Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պետք չէ հետին թվով ազնվություն խաղալ

Պետք չէ հետին թվով ազնվություն խաղալ
18.09.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Երբ անհատը հասել է որոշակի տարիքի, անցել է կյանքի որոշակի ճանապարհ և ասելիք ունի ու ինչ-որ տեղ նաև ստեղծագործելու ձիրք, ակամայից ցանկանում է ամփոփել յուրովի անցած ճանապարհը, սերունդներին թողնել իր ասելիքը: Գրականության մեջ այդ տեսակի ասելիքը (ստեղծագործությունը) կոչվում է մեմուար: Ասելիքը, եթե այն անկեղծ է, հեռու սուբյեկտիվիզմից, կարելի է ասել, կարող է դառնալ մի ամբողջ ժամանակաշրջանի նկարագիր: Ասածիս վառ ապացույցն է Աննա Ֆրանկի «Օրագիրը», որը ոչ միայն փառք ու ճանաչում բերեց երիտասարդ աղջնակին, այլև ապագա սերունդներն այդ օրագիրը կարդալով` կարող են Երկրորդ աշխարհամարտի ողջ ծանրությունն ու դաժանությունը պատկերացնել: Իսկ եթե հուշեր գրողը քաղաքական, պետական, հասարակական ակնառու գործիչ է եղել, ապա այդպիսի մեմուարներն անգնահատելի են: Ո՞վ մեկ շնչով չի կարդացել Չերչիլի, գեներալ դը Գոլի և շատ-շատ անվանի անհատների հուշերը: Դրանք իսկական կյանքի ուսանելի դպրոց են ոչ միայն ապագա քաղաքագետների համար: Մեր կարծիքով, հուշագիրը նաև անհատի, քաղաքական, պետական, ռազմական գործչի ինքնագնահատականն է: Ո՞վ է ինքը, ինչպե՞ս է ապրել, պայքարել, հասել նպատակին, ինչպե՞ս է ծառայել երկրին, ժողովրդին, թողե՞լ է արդյոք սեփական երկրի պատմության մեջ իր ձեռագիրը: Ժուկովի, Բաղրամյանի հուշերը կարդացողը ճիշտ կպատկերացնի Ստալինի` որպես անհատի, ռազմական ստրատեգի կերպարը: Տեղին է նշել, որ այդ հուշերը գրվել են Ստալինի մահվանից և ջախջախիչ խրուշչովյան քննադատությունից տասնյակ տարիներ հետո: Որքան էլ այսօր ամեն կարգի պատմաբանները, քաղաքագետ կոչվածները փորձեն փնովել խորհրդային պետության դերը ֆաշիզմի ջախջախման գործում, միևնույն է, այդ անվանի մարշալների թողած գրական ժառանգությունն իրենց ժամանակաշրջանի անփոխարինելի վկայությունն է:
Գեներալ դը Գոլն իր հուշերում շատ հետաքրքիր շտրիխով փորձել է տալ Ստալինի հետ իր ունեցած մոսկովյան հանդիպման տպավորությունը: Նա լավ գիտեր, որ դիվանագետի մեծությունը քիչ խոսելն է` շատ խոսելու հնարավորությունն ընձեռելով հակառակ կողմին: «Այդ կոմունիստը,- գրել է նա,- փորձում էր ինձ խոսեցնել իր լռելով: Սակայն դա նրան չէր հաջողվում»:
«Հանուն ճշմարտության պետք է ասել,- ինչպես նշում է «Գեներալ դը Գոլը» գրքում սովետական պատմաբան Մոլչանովը,- այդտեղ գեներալն այնքան էլ օբյեկտիվ չէ, որովհետև հանդիպման ձայնագրությունների վերծանումը ցույց է տվել, որ լռելու ընդունակություն ունեցած գեներալը, այնուամենայնիվ, հանդիպման ժամանակ Ստալինից երկու անգամ շատ է խոսել»: Այդ միտքն ընդգծեցի, ցույց տալու համար, որ եթե մեծ մարդկանց հուշերում սուբյեկտիվիզմի տարրը, այնուամենայնիվ, առկա է, ապա քաղաքական կյանքի ոչ վառ ճանապարհ անցած անհատի մոտ այն էական է լինելու: Մեր կարծիքով` այդ տարրը գերազանցում է Սուրեն Հարությունյանի «Անցյալի և ներկայի մասին» հուշերի գրքում: Չկիսելով ամենևին Ռոբերտ Քոչարյանի մոլագար պաշտպանների հրապարակումները «Հայոց աշխարհ» օրաթերթում, անգամ վիրավորական արտահայտությունները` «Խելագար մորքուրը», «Քաղաքական դիակները չեն վերակենդանանում», «Պարտադիր չէ ատել, երբ ակնկալիքները չեն արդարանում», և ոչ էլ հետին թվով իմաստուն երևալու ձախողված քաղաքական գործչի մտքերը, որովհետև այդ հոդվածներից երևում է ամեն գնով Քոչարյանին պաշտպանելու, մեծարելու մոլուցքը, իսկ մյուս դեպքում` ձախողված քաղաքական գործչի վրեժխնդրությունը, ամենայն պատասխանտվությամբ փաստում եմ, որ այդ հրապարակումները հիանալի ցույց են տալիս մեր անկախ պետության քաղաքական կյանքի ողջ գարշահոտությունը` կույր ֆանատիզմ և ստոր վրեժխնդրություն: Մինչև հուշերին անցնելը, որպես մտավորական, ասեմ իմ ասելիքը Քոչարյանի մասին: Իսկ այդ ասելիքը կշարադրեմ Խաչվերացի օրը գերեզմանոցում բոլորովին պատահաբար ծանոթացած զրուցակցիս մտքերով և դրանից ուղիղ երկու օր առաջ նույն թեման շոշափած մեկ ուրիշի խոսքերով: Վերջինս զրույցի ժամանակ հարցրեց` Սարկիսովի թաղմանը եկե՞լ էիր: Բնականաբար, ասացի` ոչ, որովհետև նրա հետ երբևէ ծանոթ չեմ եղել: Այդ մարդը պատմում էր ու երկու ձեռքերով խփում գլխին. «Հանգուցյալի դիակին ոչ ոք չէր նայում: Կարծես մարդիկ եկել էին ոչ թե սգո արարողության, այլ ինչ-որ պատկերասրահ, հարստության, ճոխության, արվեստի թանգարան կամ, ավելի ճիշտ, հաղթանակից վերադարձած զորավարի տրոֆեյը դիտելու: Մոտ կես հեկտար տարածության վրա Նորք-Մարաշում այդ հանգուցյալի առանձնատունն էր` բաղկացած մի քանի կառույցներից: Շինություններից մեկը մի քանի կախովի պատշգամբ ուներ, և յուրաքանչյուրում կախված էին առնվազն հարյուր հազար դոլար արժողությամբ բյուրեղապակե լուսամփոփներ: Շենքերի դրսի և ներսի մարմարե սալիկները, հանդիսությունների համար նախատեսված սրահը (բարձրությունը կլիներ 5-6 մետր), չեմ կարող ասել, թե քանի հարյուր միլիոն արժե, գուցե և ավելին էր ծախսված Սարկիսովի այդ առանձնատների համալիրի վրա»։ Զրուցակիցս, որն այնպիսի վառ գույներով էր նկարագրում այդ ամենը (որի պատմածին, անկեղծ ասած, ամենևին չէի հավատում), հռետորական հարցադրում արեց. «Ի վերջո, ո՞վ էր Սարկիսովը, ընդամենը Քոչարյանի պահակապետը (երդվում եմ ամենայն ազնվությամբ, նա այդպես էլ ասաց` Քոչարյանի պահակապետը): Եվ պահակապետին որտեղի՞ց այդ միլիոնավոր դոլարները, թող Քոչարյանն ասի»,- իր խոսքն ավարտեց զրուցակիցս: Ճիշտն ասած, այնքան էլ չհավատացի զրուցակցիս, մտածելով, թե չարախոսում է հանգուցյալին, նաև Քոչարյանին: Երբ Խաչվերացի օրը մեր գյուղի գերեզմանոցում (ազգը դարդոտված է, ամենուր քաղաքականությունն է նրա ուղեղում) մարդիկ խոսում էին հայ-թուրքական «պրոտոկոլներից», անծանոթ մի մարդ ասաց, թե` ի՛նչ եք խոսում, և պատմեց Սարկիսովի թաղման ժամանակ նրա տանը տեսած միլիոնավոր դոլարների արժողությամբ հարստության մասին: Ես ոչինչ չասացի, մտաբերեցի երկու օր առաջ ծանոթներիցս մեկի խոսքերը. «Ո՞վ էր Սարկիսովը, ընդամենը Քոչարյանի պահակապետը, որտեղի՞ց և ո՞ւմ թույլտվությամբ է նա թալանել այդքան հարստությունը»: Ակամա մտաբերեցի ճապոնացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի խոսքերը, թե մեր երկիրն էլ Ճապոնիայի նման զուրկ է բնական ռեսուրսներից, աղքատ է։ Տեղին է հարցնել` նման աղքատ երկրի նախագահի պահակապետն այդքան հարստություն որտեղի՞ց է թալանել։ Քոչարյանը երբևէ չի՞ տեսել: Եթե այդ ամենը Քոչարյանի պահակի ունեցվածքն է, ապա…
Այո՜, ասենք` սա Քոչարյանն է, և վերջակետ դնենք:
Իսկ այժմ` «Անցյալի և ներկայի մասին»։
Հիշում եմ ուսանողական տարիների դասախոսիս միտքը, թե աշխատասիրությամբ միջակ ընդունակության տեր մարդը կարող է հասնել ակադեմիկոսի աստիճանի: Ճիշտ է, այդ ակադեմիկոսը չի ունենա իսկական, տաղանդով այդ կոչմանը հասած գիտնականի անհատականությունը: Քաղաքականության մեջ էլ, լռելով, գորշ միջակությունը կարող է հասնել բարձր պաշտոնների: Սուրեն Հարությունյանին ճանաչում եմ 1969 թվականից, երբ նա ՀամԼԿԵՄ կենտկոմի քարտուղար էր, իսկ ես` շրջկոմի քարտուղարի իրավունքով հայտնի Մերգելյան ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարը: Մեկ անգամ չէ, որ կոմերիտմիության կենտկոմի պլենումների ժամանակ լսել եմ նրան: Ասեմ, որ մնացած բոլոր կոմսոմոլներիցս նա որևէ բանով աչքի չէր ընկնում, անհատականություն ասածը չկար նրա մեջ: Նրա տեղակալ գավառցի Բաբկեն Վարդանյանն ավելի անհատ էր, քան նա: Բայց Սուրեն Հարությունյանն ուներ մի առավելություն մնացածներիս նկատմամբ. արտաքինով գեղեցիկ էր, հիանալի խոսում էր ռուսերեն (կրթությունը ռուսական էր) և մեկ էլ` ամերիկացու ժպիտն էր դեմքին: Կրթությամբ էլ չէր փայլում առանձնակի. ավարտել էր անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը և ոչ թե պոլիտեխնիկը կամ ֆիզմաթը, որոնք հեղինակավոր մասնագիտություններ էին այդ ժամանակ:
Որքան ճանաչել եմ Հարությունյանին, նա երբևէ անկեղծ չի եղել և չէ՛: Նա Քոչարյանից, որպես քաղաքական գործչից, պահանջում է այն, ինչից ինքը շատ հեռու է: Երբ ինքը եկավ ղեկավարելու Հայաստանը (որպես ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար), ինչպե՞ս դրսևորեց իրեն: Եթե ինքը և նրա նախորդը դրսևորեին փոքր-ինչ անհատականություն և հայրենասիրություն, հավատացած եմ, այսօր մենք ուրիշ անկախ պետություն կունենայինք: Ժողովուրդը չսիրեց Հարությունյանին, որովհետև այդ բարդ ժամանակամիջոցում «ես» ունեցող ղեկավար էր պետք, ինչից հեռու էր նա: Հարությունյանը մեղադրում է Քոչարյանին (ոչ ուղղակիորեն, այլ միջնորդավորված) հոկտեմբերի 27-ի գործով, մոռանալով, որ այդ գործով կա դատավճիռ և կարճված մաս: Բարոյական ո՞ր օրենքով է պետության անունից արձակված դատավճիռը ենթարկել կասկածանքի: Վերջապես չմոռանանք, որ կարճված մասով զինվորական դատախազը, հանրահայտ Գագիկ Ջհանգիրյանը` դատախազության կոլեգիայի անդամը, կոլեգիայի նիստի ժամանակ արտահայտել է իր կարծիքը և կողմ է քվեարկել քրեական գործի մասի կարճմանը: Նույն այդ Ջհանգիրյանն իր հրաժարականի փորձի ժամանակ հայտարարեց, թե շատ բան կասի, երբ դատախազ չի լինի: Արդեն երկար տարիներ դատախազ չէ, բայց այդպես էլ նրա փաստերը չեն խոսում: Եվ, վերջապես, հարցնենք նախկին կուսակցական ընկերոջը` մինչև մեմուարներդ գրելը, երբ ՀՀ դեսպանն էիր Բելառուսում, ինչո՞ւ էիր լռում: Եթե հիշում եք հոկտեմբերի 27-ը, ապա ինչո՞ւ չեք հիշում 1990 թվականի հայտնի թունավորումները, մայիսի 27-ը։ Հավանաբար, հոգում չարության ուղղորդված չափաբաժինը գիտակցաբար չեք ցանկացել թուլացնել: Կուզենայի հիշեցնել նաև 1989 թվականի նոյեմբերյան տոնակատարությունը Երևանի Լենինի հրապարակում: Տրիբունայում Դուք էիք և անսպասելի տոնակատարության երթը միտինգի վերածած Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՜նչ ողորմելի և անկարող էիք Դուք այդ պահին: Ո՞Ւր էր Ձեր հայրենասիրությունը: Իմ համեստ կարծիքով, Ձեզ նմանները միայն թոշակի ժամանակ են հիշում հայրենիք, կուսակցական խիղճ, պարտականություն և նման բաներ:
«Ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիր, Հայաստանը ևս կառուցողական ընդդիմության կարիք ունի,- գրում է Հարությունյանը:- Պատճառները չեմ ցանկանում մանրամասնել, բայց մենք չունեինք նման ընդդիմություն, քաղաքական ասպարեզում վերստին հայտնվելով` Լևոն Տեր-Պետրոսյանը գործնականում լրացրեց այդ բացը»: Տեղին է հարցնել` կառավարման երկար ճանապարհ անցած անհատդ, զգալով այդ ամենը, ինչո՞ւ չլրացրիր այդ սուրբ տեղը և թույլ տվեցիր վերադարձը մեկի, ով այս երկրում հիմնադիրն է բոլոր անարդարությունների ու ապօրինությունների, հիմնադիրն է կադրային խայտառակ քաղաքականության, ինչը շարունակվում է մինչ օրս: Եվ ինչն է զարմանալի. այդ անհատը, որն անցյալ, ներկա և դեռևս գալիքի շատ դժբախտությունների հիմնադիրն է, Ձեր կողմից ոչ մի քննադատական խոսքի չի արժանացել: «Իր նախագահության առաջին տարիներին նա չուներ նախագահական լայն մտահորիզոն, չէր պատկերացնում ազգի ու պետության խնդիրների ամբողջ խորքը: Նրան չես անվանի ռազմավարական մտածողության տեր, համազգային մասշտաբի առաջնորդ, որն ի զորու է ժամանակակից փուլում հայ ժողովրդի շահերը որոշարկող հայեցակարգեր մշակել: Բայց այդ գործելաոճն արդարացում ունի այն առաջնորդների համար, ովքեր սխրանքի ի վիճակի չեն` հանուն սեփական ժողովրդի»,- գրում եք Դուք` բնութագրելով Քոչարյանին:
Այստեղ կցանկանայի վերջակետ դնել, հիշելով հայտնի առակի խոսքերը` «Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ»: Թող այնպիսի մեկը գրի այդ խոսքերը, որը քսան տարվա այս թոհուբոհի մեջ գոնե մեկ անգամ ընդվզել է, հանուն իր երկրի ոչ թե սխրանքի է դիմել, այլ հրապարակավ ասել է իր ճշմարիտ խոսքը:
Եթե ամբողջ կյանքում առաջնորդվել եք հայտնի ասացվածքով. «Լեզուն տրված է մարդուն իր մտքերը թաքցնելու համար», ուրեմն, թոշակի անցնելուց հետո պետք չէ բլբլալ կամ թե կռվից հետո, ինչպես ասում է ռուսական հայտնի ասացվածքը, պետք չէ թևերը քշտել: Ամբողջ կյանքում մեջտեղ կերել, եզր եք ման եկել, ուրեմն, այդպես էլ շարունակեք:
Անձամբ ես չեմ հավատում Սուրեն Հարությունյանի ազնվությանը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ