Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՄԵՋ Է»

«ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՄԵՋ Է»
23.04.2010 | 00:00

Ցեղասպանությունը միայն բարբարոսական ժամանակների երևույթ չէ։ Քաղաքակիրթ համարվող 20-րդ դարի ընթացքում ազգային և կրոնական պատկանելության պատճառով զանգվածային սպանություններ կատարվել են աշխարհի տարբեր ծայրերում։ Սպանել են հայերին, քրդերին, հրեաներին...
Զանգվածային սպանությունները և ցեղասպանությունը քաղաքական բռնության հատուկ տեսակ են։ Ի տարբերություն բռնության մյուս տեսակների՝ ցեղասպանությունն իրականացվում է ժողովրդի կողմից, այն բնորոշվում է ոչ միայն զոհերի, այլև հանցագործների մեծ թվով, ընդ որում, այդ հանցագործության մեջ ներգրավվում է տվյալ երկրի գրեթե ամբողջ հասարակությունը։ Ցեղասպանությունն այնքան հակասող է մարդկային բարոյականության նորմերին, որ հաճախ կարելի է լսել տեսակետ, թե ցեղասպանությունը հիվանդ, մթագնած գիտակցությամբ մարդկանց գործ է։ Սակայն, այնուամենայնիվ, գենոցիդ իրականացնողների մեծագույն մասը հոգեպես առողջ մարդն է։
Ի՞նչն է մարդկանց մղում սպանության։ Շատերը կարծում են, թե իշխանությունները կամ այնտեղ սողոսկած որոշ անձինք խեղում են հասարակությունը՝ մարդկանց վարակելով դաժան գաղափարներով։ Բայց ցեղասպանությունը երբեք դատարկ տեղը չի առաջանում։ Որպեսզի մարդիկ հանկարծ սկսեն սպանել այլ լեզվով խոսող կամ այլ Աստծու աղոթող հարևանին, որի հետ դարեր շարունակ ապրել են կողք կողքի, իշխանական վերնախավում մեկ կամ մի քանի հանցագործի հայտնվելը բավարար չէ։ Բոլոր ժամանակներում էլ ցանկացած երկրի քաղաքական դաշտում եղել են ծայրահեղական գաղափարներով գործիչներ, ծայրահեղական կազմակերպություններ։ Բայց պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքում է միջին վիճակագրական մարդը ենթարկվում արյունոտ կոչերին։
Որոշ հոգեբաններ կարծում են, որ ցեղասպանություն գործում են դժվար ժամանակներ ապրող ժողովուրդները և երկրները։ Եվ պարտադիր չէ, որ այդ դժվարությունները լինեն սոցիալ-տնտեսական կամ քաղաքական բնույթի։ Դա ավելի շուտ հոգեբանական հասկացություն է՝ դեպրեսիայի, թշնամիներով շրջապատված լինելու, անհուսության, անարդարության զգացողություն։ Այս զգացողությունների կուտակումը տարիների ընթացքում հանգեցնում է ագրեսիայի, որը հետագայում արտահայտվում է ցեղասպանությամբ կամ այլ վայրագ դրսևորումներով։
Բացի այդ, ցեղասպանություն գործելու անհրաժեշտ պայման է թշնամու կերպարի գոյությունը, որի վրա են բարդվում բոլոր անհաջողությունները, և որի բացակայության դեպքում ամեն ինչ իբրև թե կընթանա շատ ավելի լավ։ Ցեղասպանություն իրագործել առանց ատելության զգացումի` անհնար է։ Այդ ատելությունը դաստիարակվում և զարգանում է երկար տարիների ընթացքում։ Դրա արմատներն անգամ դպրոցական դասագրքերում են։ Եվ այդ դաստիարակությունը հասարակության մեջ ձևավորում է զգացողություն, թե զոհերն այլ ճակատագրի արժանի էլ չէին։
Ցեղասպանության ենթարկված ազգ լինելը և տասնամյակներ շարունակ այդ հոգեբանությամբ ապրելն ի՞նչ հետևանքներ են ունենում տվյալ ժողովրդի վրա։ Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ, հոգեբույժ, հոգեվերլուծող ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ կարծում է, որ ցանկացած տրավմա տպվում է անհատի կամ ժողովրդի հոգեկերտվածքի վրա։ Առաջանում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, որոնց բնորոշ են մտքում սպանության պատկերների կրկնությունը, քնի խանգարումները, դյուրագրգռությունը, ոչ համարժեք վարքագիծը, արժեքների գերագնահատումը կամ թերագնահատումը և այլն։ Ի վերջո, եթե այդ հետտրավմատիկ խանգարումը չի բուժվում, կարող է բարդությունների կամ խանգարումների հանգեցնել. «Օրինակ, Վիետնամի պատերազմից հետո առաջացավ վիետնամական սինդրոմը, այնուհետև՝ աֆղանական, ղարաբաղյան սինդրոմները։ Այսինքն՝ բոլոր ազատամարտիկները, զինվորները, ովքեր տեսել են ընկերոջ մահը կամ ականատես են եղել դաժան պատկերների, հոգեկան մեծ հարված են ստացել։ Հետաքրքիր է, որ վիետնամական սինդրոմը վերաբերում է հենց ամերիկյան հաղթող բանակին։ Եվ գուցե թուրքերն ավելի մեծ տրավմա են ստացել ցեղասպանություն գործելով, քան մենք՝ հայերս, որ պահանջում ենք արդար դատաստան և փոխհատուցում։ Թուրքերն այսօր սեփական արյունոտ անցյալին առերեսվելու համարձակություն չունեն։ Բացի այդ, ամոթի զգացում ապրելու, սեփական մեղքի ճանաչման համար անհրաժեշտ է բարոյական հասունացման որոշակի մակարդակ: Իսկ եթե մեղքի գիտակցում չկա, ապա թշնամանքի խորացումն անխուսափելի է։ Թուրքիան, ի վերջո, Գերմանիա չէ։ Ցեղասպանության փաստն ընդունելուց հետո, գուցե, Թուրքիան քայքայվի որպես պետություն։ Դա նրանց համար ազգային անվտանգության հարց է։ Մեր հարևաններն այսօր շատ ծանր և անհավասարակշիռ վիճակում են։ Տարբեր երկրներ շարունակում են ճանաչել Ցեղասպանության փաստը։ Ստացվում է, որ մենք՝ հայերս, խանգարում ենք թուրքին հանգիստ կրելու բարեպաշտի դիմակ կամ հանդես գալու որպես քաղաքակիրթ, եվրոպական արժեքներ կրող պետություն։ Բայց միևնույն ժամանակ մենք օգնում ենք նրանց, որ կարողանան իրենց կեղծ դիմակը դեն նետել։ Եթե մարդն ինքնախաբված է ու հիվանդ, ավելի լավ է նրան այդ ինքնախաբեությունից հանել և բուժել։ Չի բացառվում, որ Ցեղասպանության փաստն ընդունելուց հետո Թուրքիան վերածնվի, դառնա բոլորովին այլ պետություն՝ որակական այլ, ավելի բարձր արժեհամակարգով։ Հայաստանը Թուրքիայի համար այդ բժշկի դերն է կատարում»։
Հայաստանն աշխարհից և Թուրքիայից պահանջում է ոճրի ճանաչում, սակայն, ըստ պարոն Չալիկյանի, ինքն իր ներսում բարոյական զարգացման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։ Եթե մարդը կամ ժողովուրդը մշտապես ապրում է անցյալի ծանր ապրումներով՝ լուծումը չգտնելով, կա՛մ իրականությունից կտրվում է՝ ստանալով հոգեկան խանգարումներ, կա՛մ մարմնական հիվանդություններ. «Այն հույսը, թե աշխարհի և թուրքերի կողմից ցեղասպանության ընդունումը կարող է մեզ բերել գիտակցական, ենթագիտակցական կամ հոգեկան բավարարվածության, ինչ-որ տեղ պահպանվում է, բայց աստիճանաբար նվազում է դրա արժեքը։ Մենք, մի կողմից, պետք է հետապնդենք Ցեղասպանության ճանաչումը, մյուս կողմից, դրան չսպասելով՝ պետք է կատարենք ավելի մեծ աշխատանք ներսում, ինչը, ցավոք, այսօր գոյություն չունի։ Ամենադժվարը, ի վերջո, ինքդ քեզ հաղթահարելն է։ Մենք սովորություն ունենք մեզ գովաբանելու, մեր արժանիքները գերագնահատելու, ինչը փակում է ինքնազարգացման ճանապարհը։ Մեր ներսում այսօր կատարվում է ցեղասպանություն` գրեթե բոլոր բնագավառներում անարդարության, պառակտվածության, ամենատարբեր արատների պատճառով։ Ցեղասպանության դրսևորումներն այսօր փոխվել են։ Թուրքերը բարբարոսական ջարդ են իրագործել, ինչը բնորոշ է պարզունակ կենդանուն։ Ընդ որում, դա ավելի փոքր մեղք է, քան այն, ինչ կատարվում է այժմ մեր երկրում։ Որքան մեղքը բարդ է, կատարելագործված, այն ավելի վնասակար է։ Մեր թշնամին այսօր մեր մեջ է։ Ոճիրը ճանաչել տալու առաջին գրավականը հզորանալն ու զարգանալն է։ Փոխարենը մենք աստիճանաբար թուլանում ենք, իսկ թույլի ձայնը, որպես կանոն, լսող չկա»։
Մարդն իր էությամբ դատապարտված է ցեղասպանություններ գործելու, մյուս կողմից նաև՝ ցեղասպանություններ կանխելու։ Որ մասը ուժեղ ու զարգացած լինի, այն մասն էլ կհաղթի։ ՈՒժեղ մարդը կամ ազգը երբեք նման եղեռնագործությունների չի դիմի։ «Թուրքիան որքան թույլ եղել է, նույնքան թույլ էլ շարունակում է մնալ. բավական չէ, նման հանցանք է գործել, այսքան տարիներ հետո չի կարողանում ուժ գտնել ներողություն խնդրելու։ Որքան էլ տարօրինակ է, մեզ է ձեռնտու ոճիրը չճանաչելը, քանի որ մենք դեռ մտածելու ժամանակ և հնարավորություն ունենք։ Եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, և պարզվի, որ մենք ավելի թույլ ենք, անելանելի վիճակ կստեղծվի մեզ համար, և վերջին հաղթաթուղթը կկորցնենք։ Ինքներս պետք է պատրաստ լինենք այդ ճանաչմանը, և քանի շուտ է, մենք մեր մեջ պետք է աշխատանքը շատացնենք, ինքնազարգանանք։ Մեզ այսօր ձեռնտու է Արևմտյան Հայաստանի հողերը պահանջել, բայց չստանալը, մինչև հասցնենք հզորանալ ու ամրանալ, քանի որ ավելի հեշտ է վերցնելը, քան տիրապետելը։ Թուրքերը բացել են ցեղասպանության էջը, բայց այն ավելի խորն է, քան տարրական ֆիզիկական բնաջնջումը։ Ցեղասպանությունը պետք է համարել դժվարություն ազգի զարգացման ճանապարհին։ Մենք այնքան ուժեղ, կայուն ու բարոյապես ամուր պետք է լինենք, որ կարողանանք օգտագործել ճանաչումը հօգուտ մեզ, հօգուտ թուրքերի և շատ այլ ազգերի։ Ցեղասպանության ընդունումը չի մերժում մարդասիրությունը։ Եթե թուրքը ներողություն խնդրի, չի նշանակում՝ մենք պետք է արհամարհենք նրանց կամ Թուրքիայի դրոշը բարձրացնելիս սուլենք, ինչպես մեզ մոտ տեղի է ունենում։ Մինչդեռ մենք մեզ վրա սուլելու այնքան առիթներ ունենք»,- նշում է Ա. Չալիկյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ