Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հաջողություններն ու տապալումները

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հաջողություններն ու տապալումները
08.05.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նոր աշխարհաքաղաքական խաղեր են ծավալում Բալկաններից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածաշրջաններում։ Նրանք փորձում են նվաճել նոր դիրքեր, այդ թվում` միջամտության և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հայտնի ճանապարհով։ Ռուսաստանը, հենվելով գեոտնտեսական առավելությունների վրա, փորձում է օգտագործել սահմանակից տարածաշրջաններում իր անմիջական ռազմաքաղաքական ներկայության ավանդական հնարքները։ Խոսքն այն տարածաշրջանների մասին է, որոնք ունեն եվրասիական հոգեկերտվածք, ավանդական արտաքին քաղաքական կողմնորոշում, առկա է ռուսաց լեզվի ու մշակույթի գերակայությունը։ Մոսկովյան ժամանակակից էլիտան փորձում է իր գործունեությունը կառուցել ամերիկյան ոճով, թեկուզ և գնալով ավելի լավ է գիտակցում, որ դա միանգամայն կեղծ ու փակուղային ճանապարհ է, և Ռուսաստանին անհրաժեշտ է, առանց հերթական փորձարարության, պարզապես շարունակել Ռուսական կայսրության պատմական փորձը, որքան դա հնարավոր է
։
ԱՄՆ-ը, չնայած իր ավանդական հակառակորդների ու դաշնակիցների նկատմամբ պաշտպանության և անվտանգության բնագավառում ունեցած ահռելի առավելություններին, օվկիանոսի ափից մեծ հեռավորության վրա իրականում դժվարանում է իրագործել ոչ միայն ռազմական գործողություններ, այլև արդյունավետ քաղաքականություն։ Իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը տիրապետում էր միայն 100-հազարանոց մարտունակ բանակային անձնակազմի, որն ի վիճակի էր իրականացնելու ցամաքային գործողություններ։ Իրաքյան պատերազմը նկատելի հաջողություններ բերեց ռազմական շինարարության ոլորտում, զինված ուժերի վերազինման առումով, սակայն հիմա էլ ԱՄՆ-ի բանակին բնորոշ չէ մայրցամաքների խորքում ցամաքային գործողությունների իրականացումը։ Տարածաշրջանային տերություններից բխող մարտահրավերները, ինչպես նաև Չինաստանի աճող գեոտնտեսական էքսպանսիան նկատի ունենալով, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարզապես դատապարտված են ռազմավարական համագործակցության, սակայն միայն տրամաբանորեն։ Առայժմ, ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան, հանդես են գալիս իբրև «անհամատեղելի» ուժային կենտրոններ։
1990-ականների քլինթոնյան քաղաքականությունը ենթադրում էր ԱՄՆ-ի ակտիվ և բազմակողմանի միջամտություն գործնականում բոլոր համաշխարհային ու տարածաշրջանային խնդիրներին։ Այն հիմնված էր ԱՄՆ-ի ձախ-լիբերալ էլիտայի քաղաքական գաղափարախոսության վրա և ավարտվեց երկու խոշորագույն տապալումներով` հարավսլավական պատերազմով և մերձավորարևելյան կարգավորման տապալումով։ Ժամանակագրական առումով դա համընկավ Քլինթոն-Գոր-Օլբրայթի վարչակազմի գործունեության ավարտի հետ։ Հարավսլավական աղետը հանգեցրեց ալբանական Կոսովոյի անկախության ճանաչմանը, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման հույսերի փլուզմանը, ինչն իր հերթին համաշխարհային ասպարեզ բերեց «Ալ-Ղաիդային» և ավելի ընդարձակ հնարավորություններ ունեցող ուժի, ինչպիսին է տրանսազգային իսլամական արմատական շարժումը։ Ներքին քաղաքականության մեջ ձախ-լիբերալ գաղափարախոսությունը նույնպես փլուզվեց, ինչը ոգևորեց ԱՄՆ-ում աջ ու աջ-պահպանողական ուժերին, իր հերթին հանգեցնելով բավական տարօրինակ նեոպահպանողականների թիմի իշխանության գալուն, որը գոյություն չունեցավ անգամ Ջորջ Բուշի նախագահության ողջ շրջանում և ասպարեզից հեռացավ նրա կառավարման առաջին ժամկետի ավարտից հետո։
Նեոպահպանողականների և տեխասյան կլանի քաղաքականությունն ԱՄՆ-ի համար հանգեցրեց «երկրորդ Վիետնամի»։ Հանգամանք, որը հաջողությամբ կանխատեսել էին բազմաթիվ փորձագետներ և ուղեղային կենտրոններ։ Իրաքյան աղետը հեռու է ավարտական փուլից և, իհարկե, չի ավարտվելու Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումով։ Ակնհայտ տապալումներին զուգահեռ, տեղի էին ունենում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին, օրինակ, Լատինական Ամերիկայի մի ամբողջ շարք երկրների հետևողականորեն դուրս գալը ամերիկյան վերահսկողությունից, ի դեմս Հնդկաստանի և Պակիստանի երկու նոր ատոմային տերությունների վերջնական ձևավորումը։ Մեծացավ զանգվածային ոչնչացման զենքի անվերահսկելի տարածման վտանգը, այդպես էլ չմշակվեցին երաշխավորություններ Չինաստանին զսպելու ուղղությամբ, վտանգ առաջացավ նոր տարածաշրջանային տերությունների ձևավորման` ի դեմս Թուրքիայի, Իրանի, Պակիստանի։
Տարածաշրջանային քաղաքականության հարթության մեջ ռուս-ամերիկյան մրցակցության համատեքստում կարելի է նշել հետևյալը. «գունավոր հեղափոխությունները» չհանգեցրին ամուր գործընկերության հաստատման ԱՄՆ-ի և արևելաեվրոպական ու եվրասիական պետությունների միջև։ Քաղաքական իրավիճակն ՈՒկրաինայում ու Վրաստանում շարունակում է մնալ անկայուն, ամերիկյան քաղաքականության առնվազն երկու թռիչքները դեպի Կենտրոնական Ասիա այդպես էլ չհանգեցրին միանշանակ դիրքերի ձեռքբերման, ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական ներկայությունն այդ տարածաշրջանում ամուր չէ։ Վաշինգտոնը չկարողացավ անհրաժեշտ ռազմական ու քաղաքական օժանդակություն ցուցաբերել Վրաստանին ռուս-վրացական պատերազմի օրերին, չհաջողվեց Ադրբեջանին համոզել, որ ռազմական հակամարտության դեպքում այդպիսի լուրջ օժանդակություն կլինի։ ԱՄՆ-ը մեծ զգուշությամբ և վերապահությամբ է իրագործում իր ծրագրերը Վրաստանում և Կենտրոնական Ասիայում ռազմաբազաների տեղակայման ուղղությամբ։ Մերձավորարևելյան երկրներն արդեն համոզվել են, որ Վաշինգտոնն ի վիճակի չէ պաշտպանելու տարածաշրջանը թուրքական զորքերի Իրաք ներխուժելուց, ինչպես նաև իրանական գաղափարաքաղաքական ազդեցությունից։
Ոչ շատ վաղուց հանդես գալով Կոնգրեսում, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իբրև ԱՄՆ-ի կարևոր տարածաշրջանային գործընկերներ, նշեց երեք պետություն` Բրազիլիան, Ինդոնեզիան և Թուրքիան, որոնց վրա պետք է հենվել տարածաշրջանային քաղաքականության իրագործման ժամանակ։ Այդ ելույթը շատ հետաքրքիր էր, քանի որ Թուրքիան դիտարկվում է նույն երկրների շարքում, որոնք չունեն հստակ ձևավորված արտաքին քաղաքականություն ու հավակնություններ, առավել ևս չեն տիրապետում այդպիսի քաղաքականության իրագործման քաղաքական ռեսուրսների։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը փորձում է վերակենդանացնել որոշ կաղապարներ Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության մեջ և վերածել նրան վերահսկելի գործընկերոջ, այդպիսով վերադառնալով այն իրավիճակին, որը կար Երկրորդ համաշխարհային պատերազմին հետևած մի քանի տասնամյակներում։ ՆԱՏՕ-ի նոր ձևաչափի ստեղծման հետ մեկտեղ, որը ներառելու է Ճապոնիան, Կորեան, Ավստրալիան և այլ ժողովրդավարական պետություններ, ԱՄՆ-ը պետք է մտահոգվի այն պետությունների հետ հարաբերությունների կարգավորմամբ, որոնք տարածաշրջանային տերություններ լինելու հայտ են ներկայացնում, սակայն առայժմ չունեն համապատասխան դիրքեր տարածաշրջաններում և աշխարհում։ Նույնիսկ ոչ այնքան լայն խնդրում, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ղարաբաղի հարցը, Թուրքիան, միևնույն է, զգուշանում է ընդգրկվել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղեծրում։ ՈՒստի անիմաստ է խոսել ռազմավարական ուղղություններով համագործակցության մասին, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Սևծովյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան։ ԱՄՆ-ի փորձերը` Թուրքիային վերադարձնել քիչ թե շատ հուսալի գործընկերոջ կարգավիճակին, շուտով կտապալվեն և հրատապ կդառնա միայն Թուրքիային զսպելու տարբերակը։ Ի դեպ, Թուրքիայի հավատարիմ գործընկեր Պենտագոնում վաղուց արդեն հոռետեսորեն են վերաբերվում Անկարային հուսալի գործընկերոջ կարգավիճակին վերադարձնելու հնարավորությանը, և արդեն մի քանի տարի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն իրագործում է իր քաղաքականությունը` ամենից առաջ ստեղծելով առաջնային բազավորման օբյեկտների տեղակայման նոր սխեմա` Թուրքիայի նկատմամբ վերահսկողության բացակայությունը հաշվի առնելով։ Պահեստային տարբերակ չկա, այն սպառված է։
Միաժամանակ ամերիկյան քաղաքականության տապալման ներկայացումը լիարժեք չի լինի առանց ամերիկա-եվրոպական 20-ամյա հարաբերությունների արդյունքների։ ԱՄՆ-ը չկարողացավ խուսափել տրանսատլանտյան հարաբերությունների ճգնաժամից։ Չնայած Ֆրանսիայի ու Գերմանիայի որոշ քայլերին, արևելաեվրոպական երկրների ամերիկյան քաղաքականությանը միանալուն, ճգնաժամն ու տրոհումը ՆԱՏՕ-ում շարունակվում է։ Հասկանալի չէ, թե ինչի կհանգեցնի Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի զինուժի կազմ։ ԱՄՆ-ը և Եվրամիության առաջատար պետությունները կարծես համաձայնության են եկել եվրոպական զինված ուժերի ստեղծման հարցի շուրջ, բայց դեռ հարց է, թե ով է շահել այդ «հաշտությունից» ՆԱՏՕ-ի և եվրոպական ուժերի խնդիրների ու դերի համադրության առումով։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ առավել կարևոր ու սկզբունքային էր Եվրատլանտյան համագործակցության շրջանակներում համախմբումն Աֆղանստանի շուրջ, ինչը սերտ առնչություն ունի արևմտյան ուժերի տեղակայման հետ Հարավային և Կենտրոնական Ասիայում, Չինաստանի ուղղությամբ։ Թեկուզև դա համարվում է լուրջ ձեռքբերում, սակայն ծրագիրը միայն սկսվել է և հայտնի չէ` ինչով կվերջանա։ Ընդհանուր առմամբ, չնայած մի շարք խնդիրների շուրջ ԱՄՆ-Եվրամիություն համաձայնություններին, Վաշինգտոնն այդպես էլ չստացավ եվրոպացիների սկզբունքային հավանությունը ամերիկյան արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունների հետ կապված։ Տնտեսական ճգնաժամն իր ողջ խորությամբ հանդերձ, շատ կողմերով, այնուամենայնիվ, ամերիկյան կամ անգլո-սաքսոնական տնտեսական գաղափարախոսության ճգնաժամ է։ Դա, իհարկե, չի կարող չազդել ԱՄՆ-ի դերի վրա աշխարհում, տարածաշրջանային քաղաքականության մեջ ամերիկացիների ինքնավստահության վրա։ ԱՄՆ-ն արդեն հիմա, իսկ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կարիք է ունենալու նոր դաշնակիցների ու գործընկերների` իրենց բնույթով, նշանակությամբ ու ներուժով տարբեր։
ԱՄՆ-ի անհաջողությունների խորապատկերի վրա հազիվ թե կարելի է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը գնահատել հաջողված։ Գլխավորը, ինչ չի հաջողվել Մոսկվային, հետխորհրդային տարածքում գերակա դիրքերի ամրագրումն է։ ՀԱՊԿ-ն, Եվրասիական տնտեսական համագործակցությունը, առավել ևս ԱՊՀ-ն, պետությունների բոլորովին էլ ոչ ամուր միավորումներ են, ուր ժամանակ առ ժամանակ լուրջ քաղաքական «ճաքեր» են առաջանում։ Ռուսաստանը բախվում է գործընթացների հետ, երբ նրա տնտեսական ու ռազմական դաշնակիցների տարածքում հայտնվում են ԱՄՆ-ի ռազմական բազաները։ Գործնականում բոլոր հետխորհրդային պետություններն արագացված ինտեգրացվում են ՆԱՏՕ և Եվրամիություն` նախընտրելով համագործակցության բոլոր ձևերը, որ առաջարկում է արևմտյան հանրությունը։ Ռուսաստանը չկարողացավ կանխել Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրների ընդգրկումը ՆԱՏՕ, կորցրեց ազդեցությունն իր «պատմական դաշնակիցներ» Բուլղարիայի ու Սերբիայի վրա, չկարողացավ խանգարել որոշակի լեհ-ուկրաինական և արևելաեվրոպական պետությունների հակառուսական միավորման ստեղծմանը, որոնք պատրաստ են ցանկացած սադրանքի ընդդեմ Ռուսաստանի։ Այնպիսի նախագծերի տապալումը, ինչպիսին, ասենք, ՎՈՒԱՄ-ն էր, տեղի ունեցավ ոչ թե ռուսական ջանքերով, այլ այդ միավորումը կազմող պետությունների միջև եղած խնդիրների պատճառով։ Նավթագազային բումը, որ տեղի ունեցավ Ռուսաստանում` ածխաջրածինների բարձր գների հետ կապված, հանգեցրեց ոչ թե երկրի մոդեռնացմանը, այլ օլիգարխիական կառավարման ձևի ու կանոնների ձևավորմանը, իսկ արտաքին քաղաքականության մեջ` լրացուցիչ հակամարտությունների և մրցակցության համաշխարհային ուժային կենտրոնների ու տարածաշրջանային սուբյեկտների հետ։
Ռուսաստանի գլխավոր տարածաշրջանային հիմնախնդիրը հարավ-արևմուտքն է, ՈՒկրաինան ու Սևծովյան ավազանը, ուր որոշվում է Ռուսաստանի ճակատագիրն իբրև եվրոպական ու համաշխարհային տերության։ Առայժմ հուսադրող քիչ բան կա։ Հարավային ռազմավարական ուղղությամբ` Սևծովյան-Կովկասյան-Կասպիական տարածաշրջաններում ամեն ինչ անկայուն է, ռիսկայնությունը շարունակում է աճել։ Ընդ որում, այստեղ ձևավորվել է ռիսկերի ու վտանգների որոշակի համակարգ, երբ մի մարտահրավերի մարումը հանգեցնում է նորերի առաջացման։ Ռուսաստանը կարողացավ ճշտել չեչենական դիմադրությունը, և միևնույն ժամանակ տարածաշրջանում արմատականության և թշնամական ռազմավարության կենտրոնների ուղղակի ներկայությունը պահպանվում է, շարունակում է իրագործվել ապակայունացման «այլընտրանքային» նախագիծը Դաղստանում և Հյուսիսային Կովկասի արևմտյան մասում։ Ռուս-վրացական պատերազմը հանգեցրեց Հայաստանի շրջափակմանը և վրացական կոմունիկացիոն «միջանցքի» օտարմանը Ռուսաստանից, ամերիկյան ներկայության անխոչընդոտ ամրագրմանն այդ «միջանցքում»։
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քաղաքականությունը Սևծովյան-Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում սերտ կապված է երկու պետությունների ռազմավարական նպատակների ու խնդիրների հետ և այդ քաղաքականության տապալումները նույնպես պայմանավորված են ռազմավարության և ոչ թե մասնավոր նախաձեռնությունների կամ առանձին ծրագրերի տապալումով։ 2008-ի աշնանը Ռուսաստանը չկարողացավ ճնշումով անցկացնել ղարաբաղյան նախագիծը, թեպետ գործ ուներ ոչ թե արևելաեվրոպական երկրների, այլ իր «առաջնահերթ» գործընկեր ու դաշնակից Հայաստանի հետ։ Ռուսական քաղաքական գործիչների «ամենահուսալի» գործընկեր Հայաստանի ղեկավարները չցանկացան վտանգել իրենց դրությունը և բացատրեցին Մոսկվային, որ այդ խնդիրը հնարավոր չէ լուծել նույնիսկ ռուսական գազային և աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Ղարաբաղի հարցում «ռուսական նախագծի» տապալումը հանգեցրեց Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման նկատելի վերարժևորման, թեկուզ և հռչակագրային ձևաչափում ամեն ինչ, կարծես, նույնն է։
Ռուսաստանին զուգահեռ ԱՄՆ-ը նույնպես նախաձեռնություններ դրսևորեց ղարաբաղյան հիմնախնդրի, միաժամանակ նաև հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» առումով։ Թեկուզ այդ գործընթացը նոր է թափ հավաքում, արդեն հիմա հայտնաբերվում են ստորջրյա խութեր, մտադրությունների կեղծ ու կասկածելի լինելը և իրական ռեսուրսների բացակայությունը։ Մեծ հաշվով այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կիրառել ուժային, կոնկրետ ռազմական հարկադրանքի միջոցներ, ինչն ամենից առաջ ենթադրում է Հայաստանի քաղաքական կամքի ճնշում և Ղարաբաղում հայ բնակչության վերացում։ Այլ ճանապարհ գոյություն չունի, եթե նկատի ունենանք ուժերի իրական հարաբերակցությունը տարածաշրջանում, ինչպես նաև, այսպես կոչված, միջազգային իրավունքի ու հարաբերությունների սկզբունքները։ Ղարաբաղյան և հայ-թուրքական հարաբերությունների պրոբլեմը, ինչպես նաև 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական բավականին մեծ խաղի տարրերն են և ինչ-որ մեկի կողմից արմատական որոշումների կայացումը տեսանելի հեռանկարում քիչ հավանական է։
Սևծովյան-Կովկասյան-Կասպյան տարածաշրջանը շատ փխրուն, վտանգավոր, մարգինալ գոտի է, որտեղ ավելորդ շարժումները հանգեցնում են տհաճ սպառնալիքների ձևավորման, ինչը ոչ մեկին պետք չէ։ Առնվազն երկու տարածաշրջանային տերություններ` Թուրքիան ու Իրանը, բավական համոզիչ կերպով ցույց են տալիս, որ շահագրգռված են տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանմամբ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, ապա նրանց խաղը կառուցված է տեղական անլիարժեք քաղաքական էլիտաների վրա կամ էլ միմյանց հարմարվելու քաղաքականության` ուշադրության առնելով Եվրոպայի կարծիքն ու գնահատականները։ Հենց ամերիկյան ու ռուսական, նաև այլ տերությունների էլիտաները «ժամանակավոր» են և վատ են համադրվում ավանդական վերնախավի ու քաղաքական դասակարգի շրջանակներում։ Երկու միջուկային տերություններն էլ կարիք ունեն նոր, ըստ էության, մարգինալ կառավարող խմբավորումների, քանի որ աշխարհում գնալով ավելի շատ են առաջանում ոչ ստանդարտ մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնց պետք է համարժեք պատասխան տալ։ Նեոպահպանողականների և ձախ-լիբերալների թիմերն ԱՄՆ-ում, չնայած սկզբունքային տարբերություններին, միանգամայն համադրվում են մարտահրավերների ընկալմանն ու էությանը։ Ռուսաստանում այդպիսի էլիտայի ձևավորումը միայն սկսվել է։
Բայց մի՞թե ամեն ինչ այդքան բացասական է ու տապալման դատապարտված ամերիկյան ու ռուսական տարածաշրջանային քաղաքականության մեջ, և ո՞րն է հաջողությունը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը չի հանգեցրել բացարձակ քաոսի ու արմատական անկառավարելի գործընթացների։ Երկու տերություններն էլ կարողացան հետ պահել աշխարհը բացարձակ համակարգային փլուզումից միջազգային հարաբերություններում` ստեղծելով նոր կանոններ ու պայմաններ քաղաքական հարաբերությունների կառուցման համար` իրողությունների դինամիկ փոփոխության իրավիճակում։ Վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը և որոշ այլ ուժային կենտրոններ միջազգային հարաբերություններում ներդրեցին բոլորովին նոր կանոններ, այդ թվում` սկսելով նոր պետությունների ձևավորման և պետական սահմանների վերանայման գործընթաց։ Եվ մեզ համար այդ շատ նպաստավոր արտաքին քաղաքական պայմաններում արժե՞ կատարել ժամանակավոր մարդկանց «խնդրանքները» և զոհաբերել մեր հայրենիքը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ