ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Ովքե՞ր են կանգնած սադրանքի թիկունքում

Ովքե՞ր են կանգնած սադրանքի թիկունքում
05.08.2008 | 00:00

ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԷՔՍՏՐԻՄ
Այս տարվա հուլիսի 17-ին Ախալքալաքում տեղի ունեցած ծանր միջադեպերը և դրանց հետագա զարգացումը իրական մտահոգության առիթ են դարձել ինչպես տեղի հայության համար, այնպես էլ Հայաստանում։ Այս հրապարակումը, անշուշտ, կատարվածը համալիր վերլուծելու փորձ չէ, մանավանդ որ կա կոնկրետ տեղեկատվության պակաս։ Սակայն, այնուհանդերձ, իրադարձությունների զարգացումն ակամայից հանգեցնում է այն հետևության, որ տեղի է ունեցել բավականին լավ կազմակերպված սադրանք, և այդ հարցում վրացական իշխանությունների ու տեղական «էլիտայի» առանձին ներկայացուցիչների շահերը, թերևս, համընկել են։
ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Անհիմն չէ այն տեսակետը, ըստ որի` հուլիսի 17-ի դեպքերը բնորոշվում են իբրև Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և «Միասնական Ջավախք» կազմակերպության ակտիվիստների միջև առկա ատելության հետևանք։ Հակադրությունը սկիզբ է առել անցած տարվանից։ Եթե կարճ անդրադառնանք անցյալին, ապա Սամվել Պետրոսյանը մինչև 1990-ականների կեսը եղել է «Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդներից մեկը։ Եվ չնայած այն իրողությանը, որ շարժումը վրացական իշխանությունների խիստ բացասական արձագանքին էր արժանանում, Պետրոսյանին բոլոր ժամանակներում հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել վրացական իշխանությունների հետ։ 1994-95-ին, ըստ շրջանառվող լուրերի, Պետրոսյանը, որ նաև մի շրջան Ախալքալաքի շրջանային ադմինիստրացիայի ղեկավարն էր, հիմնավորապես փչացրեց իր հարաբերությունները «Ջավախք» ժողովրդական շարժման ակտիվի հետ և դադարեցրեց իր առնչությունն այդ շարժմանը։ Բայց անգործ չմնաց, նույն ժամանակահատվածում նշանակվեց Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանների ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը զբաղված էր բավականին բացահայտ թալանով՝ հատկապես հայկական ավտոմեքենաների նկատմամբ։ Սաակաշվիլու իշխանության գալուց հետո ճանապարհային ոստիկանությունը լուծարվեց, Պետրոսյանն առժամանակ մնաց անգործ, սակայն մոտ երկու տարի առաջ նշանակվեց արդեն Ախալքալաքի շրջանային ոստիկանության պետ։
Ինչ վերաբերում է «Միասնական Ջավախք» կազմակերպությանը, ապա մի խումբ երիտասարդների ջանքերով այն ստեղծվել է վերջին տարիներին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վրացական իշխանությունները սկզբում համեմատաբար լոյալ էին այս կազմակերպության նկատմամբ։ Թերևս պատճառն այն էր, որ «շշուկներ» կային, թե կազմակերպությունում փոքր թիվ չեն կազմում վրացական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող անձինք։ Վերջին երկու տարիներին, սակայն, «Միասնական Ջավախքի» կազմը որոշակի փոփոխություն է կրել, և ավելի ակտիվ դերակատարություն է ստանձնել կազմակերպության հիմնադիրների թերևս առավել արմատական հայացքներ ունեցող թևը (Վահագն Չախալյան, Գուրգեն Շիրինյան և այլք)։ Համապատասխանաբար աճել է նաև ազդեցությունն ու ակտիվությունը։ Անցած տարի, տեղական ընտրություններից հետո, խախտումներից և իրականացված կեղծիքներից դժգոհ «Միասնական Ջավախքի» երիտասարդները ցույց կազմակերպեցին Ախալքալաքում, որը, ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ կամ Թբիլիսիի հրահանգով, ոստիկանությունը, այնուհանդերձ, փորձեց ուժով ցրել։ Տեղի ունեցած քաշքշուկի կամ ծեծկռտուքի ժամանակ, ըստ լուրերի, «բաժին էր հասել» նաև ոստիկանապետին։ Ժողովրդական խոսք ու զրույցի համաձայն, այստեղից էլ սկսվել է ատելությունը Պետրոսյանի և Շիրինյան-Չախալյան երկյակի միջև։ Այդ դեպքերից կարճ ժամանակ անց Շիրինյանը և Չախալյանը՝ վերջինիս ընտանիքի հետ միասին, ուղևորվել են Երևան՝ իրենց գործերով։ Մայրաքաղաք չհասած, սակայն, հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից, սկսված ծեծկռտուքի ընթացքում Գուրգեն Շիրինյանը դանակի հարված է ստացել։ Հայաստանի իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, որը, սակայն, կարճ ժամանակ անց, առանց բացահայտումների, կարճվել է։ Բայց Ջավախքում տարածված լուրերի համաձայն, հիշյալ հարձակումը կազմակերպվել է ոստիկանապետ Պետրոսյանի որդու ջանքերով։ Բնական է, որ սա ավելի պետք է խորացներ փոխադարձ ատելությունը։
ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ՍԵՎ ՕՐԸ
Եվ այսպես, տեղյակ աղբյուրները պնդում են, որ հուլիսի 17-ին կազմակերպված սադրանքի մեջ ավելի քան հիմնավոր շարժառիթներ ուներ հատկապես ոստիկանապետը։ Ինչպիսի՞ն է եղել դրանում վրացական իշխանությունների մասնակցությունը, դժվար է ասել։ Բոլոր դեպքերում, փաստ է, որ հուլիսի 17-ի ցերեկը ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տնից երկու տուն այն կողմ գտնվող անբնակ տան առջև պայթել է մինչ օրս անհայտ ծագմամբ պայթուցիկ սարք։ Պայթյունից ոչ ոք չի տուժել, կոտրվել են միայն մեկ-երկու տան ապակիները։ Դա չի խանգարել, սակայն, որ ոստիկանությունը, բառացիորեն րոպեներ անց, սկսի գործողություններ իրականացնել «Միասնական Ջավախք» կազմակերպության դեմ։ Կազմակերպության մոտ տասն անդամներ բռնի տարվել են ոստիկանության շենք, ոստիկանները՝ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, երկու անգամ ներխուժել են կազմակերպությանը պատկանող երիտասարդական ռադիոյի շենքը, իհարկե, ոչ առանց ջարդուփշուրի։ Հավանաբար, ոստիկանապետի նախաձեռնությամբ, Թբիլիսիից Ախալքալաք է եկել հատուկ ջոկատայինների առաջին խումբը։ Նույն օրը երեկոյան ժամը 8-ի դրությամբ շրջափակվել է Գուրգեն Շիրինյանի հայրական տունը, և ոստիկանությունը սկսել է խուզարկություն իրականացնել՝ անօրինական զենք հայտնաբերելու նպատակով։ Ըստ լուրերի, խուզարկությանը մասնակցել են զինված քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ոստիկանության աշխատանքին առնչություն չունեցող Սամվել Պետրոսյանի որդիները։ Խուզարկության ժամանակ եղել են բռնություններ, ծեծել են Շիրինյանի հորը, մորն ու հորաքրոջը, և այդ իրավիճակում է, որ վերջինս անհայտ ծագումով զենքից կրակ է բացել և վիրավորել ոստիկաններից մեկին։ Հենց վիրավորել, ոչ թե սպանել, որովհետև, ըստ շրջանառվող լուրերի, վերքը միանշանակ մահացու չի եղել, պարզապես 23-ամյա երիտասարդին մոտ 50 րոպե տնից դուրս չեն բերել, չեն ցուցաբերել բժշկական օգնություն, և նա մահացել է արնաքամվելուց։ Թեպետ տունը շրջափակված է եղել, բայց, հասկանալի չէ ինչպես, Գուրգեն Շիրինյանին հաջողվել է փախչել։ Այդ օրերին «Միասնական Ջավախքի» տարածած հայտարարության համաձայն, նրան որոնող հատուկ ջոկատայիններին նույնիսկ հանձնարարված է եղել հայտնաբերելու դեպքում չձերբակալել, այլ ուղղակի «վերացնել»։ Միաժամանակ ձերբակալվել են ինչպես Շիրինյանի ընտանիքի անդամները, այնպես էլ Վահագն Չախալյանն ու նրա ընտանիքը։ Ոստիկանությունն այդ ձերբակալությունները փորձել է հիմնավորել այն անհրաժեշտությամբ, որ զոհված երիտասարդ ոստիկանի հարազատներն ու համագյուղացիները Ախալքալաքում բողոքի մեծ ցույց են կազմակերպել, և եթե ձերբակալությունները չլինեին, Չախալյանի և Շիրինյանի ընտանիքների անդամների նկատմամբ կարող էին լինել անկանխատեսելի բռնություններ։
Ամեն դեպքում փաստ է, որ վրացական իշխանություններն օգտվել են իրավիճակից և ավելացրել հատուկ ջոկատայինների թիվը՝ հասցնելով մինչև 350 մարդու։ Խուզարկություններ են իրականացվել «Միասնական Ջավախքի» բազմաթիվ ակտիվիստների և համակիրների բնակարաններում։ Շրջանառվող լուրերի համաձայն, վրացական հատուկ ծառայություններն ընդհանրապես մտադիր են եղել առիթն օգտագործել և նույնիսկ ձերբակալել Ջավախքում հիմնական ընդդիմադիր՝ «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանին, «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավարներից Մելս Թորոսյանին, սակայն հետո սահմանափակվել են «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին և նրանց ընտանիքների անդամներին Ախալցխա, այնուհետև` Թբիլիսի տեղափոխելով։ Այս պահին նրանց մի մասը շարունակում է մնալ կալանքի տակ։
Հուլիսի 20-ին, ինչպես հայտնի է, սպանվեց երկրորդ՝ դարձյալ ազգությամբ հայ ոստիկանը, որի սպանությունը նույնպես փորձեցին բարդել Գուրգեն Շիրինյանի վրա։ Ախալքալաքի ծայրամասում գտնվող ավերակ շինություններից մեկի շրջակայքում, ոստիկանության իրականացրած օպերատիվ գործողության ընթացքում, հիշյալ շինություն են մուտք գործել ինչպես տեղի ոստիկանները, այնպես էլ վրացական հատուկ ջոկատայինները։ Լսվել է կրակոց, դուրս է բերվել երկրորդ ոստիկանի դիակը։ Մինչ օրս էլ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Լուրեր են շրջում, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, բայց քիչ չեն նաև խոսակցությունները, թե երկրորդ երիտասարդը զոհվել է վրացական հատուկ ջոկատայինների գուցե և անզգույշ կրակոցից, բայց ամեն ինչ այլ կերպ է ներկայացվում։ Համենայն դեպս, ըստ լուրերի, Գուրգեն Շիրինյանն այդ շինության շրջակայքում չի եղել։
ՍՊԻՏԱԿ ԹԵԼԵՐՈՎ «ԿԱՐՎԱԾ» ԳՈՐԾԸ
Այս ամբողջ պատմության մեջ չափից ավելի շատ հարցականներ կան, որոնք անցած գրեթե երեք շաբաթների ընթացքում ոչ միայն չեն նվազել, այլ, թերևս, ավելացել են։ Ինչո՞ւ է պայթուցիկ սարքը տեղադրվել ոստիկանապետի տնից երկու տուն այն կողմ, ու թեպետ պայթյունից ոչ ոք չի տուժել, դա որակվում է իբրև ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի նկատմամբ իրականացված ահաբեկչություն։ Ի՞նչն էր պատճառը, որ անմիջապես դրանից հետո ձեռնարկվել են այդպիսի լայնածավալ օպերատիվ գործողություններ, ի՞նչ իրավունքով են այդպիսի գործողություններին մասնակցել զինված քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Պետրոսյանի որդիները։ Ինչո՞ւ հատկապես առաջին հերթին խուզարկվել են Շիրինյանի և Չախալյանի բնակարանները։ Եթե ոստիկանությունն օբյեկտիվ էր գործում, ապա պետք է գիտակցեր, որ նման քայլը կարող է որակվել իբրև դիտավորություն՝ նկատի ունենալով ոստիկանապետի լարված հարաբերությունները Շիրինյանի և Չախալյանի հետ։ Բայց հենց այդ հանգամանքը կարծես ավելի է նպաստել ոստիկանության գործողությունների ուղղորդմանը, որոնք եղել են ընթացակարգային կոպիտ խախտումներով։ Ըստ այդմ, թերևս, բոլորովին անհիմն չեն լուրերը, թե սա Սամվել Պետրոսյանի կազմակերպած սադրանքն է, որին հաճույքով սատարել են Վրաստանի իշխանությունները։
Ջավախքի հասարակական և քաղաքական տարբեր կազմակերպությունների ակտիվիստների պնդմամբ, Սաակաշվիլու իշխանության գալուց ի վեր տարածաշրջանն աստիճանաբար հայաթափ անելու վրացական ծրագիրն ընդունել է ավելի որոշակի ուրվագծեր։ Եվ վերոհիշյալ սադրանքը «Միասնական Ջավախք» կազմակերպության ու նրա ակտիվիստների նկատմամբ այդ շղթայի փոքրիկ օղակներից մեկն է միայն։ Ջավախքում իրենց գործողությունները վրացական իշխանությունները փորձում են «հիմնավորել» նրանով, թե տեղի բնակչությունը կարող է խոչընդոտել Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը։ Մինչդեռ ճիշտ հակառակը, թեպետ Հայաստանը դեմ է արտահայտվել այդ ծրագրին, և ջավախահայությունն էլ դրանով առանձնապես ոգևորված չէր՝ տարածաշրջանում թուրքական ազդեցության ընդլայնման հնարավորությունը հաշվի առնելով, սակայն երկաթգիծը, այնուհանդերձ, որոշակի աշխատատեղեր ապահովող ծրագիր է Ջավախքի գրեթե բացարձակ գործազրկության պայմաններում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վրացական իշխանություններն այդ աշխատատեղերը որոշել են ստեղծել տարածաշրջանում վերաբնակեցվող վրացիների համար։ Օրինակ, Բոգդանովկայի կամ Նինոծմինդայի շրջանից այսօր հեռացող ռուս դուխաբորների գյուղերը վերաբնակեցվում են Աջարիայից եկած վրացիներով։ Համապատասխան պետական կառույցներին արգելված է առք ու վաճառքի գործարք կատարել այլ ազգության ներկայացուցիչների, այդ թվում՝ հայերի մասնակցությամբ։ Այդ ճանապարհով դուխաբորներից դատարկվող ամենամեծ՝ Գորելովկա գյուղում, որ Հայաստանի սահմանի վրա է, արդեն վերաբնակեցվել են մի քանի ընտանիքներ Աջարիայից։ Թբիլիսին չի հրաժարվել նաև Բոգդանովկայի շրջանում բանտի կառուցման մտադրությունից։ Վրացական իշխանություններն ամեն կերպ անտեսում են հայերենի՝ իբրև տեղական պաշտոնական լեզվի հաստատման խնդիրը։ Թեպետ Ախալքալաքի շրջանային խորհուրդը պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ այդ կապակցությամբ կայացրել է որոշում, այն չի ուղարկվում Թբիլիսի՝ հաստատման, որովհետև խորհրդի նախագահի վրա Վրաստանի համապատասխան ծառայությունները ճնշում են գործադրում։
Այս ամենը վկայում է այն մասին, որ Վրաստանը Ջավախքի և Հայաստանի նկատմամբ ունի բավական մշակված քաղաքականություն։ Իսկ Հայաստանն իր քաղաքականությունը, փաստորեն, չի ձևավորել և շարունակում է առաջնորդվել վրացիների հետ ամեն գնով «սուր անկյունները հարթելու» անցած տասնհինգ տարիների անարդյունավետ մարտավարությամբ, ինչը Թբիլիսիում ավելի է ուժեղացնում տրամադրությունները, թե Հայաստանի կախվածությունը Վրաստանից այնքան մեծ է, որ Երևանը երբևէ լրջորեն չի ընդվզի Թբիլիսիի որևէ նախաձեռնության դեմ Ջավախքում։ Ավելին, Հայաստանի Ազգային ժողովում կան ծագումով Ջավախքից պատգամավորներ, որոնք Վրաստանում գործարար ակտիվ կապեր ունեն, ինչը Թբիլիսին մշտապես ներկայացնում է այնպես, թե Երևանը բոլոր հարցերում էլ համաձայն է իրենց հետ։ Մասնավորապես ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանի եղբայրը, ըստ շրջանառվող լուրերի, շահել է Բոգդանովկայի շրջանում վերոնշյալ բանտի կառուցման տենդերը։ «Չար լեզուները» պնդում են, որ այդ բիզնես-ծրագրին մասնակցում է ինչպես ինքը՝ Հայկ Սանոսյանը, այնպես էլ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Վարդան Այվազյանը՝ բոլորն էլ ՀՀԿ խմբակցությունից։ Եվ նույն լուրերի համաձայն, ինչպես բանտի կառուցման ծրագիրը, այնպես էլ առհասարակ Ջավախքին առնչվող բոլոր գործընթացները Վրաստանում համակարգում է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Վրաստանի անվտանգության ծառայության պետ Ամիրան Մեսխելին։ Այսքանից հետո, թերևս, զարմանալի չէ, որ Հայաստանը Ջավախքի հետ կապված հիմնավոր քաղաքականություն չունի։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4007

Մեկնաբանություններ