատությունը վտանգ` իր ու ՀԱԿ-ի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի: Արձանագրելով, որ ոչ մի հարցում համաձայնություն չունի վարչապետի հետ` Ղարաբաղի հարցում Փաշինյանը չունի որոշակի ծրագիր, Սահմանադրության փոփոխության և կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնմանը դեմ է, Լևոն Տեր-Պետրոսյանն անում է կողմնակալ պնդում. «Եթե Սահմանադրությունը չփոխվեր և անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, քոչարյանա-սարգսյանական վարչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միևնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր և գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել»։ Սա վկայում է կնքահոր չափազանց սերն ու գուրգուրանքը քաղաքական հոգեզավակի նկատմամբ: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի՞ց, թե՞ ինքն իրենից ու ՀԱԿ-ից, որ ծնվել է իր պատկերով ու նմանությամբ, բայց հայտնի պահին հոգեզավակները կերան արգելված պտուղն ու ինքնակամ հեռացան դրախտից` գաղափարական տարաձայնությունների պատճառով: Դեռ ոչինչ չի հաստատել, որ ճիշտը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստացի` ՀՀ 3 նախագահների էջը Հայաստանում չի փակվում. նրանք շարունակում են գործել ու ներգործել քաղաքական դաշտի վրա ու հասարակության կյանքում: Հայտնի դիրիժորներից մեկը զայրացած դիմել է առաջին ջութակին. «Ինչու՞ ես այդքան համառ փորձում նվագել, երբ ես սկսում եմ չափ տալ»: Հարցը մեր պարագայում քաղաքական է: «Դուք շատ գեղեցիկ և ուժեղ ձեռքեր ունեք, գործիքը դրեք ու խեղդեք ձեզ` մի ծաղրեք երաժշտությունը», չասեմ, չէ՞, որ դիրիժոր է ասել: