«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Յուրաքանչյուրիս մեջ նա ապրելու է որպես լույսի շող

Յուրաքանչյուրիս մեջ նա ապրելու է որպես լույսի շող
15.01.2016 | 00:44

ՈՒսուցչին հանդիպելն էլ ճակատագրի պարգև է: Ես պատիվն ունեցա աշակերտելու Ճշմարիտ ուսուցչին, ՈՒսուցիչ ծնվածին, ում անվերապահորեն հավատում ես ու սիրում հարազատի պես, ում լռությունից անգամ սովորում ես, ու նրա ազնվական գոյությունը դառնում է ապրելու չափանիշ, նշաձող, ճանապարհ՝ դեպի նա։ Ով խոսքը երբեք քամուն չի տալիս, ով աշակերտին սիրում է հարազատ երեխայի պես, ով երբեք հավատիդ վրա չի սրում իր օրերի շեղբը։ Մարուսյա Դանիելի Մելիքսեթյան, մեր շա՜տ սիրելի ՄԴ-ն, մեր հավերժ դասղեկը, դպրոցն ավարտելուց տասնյակ տարիներ ի վեր։ Նրա նկատմամբ Աստված առատաձեռն էր եղել՝ գեղեցիկ էր իբրև կին ու սիրված, հրաշալի ընտանիք, նույնքան հրաշալի ամուսին, ով Լոռու Ճոճկան գյուղի դպրոցի տնօրենն էր, որտեղ երկար տարիներ աշխատեց ինքը, կայացած զավակներ՝ ամեն մեկը մի անհատականություն, նորատունկ ծիլեր, շառավիղները իր գերդաստանի, ովքեր զարդարեցին նրա վաստակած ծերությունը իրենց ջերմ ու քնքուշ ներկայությամբ: Մայր էր բոլորիս համար, սերունդների համար, սիրտը լիքն էր սիրով ու ջերմությամբ: Գիտեր խոսքի կշիռը ու լա՜վ գիտեր: Խոսքը քամուն չէր տա: Չէր ասի՝ ասելու համար, ու գնահատել գիտեր խոսք ասողին: Երբեք ոչ մի անգամ չբարձրացրեց ձայնի հանդարտ տոնը, հոգու խռովքն զգացինք, բայց միշտ մնաց լուսավոր ու առինքնող: Գիտեինք՝ եթե որևէ առակ է պատմում, ուրեմն ինչ-որ բան այն չենք արել, զգաստանում էինք։ Նրա խոսքը գործ էր, շիտակության մեջ անմրցելի էր։ Երբ ուսուցիչ է կյանքից հեռանում, լույսի մի աղբյուր է ցամաքում, ու երբ՝ մայր, մի աղոթող է մարում մոմի պես։ Նա Մայր-ՈՒսուցիչ էր՝ Արևասիրտ։
Յուրաքանչյուրիս մեջ նա ապրելու է որպես լույսի շող, որպես սիրո կածան։


Վեներա ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ