Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՕՏԱՐ ԽԱՂԵՐԻՑ ԱՆԴԻՆ

ՕՏԱՐ ԽԱՂԵՐԻՑ ԱՆԴԻՆ
06.04.2010 | 00:00

Կոալիցիոն գործադիր իշխանության հանրապետական ղեկավար Տիգրան Սարգսյանը, ինչպես երևում է, նախարարների աշխատանքը գնահատելու համահարթեցման նախկին «մեթոդից» սահուն անցում է կատարել հասցեականության «մեթոդին»։ Եթե ոչ վաղ անցյալում նախարարությունների գործունեությանն ուղղված նրա պարզաբանումներից տպավորություն էր ստեղծվում, թե գործադիր իշխանության հանրապետական, ԲՀԿ-ական ու ՕԵԿ-ական անդամները հավասարապես են «քրտնում»` երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար, այսօր գնահատման սանդղակն էական տատանումներ է արձանագրել։
Կառավարության վերջին նիստերում, օրինակ, վարչապետը շեշտված դրվատանքով խոսեց գիտության և կրթության, ինչպես նաև էկոնոմիկայի հանրապետական նախարարներ Արմեն Աշոտյանի ու Ներսես Երիցյանի ղեկավարած կառույցների մասին` «կուժ, քեզ եմ ասում, կուլա, հետևություն արա» ցայտուն ենթատեքստով։ Հատկապես էկոնոմիկայի նախարարի պարագայում սա ուղղակի պատասխան էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով իր նախարարների «բոստանը քար գցած» հանրապետականներին հակադարձեց, թե նրանց կուսակից Ներսես Երիցյանն էլ իր գործին հե՛չ «չի տիրապետում»։ Տիգրան Սարգսյանը, փաստորեն, ամփոփելով 2010-ի առաջին եռամսյակը, պարզ հասկացրեց, թե ով ինչին է «տիրապետում», և այդ «ինչն» ինչպես է անդրադառնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
Ի դեպ, գործադիրում սկսված կադրային սրբագրումների քաղաքականությունը մշակվել է նախագահական նստավայրում և միտված է սթափության կոչել ոչ միայն կոալիցիոն գործընկերներին, այլև այն թիմակիցներին, ովքեր առայսօր «օտարների մեջ` յուրային, յուրայինների մեջ` օտար» կարգավիճակում են։ Եվ եթե կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, օրինակ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մեր տեղեկություններով, ամենայն պատասխանատվությամբ օրերս հավաստիացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, թե Քոչարյանի «դրոշի ներքո» անցկացվող «օտար խաղերում» ինքն ընդգրկված չէ, նույնը չես ասի իշխանական վերնախավը ներկայացնող որոշ «բարձրաստիճանների» մասին, որոնց նկատմամբ որդեգրվել է առանց ցնցումների «լուսանցք մղելու» մարտավարությունը։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի օրոք «գորշ կարդինալի» առանցքային դերակատարություն ունեցող ներկայիս փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դանդաղ, սակայն հիմնավորապես հրաժեշտ տվեց «հարց լուծողի» բարձր կարգավիճակին, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ, որը էքսնախագահի «գաղափարական ֆրոնտը» վերահսկող թիվ մեկ «ֆիգուրն» էր, այժմ վերածվել է բացահայտ անդեմ, շարքային «անագե զինվորիկի»։
Փաստորեն, կադրային սրբագրումների, այլ խոսքով, իշխանական բուրգը «մաղի միջով անցկացնելու», թեփն ու դարմանն օտարելու, առողջ հատիկները սերմացու դարձնելու քաղաքականությունն ընթացքի մեջ է։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ