Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատես» հարաբերությունների վրա»

«Ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատես» հարաբերությունների վրա»
05.04.2013 | 02:43

Չինաստանի նոր առաջնորդ Սի Ցզինպինը պաշտոնակալությունից հետո իր առաջին արտերկրյա այցը կատարեց Ռուսաստան։ Ինչպես ընդգծում են Մոսկվայի և Պեկինի լրատվամիջոցները, դա վկայում է այն մասին, թե չինական ղեկավարությունն ինչ մեծ նշանակություն է տալիս իր խոշորագույն հարևանի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև, թե «այդ հարաբերություններն ինչ մակարդակ և ինչ առանձնահատուկ բնույթ ունեն»։ Իսկ «Սինhուա» գործակալությունն առանձնակի նկատել է, որ «այցը պատմական օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են երկու առաջատար տերությունները կառուցել բացառապես բարիդրացիության, հավասարության և փոխվստահության վրա հիմնված կայուն հարաբերություններ` առանց «հնաբույր» դաշինքների օգտագործման կամ երրորդ կողմի հետ դիմակայության»։

Հնարավոր է, որ այդ ճշգրտումն անհրաժեշտ էր, քանի որ գտնվեցին որոշ փորձագետներ, ովքեր համարում էին, թե առաջին այցի խորհրդանշականությունը հակակշիռ է ապահովում Արևմուտքին և «Ասիայում ԱՄՆ-ի գործողություններին»։ Սակայն փորձագիտական շրջանակներում կա նաև այլ կարծիք, համաձայն որի, առաջարկվում է հեռագնա հետևություններ չանել ռուս-չինական փոխգործակցության բացառիկության վերաբերյալ։ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի «Չինաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ալեքսեյ Մասլովը, օրինակ, կարծում է, որ Չինաստանը չի կարող առաջին այցը կատարել ասիական երկրներ, դա կարգավիճակի խախտում կլինի։ Առաջին այցն Արևմուտք նույնպես նպատակահարմար չէ, քանի որ երկրի ներսում կարող են մտածել, թե «իշխանություններն ընթանում են ամերիկյան քաղաքականության հունով»։ Այս առումով «Ռուսաստանն ամենալավ տարբերակն է», և այդ այցը Ռուսաստանի հասցեին ոչ մի ուղերձ չի պարունակում, պարզաբանում է փորձագետը։
Չինաստանը, ինչպես վայել է ամեն նորմալ պետության, իհարկե, լուծում է զուտ իր խնդիրները, իսկ հիացական մակդիրների շռայլանքը, թվում է, ոչ միայն տուրք է ռուսական իշխանության հիվանդագին ինքնասիրությանը, այլև չինական հին պատգամն է հիշեցնում. «Առատաձեռնությունն ամենահզոր զենքն է, քանի որ մարդ չկա, որ դրան դիմանա»։ Առավել ևս, որ այս անգամ չինացիները բացահայտ շռայլ են եղել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ինչպես գրում է ՉԺՀ-ի պետական խոսափող «Ժենմին ժիբաո» թերթը, «քանակի և որակի հավասարակշռությանը միտված տնտեսական փոխգործակցությունը, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ներդրումների բնագավառի համագործակցության խորացումը, անշուշտ, երկկողմ փոխշահավետ համագործակցությունը կբարձրացնի բացարձակապես նոր մակարդակի»։ Իրոք, երկու տասնամյակում երկկողմ առևտրի ծավալը մեծացել է 14 անգամ, անցած տարի այն հասավ նոր ռեկորդային ցուցանիշի` 88,2 մլրդ դոլարի։ Չինական լրատվամիջոցների տվյալներով, վերջին երեք տարում Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճի տեմպերը միջին հաշվով կազմել են 32,27 տոկոս, ինչն ԱՄՆ-ի, Եվրամիության, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Հնդկաստանի հետ Չինաստանի առևտրի համանման ցուցանիշներից ավելի է։ Այցի ընթացքում նախագահ Սին հույս հայտնեց, որ ապրանքաշրջանառությունը 2015 թ. 100 մլրդ դոլարի հասցնելու առաջադրանքը կկատարվի ժամկետից շուտ։
Առանձին հարկ է նշել, որ ՌԴ-ն էներգակիրների խոշորագույն մատակարարներից մեկն է, իսկ Չինաստանը` խոշորագույն սպառողը։ Ներկա այցի ընթացքում համաձայնագիր ստորագրվեց Չինաստանին ռուսական նավթի մատակարարումների կտրուկ ավելացման մասին։ Արտահանությունը կաճի տարեկան 34 միլիոն տոննայով և 2018 թ. կհասնի մոտավորապես 50 միլիոն տոննայի (օրական մեկ միլիոն տակառ)։ Ավելի քան տասը տարի տևած լարված բանակցություններից հետո Չինաստանն ու Ռուսաստանը, ի վերջո, կնքեցին նաև գազի մատակարարման համաձայնագիր։ Ստորագրված հուշագրի դրույթների համաձայն, Ռուսաստանը, սկսած 2018-ից, Չինաստան կարտահանի տարեկան 38 մլրդ խմ գազ, և վերջին հաշվով մատակարարման ծավալը կարող է հասնել 60 մլրդ խմ նշագծին։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ Սի Ցզինպինի և Վլադիմիր Պուտինի այս հանդիպումից հետո չին-ռուսական էներգետիկ համագործակցությունը կթևակոխի սրընթաց զարգացման փուլ։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են դիտորդները, չինացիները կախում չեն զգում Ռուսաստանից` որպես մատակարարից։ Նրանք համոզված են, որ այն, ինչ իրենց պետք է, կգնեն որտեղից ուզեն։ Չինաստանի նավթի գլխավոր մատակարարը Սաուդյան Արաբիան է, իսկ Ռուսաստանի բաժինն առայժմ 6 տոկոս է։ Բացի այդ, իհարկե, չինացիները փող հաշվել գիտեն, և ռուսական էներգամատակարարների համար սովորական գնորոշումն այս անգամ չկայացավ։ Այսինքն, Կենտրոնական Ասիայից ավելի էժան գազ գնելու հնարավորությունը ժամանակին դարձավ Պեկինի կողմից մի շարք ռուս-չինական ծրագրերի կասեցման պատճառ։
Հարկ է նշել նաև, որ չինական նոր իշխանությունը բախվել է մի առանցքային ու բարդ խնդրի, այն է` աստիճանաբար վերակողմնորոշել աշխարհի խոշոր տնտեսություններից մեկը և նրան պաշտպանել «գերտաքացումից», ընդ որում, չկորցնելով տնտեսական աճի տեմպը։ Այստեղ լավագույն եղանակը, որի մասին տարիներ շարունակ խոսում են տնտեսագետները, ֆինանսական ավելցուկն այլ երկրներում ներդնելն է, փոխարենը ստանալով այն, ինչի կարիքն ունի ազգային տնտեսությունը։ Չինաստանի պարագայում դրանք ռուսական էներգակիրներն են, հումքը, որոշ սպառազինություններ, տեխնոլոգիաներ, որպիսիք Ռուսաստանը դեռ ունի, իսկ Չինաստանը` առայժմ ոչ։ Հենց դրա համար էլ ներկա հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը 2009-2018 թթ. Չինաստանի և ռուսական Հեռավոր Արևելքի ու Արևելյան Սիբիրի համագործակցության ծրագրի իրացման արագացումն է, որը չինական լայն ներդրումներ է ապահովում տարածաշրջանում (ժամանակին մենք մանրամասնորեն գրել ենք այդ աննախադեպ քայլի և դրա հետևանքների մասին)։ Երևի ոչ պատահաբար և դիվանագիտական արարողությունների մասին չինացիների համար կարևոր պատկերացումներին բնավ ոչ համապատասխան, ՉԺՀ նախագահին և նրա տիկնոջը դիմավորեց անգամ ոչ թե վարչապետ Մեդվեդևը, այլ ՌԴ Հեռավոր Արևելքի զարգացման նախարարը (որոշ լրատվամիջոցներ գրում են, թե դրանով Ռուսաստանի նախագահը ցանկացել էր «Ռուսաստանին ավագ եղբոր դեր վերապահել», սակայն մեզ թվում է, որ, հավանաբար, դրանով սոսկ գերակայություններն են ընդգծվել)։ Սակայն նկատենք, որ թեև վարկերն ու ներդրումները, երևի, լավ բան են, բայց միաժամանակ պետք չէ մոռանալ, որ հենց Ռուսաստանն ու, երևի, Ճապոնիան են տնօրինում այն տարածքները, որոնք ՉԺՀ-ի պաշտպանական ռազմավարության մեջ «չինական պապենական հողեր» են անվանվում։ Այս փաստը շարունակ արծարծվում է նաև ռուսական մամուլում։ Այսպես, «Ռոսբալտ» գործակալության վերլուծական հոդվածում նախագահ Սիի այցի նախօրեին ասվում էր. «Չինական դժգոհությունները «հարյուրամյա նվաստացման» պատմություն ունեն, երբ արևմտյան տերությունները, ինչպես նաև Ռուսաստանն ու Ճապոնիան, Ցին կայսրությունը գզում էին փափուկ խաղալիքի նման։ Այն ժամանակ ռուսական կայսրությունը նրբադավ ձեռնածություններով կարողացավ ստանալ այնքան չինական հող, որքան ոչ մի գաղութատեր երազում անգամ չէր տեսել։ Երկրորդ «Ափիոնի պատերազմի» ժամանակ, երբ անգլո-ֆրանսիական զորքերը համարյա շրջապատել էին Պեկինը, ռուսները չինացի պաշտոնյաներին առաջարկեցին կանգնեցնել հարձակումը, փոխարենը պահանջելով Մանջուրիան, ընդհուպ մինչև այն տարածքները, որտեղ հիմա Վլադիվոստոկն է։ Արդյունքում Ռուսաստանն ստացավ այսօրվա Պրիմորիեն և Խաբարովսկի երկրամասի մի մասը` 350 հազար քառակուսի կիլոմետր հող ու ծովային նավահանգիստն էլ հետը։ Այդ տաղանդավոր և հանդուգն դիվանագիտական գործողության շնորհիվ գլխավորապես ձևավորվեց ժամանակակից ռուսական Հեռավոր Արևելքը»։ Էլի մի հանգամանք. նոր պոստում իր առաջին ճառում ընկեր Սին հայտարարեց, որ Չինաստանը կզարգանա խաղաղ, բայց կպահպանի տարածքային հավակնությունները, իսկ դիմելով զինվորականներին, խոստացավ «հաղթական պատերազմներ»։ Հասկանալի է, որ խոսքը քաղաքական և, գլխավորը, տնտեսական մեթոդներով մղվող պատերազմի մասին է, հետևելով Սուն Ցզինի «Պատերազմի արվեստը» հին տրակտատի պատգամներին, ուր նշվում է, որ «հիրավի հաղթական է այն պատերազմը, որը չի սկսվել, բայց պտուղներ է տվել»։ Այնպես որ, արդեն մոտ ժամանակներս կարելի է նոր պայմանագրեր սպասել չինական բիզնեսի հետ, ակնկալել չինական բազմամիլիարդ վարկեր, իսկ հետո, երբ հարմար պահը գա, նաև հատուցման պահանջներ կհնչեն։ Ինչո՞վ։ Դա, իհարկե, ցույց կտան ժամանակը, հնարավորություններն ու հաջողությունը։ Ի վերջո, պատահական չէ, որ այցից հետո չինական «Սինհուա» գործակալությունը նշեց, թե ՌԴ-ի հետ փոխգործակցությունում «այսօր, երբ հիմնական շեշտը դրվում է ֆինանսների, գիտության ու տեխնիկայի վրա, ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատեսական» հարաբերությունների վրա»։ Եվ առհասարակ, «իրատեսություն» բառն արդեն սիրված է դարձել Չինաստանում։
ՈՒ ևս մի հանգամանք։ Նախագահ Պուտինն այցի նախօրեին հայտարարել էր, որ երկու պետությունները, միասնական դիրքորոշումներով հանդես գալով ՄԱԿ-ում, «Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ» տնտեսական խմբում, «Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունում» և այլ միջազգային ոլորտներում, «օգնում են նոր, ավելի արդարացի աշխարհակարգի ձևավորմանը» և «կայուն գլոբալ զարգացմանը», իսկ մի շարք փորձագետներ ավելացնում են, որ այժմ Մոսկվան ու Պեկինն անհրաժեշտ են համարել համատեղ դիմակայել ԱՄՆ-ի ու նրա գործընկերների ճնշմանը։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ Սին Ցզինպինը դարձավ առաջին օտարերկրյա քաղաքական առաջնորդը, որին հրավիրեցին այցելելու Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն։ ՉԺՀ նախագահը, որը նաև գլխավորում է երկրի կենտրոնական ռազմական խորհուրդը, ասաց, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մշտապես սերտանում է, երկու երկրներն անցկացնում են համատեղ զորավարժություններ, փոխգործակցում կադրերի պատրաստման, ռազմական տեխնոլոգիաների ասպարեզում։ Սակայն ակնհայտ է, որ ոչ մի ռազմական դաշինք` պաշտոնական կամ ո՛չ էլ ոչ պաշտոնական, Ռուսաստանի և Չինաստանի միջև չի լինի։ Բացի այդ, Չինաստանի պաշտոնական լրատվամիջոցները նշում են, որ Ռուսաստանն ու Չինաստանը գտել են համագործակցության նոր ուղիներ, առանց դիմելու դաշինքի ստեղծման քաղաքականության, որն իր դարն ապրել է։ Իսկ ընդհանուր առմամբ, այցի առնչությամբ կարելի է հետևցնել, որ չինացիները միանգամայն գոհ են այցի արդյունքներից` եկան, նայեցին, առայժմ կոնկրետ ոչինչ չտվեցին և իրենց շահերն էլ պահպանեցին։ Իսկ Ռուսաստանում կարծիքները զատվեցին` հիացականից` «Մոսկվան ու Պեկինն ընթանում են մեկտեղ, բայց ամեն մեկն իր ճանապարհով», մինչև հռետորական` «Եթե այսօր ընդգծվում է, թե Ռուսաստանն ու Չինաստանը բացարձակապես հավասար գործընկերներ են, ապա մոտ տարիներին բացառված չէ, որ Ցզինպինի թիմն ընդգծի Չինաստանից Ռուսաստանի կախյալ բնույթը»։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ