Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մենք բոլորս մի նավակի մեջ ենք»

«Մենք բոլորս մի  նավակի մեջ ենք»
22.02.2013 | 00:08

Իհարկե, Ռուսաստանը Եվրոպայի խոշորագույն «մահմեդական երկիրն» է, որտեղ իսլամադավան հանրության թիվը հասնում է 20 միլիոնի, ընդ որում, խոսքը բնիկների մասին է, ոչ թե եկվորների։ Մահմեդականներն ամենուր են, բայց հիմնականում` Կովկասում, որը իսլամականացվեց 7-րդ դարում` արաբական առաջին արշավանքների ժամանակ, և Պովոլժիեում, որտեղ ապրում են թաթարներ ու բաշկիրներ` թյուրքական երկու ժողովուրդ` սեփական հանրապետություններով։ Տեղաբնիկ այդ երկու խմբերին հիմա պետք է ավելացնել Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ներգաղթած և այստեղ աշխատող հարյուր հազարավոր մարդկանց։ Նրանք պատկանում են սուննիական իսլամին, սակայն մինչև վերջերս կրոնականությամբ առանձնապես աչքի չէին ընկնում։ Իսկ հիմա արմատական իսլամի կանաչ, իսկ ավելի հաճախ սև դրոշներով «զրահագնացքն» սկսել է սրընթաց գլորվել ձորը` իր հետ տանելով աղետը դեռևս լիովին չգիտակցող երկիրը։ ՈՒ թեև Վլադիմիր Պուտինը, ասես անեծք, ընդգծում է մահմեդական կազմակերպությունների «բեղմնավոր և կարևոր» գործունեությունը, որոնք «նշանակալի ավանդ են մուծում Ռուսաստանի ժողովուրդների անչափ հարուստ ազգային մշակութային ավանդույթների, հայրենիքի բազմադարյան հոգևոր ժառանգության պահպանման ու զարգացման գործում», ռուսաստանյան մահմեդական հանրության շրջանում իրադրությունն սկսում են կառավարել ուրիշ, ամենևին էլ ոչ խաղաղ անձինք։
Որոշ ռուսական փորձագետներ նշում են, որ Ռուսաստանում արմատական իսլամի զարգացման ճանապարհին «հետդարձի կետը» հետևում է մնացել, մյուսներն էլ ընդգծում են, որ իսլամական ահաբեկչությունը հիմա հաճախ «հետևանք է իսլամիստական, ազգայնական և մաֆիական բաղկացուցիչների միախառնման, որի պատճառով երբեմն հեշտ չի լինում իրարից տարբերել իսլամիստական խմբերը, հանցավոր ավազակախմբերն ու անվտանգության ուժերը»։ Ինչ էլ որ լինի, հիմա արդեն կարելի է ասել, որ արմատական իսլամի սպառնալիքը թե՛ լիովին իրական է, թե՛ լիովին շոշափելի։ Անցած տարի Հյուսիսային Կովկասում, Թաթարստանում, իսլամական մյուս հանրապետություններում կրոնական ու հասարակական գործիչների սպանության շարքը ցույց է տալիս, որ գործ ունենք այդ շրջաններում անկայունության հրահրման և դրանք աստիճանաբար միացյալ «իսլամիստական ճակատի» մեջ ներքաշելու նոր ու հետևողական մարտավարության հետ։ Ինչպես գրում է «Ռեգնում» գործակալությունը, նկատվում է, որ «իսլամիստները հետևողականորեն վերացնում են ավանդական իսլամական գիտելիքների տիրապետող կրթված երիտասարդներին, որոնք, ընդունակ լինելով համոզիչ կերպով մերկացնելու ծայրահեղականների գործունեության ձևերն ու եղանակները, նրանց հնարավոր գաղափարական մրցակիցներն են դառնում»։ ՈՒ թեև Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալն այդ կարգի սպանությունները համարում է «տեղական իրավապահների կողմից իսլամատյաց տրամադրությունների բորբոքման հետևանք, որոնք առանց այն էլ խորացած են» (թեև անհասկանալի է, թե «ուժայիններն» այդ ինչո՞ւ պիտի ոչնչացնեին արմատականության հակառակորդներին), բոլոր վերջին իրադարձությունները կանխորոշում են ամբողջ ռուսաստանյան իսլամի զարգացման հետագա ուղին։ Դատելով ըստ ամենայնի, ավանդականների և իսլամիստների` երկար տարիներ շարունակվող հանգիստ, «գիտական» դիմակայությունն արդեն վերածվում է ճակատային բախման։ Այսպես, օրինակ, վերջերս Մոսկվայում ոստիկանները ձերբակալեցին «Իսլամական ազատագրություն» կուսակցության վեց ակտիվիստների (ռուսական իշխանություններն այդ կուսակցությունը ծայրահեղականների շարքին են դասում)։ Ձերբակալվածներին մայրաքաղաքի մի շարք մզկիթներում արմատական գաղափարներ քարոզելու մեղադրանք առաջադրվեց։ Նրանց մոտ հայտնաբերվել էին նաև փող ու զենք։ Բացի այդ, լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ գործողությունն առաջինը չէ. իրավապահ մարմիններն արդեն վերացրել են այդ կազմակերպության և իսլամական այլ հոսանքների մի քանի բջիջ։ Սակայն, միաժամանակ, հարկ է նկատել, որ բնավ էլ ոչ միշտ են իրավապահները շահում «ճակատամարտը»։ Փաստերը վկայում են, որ վերջին տասը տարում Ռուսաստանում կատարվել է ահաբեկչական ուղղվածության 940 հանցանք, սակայն կայացվել է ընդամենը 404 վճիռ, ինչը նշանակում է, որ 500-ից ավելի հանցագործություն այդպես էլ չի բացահայտվել։
Իսլամական արմատականությունը բավական ակտիվորեն տարածվում է կալանավորների շրջանում։ Այսինքն, երբ բանտ է ընկնում մեկ վահաբական, սա սիրում է իր շուրջը «ջամաթ» ստեղծել կալանավորներից, իսկ արդեն մի քանի տարի հետո բանտից դուրս է գալիս տասը և ավելի ֆունդամենտալիստ։ Վիճակը բանի նման չէ նաև ուսումնական հաստատություններում։ Նշվում է, որ այսօր Թաթարստանի 86 բուհերից 14-ում գործում են վահաբականների բջիջներ։ Խիստ հատկանշական է նաև այն, որ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ-Տահրիր» իսլամիստական խմբավորման զանգվածային ավտոարշավ, որին սև դրոշներով առնվազն 20 ավտոմեքենա էր մասնակցում, ինչը լուսանկարել էին ֆոտոսիրողները և զետեղել համացանցում։ Իսկ ահա Կազանի ոստիկանությունը քաղաքի ամենաբանուկ մայրուղիներից մեկում տեղի ունեցած այդ ավտոարշավը պարզապես չէր նկատել, թեև երթուղու երկայնքով ամենուր տեսախցիկներ են տեղադրված։ Հարկ է նկատել նաև, որ նման միջոցառումներն արդեն «լավ ավանդույթ» են դառնում հանրապետությունում։ Ինչպես հաղորդում են Ռուսաստանի լրատվամիջոցները, «վերահսկվող» իսլամիստական ընդհատակայինները բոլորին «մատ արեցին», համացանցում տեղադրելով նորահայտ «Թաթարստանի ամիր Աբդուլլահի» ուղերձը։ Տեսահոլովակում նա լսարանին ներկայացնում է վահաբականների ծրագրերը, ինչպես նաև հաշվետու է լինում արդեն կատարվածի մասին։ Այսպես, թաթար իսլամիստների պարագլուխը պատմում է, որ հենց իր կողմնակիցներն են Մոսկվայում սպանել ԱԴԾ-ի երկու աշխատակիցների` առանց որևէ «պայթուցիկի», պայթեցրել են Մոսկվայի մարզի գազատարը և խորտակել բեռնատար գնացքը Կուբանում։ Թվարկելով կատարված «սխրանքները», Աբդուլլահն անցնում է անելիքներին. իսլամիստները ծրագրում են նավթա-գազատարների, ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի, նավթաքիմիական գործարանների, ինչպես նաև երթուղիների պայթեցման ահաբեկչական նոր գործողություններ։ «Ամիրն» ավելացնում է. ընդհատակայինները ծրագրում են սպանել իրավապահ, ուժային և դատական մարմինների աշխատակիցներին։ Առանձին կետ է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի սպանությունը. «Մենք նրան «կգյուլլենք» արտաքնոցում, ինչպես Քադաֆիին` կոյուղու խողովակում»։ Դե, համարձակ տղաներ են, ոչինչ չես կարող ասել... Իսկ գլխավորը` միանգամայն ինքնավստահ։
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Մերձվոլգյան տարածաշրջանային և ազգակրոնական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռայիս Սուլեյմանովը նշում է, որ Թաթարստանում ահաբեկչական ընդհատակի հայտնվելուց հետո այստեղ արդեն սկսվել է ամբողջ Պովոլժիեի հասարակական-քաղաքական տարածությունում իրենց ներկայությունը լեգալացնելու արմատական իսլամիստների հաստատակամ ձգտման գործընթացը, այդ թվում` օրինական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ հիմնելու եղանակով։ «Արմատական իսլամիստների բազմաթիվ հանրահավաքները, պիկետները, ավտոարշավները Կազանում, Նաբերեժնիե Չելնիում և ՈՒֆայում 2012 թ. ամռան ահաբեկչություններից անմիջապես հետո, միայն հաստատում են կրոնական արմատականների ձգտումը` սկսելու իրենց հայացքների քարոզը, համացանցային և մզկիթային ագիտացիայից անցնելով երկրի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության, որի նպատակն է Ռուսաստանի որոշ «մահմեդական տարածաշրջաններում լեգալ ճանապարհով վերցնել իշխանությունը»,- կարծում է իսլամագետը։ Նա ավելացրել է նաև, որ իսլամի քաղաքականացման գործում կարևոր դեր կխաղան Հյուսիսային Կովկասից և Կենտրոնական Ասիայից եկածները։ Փորձարարական ստեղծագործական կենտրոնի նախագահ Սերգեյ Կուրղինյանը վստահ է, որ Հյուսիսային և Կենտրոնական Ասիայից հետո Պովոլժիեի վահաբականացումը վերջնականորեն «կկոճկի» արմատական իսլամի «կանաչ գոտին», որը Ռուսաստանը կմասնատի Վոլգայով և ՈՒրալով։ «Աֆղանստանից ամերիկացիների հեռանալն ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունների արդեն տարեց ղեկավարների բնական մահից հետո աշխարհիկ վարչակազմերի հնարավոր անկումը կհանգեցնեն Եվրասիայի այդ տարածաշրջանի լիակատար իսլամականացմանը, որից հետո գործընթացը կընդգրկի նաև Պովոլժիեն, որն առանց այդ էլ զգում է Հյուսիսային Կովկասի ֆունդամենտալիստների ազդեցությունը»,- ենթադրում է քաղաքագետը, նշելով, որ «Վոլգայի և ՈՒրալի իսլամականացումից հետո ինչպես Սիբիրում («Հերիք է կերակրենք Մոսկվային» կարգախոսով), այնպես էլ Կենտրոնական Ռուսաստանում («Հերիք է կերակրենք Կովկասին» կարգախոսով) տարածաշրջանային անջատականության ուժեղացմամբ երկրի բեկման գիծը կհանգեցնի Ռուսաստանի փլուզմանը»։
Իսկ այս թակարդից դուրս գալու ի՞նչ ուղիներ են տեսնում Ռուսաստանում։ Բացի սովորական ռուսական «մեկ էլ տեսար»-ից և արդեն բացահայտ ուշացած առաջարկից` «միակ ելքը հայրենական կրթության կազմակերպումն է» (միամիտներ, կրթությունը երկար, տխուր ու բարդ գործ է, իսկ կողքներիդ հսկայական թվով քաղցրաշուրթ «օտարերկրյա» իմամներ են, ովքեր առանց առանձնակի խնդիրների «դրախտ» են խոստանում), մի նոր համադարման են հնարել` երկխոսությունը։ Ընդ որում, ասես լրիվ մոռանում են, որ այն մարդիկ, ովքեր ահաբեկիչների դեմ մարտնչում են գաղափարախոսությամբ, առաջին հերթին նույն մահմեդական աստվածաբանները, ուղղակի ոչնչացվում են ահաբեկիչների կողմից։ Իսլամական համերաշխության ռուսաստանյան ասոցիացիայի աստվածաբանների խորհրդի նախագահ Ֆարիդ Սալմանի կարծիքով, «Ոչ միայն Ռուսաստանի, այլև, փաստորեն, ամբողջ մահմեդական աշխարհի համար ոչ ավանդական նորահայտ աղանդների ու շարժումների ներկայացուցիչների հետ երկխոսության պարտադրումը համաշխարհային գործընթաց է։ Սիրիայում տիրող այսօրվա իրավիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ գրեթե տասը տարի այնտեղ ներկա «Սիրիայի բարեկամները» արմատավորում էին այն միտքը, թե և՛ վահաբականները, և՛ սալաֆականները, և՛ «Մահմեդական եղբայրները», և՛ ուրիշներ նույն հասարակության մասերն են, նրանց հետ պետք է բարեկամ լինել և ապրել համերաշխ։ Փորձեցին համաձայնության գալ, համերաշխվել, բայց ի՞նչ ստացվեց` այսօր բոլորն են տեսնում»։ Այլընտրանք կարող է դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի դաշինքը` իսլամականության վերելքի դեմ հանդիման, որ Բուշին առաջարկեց Պուտինը 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո. «Մենք բոլորս մի նավակի մեջ ենք»։ Այդուամենայնիվ, առաջարկությունն անպատասխան մնաց։ Եվ, հարկ է նշել, ո՛չ Մոսկվայի մեղքով։ Ավելին, Վաշինգտոնում որոշ գործիչներ առաջվա նման հույս ունեին (և պատրաստվում էին) իսլամիստներին օգտագործել Կրեմլի դիրքերը խարխլելու համար։ Թեև հիմա, Մերձավոր Արևելքի բոլոր հրդեհներից հետո, իրավիճակն արմատապես այլ է։ Իսկ Ռուսաստանի մահմեդական տարածաշրջանների հետագա ապակայունացումը կարող է տնտեսական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, քանի որ «եթե դոմինոյի պովոլժյան խաղաքարն ընկնի, ապա այն կարող է իր հետևից տանել Սիբիրը, որտեղ արդյունահանվում է Եվրոպա առաքվող նավթը»,- ընդգծում է Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի աշխատակից Քսավյե Լե Տոռիվելեկը։ Միգուցե այս անգամ գոնե այս երկյո՞ւղը ազդեցություն գործի։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ