Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
30.03.2010 | 00:00

Կարող է տպավորություն ստեղծվել, թե հայ-թուրքական հարաբերությունները սպառել են իրենց, կամ էլ, համենայն դեպս, ավարտվել է այդ գործընթացի կառուցողական հատվածը: Բայց այդպես չէ: Գուցե ավարտվել են ակտիվ բանակցությունները, սակայն բուն գործընթացը դեռ չի էլ սկսվել: Պետք է հասկանալ, որ «հայկական հարցը» ոչ միայն միջազգային քաղաքականության գործիք է, այլև լուրջ աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Ոչ մի կասկած չկա, որ 2009-ին իրականացվեց սցենարի առաջին մասը` Թուրքիան ներգրավվեց բավականին բարդ հարաբերությունների մեջ միջազգային հանրության հետ: Դա թույլ տվեց հակազդել այդ պետության քաղաքական և տնտեսական էքսպանսիային: Բայց արդյոք հայ հասարակությունը ճի՞շտ հետևություններ է արել այս ամենից: Ավա՜ղ, այդ հետևությունները չի կարելի այդպես որակել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բովանդակային առումով: Գործընթացը մեզանում ընկալվեց ոչ թե որպես արտաքին ուժերի առաջարկած սցենար, այլ հայ-թուրքական հարաբերությունների անմիջական դրսևորում: Իհարկե, ներհայկական քննարկումներում արտաքին ազդեցությունների գոյության մասին նշվեց, բայց խնդիրն այն է, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացի հեղինակների իրական նպատակների մասին պատկերացումները մեզանում իսպառ բացակայում են: Արևմտյան ուժային կենտրոնների հետաքրքրությունները մեր քննարկումներում հանգեցվում են ինչ-որ երրորդական խնդիրների կամ էլ ներկայացվում են արխաիկ մակարդակի վրա: Առաջին հերթին այն հարթությունում, իբր Արևմուտքը փորձում է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության ոլորտից` Թուրքիայի միջոցով, ինչը թյուրըմբռնման հետևանք է: Կամ էլ եթե նման խնդիր է դրված, ապա այն հիմնարար չէ: Փորձենք բացահայտել ու մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջին (ֆուտբոլային) էտապի արդյունքները:
«Հայկական հարցը» թուրքական քաղաքական հարթակում դուրս եկավ սառեցված վիճակից և դարձավ թուրք հասարակության բոլոր շերտերի քննարկման առարկա: Տարբեր քաղաքական կուսակցություններ ու խմբավորումներ օգտագործում են այդ հարցը քաղաքական պայքարում: Ըստ երևույթին, «հայկական հարցը» մոտ ապագայում կդառնա ինքնաբավ, այսինքն` կքննարկվի անկախ արտաքին հանգամանքներից, ճնշումներից և այլն: Բացի իշխանամետ ուժերից, այս հարցը կընդգրկվի ընդդիմադիր դաշտի և, որ ավելի կարևոր է, տարբեր ուղղվածության էթնիկ ու կրոնական շարժումների օրակարգում: Թուրքիայի քաղաքական ու կուսակցական գործիչները հասկանում են, որ բանավեճից խուսափել նշանակում է պարարտ հող ստեղծել հարցի է՛լ ավելի արդիականացման համար, ինչը հարվածելու է թուրքական պետականության կայունությանը: Բանավեճը դեռ նոր է սկիզբ առել, և դժվար է կանխատեսել, թե ապագայում այն ինչպես կընթանա, բայց պարզ է, որ թուրք հասարակության հետաքրքրությունն այս բանավեճի նկատմամբ միայն իշխանության համար մղվող պայքարի համատեքստում չէ, որ գոյություն ունի:
Ամեն դեպքում, այս գործընթացի պատճառով Թուրքիայի ու Հայաստանի միջև մոտ անցյալում առկա հարաբերականորեն «կայուն» և կանխատեսելի հարաբերությունները դարձան շատ ավելի լարված, ինչը միանգամից անդրադարձավ Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի վրա: Հայաստանին ուղղված Թուրքիայի սպառնալիքներն աճեցին ու այժմ ավելի առարկայական են դարձել: Ստեղծվեց մի նոր իրավիճակ, որն արտացոլում է Թուրքիայի աճող մեկուսացումն աշխարհից: Հօդս ցնդեցին սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնելու, ինչպես նաև համաշխարհային հանրության աչքում նոր իմիջ ձևավորելու Թուրքիայի հույսերը: Ավելին, Թուրքիան ներկայացավ ագրեսիվ կարգավիճակով շնորհիվ «հայկական հարցի», որը քսան տարվա չափավոր միջազգային քննարկումներից հետո կրկին առաջին պլան մղեցին այն պետությունները, որոնք մտադիր են սանձել Թուրքիային: Այդ երկիրը դեռ շատ ջանք ու եռանդ պետք է գործադրի` վերականգնելու իր խոցված իմիջը և նոր միայն մտածի Եվրամիության կազմում ընդգրկվելու մասին:
Չնայած Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները խորացնելուն ուղղված թուրք քաղաքական գործիչների բազմաթիվ հավաստիացումներին` երկու բարեկամ երկրները դրսևորում են տարբեր հետաքրքրություններ, ինչը, ի դեպ, եղել է և՛ անցյալում: Թուրքիան Ադրբեջանի հետաքրքրությունները մղեց երկրորդական պլան, և Բաքվում հրաշալի հասկացան, թե մինչև որ եզրն է Թուրքիան պատրաստ պաշտպանելու իրենց շահերը: Հաշվի առնելով այս ժողովուրդների մենթալիտետը, տվյալ իրողությունը դեռ երկար կմնա նրանց հիշողության մեջ: Հասկանալի է նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելու թուրքերի փորձերը պայմանավորված չեն Ադրբեջանի հետաքրքրությունները պաշտպանելու ցանկությամբ, այլ դիվանագիտական խաղաքարտ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ երկխոսությունում: Թուրքերը սպասում են «հայկական գործոնի» բեռի թեթևացմանը: Այդ ֆոնի վրա Ադրբեջանը փորձում է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, ինչը վկայում է ոչ միայն ԱՄՆ-ի կամ Եվրոպայի, այլև Թուրքիայի հանդեպ նրա կասկածամտության մասին: Այսպիսով, հայ-թուրքական գործընթացի արդյունքում Ադրբեջանը հեռացավ Թուրքիայից: Որքա՞ն կտևի այս իրավիճակը, դժվար է ասել:
Հայ-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարող է ունենալ ևս մի կարևոր հետևանք: Ռուսաստանը ստիպված կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի` Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այս կամ այն կերպ դա լարվածություն կմտցնի ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիան ու Ռուսաստանը ցուցաբերում են համագործակցելու պատրաստակամություն, նույնիսկ ռազմավարական առումով, բայց իրականում երկու երկրներն էլ, մասնավորապես, Ռուսաստանը Թուրքիայի հանդեպ, մեծ զգուշավորություն են ցուցաբերում: Ռուսաստանը շարունակում է Թուրքիայի տարածքային քաղաքականությունն իր համար դիտարկել վտանգավոր, իսկ Թուրքիայում վախենում են, որ Ռուսաստանը կհամագործակցի Արևմուտքի հետ` հակազդելով թուրքական էքսպանսիային: Կարող է տարօրինակ հնչել, բայց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կհանգեցներ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը, անկախ նրանից, թե ով է նախաձեռնել հայ-թուրքական երկխոսությունը, և ում սցենարով է այն ընթանում: Իսկ այս գործընթացի ձախողումը, ինչն առկա է այսօր, կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության աճին:
Թուրքիայի քաղաքական էքսպանսիայի ուղղություններից մեկը Մերձավոր Արևելքն է: Անկարան արաբական երկրների վրա ազդեցության տարբեր միջոցներ է փնտրում, նպատակ ունենալով մեծացնել իր դերն այդ տարածաշրջանում: Իրաքի խնդրի հետ մեկտեղ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում լուծելու իսրայելա-սիրիական հակասությունները: Թուրքիայի էքսպանսիան կարելի է մեղմել` չեզոքացնելով այդ ջանքերը: Խաղարկել Սիրիային` դժվար խնդիր է, ավելի հեշտ է Իսրայելի ու Թուրքիայի միջև կոնֆլիկտ հրահրելը, ինչը և արվում է: Հաշվի առնելով հրեական շրջանակների կշիռն ու նշանակությունը ԱՄՆ-ում, հայկական գործոնը նրանք ևս օգտագործում են Թուրքիայի դեմ: Հրեաները զարմացած ու զայրացած են Թուրքիայի վարքագծով և մտավախություն ունեն, թե Թուրքիան է՛լ ավելի կհեռանա Իսրայելից: Այստեղից էլ ծագել է հայկական թեման: Իրո՞ք Իսրայելը հետաքրքրված էր Թուրքիայի մասնակցությամբ իսրայելա-սիրիական հակասությունները կարգավորելու խնդրով, հայտնի չէ: Իսրայելում լավ են հասկանում, որ Թուրքիան հետաքրքրված է Մերձավոր Արևելքով ոչ թե Իսրայելի, այլ սեփական խնդիրները լուծելու համար: Միևնույն ժամանակ Թուրքիան անհրաժեշտ է Իսրայելին մարտավարական որոշ ծրագրեր կյանքի կոչելու համար: Վերջին հաշվով, Իսրայելի գերնպատակը մեկն է` Թուրքիան դարձնել շատ թե քիչ կառավարելի, ընդ որում, «հայկական հարցի» օգնությամբ: Այնպես որ, «հայկական հարցը» չեն կարող անտեսել ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ արաբական երկրները, որոնք հակասություններ ունեն Թուրքիայի հետ: Այսպիսով, այն իրողությունը, որ Թուրքիան մեկուսացվում է Արևմուտքի կողմից, ամենևին չի նշանակուն, թե նա մերձենալու է Մերձավոր և Միջին Արևելքի առաջատար երկրներին: Ընդհակառակը, նման հեռանկարի դեպքում վերջիններս կզգան, որ ավելի գերադասելի վիճակում են: Առաջին հերթին խոսքն Իրանի մասին է, որը Թուրքիան դիտարկում է ոչ որպես տարածաշրջանային գործընկեր, այլ որպես տարածաշրջանային մրցակից: Թուրքիան դեռևս ավելի շահավետ դիրքերում է, և այս իրավիճակը կարող է երկար տևել, այդ իսկ պատճառով Իրանը զգուշանում է Թուրքիայից: Բացի այդ, Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա տարածքում տեղակայված են ամերիկյան կարևոր ռազմակայաններ: Իրանը միշտ կասկածանքով է մոտեցել Թուրքիայի և Արևմուտքի սերտ կապերին և ուրախությամբ է ընկալել այդ կապերի թուլացման յուրաքանչյուր փաստ: Իսկ այսօր Իրանը նաև զգուշանում է Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերի աճից: Միևնույն ժամանակ Իրանն ավելի վստահ է զգում իրեն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման ֆոնին: Եթե առաջատար արաբական երկրներն ավելի զուսպ են արձագանքում Արևմուտքում Թուրքիայի վարկանիշի անկմանը, ապա Իրանը չի թաքցնում իր բացահայտ գոհունակությունն այս առնչությամբ: Ռուսաստանը ևս շահագրգռված է Թուրքիայի դիրքերի թուլացմամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս Թուրքիան կցել իր էներգետիկ ու տնտեսական նախագծերին և ավելի մեծ հաջողությամբ ինտեգրել այդ երկիրը եվրասիական իրականությանը:
Դրա հետ մեկտեղ, «հայկական հարցի» համատեքստում նոր իմաստ է ձեռք բերում ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, բավականին երկար ժամանակ ԱՄՆ-ը և Եվրոպան լուրջ հակասություններ ունեին Եվրամիությունում Թուրքիայի տեղի ու դերի առնչությամբ: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կողմ էին Թուրքիայի անդամակցությանը և փորձում էին նույն կերպ ներազդել եվրոպական առաջատար տերությունների վրա: Բայց այսօր ԱՄՆ-ի վերլուծական ու քաղաքական շրջանակներում աստիճանաբար հանգում են այն եզրակացությանը, որ դա ԱՄՆ-ի համար անպտուղ քաղաքականություն է, որը վաղուց արդեն սպառել է իրեն և արդիականացման կարիք ունի: Դեռևս Ջորջ Բուշի օրոք, երբ ամերիկացիները ցուցադրաբար անտեսում էին Թուրքիային, ծնվեց այն գաղափարը, որ հարկավոր է դադարեցնել Թուրքիայի` Եվրոպային անդամակցության լոբբինգով զբաղվելը: Բայց կրտսեր Բուշի վարչակազմը, այնուամենայնիվ, պատրաստակամ չգտնվեց այդ հարցում: 2009-ի ապրիլին Ստամբուլում Օբամայի արած այն հայտարարությունից հետո, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ, ԱՄՆ-ում հանգեցին այն եզրակացության, որ անհրաժեշտ է համագործակցել եվրոպացիների հետ` Թուրքիայի անդամակցության հարցը տապալելու գործում: Հենց այս համատեքստում էլ կարելի է խոսել եվրա-ամերիկյան դավադրության մասին, ինչին մաս է կազմում նաև «հայկական գործոնը»: Եվրոպական քաղաքականության համար «հայկական գործոնն» արդեն մի քանի անգամ կիրառված և վստահելի գործիք է, բայց միջազգային հարաբերությունների ներկայիս պայմաններում, ինչպես պարզվում է, ԱՄՆ-ը և Եվրամիությունն ի վիճակի չեն օգտագործելու այդ գործիքը շատ մեծ արդյունավետությամբ, թեև միանգամայն հասկանալի է նաև, որ կփորձեն «հայկական գործոնից» քամել այն, ինչ հնարավոր է: Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է լինի շատ աչալուրջ, քանի որ Արևմուտքի երկու կենտրոններից և ոչ մեկը ռազմական ու տնտեսական օգնության ոչ մի երաշխիք չի տվել: Չնայած Հայաստանը կարող է ստանալ ու արդեն ստացել է որոշ սահմանափակ օգնություն: Վերջին հաշվով, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն Հայաստանի թուլացմամբ, ինչը, իհարկե, կարտացոլվի Արևմուտքի վերաբերմունքում ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Մեր կարծիքով, չնայած հայկական արտաքին քաղաքականության մտավոր ու ռեսուրսային սահմանափակությանը, միջազգային իրավիճակի բարենպաստ զարգացման շնորհիվ կարելի է հուսալ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը գործնականում կսառեցվի: Եվ քանի որ շոշափեցինք այս թեման, ապա այն կարելի է ավարտել պատկերավոր մի արտահայտությամբ. եթե մենք` հայերս, ամուր կանգնած լինենք մեր հողի վրա, ոչ ոք չի կարողանա մի թիզ հող անգամ խլել մեզնից:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ