Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԹՇՆԱՄԻՆԵՐՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾԻՑ» ՄԻՆՉԵՎ «ԶՐՈ ԽՆԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

«ԹՇՆԱՄԻՆԵՐՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾԻՑ» ՄԻՆՉԵՎ «ԶՐՈ ԽՆԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ»
30.03.2010 | 00:00

Օսմանյան կայսրության անկումից հետո քեմալական Թուրքիայում պետականորեն իշխում էր այն գաղափարը, որ երկիրը շրջապատված է թշնամի հարևաններով, որոնք փորձում են թուլացնել նրան կամ տարածքներ խլել նրանից: Նշվում էր, որ թուրքերը չունեն ոչ մի ընկեր, բացի թուրքերից: Քեմալ Աթաթուրքն էլ իր հիմնական առաքելությունը համարել է օսմանյան անցյալին վերջ դնելը, ինչի համար էլ երկիրը մեկուսացրեց տարածաշրջանային նախագծերից (Մերձավոր Արևելք, Կովկաս, Բալկաններ): Աթաթուրքը թուրքերին հրամայեց մոռանալ կայսրության մասին` առաջ քաշելով «Խաղաղություն երկրում - խաղաղություն աշխարհում» թեզիսը:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ մոտեցումը պահպանվեց մինչև 1980-ական թվականները` Թուրքիան դարձնելով տնտեսական ու քաղաքական առումով մեկուսացված մի երկիր, որը վատ էր ինտեգրված համաշխարհային շուկային: ԽՍՀՄ-ի փլուզումը և աշխարհաքաղաքական շրջագծից «երկբևեռ աշխարհի» հիմքերից մեկի դուրս գալը հանգեցրին թուրքական սահմանների մոտ նոր պետությունների ու հակամարտությունների առաջացմանը: Դրա հետ մեկտեղ էական փոփոխությունների ենթարկվեց Մերձավոր Արևելքի իրավիճակը, զգալիորեն մեծացավ տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերը: Այդ մեծ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին, Անկարային ստիպեցին արմատականորեն փոխել սեփական արտաքին քաղաքական կուրսը, որը մինչ այդ խարսխված էր Աթաթուրքի հայացքների վրա:
Թուրգութ Օզալի նախագահ դառնալուց ու «սառը պատերազմի» ավարտից հետո Թուրքիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց Օսմանյան կայսրության պատմական տարածքների պատասխանատվության մասին: Սակայն դիվանագիտական «նեոօսմանիզմի» իրական ծաղկումը տեղի ունեցավ 2002-ի նոյեմբերին` «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո, որի գաղափարակիրներին այլ կերպ անվանում են «չափավոր իսլամիստներ» կամ «իսլամիստ դեմոկրատներ»:
2005-ի հոկտեմբերի 24-ին նախագահ Ահմեթ Սեզերի նախագահությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց «Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը»: Այս փաստաթղթի մշակմանը մասնակցել են Թուրքիայում քաղաքականություն ձևավորող բոլոր գերատեսչությունները, սակայն վճռորոշ դերը խաղացել է Գլխավոր շտաբը: Փաստաթղթի նախնական տարբերակը ներառում էր 300 էջ, ինչը նախ նվազեցվեց մինչև 90, ապա վերջնական տեսքով կազմեց 25 էջ: Թուրքիայում այն անվանում են նաև «գաղտնի սահմանադրություն», «կարմիր գիրք», «կարմիր սահմանադրություն»: Փաստաթղթում տեղ են գտել երկրի ղեկավարության արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց ապահովումն ու արդյունավետ կենսագործումը, ինչպես նաև շեշտադրվել են այն արտաքին ու ներքին սպառնալիքները, որոնց Թուրքիան բախվում է:
Տեղեկություն ստանալու վերաբերյալ թիվ 4982 օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` այս փաստաթղթի բովանդակությունը համարվում է գաղտնի և հրապարակման ենթակա չէ, քանի որ այն պետական գաղտնիք է: Այս օրենքը խախտած անձինք, քրեական օրենսգրքի 132-138 և 229 հոդվածների համաձայն, տարբեր ժամկետներով դատապարտվում են:
Ներկայումս ԱԶԿ-ն ցանկանում է փոփոխություններ կատարել MGSB-ում: Պատճառն այն է, որ Անկարան սկզբունքորեն փորձում է փոխել իր գեոքաղաքական «դիրքավորվածությունը» ինչպես Կովկասյան տարածաշրջանում, այնպես էլ համայն աշխարհում: Մասնավորապես, Անկարան այսօր արդեն չի պատրաստվում կաշկանդել իրեն միայն Ադրբեջանի հանդեպ ստանձնած «ազգակցական պարտավորություններով», ինչը, բնականաբար, հարուցում է պաշտոնական Բաքվի դժգոհությունը: Մինչդեռ 2005-ին ընդունված «կարմիր գրքում» շեշտը դրվում էր միայն Թուրքիայի տարածաշրջանային կարգավիճակի ամրապնդման վրա: Ընդհանուր առմամբ, 2009-ը կարելի է որակել որպես իր ներքաղաքական հակառակորդի` աշխարհիկ ուղղություն ունեցող զինվորականների դեմ ԱԶԿ-ի հաղթանակի տարի: Ներքին ճակատում սեփական դիրքերի ամրապնդումն ԱԶԿ-ին հնարավորություն տվեց ձեռնամուխ լինելու երկրի արտաքին քաղաքականության փոփոխմանը:
2009-ի նոյեմբերին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հանդես գալով ԱԶԿ անդամների առջև, խոստովանեց, որ իր երկիրը վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Գոյություն ունի Օսմանյան կայսրությունից ստացված ժառանգություն: Մեզ «նեոօսմաններ» են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվելու հարևան երկրներով: Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կիլոմետր տրամագծով մի շրջապտույտ արեք, և այդ տարածքում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կիլոմետր տրամագծով շրջան անելու պարագայում դրանում կընդգրկվի 70 երկիր: Դրա համար էլ Թուրքիան շահագրգռված է իր շրջակայքով»: Դավութօղլուն խորհուրդ տվեց նմանատիպ շրջապտույտներ անել ԱՄՆ-ի շուրջը և տեսնել, թե որքան երկրներ կընդգրկվեն դրանում: ԱՄՆ-ը պատահականորեն չէր ընտրված, քանի որ այդ դեպքում նրա շրջակայքում կհայտնվեն շատ ավելի քիչ երկրներ, քան Թուրքիայի պարագայում է, մինչդեռ ԱՄՆ-ը ողջ աշխարհում է միջամտում հակամարտությունների հարթմանը:
Ըստ Դավութօղլուի` Թուրքիայի ուժը չի սահմանափակվում միայն ռազմական պոտենցիալով, Թուրքիան կարող է իրեն ցույց տալ նաև «փափուկ ուժի» տեսանկյունից: Մյուս կողմից էլ` «նեոօսմանիզմ» բառը բացասական հիշողություններ է արթնացնում Օսմանյան կայսրության նախկին հպատակ ազգերի մոտ, ուստի և նրանք բացասաբար կվերաբերվեն նեոօսմանիզմի գաղափարին:
Ներկայումս թուրքական ջանքերը հիմնականում ուղղված են Հարավկովկասյան ու Մերձավորարևելյան տարածաշրջաններում սեփական ազդեցության մեծացմանը: Այս համատեքստում առաջ են քաշվել երկու նախագծեր: 2008-ի օգոստոսի 11-ին` ռուս-վրացական «հնգօրյա» պատերազմի ժամանակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանն առաջին անգամ հնչեցրեց Կովկասյան կայունության պլատֆորմի ստեղծման գաղափարը` օրինակ բերելով Բալկանյան կայունության պակտը: 2010-ի փետրվարի 4-ին Դավութօղլուն Եվրամիության (ԵՄ) օրինակով առաջարկեց ստեղծել Եվրասիական միություն` նշելով, որ Եվրասիայի բոլոր երկրները ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի համար: Թուրքիայի այս նոր քայլը Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը որակեց որպես Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դեմ պատերազմելու Ռուսաստանին ուղղված հրավեր:
Կարելի է կարծել, որ ներկա պահին Թուրքիայի համար առավել նպատակահարմար է այս ծրագրերի շուրջ բարձրաձայնելը, քան դրանց իրագործմանը ձեռնամուխ լինելը: Մասնավորապես, դեռևս լուրջ հաջողություն չարձանագրած մեկ «ճակատում» (Կովկասյան կայունության պլատֆորմ)` Թուրքիան իր համար բացում է երկրորդ «ճակատը» (ԵՄ-ի օրինակով Եվրասիական միության ստեղծումը), ինչը կարելի է որակել նաև որպես ԵՄ-ին ուղղված քաղաքական ժեստ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ ձգձգվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, և Թուրքիան ցանկանում է այնպիսի կեցվածք ընդունել, ասես հոգնել է ԵՄ-ին անդամակցելուն սպասելուց:
2009-ի սեպտեմբերի վերջին Էրդողանը Ֆրանսիայում հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է հետագայում հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու գաղափարից և այնպիսի ուղի ընտրել, ինչպիսին ընտրեց Նորվեգիան: Թեև Նորվեգիան համապատասխանում է եվրոպական չափանիշներին, սակայն հրաժարվեց ԵՄ-ին անդամակցելուց, քանի որ նորվեգացիները դեմ արտահայտվեցին դրան: Այս առումով Թուրքիան չի կարելի համեմատել Նորվեգիայի հետ:
Թուրքիայի մուտքը ԵՄ արգելելու եվրոպական շատ երկրների դիրքորոշման հիմնական պատճառը Եվրոպայում մահմեդական ազգաբնակչության սպառնալիորեն աճող թվաքանակն է (ավելի քան 70 միլիոն մարդ, 50 միլիոնը` թուրք): Նման քանակությամբ մահմեդականներով ԵՄ-ը կկորցնի իր քրիստոնեական ու աշխարհիկ նույնականությունը: Այս պատճառով էլ թուրքական կողմը ԵՄ-ն անվանում է քրիստոնեական խմբակ, և քանի որ թուրքերը քրիստոնյա չեն, ուստի, նրանց կարծիքով, անհնար է դառնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:
Այս կապակցությամբ թուրքերը նշում են. «Պատմությունից հաստատված է, որ երբևէ Եվրոպան կամ եվրոպացին չեն սիրել մեզ, չեն սիրում և չեն էլ սիրելու»: Ներկայումս շատ թուրքեր կարծում են, որ իսկական մեծությունը երկրի կայսերական անցյալն է, ոչ թե բացառապես արևմտյան համամարդկային արժեքները: Թուրքերին հոգնեցրել են եվրոպացիների քննադատությունները, ինչի համար էլ նրանք մեծ ուրախությամբ են թերթում անցյալն ու կարոտով հիշատակում Բալկաններից մինչև Արաբիա փայլատակող իրենց կայսրությունը: Այս ամենը թուրքերին մղում է օսմանյան «կորուսյալ ոսկեդարի» միֆականացման:
Ի հակադրություն քրիստոնեական ԵՄ-ի` Թուրքիան առաջարկում է ստեղծել Եվրասիական միություն կամ Իսլամական երկրների միություն, որը բաղկացած կլինի բացառապես մահմեդական երկրներից: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել Իսլամական երկրների միացյալ դրամական միավոր (եվրոյի նման), Իսլամական երկրների միացյալ պաշտպանական միություն (ՆԱՏՕ-ի նման), Իսլամական երկրների միացյալ մաքսային համաձայնագրի միություն (ԵՄ-ի նման մաքսային միություն): Փաստորեն, դա մի նախագիծ է, որն ի ցույց կդնի Թուրքիայի գերազանցությունն ասիական ու աֆրիկյան մահմեդական մնացած երկրների նկատմամբ:
Սա նման է «թյուրքական աշխարհի» համախմբման ծրագրին, թեև այստեղ էլ ծանրակշիռ հաջողություններ չեն արձանագրվել: Թուրքերն իրենց հայացքը կարող են հառել երեք ուղղությամբ` կա՛մ դեպի Արևմուտք (Եվրոպա), կա՛մ դեպի Հարավ (իսլամական աշխարհ), կա՛մ էլ դեպի Արևելք (թյուրքական աշխարհ): Այսօրվա քայլերը վկայում են, որ Թուրքիային հոգնեցրել է առաջին տարբերակը, և աշխատանքներ են տարվում մյուս երկու ուղղություններով: Չնայած դրան` այս տարի Թուրքիայում անցկացված հարցախույզի մասնակիցների մեծամասնության համար երկրի առաջնահերթ նպատակը շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելը:
Վերոնշյալ ծրագրերն իրականացնելու համար առաջ է քաշվել «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: Այս արտահայտությունը Դավութօղլուն առաջին անգամ նշել է 2007-ի իր հոդվածներից մեկում: Ահմեթ Դավութօղլուի նախաձեռնած այդ քաղաքականության գագաթնակետը գրանցվեց 2009-ի հոկտեմբերին, երբ Թուրքիան մի շարք գործուն քայլեր ձեռնարկեց Սիրիայի, Հայաստանի ու Իրաքի ուղղությամբ:
Դա հանգեցրեց նրան, որ մարտի սկզբին ամերիկյան «Foreign Policy» («Արտաքին քաղաքականություն») հանդեսն Ահմեթ Դավութօղլուին ճանաչեց տարվա լավագույն դիվանագետներից մեկը` նրան անվանելով «նոր Քիսինջեր» կամ «մոլորակի Քիսինջերներից մեկը»: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը նախկինում ԱՄՆ-ի պետքարտուղարն էր, որի գործունեությունն ավելի քան 50 տարի ազդել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա: Արևմուտքում Դավութօղլուին անվանում են նաև հանրապետական Թուրքիայի լավագույն արտգործնախարարը:
Թուրքիան որդեգրել է «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը, քանի որ շահագրգռված է ածխաջրածիններով հարուստ իր հարևան երկրներում կայունության պահպանմամբ: Ըստ Դավութօղլուի` դրա շնորհիվ Թուրքիան կարող է դառնալ համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը, ուստի ակտիվորեն միջամտելու է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացին` առաջարկելով սեփական միջնորդական առաքելությունը: Շատերի վստահեցմամբ` այդ միջնորդությունն ուղղված է ոչ թե այս կամ այն հակամարտության լուծմանը, այլ Թուրքիայի ամրապնդմանը որպես գերիշխող ուժի` առաջին հերթին Մերձավոր Արևելքում: Թուրքիայի միջնորդական առաքելությունը վերաբերում է Իսրայելի ու Սիրիայի, Սիրիայի ու Իրաքի, Իրանի ու Արևմուտքի, Աֆղանստանի ու Պակիստանի միջև հարաբերություններին, Լիբանանին:
Բացի Մերձավորարևելյան ու Կովկասյան տարածաշրջաններից, Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Միջերկրածովյան ավազանին, որտեղ թուրքական նավատորմը խոշորագույններից մեկն է: 2010-ի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան պլանավորել է Միջերկրական ծովում ստեղծել «թուրքական խաղաղապահ ուժեր» (2 ֆրեգատ և 1 տորպեդային կատեր), որոնց առաջադրանքը Միջերկրածովյան ավազանում` Ջիբրալթարից մինչև Լիբանան, միջազգային ջրերում պարեկություն իրականացնելն է: Միջերկրական ծովում «խաղաղապահ ուժերի» ստեղծման արդյունքում Թուրքիան կդառնա երկրորդ երկիրը, որն այդ ավազանում կարող է ինքնուրույնաբար գործել: Ներկայումս Միջերկրական ծովում մշտական հենքի վրա բազավորված է ԱՄՆ-ի 6-րդ նավատորմը, որն իրենից ներկայացնում է Եվրոպայում ամերիկյան ծովային ուժերի օպերատիվ միավորում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մշտական ծովային միավորումը: Թուրքական այս նախաձեռնությունը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ վերջին շրջանում Ռուսաստանը փորձում է ապահովել սեփական նավատորմի մշտական ներկայությունը միջերկրածովյան ավազանում` օգտվելով Սիրիայի նավահանգիստներից:
Այսպիսով, մենք ականատես ենք դառնում այն իրողությանը, որ աթաթուրքյան ժամանակաշրջանում իշխող «թշնամի հարևաններով շրջապատված» պետական գաղափարը մոտ 90 տարի անց վերափոխվել է «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարի: Կանխատեսվում է, որ ընթացիկ տասնամյակում Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանային հզոր լիդեր` ուժեղ բանակով ու տնտեսությամբ: Այսօր թուրքական բանակն իր անձնակազմի թվաքանակով (մոտ 700000 մարդ) տեղ է զբաղեցնում աշխարհի խոշոր բանակների առաջին տասնյակում (տարբեր տվյալներով` 5-8-րդ տեղը): Միևնույն ժամանակ Թուրքիան այսօր պատվավոր 17-րդ տեղն է զբաղեցնում ինդուստրիալ «G-20»-ի կազմում, որին բաժին է հասնում համաշխարհային համախառն ազգային արդյունքի 90 տոկոսը, համաշխարհային առևտրի 80 տոկոսը և համաշխարհային բնակչության երկու-երրորդը: Չնայած դրան, այդ ցուցանիշը չի բավարարում Թուրքիային, որը ցանկություն ունի մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը` 2023 թիվը, տեղ զբաղեցնելու աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների լավագույն տասնյակում:
Թուրքիայի տարածաշրջանային հզոր պետություն դառնալուն կարող է նպաստել նաև նրա բացառիկ աշխարհագրական դիրքը` ածխաջրածինների համաշխարհային պաշարների շուրջ 70 տոկոսին սահմանակցելը, դեպի Եվրոպա էներգակիրների առաքման ոլորտում երկրի ունեցած բացառիկ տարանցման դերը, ապագայում ածխաջրածինների արդյունահանման և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա փոխադրման ընդլայնումը, իսլամական ու թյուրքական աշխարհում գերիշխող դիրք զբաղեցնելու առումով արձանագրվելիք հնարավոր հաջողությունները: Մյուս կողմից էլ` այս ուղղությամբ զսպիչ գործոն կարող է լինել տարածաշրջանային խոշոր երկրների` մասնավորապես Իսրայելի ու Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հակազդեցությունը:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ