-Սըր, պե՞տք է, որ այսօր Լոնդոնում անձրև գա,- երեքշաբթի առավոտյան հարցրեց Մեծ Բրիտանիայի գլխավոր օդերևութաբանը վարչապետ ՈՒինսթոն Չերչիլին:
-Օ, իհարկե ոչ: Վաղը Համայնքների պալատում պատասխանելու եմ պատգամավորների հարցերին, չեմ ուզում թթված դեմքեր տեսնել: Անձրև թող գա հինգշաբթի օրը, սըր,- պատասխանեց Չերչիլն ու գնաց նախաճաշելու:
Սա անգլիական հումոր չէ: Ոչ էլ պատմական անեկդոտ: Հետահայաց անդրադարձ չէ հայկական ամենախնդրահարույց թեմային` ո՞վ պետք է իր հովանոցը անձամբ պահի իր վերևում` անձրևի ժամանակ և ո՞վ պետք է հովանոցը անձրևի ժամանակ պահի ուրիշի գլխավերևում: ՈՒ` ովքեր են այդ «ուրիշները»: Մեծ Բրիտանիայի թագուհին իր հովանոցը ուրիշին չի վստահում: Ոչ էլ Համայնքների պալատի կամ Լորդերի պալատի նախագահն է վերարկուն ուրիշին տալիս, նրանք այնքան ազդեցիկ են ինքնին, որ ո՞վ է իրենց վերարկու հագցնում կամ հանում հարցի պատասխանով չեն կարևորում պաշտոնն ու անձը: Նրանք այդ մանրուքներին ուշադրություն էլ չեն դարձնում: Փոխարենը կարևորում են գործը: Այնքան են կարևորում, որ 2016-ին հանրաքվեում որոշելով, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է գալիս, 2019-ի փետրվարի 15-ին դեռ չգիտեն` դու՞րս են գալիս, թե՞ նոր հանրաքվե են անում: Սա համենայն դեպս:
Սըր ՈՒինսթոն Չերչիլին պատկերացրեք հեռուստացույցի առաջ` ՀՀ կառավարության ծրագիրը ԱԺ-ին ներկայացնելիս: Ինչպե՞ս էր Մեծ Բրիտանիայի վարչապետը գնահատելու ՀՀ վարչապետի ելույթն ու հարցուպատասխանը: Սիգարի ծուխն ու հայկական կոնյակի գավաթը համարեք ինտերիերի մաս: Եվ վարչապետի քարտուղարին` չեզոք զրուցակից, որ միանգամայն անտարբեր է Հայաստանի նկատմամբ, բայց ի պաշտոնե չի կարող անտարբեր լինել սըր ՈՒինսթոնի տեսակետների նկատմամբ: Անվանենք նրան Գարի:
-Սըր Գարի, ի՞նչ է ՀԴՄ-ն, որ սըր Փաշինյանն այդքան կարևորում է ու կապում է Հայաստանում գործունեության բոլոր տեսակների հետ:
-Սըր, կտրոն է, երբ գնում եք խանութ ու սիգար եք գնում, Ձեզ սիգարի ու դրամի մնացորդի հետ կտրոն են տալիս, որ հավաստում է Ձեր գնումի փաստը:
-Իսկ հետո ի՞նչ է լինում այդ կտրոնի հետ:
-Ձեզ համար` ոչինչ, կարող եք աղբարկղը նետել, իսկ վաճառողի համար արձանագրվում է ապրանքի վաճառքը:
-Ընդամե՞նը:
-Ընդամենը, սըր:
-Ինչու՞ են հայերը այդքան վախենում այդ կտրոնից:
-Չգիտեմ, սըր, երևի փորձում են վաճառքի իրական ծավալները թաքցնել, որ հարկեր չվճարեն:
-Գարի, նրանք հիմա՞ր են, որտեղի՞ց են ձևավորվում նրանց բյուջեի եկամուտները: Մի՞թե չեն ուզում, որ կենսամակարդակը բարձրանա, արտադրություն զարգանա, նոր աշխատատեղեր ստեղծվեն, աշխատավարձ բարձրանա…
-ՈՒզում են, սըր: Անցյալ շաբաթ Ֆորին օֆիսի զեկույցում նշված էր, որ նրանք կաշկանդված են ԵԱՏՄ-ի պատճառով:
-Գարի, ի՞նչ է ԵԱՏՄ-ն:
-Տնտեսական կառույց է, սըր, Պուտինն է ստեղծել, երբ Բրյուսելը մերժեց ԵՄ-ին միանալը, նա սեփական խաղալիք ստեղծեց, որ ԽՍՀՄ-ը հավաքի մի տարածքում:
-Գարի, բայց երբ Բրյուսելը սխալվում է, լավ է սխալվում ու չի էլ փորձում ուղղել: Իսկ Ֆորին օֆիսը ԵԱՏՄ-ի համար ի՞նչ կանխատեսում ունի:
-Սըր, Ֆորին օֆիսի գնահատականով, որին համաձայն է և ֆինանսների նախարարությունը, իրականում քաղաքական միություն է ու տնտեսական բաղադրիչը չնչին է: Նրանք անընդհատ բանավիճում են միմյանց հետ, չունեն միասնական տնտեսական ու ֆինանսական քաղաքականություն, անհիմն բարձր են մաքսատուրքերը, որ ապրանքներն անմրցունակ են դարձնում: Փորձում են միասնական դրամական միավորի անցնել, բայց դա բոլորին սնանկացնելու է, որովհետև տնտեսական շատ անհավասար պայմաններում են:
-Գարի, սըր Փաշինյանի ինչի՞ն է պետք ԵԱՏՄ-ն:
-Պետք չէ: Նա մի քանի տարի առաջ, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, դեմ էր, բայց հիմա ստիպված կողմ է, որովհետև տեսնում է, որ բարեկամները շատ չեն, իսկ դուրս գալու դեպքում շատանալու են թշնամիները: Ֆորին օֆիսը Ձեզ ուղարկած հաշվետվության մեջ նշել էր, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք Հայաստանին. Հարավային Կովկասում մեր ռեալ քաղաքականությունը անորոշ է` ներդրումներ չենք անում, կոնֆլիկտների հարցում հստակ կողմնորոշում չունենք, ԵՄ-ի ընդհանուր հայտարարություններից դուրս չենք գալիս ու հիմա, երբ ԵՄ-ից դուրս ենք գալիս, պետք է մեր քաղաքականությունը որոշակիացնենք:
-Գարի, երկուշաբթի օրվա համար նշեք` ԱԳ նախարարի զեկույցն եմ ուզում լսել Հայաստանի մասով: Կարո՞ղ եք ասել` ինչու՞ է սըր Փաշինյանը կարծում, որ էներգետիկ անկախությունը միայն ռուսական գազի գնի հետ է կապվում, Հայաստանում չկա՞ն մասնագետներ: Նրանք, կարծեմ, ատոմակայան ունեն:
-ՈՒնեն, սըր, 20-րդ դարում կառուցված: Նորն էին ուզում կառուցել, ֆրանսիացիներն էլ պատրաստ էին ֆինանսավորել, չինացիներն էլ հետաքրքրված էին, բայց Պուտինը չթողեց: Նա ուզում է, որ Հայաստանը կախված մնա «Գազպրոմից»:
-Գարի, ինչու՞ հայերը չեն օգտագործում Իրանի գազը: Այաթոլաները գինը չե՞ն իջեցնում:
-Սըր, բարդ հարց է: Այաթոլաները խառն են, առաջ իրենք էին առաջարկում, հիմա նրանց տնտեսական վիճակն էլ ծանր է, բայց Հայաստանի օգտագործած գազի ծավալն այնքան քիչ է, որ կարող էին 1000 խորանարդ մետրը 100 դոլարով Հայաստանին վաճառել, եթե չլինեին Մոսկվայի հետ հաշիվները: Նրանք տարբեր նախագծեր ունեն ռուսների հետ ու հայերին վաճառելիք գազի գինը այդ նախագծերի համեմատ այնքան կարևոր չէ, որ Պուտինին զայրացնեն: Հայերն էլ առանձնապես ջանքեր չեն գործադրում: Ֆորին օֆիսի զեկույցով` փետրվարի վերջին սըր Փաշինյանը Թեհրան է մեկնում և այդ հարցը քննարկվելու է:
-Գարի, ինչու՞ հայերը չեն ցանկանում ատոմային էներգիայի և կանաչ էներգիայի հարցերով զբաղվել: Նրանք նավթ ու գազ չունեն, բայց ունեն արևի և քամու էներգիայի բնական ռեսուրսներ և ատոմային էներգետիկան զարգացնելու առավելությունը, որ տարածաշրջանում ոչ ոք չունի: Ինչու՞ ուշադրություն չեն դարձնում ձրի ունեցածին ու ընկնում են ռուսների թանկ գազի հետևից: Նրանք չե՞ն կարող գոնե այդ հարցերն ինքնուրույն լուծել:
-Չգիտեմ, սըր, գուցե վախենում են, որ մի տեղ կշահեն, մի տեղ կկորցնեն:
-Գարի, ի՞նչ եք ակնարկում:
-Անվտանգությունը, սըր, անվտանգությունը: Նրանք դեռ չավարտված պատերազմի վիճակում են հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Մյուս կողմից էլ` Էրդողանն է, որ փակ է պահում սահմանները Հայաստանի հետ ու չի ճանաչում 1915-ի ցեղասպանությունը:
-Գարի, ես եղել եմ Գալիպոլիում, մի հիշեցրեք ինձ իմ միակ պարտությունը:
-Դուք շատ երիտասարդ էիք, սըր, դուք պատրաստ չէիք դավաճանության:
-Դավաճանության ոչ ոք պատրաստ չի լինում, Գարի, թեպետ դավաճանությունը և քաղաքականությունը սիամական երկվորյակներ են: Ես 40 տարեկան էի ու արդեն անցել էի անգլոբուրական, աֆրիկական ու էլի մի քանի պատերազմների միջով: Ես սկսնակ չէի: Ինձ թվում է` ես երբեք իմ կյանքում սկսնակ չեմ եղել, այդպե՞ս է, Գարի:
-Ոչ, սըր:
-Ո՞չ, Գարի: Իսկ սըր Փաշինյանը նույնպե՞ս լրագրող է եղել:
-Այո, սըր, նա ևս գիրք է գրել` ինչ-որ հակառակ կողմի մասին:
-Այո՞: Հիշեք, Գարի, չի բացառվում, որ նրան ևս գրականության Նոբելյան մրցանակ տան, ինչպես ինձ` 1953-ին, իմ միակ գրքի համար` «Սավրոլա» վեպի, որ ես էլ չեմ հիշում, իմ մրցակիցը Էռնեստ Հեմինգուեյն էր:
-Սըր, Հեմինգուեյին Նոբելյան մրցանակ տվեցին 1954-ին, շվեդները միշտ էլ կողմնակալ են: Համենայն դեպս` գրականության հարցում: Հետո` դուք այդքան գրքեր եք գրել:
-Մի շողոքորթեք, Գարի, ես իմ արժեքը գիտեմ: Իսկ սըր Փաշինյանը պատրա՞ստ է պատերազմի Էրդողանի հետ:
-Ֆորին օֆիսն ասում է` Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվի, դա ռուսներն են հնարում, Ալիևը ուզում է, բայց Ալիևն էլ չի հարձակվի, հայերը խելագար են, ոչ ոք չի կարող ասել` ի՞նչ կլինի պատերազմի ելքը: Սըր, Ֆորին օֆիսի գաղտնի փաստաթղթերում նաև ասվում է, որ հայերը…
-Գարի, Դուք գաղտնիք պահել չգիտեք:
-Գիտեմ, սըր, ուզում եմ հիշեցնել:
-Գարի, ես այնքան գաղտնիքներ գիտեմ, որ աշխարհը կպայթեր, եթե կեսը հայտնի դարձնեի: Դուք ինձ կարո՞ղ եք ասել` ո՞րն է այս երիտասարդի հաջողության հիմքը:
-Պոպուլիզմը, սըր։ Մենք` անգլիացիներս այդ հասկացությունը քաղաքականության մեջ չենք օգտագործում, բայց աշխարհում տարածված հասկացություն է` ժողովուրդ: Մենք ասում ենք ազգ կամ մարդ, նրանք խոսում են ժողովրդի անունից ու ժողովրդին տալիս են խոստումներ, որ չեն կատարելու ու չեն կատարում, բայց ժողովուրդը հավատում է, որովհետև իսկապես ազգ չէ ու մարդիկ չկան: ՈՒ դա միայն Հայաստանին չի վերաբերում:
-Բայց նա ընտրություններում հաղթել է 82 տոկոս ձայներով, Գարի, դա տպավորիչ է:
-Այո, սըր, ժողովուրդը իր ընդհանրության մեջ պատրաստ չէր ընտրություններին, նրան չէին հետաքրքրում ընտրություններին մասնակից կուսակցությունների ծրագրերը, ծրագրերի կատարման հավանականությունը: Ժողովրդին պետք էր փրկիչ` հետխորհրդային տարածքում դա տարածված տեսակետ է:
-Գարի, դուք չե՞ք սխալվում` մեղադրելով մարդկանց, ում չեք ճանաչում:
-Չգիտեմ, սըր, ես ինձ թույլ տվեցի Ձեզ իմ անձնական կարծիքը ներկայացնել:
Դուռը բացվում է ու ներս է մտնում վարչապետի օգնականը.
-Սըր, թագուհին է զանգահարում, Ձեզ հրավիրում է պալատ` խորհրդակցության Համայնքների պալատում վաղվա քվեարկությունից առաջ:
-Հաղորդեք, որ մեկ ժամից կլինեմ: Գարի, դուք շարունակեք նայել, ուզում եմ իմանալ` այս երիտասարդը գիտի՞` ինչու՞ սպանեցին արքայազն Համլետին:
Սըր ՈՒինսթոնը գնում է թղթերը հավաքելու` Ելիզավետա Երկրորդի հետ հանդիպումից առաջ, իսկ մտքում կրկնում է. «Քաղաքական գործիչները մտածում են ընտրություններում հաղթելու մասին, իսկ պետական գործիչները` երկրի հեռանկարի: Ես պետական գործիչ եմ` քաղաքականությունը ինձ ձանձրացրել է»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացրի՞ք: Ո՞չ: Ես էլ: Բայց կարո՞ղ էր, չէ՞, լինել: Կարող էր հատկապես մի խորհրդարանի դեպքում, որտեղ խոսում են հեղափոխական հեղափոխության մասին, իսկ տնտեսականը պատկերացնում են անփող: 53 պատգամավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, ոչ մեկին չէր հետաքրքրում, թե ինչու՞ գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո հայտարարում էր, որ ԵԿՄ-ն պետք է լուծարել ու դարձնել վետերանների միություն, իսկ հիմա ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը, որ թավշե հեղափոխությունը Արցախի պատերազմում հաղթանակից վեր էր դասում, առաջադրվում է ԵԿՄ նախագահ: Ի՞նչը փոխվեց։ Հեղափոխությունը ավելի կարևո՞ր էր արցախյան ազատամարտից, որ 8000 քառակուսի կմ ազատագրած տարածք տվեց, 6025 զոհ ու 12000 վիրավոր։ Մի՞թե իսկապես ազգն ու մարդիկ ժողովուրդ չեն դառնում, ու ճիշտ են միայն people ու nation ունեցող անգլիացիները: