ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
02.02.2010 | 00:00

Զբիգնև Բժեզինսկին Կենտրոնական-արևելյան Եվրոպայի պետությունների «պահվածքը» գնահատում է որպես մանկամտություն։ Եվ թեկուզ նրա դիտարկումը առնչվում է կոնկրետ Լեհաստանին և Չեխիային` հատկապես Բարաք Օբամայի քաղաքականության լույսի ներքո, անկասկած է, որ այդ գնահատականը վերաբերում է տարածաշրջանի բոլոր պետություններին։
Քաղաքական գրականության մեջ, որպես կանոն, Կենտրոնական-արևելյան Եվրոպայի երկրները, որպես նախկին խորհրդային ճամբարի կամ հենց ԽՍՀՄ-ի նախկին հանրապետություններ, բնութագրվում են իբրև ժամանակակից քաղաքականության շատ խնդիրների առնչությամբ չկողմնորոշված պետություններ։ Եվ թեպետ այդ երկրների մի մասն արդեն իսկ ընդգրկվել է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մեջ, իսկ մյուսները շատ կողմերով հստակեցրել են իրենց կողմնորոշումը կա՛մ եվրատլանտյան, կա՛մ եվրասիական ուղղությամբ ու ակտիվ մասնակցում են քաղաքական ու գեոտնտեսական ծրագրերին, արդիական գործընթացներին և միջազգային բանավեճերին, նրանց դերը եվրոպական և համաշխարհային քաղաքականության մեջ ընդգծված չէ, և նրանք շարունակում են մնալ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության ուղեծրում։
Ներկայումս ԱՄՆ-ը բավական հաջողությամբ լուծել է իր ռազմավարական խնդիրները Կենտրոնական-արևելյան Եվրոպայում, ստեղծելով հակակշիռներ ընդդեմ ՆԱՏՕ-ի ներսում իր հիմնական մրցակիցների ու ընդդիմախոսների, ստեղծել բավական կենսունակ պատնեշ ֆրանս-գերմանական տանդեմի և Ռուսաստանի միջև, որի հաղթահարումը վերջիններիս հաջողվում է մեծ դժվարությամբ` «շրջանցիկ» կոմունիկացիաներ կառուցելու միջոցով։ Կենտրոնական-արևելյան Եվրոպայի պետությունները ոգևորությամբ շարունակում են հակադրվել Ռուսաստանի ռազմավարությանը, սակայն հենց որ Բարաք Օբամայի վարչակազմը որոշակիորեն «կորցրեց» հետաքրքրությունն այս տարածաշրջանի նկատմամբ, պարզվեց, որ տարածաշրջանի պետությունների «բաժանարար» գործառույթները չեզոքացվում են, ինչը հարուցում է կառավարող էլիտաների դժգոհությունը։ Այս տարածաշրջանի երկրների կառավարող էլիտաները բավական բարձր հավակնություններ ունեն, քանի որ հասկանում են, որ իրենց պետությունների մուտքը ՆԱՏՕ և Եվրամիություն, միևնույն է, չի հանգեցնելու նրանց նշանակության բարձրացմանը եվրոպական և համաշխարհային քաղաքականության մեջ։ Ընդհակառակը, այդ գործընթացի ավարտը հանգեցրել է նշված երկրների քաղաքական մարգինալացմանը, որոնք «թեկնածուական մինիմումը» հանձնելուց հետո հայտնվում են պահանջարկ չունեցողի կարգավիճակում։
Միաժամանակ, Կենտրոնական-արևելյան Եվրոպան ամբողջությամբ երբեք էլ չի գտնվել ԱՄՆ-ի ազդեցության ոլորտում և վերածվել է համառ պայքարի բեմահարթակի ֆրանս-գերմանական տանդեմի և անգլո-սաքսոնական տերությունների միջև։ Մեծ Բրիտանիան և Գերմանիան մրցակցային հետևողական ծրագրեր են առաջ քաշում այս տարածաշրջանում, ազդելով գործնականում բոլոր պետությունների և հատկապես Կենտրոնական-արևելյան Եվրոպայի էլիտար եռյակի ` Լեհաստանի, Չեխիայի ու Հունգարիայի վրա, ինչպես նաև անհամեմատ փոքր պետություններ Սլովակիայի և Սլովենիայի, բալկանյան երկրների, ՈՒկրաինայի, Բելառուսի և Հարավային Կովկասի վրա։ Այդ պայքարի դասական օրինակ էին «նարնջագույն հեղափոխությունը» և հետհեղափոխական իրադարձությունները ՈՒկրաինայում։ Այսպես թե այնպես ֆրանս-գերմանական տանդեմը և Ռուսաստանը համախմբվում են Կենտրոնական-արևելյան Եվրոպայում համատեղ ազդեցություն հաստատելու հարցում` հակադրվելով ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։ Արդյունքում ի հայտ է գալիս որոշակի սելեկտիվ քաղաքականություն էներգետիկայի, կոոպերացիայի, ներդրումների և առևտրային հարաբերությունների զարգացման ոլորտներում։ Այս պայմաններում տարածաշրջանի գերակա պետության դիրքերից հանդես գալու հավակնություններ է դրսևորում Լեհաստանը` փորձելով հատուկ ռազմավարական հարաբերություններ կառուցել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև առաջատար մայրցամաքային եվրոպական պետությունների հետ։ Սակայն Վարշավան շատ սերտ է կապված ԱՄՆ-ին, որպեսզի կարողանա բավական վստահելի հարաբերություններ կառուցել Գերմանիայի և Ֆրանսիայի հետ` աշխարհաքաղաքական ռազմավարության շուրջ։ Եվրոպայում ցանկացած «լեհական նախագիծ» դիտարկվում է իբրև ամերիկամետ, և դրանով արդեն ամեն ինչ ասված է։ «Արևելյան գործընկերության» լեհ-շվեդական համատեղ նախաձեռնությունն էլ մեծ անվստահությամբ ընդունվեց Գերմանիայի և հատկապես Ֆրանսիայի կողմից, ինչն էլ ազդեցություն ունեցավ այս ծրագրի նկատմամբ Եվրամիության պաշտոնական ատյանների վերաբերմունքի վրա` հոռետեսական առումով։ Այսպիսով, Լեհաստանը, իբրև ողջ Կենտրոնական-արևելյան Եվրոպայի առաջատար պետություն, չի կարող բավարար աջակցություն ունենալ ընդհանուր Եվրոպայի կողմից։ Այդ պատճառով էլ եվրոպական քաղաքականության բեմահարթակում, որպես որոշակի տարածաշրջանային նախաձեռնությունների հեղինակ, ավելի ու ավելի է ընդգծվում Ռումինիան։
Այս երկիրը պակաս կապված չէ ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերին, ամենից առաջ իբրև մի պետություն, որի օգնությամբ ԱՄՆ-ը փորձում է ամրապնդվել Սևծովյան տարածաշրջանում` մեծացնելով իր ռազմաքաղաքական ներկայությունը։ Ավանդաբար, անգամ Չաուշեսկուի ժամանակներում, Ռումինիան դիտարկվել է իբրև Արևմուտքին առավել լոյալ սոցիալիստական պետություն։ Սոցիալիզմի ողջ փուլում Ռումինիան առավելագույնս անկախ էր Մոսկվայից, նրա էլիտան չէր համապատասխանում խորհրդային կրթական և կադրերի պատրաստման չափորոշիչներին։ 1940-ին Ռումինիան դարձավ խորհրդա-գերմանական պայմանավորվածությունների զոհը, կորցրեց Տրանսիլվանիան ու Բեսարաբիան, ինչն ահռելի ազդեցություն ունեցավ երկրի կողմնորոշումների և հասարակության վստահության վրա` Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ։ Այնուհանդերձ, Ռումինիան բալկանյան այլ պետություններից անհամեմատ ավելի շուտ ինքնավարություն ձեռք բերեց, իսկ այնուհետև անկախացավ Օսմանյան կայսրությունից։ Այս երկիրն ունի ահռելի արտաքին քաղաքական փորձ, երբ նրա կողմնորոշումները փոփոխության են ենթարկվել հակագերմանիզմից մինչև գերմանամետ քաղաքականություն։ Նույնիսկ սոցիալիստական ժամանակաշրջանում Ռումինիան չի դադարել ատլանտյան տերությունների հետ վստահելի հարաբերություններ կառուցելուց։
Սոցիալիզմի տոտալիտար համակարգի փլուզումից հետո Ռումինիան ոչ անմիջապես, բայց ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սկսեց գրավել Եվրոպայի լատինական պետությունների` ամենից առաջ Ֆրանսիայի, ապա նաև Իտալիայի, Իսպանիայի և նույնիսկ Պորտուգալիայի ուշադրությունը։ Եվրոպայի այս չորս լատինական պետությունները (Բելգիայի աջակցությամբ) առայսօր չգնահատված դեր ունեցան Ռումինիային ՆԱՏՕ ու Եվրամիություն ընդունելու հարցում։ Այդ գլոբալ լոբբինգն անձամբ գլխավորում էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, և Գերմանիան չէր կարող չափից ավելի քննադատություն թույլ տալ իրեն Ռումինիայի տնտեսական, իրավական ու ժողովրդավարական զարգացման մակարդակի վերաբերյալ։ «Լատինական խմբավորումը» շարունակում է գործել անշտապ, առաջ չընկնելով զուգահեռ գործընթացներից, ընտրելով բարենպաստ ժամանակահատվածներ` ակնհայտորեն ուղղորդում է Ռումինիային որպես Կենտրոնական-արևելյան Եվրոպայում տարբեր խնդիրների լուրջ նախաձեռնողի։ Կասկած չկա, որ «Լատինական խմբավորումը» նպատակ ունի ավելի կարևոր դիրքեր ձեռք բերելու այդ ընդարձակ տարածաշրջանում, լուծելու ազդեցության հաստատման խնդիրը, հնարավորինս իրականացնելու մրցակցային քաղաքականություն, այդ թվում` տնտեսության ոլորտում։
Ռումինիան միանգամայն բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում առայժմ միայն ՈՒկրաինային։ Հավանաբար հետագայում համանման պահանջներ չեն լինի Բուլղարիայի և Սերբիայի նկատմամբ, որոնց հետ հարաբերությունները հիանալի են։ Հաագայի դատարանի վճռով Ռումինիան Սև ծովում ՈՒկրաինայից վերցրեց Զմեինի կղզին, և դա ոգևորեց նրան պահանջներ առաջադրելու Բուկովինայի ու Հարավային Բեսարաբիայի, Դանուբի գետաբերանի հետ կապված։ ՈՒկրաինայի պատմության «նարնջագույն» փուլը, թերևս, մի քիչ էլ կշարունակվի, ինչը Ռումինիայի պարագայում հանգեցրել է սպասողական քաղաքականության, երբ երկիրը ստիպված է եղել զսպել իր հավակնությունները` հեղափոխական էքսպերիմենտը չփչացնելու համար։ Սակայն «նարնջագույն» դարաշրջանի ավարտն արդեն իսկ դառնում է Ռումինիայի նոր պահանջների առաջքաշման սկիզբը։ Ռումինիան բավական մեծ պետություն է, տարածությամբ և բնակչությամբ երկրորդը Կենտրոնական-արևելյան Եվրոպայում` Լեհաստանից հետո։ Սոցիալիստական ժամանակաշրջանում երկիրը ցուցաբերել է ինքնաբավ զարգանալու կարողություն` ստեղծելով գործնականում արդյունաբերության բոլոր բազային ոլորտները` շնորհիվ բնական պաշարների և կառավարող էլիտայի հավակնությունների։
Ներկայումս Ռումինիան կարողացել է դուրս գալ տնտեսական ճգնաժամի ամենաանպաստ պայմաններից և հաջողությամբ ձևավորում է նոր ոլորտներ ու ենթակառուցվածքներ։ Բայց այսպես թե այնպես, երկրի անեքսիան և գործնականում նրա բաժանումը, ինչի արդյունքում Բեսարաբիան տասնամյակներով կտրվեց Ռումինիայից, ահռելի բարոյական ու պատմական վնաս հասցրեց, ու ռումինական էլիտան երբեք չի համարել, թե Բեսարաբիայի հարցը փակված է։ Տարածքային պահանջների մասով Ռումինիայի քաղաքականությունն առնչվում է ոչ միայն ՈՒկրաինայի, այլև Ռուսաստանի շահերին։ Մոլդովայի (Բեսարաբիայի) ու Ռումինիայի վերամիավորումը կդառնա լուրջ խնդիր ռուս-ռումինական և Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Ռուսաստանը չի էլ թաքցնում իր ցինիկ վերաբերմունքը Մերձդնեստրի Հանրապետության ճակատագրի առումով, պայմանավորելով այդ պրոբլեմը միայն Մոլդովան ռուսական քաղաքականության ուղեծրում պահելու խնդիրներով։ Այդ «Պրուտ-դանուբյան անկյունը», ինչպես նշում են աշխարհաքաղաքականության մոսկովյան մասնագետները, բոլորովին էլ վերջին տեղում չէ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շարքում։ Այդ խնդիրը դիտարկվում է ՈՒկրաինան կլանելու քաղաքականության շրջանակներում, որպես ռուսական աշխարհաքաղաքական ռազմավարության հիմնական պրոբլեմը։ Մոսկվայում չեն կարող թույլ տալ, որ տեղի ունենա սկզբունքային և կոպիտ ճեղքում հետխորհրդային տարածության մեջ` կասկածի տակ դնելով իրենց բազմադարյան ռազմավարությունը։ Ընդ որում, ոչ թե Կենտրոնասիական կամ Կովկասյան-կասպիական տարածաշրջաններում, այլ Եվրոպայում։
Սակայն Ռումինիայի կողմից էական ճնշում գործադրելու դեպքում, որին կարող են աջակցել ոչ միայն պետությունների «լատինական խմբավորումը», այլև ԱՄՆ-ը, կհանգեցնի ՈՒկրաինայի համար շատ լուրջ խնդիրների, եթե Կիևն ավելի լոյալ դառնա Ռուսաստանի նկատմամբ և իրադրությունը ստիպի նրան դիմելու Մոսկվայի օգնությանը։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական-արևելյան Եվրոպայի այդ հատվածում աշխարհաքաղաքական հակամարտության առաջացումը թույլ կտա արևմտյան հանրության անգլո-սաքսոնական և ֆրանս-գերմանական «բևեռներին» իրականացնելու այստեղ ավելի ակտիվ քաղաքականություն։ Այսպես թե այնպես այդ իրավիճակը չի վերածվի միանշանակ ու միաչափ կացության, կստեղծվի հետաքրքիր խաղարկային իրադրություն` բազմաթիվ մասնակիցներով։ Ռումինական ավանդական տարածքային պահանջներից բացի, կարող է ստեղծվել հնարավորություն, որպեսզի Բուխարեստը միջամտի Անդրկարպատներում ստեղծված իրավիճակին` կապված ՈՒկրաինայում, Լեհաստանում ու Սլովակիայում ապրող, երեք մասի բաժանված ռուսինների հետ։ Այս հակասական հանգույցը Եվրոպայի ուղիղ կենտրոնում նույնպես հնարավորություն է տալիս կասկածի տակ դնելու կամ սահմանափակելու եվրոպական, օվկիանոսյան կամ ռուսական ռազմավարությունը։ Բացի այդ, Ռումինիայի կողմից տարածքային պահանջների ի հայտ գալը կարող է դառնալ հակակշիռ, եթե որևէ եվրոպական տերություն Տրանսիլվանիայի հարցում փորձի պաշտպանել հունգարացիներին։
Բայց, հավանաբար, Ռումինիայի հավակնությունների հետ կապված հիմնական արտաքին հետաքրքրությունները պայմանավորված են նրանով, որ նա դառնա խոչընդոտ ՈՒկրաինային ՆԱՏՕ և Եվրամիություն ընդունելու առումով։ Դրանում ամենից առաջ շահագրգռված է ֆրանս-գերմանական տանդեմը։ Եվրոպայում շատ ուշադիր դիտարկվել է ուկրաինական իրավիճակը, և շատ քաղաքական գործիչներ ու փորձագետներ հասկացել են, որ ՈՒկրաինային սպասում են անկայունության տասնամյակներ, և ոչ ոք չէր պատրաստվում ընդունել նրան Եվրամիություն կամ ՆԱՏՕ, ինչը կհանգեցներ նրան, որ այդ պետությունը կդառնար գլխավոր ապակայունացնող գործոնը Եվրոպայում։ Եվրոպական քաղաքական գրականության մեջ ուրվագծվում է Ռուսաստանի և ՈՒկրաինայի մերձեցման հնարավորությունը, ինչի հետևանքով ռուս-ուկրաինական միությունը գերակայություն կունենա ամբողջ Կենտրոնական-արևելյան Եվրոպայում։ Դա շատ վտանգավոր հեռանկար է ինչպես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Ֆրանսիայի ու Գերմանիայի և, առհասարակ, ողջ Եվրոպայի համար։ Այդ պատճառով էլ եվրոպական աշխարհաքաղաքական ծրագրավորողների մտայնությամբ ՈՒկրաինան անհրաժեշտ է մասնատել որքան հնարավոր է շատ հատվածների` առնվազն պոկել նրանից կարևոր աշխարհաքաղաքական կետերն արևմուտքում և հարավ-արևելքում։ Իհարկե, Ռումինիան իբրև Եվրամիության անդամ, օգտագործում է այդ հանգամանքը ՈՒկրաինայի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու առումով։ Բայց ՈՒկրաինայի արմատական մասնատման հույս Ռումինիան կարող է ունենալ Ռուսաստանի հետ «դավադրության» մեջ մտնելու դեպքում, և այդ բանավեճը երկու երկրների ծայրահեղ աջ կազմակերպությունների միջև արդեն իսկ ընթանում է։
Նոր դեր, ազդեցություն ու հեղինակություն ձեռք բերելով` Ռումինիան կկարողանա ազդել նաև ամբողջ Բալկանների վրա, ներառյալ ուղղափառ և կաթոլիկ երկրները, ինչպես նաև Թուրքիան։ Օրինակ, Ռումինիան ունի նախադրյալներ, պատմական փորձից և որոշակի փոխադարձ համակրություններից ելնելով, ազդելու Սերբիայի վրա, որովհետև Սերբիային անհրաժեշտ են այդպիսի վստահելի հարաբերությունները` ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ երկխոսությունն ամրապնդելու համար։ Ռումինիան միշտ դիտարկել է Սերբիան իբրև կայունության ու հավասարակշիռ հարաբերություններ ստեղծելու գործոն, հատկապես Արևմտյան Բալկաններում։ Ռումինիան անվստահությամբ է վերաբերվել նաև Գերմանիայի ազդեցության մեծացմանը հարավ-սլավոնական պետություններում և փորձել է Սերբիայի հակագերմանական տրամադրություններն օգտագործել իբրև հակակշիռ Բուլղարիայի գերմանամետ տրամադրվածության։ Այս նախաձեռնություններում չի կարող անտեսվել նաև Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական պայքարի ուժգնացման հավանական տարածաշրջան։
«Ռումինական նախագիծը» ստեղծվել և իրագործվում է ի հակակշիռ «լեհական նախագծի» և դրանում է կայանում այն փաստը, որ Ֆրանսիան ու Գերմանիան խաղագումարը դրել են հենց Ռումինիայի վրա։ Պայքար է ծավալվում ամբողջ Կենտրոնական-արևելյան Եվրոպայի համար, և այդ պայքարում միմյանց են բախվում ոչ միայն արևմտյան հանրության երկու «բևեռների», այլև այնպիսի աշխարհաքաղաքական ու գաղափարաքաղաքական կառույցների շահերը, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, Հյուսիսային Եվրոպայի ու Բենիլյուքսի երկրները, Թուրքիան, Հունաստանը, Հռոմի կաթոլիկ եկեղեցին և ուղղափառ եկեղեցիները։ Առայժմ «ռումինական նախագիծն» այնքան էլ մեծ ուշադրության չի արժանանում անգլո-սաքսոնական մայրաքաղաքներում։ Ինչպես արտահայտվել է բրիտանական առաջատար քաղաքագետներից մեկը, որը զբաղվում է եվրոպական անվտանգության խնդիրներով. «Այն ամենը, ինչ կապված է Ռումինիայի հետ, հետաքրքիր հնարավորություններ է պարունակում ու նոր նախաձեռնությունների հեռանկար բացում Արևելյան Եվրոպայում ու Սև ծովում։ Սակայն ռումինացիներն առանձնապես ակտիվ չեն, ու նրանց քաղաքական առաջնահերթությունները դեռևս չեն հստակեցվել»։ Ռումինացի քաղաքագետ Նիկու Պոպեսկուն, որն զբաղվում էր Արևելյան Եվրոպայով ու Սևծովյան տարածաշրջանով, փորձում է իր երկրի շահերն ու առաջնահերթությունները որոշակիացնել, սակայն շատ խնդիրներ են առկա ներքին քաղաքականության մեջ։ Թեպետ նախագահ Տրայան Բեսեսկուն միշտ փորձել է ձևավորել ավելի հավակնոտ ու կոնկրետ արտաքին քաղաքականություն, և նրա վերընտրությունը հավանաբար կմեծացնի աշխարհաքաղաքական բաղադրիչը Ռումինիայի արտաքին քաղաքականության մեջ։ Ռումինիայում ակնհայտորեն ավելի ու ավելի են ժողովրդականություն վայելում աջ քաղաքական գործիչները` ցուցաբերելով երկրի դերն ավելի նշանակալի դարձնելու ձգտում։
Պետք է հասկանալ, որ Եվրոպայի լատինական երկրները, բացառությամբ Ֆրանսիայի և Բելգիայի, երկար ժամանակ չէին կարողանում ձևակերպել ու իրագործել իրենց արտաքին շահերը։ Ինչը շատ կողմերով հետևանք էր այդ պետությունների տոտալիտար անցյալի, միջազգային քաղաքականությանը չմիջամտելու ու ավելի շատ ներքին խնդիրներով զբաղվելու ցանկության։ Վերջին տասնամյակներում, սակայն, նոր դինամիկա է նկատվում Իտալիայի, Իսպանիայի ու Պորտուգալիայի արտաքին քաղաքականության մեջ, որոնք արդեն ժամանակակից տնտեսություն ունեցող ժողովրդավարական պետությունների հեղինակություն են ձեռք բերել, ակտիվ մասնակցում են միջազգային խաղաղապահ օպերացիաներին, հանդես գալիս համաեվրոպական նշանակության տարբեր քաղաքական ու սոցիալական նախաձեռնություններով։ Այդ երկրները հաճույքով ընդունում են Ֆրանսիային որպես իրենց առաջնորդի, իսկ Գերմանիային որպես հուսալի եվրոպական գործընկերոջ` տարբեր ծրագրերի իրագործման առումով։ Դժվար է կանխատեսել, թե որքանով պետությունների «լատինական խմբավորումը» կկարողանա տեղաշարժել ռումինական էլիտային ու ներգրավել նրան լայնածավալ խնդիրների իրագործման մեջ, բայց այդպիսի աշխատանք, ակնհայտորեն, տարվում է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ