Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Սա կլինի Ալեքսանդրապոլի պայմանագրի ներկա տեսակը»

«Սա կլինի Ալեքսանդրապոլի պայմանագրի ներկա տեսակը»
11.09.2009 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Եթե այս տեսքով փաստաթուղթն ընդունվի, սա կլինի Ալեքսանդրապոլի պայմանագրի ներկա տեսակը»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությանը, հայտարարեց Հայաստանի թիվ մեկ կոմունիստ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, որը կտրականապես դեմ է առանց նախապայմանների բանակցություններին, սահմանի բացմանը, քանի որ վերջինիս պարագայում Հայաստանում կաճի «խառն ամուսնությունների» թիվը, «կլցվեն ամեն տեսակի թուրքական լաթեր, կզարգանա թուրքական բիզնեսը»։
ՀԿԿ-ն կողմ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց առանց սահմանների բացման։ «Բա ի՞նչ եղան «Զեյթունցու երգը», «Զարթնիր լաո», «Արդյոք ովքեր են» երգերը։ Սրանք գցել են մի կողմ ու ինչ-որ հանձնաժողովներ են ձևավորում... Այսօր էլ վերադառնում են անթալիաներից ու ասում, թե էդ ինչ հիանալի են մեզ ընդունում։ Բա ինչ կանեն, երկրի կեսը խլել են, միլիոնուկեսին մորթել, ուզում եք մի հատ էլ չժպտա՞ն։ Թուրքը թուրք է մնում, ինչքան էլ եվրոպացի համարի իրեն, մազերը ներկի, անգլերեն խոսի»։ Փաստաթղթի վտանգավորությունն առավել պատկերավոր ներկայացնելու համար Թովմասյանը խոսեց «եզոպոսյան լեզվով»։ «Ամեն առավոտ մի էշ, քուռակին հետևից գցած, գնում է բանելու, իսկ խոզը լափում է։ Մի օր քուռակը մորն ասում է, թե էսպես չի լինի, մենք ամեն օր բեռի տակ ենք, իսկ սա միայն լափում է։ Մայրն էլ թե` նրա ձայնը հետո կլսես։ Մի երեկո լսում են խոզի ճղղոցը, մայրն ասում է` էն որ բտել են, հետ են ուզում, մորթում են»։
ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղարն ասաց, թե ուղերձով դիմելու են ժողովրդին, որ «վաղը-մյուս օրը մի շաբաշնիկ վեր չկենա ու ասի` ռուսական զորքերը դուրս բերեք Հայաստանից»։ «Խլուրդային քաղաքականություն» որակելով ընթացող զարգացումները` Ռուբեն Թովմասյանը կրկին վերահաստատեց իրենց քաղաքական նախընտրությունը. «ՀԿԿ-ն իր բոլոր ուժերը կներդնի, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը պահպանվի, ու թույլ չի տա, որ Ռուսաստանի հասցեին որևէ մեկն անհարկի արտահայտություններ անի»։ Ասածն առավել համոզիչ դարձնելու համար Թովմասյանը հիշատակեց հայ գրողներին. «Մենք Իսահակյանին, Սարոյանին, Աբովյանին, Շիրազին չենք լսում։ Ոչ մեկին չենք լսում։ Բա ո՞ւմ ենք լսելու, մենք մարգարե՞ ենք, որ լուսնից իջել ենք ու մեր քաղաքականությունն ենք վարում։ Շահումյանին էլ չենք լսում, որովհետև բոլշևիկ էր»։ Ակումբի հյուրը դժգոհեց, թե ՀՀԿ-ին անընդհատ «դատափետում ու կտցահարում են», որ քննադատությամբ է զբաղված։ «Քոչարյանն էր ասում, որ ավտոների առատությունը խոսում է մեր ժողովրդի լավ ապրելու մասին։ Է՜, տասից իննի վրա գրված է` վաճառվում է։ Երևանի բոլոր փողոցներն ավտոշուկա են դարձել, հետո էլ ես մեղք ունե՞մ, որ մի օլիգարխ տասը ավտոմեքենա ունի»։
Ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես, «Ժառանգությունում» կատարվածին անդրադառնալով` Թովմասյանն ընդգծեց. «Իհարկե, այստեղ իշխանությունների մատը խառն է, սակայն մեծ է նաև կուսակցության վարած ոչ խելացի քաղաքականության գործոնը։ Մե՛կ ՀԱԿ-ի հետ են, մե՛կ` ոչ, մե՛կ ՀՅԴ-ի հետ են, մեկ` ոչ։ Այս ամենի արդյունքում և իշխանության միջամտությամբ հասան այսպիսի վիճակի»։ Հանրապետության թիվ մեկ կոմունիստը վերջում կեսկատակ-կեսլուրջ, տնավարի ասաց. «Ինչքան փնտրում եմ, որ մի լավ բան գտնեմ ասելու, չկա։ Ինքս ինձ ասում եմ` ամոթ է, Թովմասյան, հինգ-վեց տարի է միայն վատի մասին ես խոսում, հե՞չ լավ բան չկա։ Հիմա մի «լավ» բան կարող եմ ասել` օղու շշերն են գեղեցկացել, բայց մեջն ի՞նչ է, չգիտեմ»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ