Ինչպես և սպասելի էր, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներսում ընթացող հակադրությունը վերածվեց արդեն բացահայտ հակամարտության։ Դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում ՍԴՀԿ Հայաստանի կառույցի շիրխանյանական կամ վարդանխաչատրյանական թևն անցկացրեց իր արտակարգ համագումարը, որին, ըստ տարածված մամլո հաղորդագրության, մասնակցել են ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության բոլոր գործող կառույցները։ Համագումարը, ինչպես և կարելի էր կանխատեսել, «որոշում է կայացրել Լյուդմիլա Սարգսյանին և Գուրգեն Եղիազարյանին հեռացնել ՍԴՀԿ շարքերից»։ Ըստ այդ հայտարարության, ՍԴՀԿ վարչության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպեկյանը։
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անմիջապես արձագանքեց և երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Այդ համագումարն անօրինական էր, և ես մինչ այսօր ատենապետ եմ։ Եթե որևէ մեկը կհամարձակվի հանդես գալ որպես հայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա կկանգնի ուղիղ դատարանի առաջ։ Իսկ հունվարի 9-ից հետո, երբ մենք կանցկացնենք օրինական համագումարը, կլինի օրինական ատենապետ, և նորից կկանգնեն դատարանի առջև, եթե փորձեն վիճարկել այդ փաստը»։ Լյուդմիլա Սարգսյանի պնդմամբ, ՍԴՀԿ վարչության` դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում Գևորգ Պերկուպեկյանը, Արսեն Կուպելյանը և Նարեկ Գալստյանը հեռացվել են կուսակցությունից։ ՍԴՀԿ ատենապետը նաև նշել է, որ վարչության յոթ անդամներից հինգն իր կողմից են, և, ըստ այդմ, մյուս թևը չէր կարող համագումար անցկացնելու որոշումը նախօրոք հաստատել վարչությունով, ինչպես պարտավորեցնում է կուսակցության կանոնադրությունը։ «Նրանք շատ լավ գիտակցում էին, որ հերթական համագումարով իրենք որևէ խնդիր չեն կարող լուծել, հետևաբար իշխանությունների հուշումով որոշեցին գնալ ծայրահեղ միջոցների»։ Ըստ տիկին Սարգսյանի, ՍԴՀԿ պառակտումը նախաձեռնվել և հովանավորվել է Հայաստանի իշխանության բարձրագույն մակարդակում և նպատակ ունի, ՍԴՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսից դուրս բերելով, պառակտում մտցնել ընդդիմադիր դաշինքի մեջ։
Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ։ Առաջին հերթին այն, որ սպասված զարգացումները միանգամայն կանխատեսելի էին։ Կանխատեսելի էր, որ Շիրխանյան-Վարդան Խաչատրյան թևը հանգիստ նստած չէր մնալու և փորձելու էր ավարտին հասցնել այն, ինչ սկսել էր։ Կասկածից դուրս էր նաև, որ Լյուդմիլա Սարգսյանն ու իր համախոհները չէին համակերպվելու այդ փաստի հետ, և առաջիկայում միանգամայն հնարավոր է, որ ներհնչակյան ոդիսականն իր շարունակությունն ունենա դատարաններում, որտեղ էլ կողմերից յուրաքանչյուրը կփորձի ապացուցել իր իրավացիությունը։ Դժվար է համաձայնել այս ներկուսակցական պառակտման մասին ներկայացվող վերլուծությանը, որովհետև հասկանալի չէ, թե ինչ է կորցնում Հայ ազգային կոնգրեսը ՍԴՀԿ-ի պառակտումով, կամ ինչ է ձեռք բերում իշխանությունը։
Ենթադրենք, թե իրականությանը համապատասխանում է այն թեզը, որ այս ամենի հետևում իշխանություններն են կանգնած, և նպատակը, իսկապես, կոնգրեսը պառակտելն է։ Պատկերացնենք նաև, որ ՍԴՀԿ ատենապետ է դառնում վերոնշյալ Պերկուպեկյանը, Վարդան Խաչատրյանը կամ էլ նույն Շիրխանյանը, ու ՍԴՀԿ-ն հայտարարում է կոնգրեսի շարքերը լքելու իր որոշման մասին։ Հետո՞ ինչ, ինչո՞վ է դա վնասելու ՀԱԿ-ին կամ նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությանը։ Միանշանակ է, որ ոչնչով։ Առիթ ունեցել ենք նշելու, որ ՍԴՀԿ-ին էր անհրաժեշտ ՀԱԿ-ի կազմում լինել, որպեսզի ինչ-որ ձևով արժևորի իր գոյությունը քաղաքական դաշտում և ոչ թե հակառակը։ Այդ կուսակցության կողմից Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանությունը ո՛չ նախագահական ընտրություններում է լուրջ քվեներ բերել նրան, ո՛չ էլ այսօր ՍԴՀԿ-ի շնորհիվ է ՀԱԿ-ի շուրջը մնում համախոհների իր շրջանակը։ Հետևաբար, ՍԴՀԿ-ի դուրս գալը ՀԱԿ-ից Տեր-Պետրոսյանի համար կարող է դառնալ միայն փոքրիկ տհաճություն` առավոտյան լավ չեփած, «ստանդարտից» ավելի դառնահամ սուրճի ձևով, ո՛չ ավելի։
Մյուս կողմից, եթե ՍԴՀԿ-ն ենթադրաբար դուրս գա ՀԱԿ-ից և, ասենք, հայտնվի իշխանական դաշտում, ի՞նչ է տալու դա իշխանությանը։ Բացարձակապես ոչինչ։ Իրենց վերջին երկու օրերին ՍԴՀԿ ղեկավարություն հռչակած անձինք ոչ մի իրական հեղինակություն չունեն հասարակության մեջ։ Այսինքն, ընդդիմության դաշտից իշխանության դաշտ ՍԴՀԿ-ի անցումը բոլորովին չի նշանակում ընդդիմադիր ընտրազանգվածի վերակողմնորոշում։ Այդ զանգվածն ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի կողքին, այդպես էլ կմնա։ Համենայն դեպս, քանի ՀԱԿ-ից չեն անջատվել միջկուսակցական դաշինքի կազմում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունները` ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն կամ «Հանրապետությունը»։ Մյուս կողմից էլ` հազիվ թե իշխանության կողքին Վարդան Խաչատրյանի կամ Վահան Շիրխանյանի հայտնվելը բարձրացնի իշխանավորների հեղինակությունը։ Հետևաբար, ՍԴՀԿ քաղաքական ուժի գոյությունն իշխանական թևում նույնպես ոչ ոքի պետք չէ։
Եվ այս կապակցությամբ ավելի իրատեսական է դառնում այն վարկածը, որ սփյուռքում գործող ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը (ամենևին էլ ոչ աղքատ մարդ) պարզապես «դիսկոմֆորտ» էր զգում, երբ իր կուսակցության հայաստանյան ստորաբաժանումը գտնվում էր արմատական ընդդիմության մեջ և քննադատում գործող իշխանություններին։ Հայոց սփյուռքաբնակ և սփյուռքում ծնված կուսակցապետերի համար (անշուշտ, բացառություններ եղել են) միշտ ավելի կարևոր է հայրենի իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ ունենալը։ Նրանք դրա համար մեղավոր չեն, այդպիսին է Հայաստանում «կյանքի դրվածքը»։ Ոչ մի սփուռքահայ, եթե մանավանդ հայրենիքում ներդրումներ անելու մտադրություն ունի կամ արդեն իսկ անցել է այդ ուղղությամբ գործնական քայլերի, սկզբունքորեն չի ցանկանա քաղաքական դրդապատճառներով վատթարացնել իր հարաբերություններն օրվա իշխանությունների հետ։ Ընդ որում, անկախ այդ իշխանության գաղափարական ուղղվածությունից։ Որպես օրինակ կամ հաստատում` հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին այն ժամանակ Եղիա Նաճարյանի ջանքերով Հայաստանում վերահաստատված ՍԴՀԿ-ն բոլորովին էլ ընդդիմադիր կեցվածք չուներ օրվա իշխանությունների նկատմամբ։ Ավելին, Նաճարյանը ժամանակին ընդգրկվեց «Հանրապետություն» նախընտրական միավորման մեջ և այդպիսով 1995-99-ին դարձավ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, թեպետ այդ նախընտրական միավորումը բոլորովին էլ սոցիալիստական չէր, այլ իրեն հայտարարում էր լիբերալ կողմնորոշման ուժ, ինչը չխանգարեց սոցիալ-դեմոկրատ հնչակյաններին հայտնվելու այդ միավորման կազմում։ Հիմա էլ նույնն է. Սեդրակ Աճեմյանը չի ցանկանում իր կուսակցության հայաստանյան ստորաբաժանումն ընդդիմության մեջ տեսնել և հանձնարարել է Վահան Շիրխանյանին ու Վարդան Խաչատրյանին դուրս բերել ՍԴՀԿ-ն այդ դաշտից, ինչն էլ վերջիններս ջանադրությամբ փորձում են իրագործել։
Ճիշտ է, Հայաստանի քաղաքական շրջանակներում շրջանառվում է ևս մի վարկած, որ ՍԴՀԿ-ում տեղի ունեցած պառակտումը հովանավորում են ռուսական քաղաքական շրջանակները։ Ի հակակշիռ Հայաստանի արևմտամետ ընդդիմության` իբր Մոսկվան ցանկանում է ձևավորել սոցիալիստական, ռուսամետ քաղաքական ուժերի ընդդիմադիր դաշինք, և ՍԴՀԿ-ն էլ համարվում է առայժմ վիրտուալ այդ դաշինքի հնարավոր թեկնածու կուսակցություններից մեկը։ Տեսակետ է, որը, անշուշտ, կյանքի իրավունք ունի, բայց սկզբունքորեն իրագործելի չէ։ Նախ, Հայաստանում այդքան «սոցիալիստական» ու ռուսամետ ուժեր չեն մնացել, որոնցից հնարավոր լիներ իրական, այն էլ ընդդիմադիր դաշինք ձևավորել։ Այդ կազմակերպությունների մեծ մասը վաղուց ի վեր դեգրադացված է, քայքայված, նրանցից շատերն իրականում գտնվում են իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ։
Բացի այդ, եթե անգամ ՍԴՀԿ շիրխանյանա-վարդանխաչատրյանական թևում ինչ-որ մարդիկ իսկապես աշխատում են այս նախագծի իրագործման օգտին, ինչպե՞ս պետք է համոզեն Սեդրակ Աճեմյանին` դրան մասնակից դառնալ։ Որքան հասկանալի է ՍԴՀԿ սփյուռքյան ղեկավարի տարբեր հայտարարություններից, նրան ձեռք չի տալիս, որ իր կուսակցության հայաստանյան ստորաբաժանումն առհասարակ ընդդիմադիր լինի։ Որովհետև կուսակցությունն այս պարագայում ավելի շուտ բիզնես-նախագիծ է, և եթե Շիրխանյանը կամ Վարդան Խաչատրյանը որոշել են «ռուսական խաղ» խաղալ, ապա բոլորովին չի բացառվում, որ ժամանակ անց Սեդրակ Աճեմյանը կնախաձեռնի կուսակցությունից նրանց հեռացման գործընթացը։ Փողը լռություն է սիրում։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ