Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Օլիգարխիան` սեղմված օղակում

Օլիգարխիան` սեղմված օղակում
29.03.2013 | 13:08

Դեռևս նախագահական ընտրությանը նախորդած շրջանում Հայաստանի փորձագիտական հանրությունն ու քաղաքական շրջանակները քննարկում էին այն հարցը, թե արդյոք նախագահ Սարգսյանը վերընտրվելուց հետո գնալո՞ւ է արմատական փոփոխությունների ճանապարհով: Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կացութաձևը վաղուց սպառել է իրեն, սակայն ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը ցայսօր չեն առաջարկել այնպիսի իրատեսական ծրագիր, որը թույլ տար ստեղծել նոր, ավելի առողջ և զարգացմանը միտված սոցիալ-տնտեսական համակարգ: Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում, երբ խնդիրը դիտարկվում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Ադրբեջանն ունի նավթային հսկայական եկամուտներ, որոնք ուղղվում են բանակի արդիականացմանն ու սպառազինությունների ձեռքբերմանը: Հայաստանը ստիպված է մասնակցել Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքին, ինչի համար անհրաժեշտ են եկամուտներ, իսկ համաշխարհային շուկաներում պահանջարկ վայելող հանքահումքային ռեսուրսներից զուրկ երկրի եկամուտները կարող են գոյանալ միայն սոցիալ-տնտեսական բարենպաստ միջավայր ստեղծելու դեպքում:
Ինչևէ, փոփոխությունների անհրաժեշտություն զգում են քաղաքական բոլոր ուժերը, սակայն ոչ բոլորն են պատրաստ ստանձնելու պատասխանատվություն և գնալու ցավոտ, կամային որոշումներ ընդունելու ճանապարհով: Միևնույն ժամանակ, եթե խնդիրը դիտարկում ենք «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից, ապա պետք է փաստենք, որ փոփոխությունների իրականացումը հնարավոր է միայն ՀՀԿ-ի ջանքերով և այնպիսի ընդդիմության օժանդակությամբ, որը իշխանության հետ կգնա կառուցողական խաղ վարելու և հիմնական բացերը մատնանշելու ճանապարհով: Պետք է նշել, որ փոփոխությունների տեսլականի մասին առաջին անգամ սկսել են խոսել հենց հանրապետականները: Խոսքն ամբոխավարական հայտարարությունների մասին չէ, այլ իրական քայլերի և իրական գաղափարների քննարկման: 2011-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանքերով կազմակերպվեց «ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը», որին մասնակցում էին ոչ միայն հանրապետականների ինտելեկտուալ թևը, այլև հյուրեր այլ կուսակցություններից, նաև արտասահմանից: Հիշյալ իրադարձությունն այդ ժամանակ դուրս մնաց փորձագիտական հանրույթի ուշադրությունից, սակայն կոնֆերանսի շրջանակներում քննարկված գաղափարների հետադարձ գնահատականն այն է, որ ՀՀԿ-ի տնտեսագիտական թիմը ցանկանում է իրական փոփոխությունների ճանապարհով Հայաստանը տեղավորել զարգացման հեռանկարային ճանապարհների վրա:
Վարչապետ Սարգսյանի կազմակերպած «ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը» և 2012-ի փետրվարին կայացած «ՀՀԿ տնտեսական սեմինարը» հիմք հանդիսացան արտահանմանը միտված նոր արդյունաբերական քաղաքականության մշակման համար: Սակայն, ինչպես այլ ոլորտներում, այստեղ ևս բախվում ենք հայաստանյան իրականության «ամենակարող ուժի»` օլիգարխիայի հարուցած խոչընդոտների հետ: Մամուլը բազմիցս քննարկել է հայկական օլիգարխիայի խնդիրը` հիմնական եզրահանգումների գալով առ այն, որ տնտեսության զարգացման թիվ մեկ խոչընդոտը մենաշնորհներն ու այլ օլիգարխիկ երևույթներն են: Վարչապետ Սարգսյանի առաջ քաշած և նախագահ Սարգսյանի աջակցությունը վայելող արտահանմանը միտված արդյունաբերական նոր քաղաքականությունը ևս հաջողություն ունենալ չի կարող, քանի դեռ լուծված չեն սոցիալ-տնտեսական առողջ մթնոլորտի ձևավորման, հավասար մեկնարկային պայմանների ստեղծման, հավասար հարկային-մաքսային խաղի կանոնների ապահովման, մենաշնորհների և օլիգարխների ամենաթողության վերացման խնդիրները: Ի դեպ, վերը նշվածն իրականացնելն այդքան էլ դյուրին գործ չէ: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած «վայրի կապիտալիզմի» ժամանակաշրջանն այնպիսի բարենպաստ պայմաններ է ստեղծել օլիգարխիայի համար, որ նրանք յուրացրել են ոչ միայն ազգային հարստության առյուծի բաժինը, այլև ներթափանցել են պետական և քաղաքական համակարգեր:
Այս պայմաններում արտահանմանը միտված արդյունաբերական նոր քաղաքականությունը չի կարող իրականանալ, քանզի Հայաստանում համաշխարհային շուկաներում մրցունակ ապրանք ստեղծելը և արտահանելը նորից փորձելու են իրականացնել օլիգարխները: Նրանց ֆինանսական հնարավորություններն ու արտոնյալ պայմանները նորից մենաշնորհային իրավիճակ են ստեղծելու: Կա ևս մի կարևոր խնդիր։ Հայկական օլիգարխիան մոտիվացված չէ համաշխարհային շուկաներում մրցունակ ապրանքներ ստեղծելու հարցում, քանզի ոչ ինտելեկտուալ հնարավորություններով է աչքի ընկնում, ոչ էլ խնդիր է դնում «գլուխը ցավի տակ դնելով» ավելացնել հարստությունը: Ֆինանսական հնարավորությունները մեծացնելու համար հայկական օլիգարխիան ավելի հեշտ ճանապարհ է ընտրել, այն է` արտոնյալ պայմաններում հարստություն կուտակել ներքին շուկա ապրանքներ ներկրելու և ներքին գործարար միջավայրը տնտեսական ուզուրպացիայի ենթարկելով` գումարներն ուղղել սեփական բանկային հաշիվներ: Թերևս սա է գլխավոր պատճառն այն հանգամանքի, որ հայկական օլիգարխիան ամեն ինչ կանի, որ չիրականանան ՀՀԿ առողջ թևի տնտեսական գաղափարները: Կասկածից վեր է, որ իշխանությունը հասկանում է պահի լրջությունն ու փորձելու է շտկել իրավիճակը` թույլ տալով տնտեսական հարաբերություններում նոր միավորների ի հայտ գալը և համընդհանուր գործարար միջավայրի բարելավումը:
Ի դեպ, վարչապետ Սարգսյանի ծրագրերին դեմ է միայն ԲՀԿ-ն, քանզի թիվ մեկ օլիգարխի կուսակցությունը ոչ մի կերպ չի ցանկանում, որ Գագիկ Ծառուկյանը կորցնի իր մենաշնորհները և գործարար դաշտում մրցակցի ոչ թե արտոնություններով ու քաղաքական «դաբրոներով», այլ գործարար ճկունությամբ, գործարարական գիտելիքներով և մրցակցային հոգեբանությամբ: Բացի ԲՀԿ-ից, փոփոխություններին դեմ են նաև ՀՀԿ-ում և այլ կուսակցություններում ընդգրկված օլիգարխիկ շրջանակները, որոնք ևս չեն ցանկանում կորցնել իրենց արտոնյալ դիրքերը: Թերևս սա էր պատճառը, որ ժողովրդի անունից հանդես եկող և փողոցային պայքարի ներկայիս առաջամարտիկ «Ժառանգությունը», ի դեմս Ռուբեն Հակոբյանի, խոսում է վարչապետ Սարգսյանի հրաժարականը պահանջողների ամբոխավարությունից: Անկասկած, ընդդիմությունը ևս հասկանում է, որ փոփոխությունների ակնկալիք ունեցող ընտրազանգվածի թիրախն իրականում ՀՀԿ առողջ հատվածը չէ, այլ իշխանության տարբեր օղակներում տեղավորված օլիգարխները: Սա է պատճառը նաև, որ անկախ Հայաստանի քաղաքական ինտելեկտուալների «ծաղկաբույլը», անկախ նրանից, թե որ կուսակցության կազմում է, ընդգծված հարգալից վերաբերմունք է ցուցաբերում ՀՀԿ քաղաքական թևի նկատմամբ:
Ինչևէ, հայկական օլիգարխիայի օղակը սեղմվել է: Ո՛չ օլիգարխիկ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ՀՀԿ և այլ կուսակցություններում տեղավորված օլիգարխները չունեն 10-15 տարի առաջ ունեցած պոտենցիալը և չեն կարողանալու պահպանել մենաշնորհային, արտոնյալ դիրքերը: Օլիգարխիայի դիրքերը սասանելու, օլիգարխներին սահմանափակելու և մրցակցային պայմաններ տեղափոխելու գործում ուրվագծվում է նոր քաղաքական դաշինք: Այս հարցում բնական դաշնակիցների են վերածվում պետության ղեկավարները, ՀՀԿ քաղաքական թևը և փոփոխություններ պահանջող ընդդիմությունը: Իսկ «բարիկադների» հակառակ կողմում սեղմված օղակում է հայտնվում հայկական օլիգարխիան` ի դեմս ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի ՀՀԿ-ական արբանյակների և ՀԱԿ-ի (ի դեմս Լյովիկ Զուրաբյանի):


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ