Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«...ԵՐԲ ԱՅԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԱՅԼևՍ ՉԼԻՆԵՆ ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱԽԱՎՈՒՄ»

«...ԵՐԲ ԱՅԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԱՅԼևՍ ՉԼԻՆԵՆ ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱԽԱՎՈՒՄ»
27.10.2009 | 00:00

Տասը տարի անց էլ հարցերը մնացին նույնը. 27-ի երեկոյան, երբ հանդիպել էին գլխավոր ոճրագործն ու երկրի նախագահը, գաղտնալսում եղա՞վ, թե՞ ոչ: Եթե չեղավ, ինչո՞ւ չեղավ: Կամ` ինչո՞ւ մեկ էլ, ու Լիտվինենկոն հայտարարեց` 27-ը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր:
Ժամանակներ առաջ և այս օրերին կատարած հարցումները ևս լույս չեն սփռում այս «մութ» հարցերի վրա:

«ԲԱՆ ԵՍ ԳՏԵԼ ՀԱՐՑՆԵԼՈՒ»
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ՀՅԴ)
-Պարոն Ռուստամյան, ի՞նչ եք կարծում, 27-ի երեկոյան, երբ հանդիպել էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչար-յանն ու Նաիրի Հունանյանը, գաղտնալսում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Չգիտեմ:
-Չգիտե՞ք` ինչ են խոսել Քոչարյանն ու Նաիրին:
-Չգիտեմ, ինչ խոսել են, էդքանն է հայտնի:
-Ինչքա՞նն է հայտնի, Ձեզ հայտնի՞ է ինչ-որ բան:
-Էն, ինչ բոլորին է հայտնի, ինձ էլ է հայտնի:
-Ոչ մեկին ոչ մի բան հայտնի չէ:
-Ո՞նց թե, սաղ էլ հայտնի է: Դատական գործի մեջ էլ կա: Հիմա արդեն չեմ հիշում, տասը տարի անցել է, հիմա ուզում եք գործն անգիր ասե՞մ: Բան ես գտել հարցնելու։ Էսօր մի տես ինչ կարևոր գործընթացներ են տեղի ունենում Թուրքիայի խորհրդարանում, Դավուդօղլուն ոնց է ամեն ինչ հստակ, մինչև վերջ ասում: Դրա՛նց մասին պետք է գրել-խոսել:
-Իսկ ի՞նչ եք կարծում` կարելի՞ էր չգաղտնալսել նման կարևոր հանդիպումը:
-Չեմ կարող ասել: Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև մոռացել եմ տասը տարի առաջվա բաները:
-Հուսանք` չեք մոռացել, թե 27-ին ինչ տեղի ունեցավ: Ձեր զգացողությունն ինչպիսի՞ն էր և է:
-Իմ զգացողությունը նույնն է, ինչ այն ժամանակ։ Դա մեծ ողբերգություն էր երկրի համար:
-Երևի թե չեք մոռացել նաև, որ Նաիրին առաջինը զանգել էր Հրանտ Մարգարյանին:
-Լավ, էլի՛....

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ ԷՐ ԲԽՈՒՄ ԳՈՐԾԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ»
ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ («Հանրապետություն»)
-Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում` Քոչարյան-Հունանյան հանդիպման գաղտնալսում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Ինձ համար պարզ է, որ Հայաստանի վարչական կարևորության շենքերում՝ ԱԺ-ում, նախագահականում, թե կառավարությունում հատկապես ձայնագրություն (ոչ թե գաղտնալսում) անպայմանորեն տեղի է ունենում։
-Այդ դեպքում ի՞նչ է եղել հիշյալ ձայնագրությունը` վերացրի՞ն, պահեցի՞ն` ինչ-ինչ նպատակներից ելնելով:
-Համենայն դեպս, դատաքննության ժամանակ այն չի կիրառվել, եթե չկա, ուրեմն՝ վերացրել են:
-Իսկ հնարավոր՞ է` ինչ-ինչ մարդկանց մոտ պահված լինի:
-Նյութեր, նկարահանումներ կային նաև այդ օրը ՊՆ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, դրանք էլ, կարծես թե, անհետացան: Բայց, նորից եմ ասում, դատաքննության և նախաքննության ժամանակ դրանք ի հայտ չեկան:
-Երբևէ ի հայտ կգա՞ն:
-Դժվար է ասել:
-Պարոն Սարգսյան, 27-ի դեպքերից ժամանակ անց ռուսական հատուկ ծառայությունների նախկին գնդապետ, ոչ անհայտ Լիտվինենկոն (ով, հիշենք, «անցնում» էր նաև Կուչմայի «գործով». նա էր Բերեզովսկուն տվել հայտնի ձայնագրությունը, որում Կուչման «համապատասխաններին» հրահանգում է սպանել լրագրող Գոնգաձեին և Պետդումայի մի պատգամավորի), հայտարարեց, որ 27-ը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, որի առանցքում ընկած էր Ղարաբաղը, որովհետև հայաստանյան էլիտան այն օրերին համաձայնել էր լուծել ղարաբաղյան հարցը, ինչը Ռուսաստանի սրտով չէր:
-Բոլոր դեպքերում, Հայաստանի շահերից էր բխում գործի բացահայտումը: Իսկ նման կարծիքներ, որ այս կամ այն պետությունը նույնպես շահագրգիռ էր 27-ի իրականացման հարցում, շատ են հնչում:

«ԵՍ ՆՄԱ՞Ն ԵՄ ՄԻԱՄԻՏ ԱԿՆԱՐԿՆԵՐ ԱՆՈՂԻ»
ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ (ՀՀ ռազմական ոստիկանության պետ)
-Պարոն Գասպարյան, մի քանի տարի առաջ Դուք հրապարակավ հայտարարեցիք, որ շատ բան ունեք ասելու՝ 27-ի հետ կապված: Պնդում կար, որ ներկա եք եղել 27-ին` Նաիրի Հունանյան-Ռոբերտ Քոչարյան կեսգիշերային հանդիպմանը: Պնդում կար, որ Դուք եղել եք դռան մոտ և հետևել «բանակցությունների» ընթացքին: Միգուցե ունե՞ք գաղտնալսման սղագրությունը և «տիրապետո՞ւմ» եք ինչ-որ ինֆորմացիայի:
-Ես շատ բաների եմ տիրապետում, բայց դա ի՞նչ կապ ունի։ Այնքա՜ն բանի եմ տիրապետո՜ւմ... Ոչ մի կապ չունի:
-Այսինքն` եղե՞լ է գաղտնալսում:
-Ես չգիտեմ: Չէ: Չի՛ եղել: Ես էլ ներկա չե՛մ եղել:
-Եվ, այնուհանդերձ, Դուք այդ մասին ակնարկներ արել եք:
-Ես երբեք նման միամիտ ակնարկներ չէի կարող անել:
-Իսկ երբևէ կանե՞ք:
-Ես նմա՞ն եմ միամիտ ակնարկներ անողի:
-Նման չեք, և, այնուհանդերձ, որպես ռազմական ոստիկանության ղեկավար, ինչպե՞ս եք մոտենում այն փաստին, որ երկրում, որի անվտանգությունը 27-ին խաթարվել էր հիմնովին, և պետությունը շատ մեծ սպառնալիքի առջև էր կանգնած, ահաբեկչի հետ նախագահի հանդիպումը չի գաղտնալսվում: Գուցե այդ պահին նախագահին և՞ս վտանգ էր սպառնում, չէ՞ որ այլևս չկային Ձեր թանկագին ընկեր Վազգենը, ԱԺ նախագահը և մնացյալները:
-Շատ նորմալ եմ մոտենում... Որովհետև պետք էր իրավիճակ փրկել:
-Փրկեցի՞ք։
-Կարծում եմ` այդ իրավիճակում, այո, փրկեցինք: Նպատակ էր դրված` նոր զոհեր չտալ: Նպատակ էր դրված` առանց կորուստների փրկել պատանդներին: Երկուսն էլ արվեց։

«ԸԴՐԱ ԽԱԹԵՐ ՀԻՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՏՂԱ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ ՈՒ ԱՆՈՒՆԸ ԴՐԵԼ ԵՄ ՎԱԶԳԵՆ»
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԵԿՄ նախագահ)
-Պարոն Գրիգոր-յան, էն անգամ էլ ասել էիք` միայն թուրքը հոկտեմբերի 27 կկազմակերպեր: Եվ ապա ասել էիք, որ գիտեք՝ ովքեր են 27-ի մեղավորները, հենց հրահանգ լինի, կբռնեք նրանց:
-Բա ո՞նց, կբռնենք:
-Ե՜րբ:
-Դե, կամաց-կամաց կբռնենք, է՛լի:
-Ասում են` ունեք որոշակի բացահայտող տեսաժապավեններ 27-ին վերաբերող:
-Ես սեփական կատու չունեմ` ոռից հոտ քաշեմ, ուր մնաց` «ժապավե՜ն»:
-Իսկ սեփական «Համմեր» ունե՞ք:
-Չէ:
-Բա էնտեղ կանգնածն էն ո՞ւմն է:
-Ժողովրդինն ա, ո՞ւմն ա։ Բա ինչպե՞ս:
-Մի՞թե: Իսկ կարո՞ղ է ժողովուրդը հիմա գալ ու վերցնել իր «ապրանքը»:
-Կարող եք Դուք էլ, երբ ուզեք, նստել-տեղ գնալ:
-Ոչ, տեղ չունեմ գնալու: Լավ, իսկ չե՞ք կարծում, որ քանի 27-ը չի բացահայտվել, Վազգենի հոգին երկրապահներից, իր ընկերներից խռոված է մնալու:
-Ո՞նց կարելի է ասել, որ Վազգենի հոգին նեղացած է։ Վազգենի հոգին բոլորիս մեջ է՝ իմ, իմ տան, իմ տղայի մեջ է։ Ըդրա խաթեր հիսուն տարեկանից հետո տղա եմ ունեցել ու անունը դրել եմ Վազգեն, որ Վազգենի պես ուժեղ մարդ ըլնի ու Վազգենի պես ապրի:

«ՄԵՆՔ ՁԱԽՈՂԵՑԻՆՔ «ԱԼՖԱՅԻ» ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ (ՊՆ նախկին փոխնախարար, ով ժամանակներ առաջ բոլորովին այլ կերպ էր պատասխանել մեր հարցմանը, այսօր բոլորովին այլ պատասխան տվեց)
(Ժամանակներ առաջ)
-Պարոն Շիրխանյան, ի՞նչ եք կարծում՝ 27-ի երեկոյան հայտնի հանդիպումը գաղտնալսվե՞լ է, թե՞ ոչ:
-Ես չգիտեմ:
-Իսկ ի՞նչ կարծիքի եք նախկին գնդապետ Լիտվինենկոյի հայտնի հայտարարության առնչությամբ. այն է` 27-ն ունի ռուսական հետք: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
-Գիտե՞ք, 27-ին հաջորդող իրադարձությունների ընթացքում Ռուսաստանի կեցվածքն իմ մեջ որոշ կասկածներ իսկապես առաջացրեց, մասնավորապես՝ շատ արագ «Ալֆա» ջոկատ ուղարկելը և այն գործելակերպը, որ առաջարկեց մեզ ջոկատի ղեկավարը, որի հետ ես անձամբ էի բանակցում:
-Ի՞նչ առաջարկ:
-Դահլիճը գրոհով գրավել:
-Որի ժամանակ «կզոհվեին» «ռոմանտիկ ռոբին-հուդե՞րը»:
-Այո՛։ ՈՒստի մենք ձախողեցինք «Ալֆայի» մտադրությունը, կոպիտ ասած` «Ալֆային» կալանավորեցինք, ինքս կարգադրեցի` մեկուսացնել նրանց և հետ վերադարձնել։ Հաջորդ կասկածը, որ իմ մեջ կար, առնչվում էր հանցագործների ղրիմյան ծագմանը: Մյուս կասկածն էլ այն էր, որ Ռուսաստանն անվերապահորեն ու անմիջապես աջակցեց Քոչարյանին, և դա այն դեպքում, երբ, իրենց ասելով, զոհվել էին Ռուսաստանի «բարեկամները»:
(Այսօր)
-Պարոն Շիրխանյան, Դուք վերանայե՞լ եք «խնդրո առնչությամբ» Ձեր տեսակետը, որովհետև օրերս ասել եք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ֆոնին ակնհայտ է, որ 27-ի հետևում անգլոսաքսոններն ու ԱՄՆ-ն էին կանգնած:
-Ոչ թե վերանայել եմ, այլ ճշտել եմ հանգամանքներ, որոշակի զարգացումներ և եկել համոզման, որ հոկտեմբերի 27-ը բացառապես ձեռնտու էր անգլոսաքսոնական խոհանոցին` պարտադրելու Հայաստանին զիջումներ հայ-թուրքական հարաբերություններում և Ղարաբաղի հարցում, միաժամանակ Հայաստանից դուրս մղելու Ռուսաստանի ազդեցությունը: Դու էլ ես, չէ՞, այդպես կարծում:
-Հը՜ը։ Ո՛չ: Ես առավել հակված եմ Ձեր առաջին կարծիքին և կիսում եմ այն: Ինչ վերաբերում է անգլոսաքսերին, ապա նրանցն այս խաղում խելոք լռելն էր: Եվ լռում են (չնայած Լիտվինենկոյի ասածները բավականին խոսուն են): Ի դեպ, նրանք` «անգլոսաքսոնները», կարո՞ղ էին առանց ներքին օգնության և միջամտության այդպիսի ոճիր գործել:
-Իհարկե, ցանկացած նման ծրագիր արտաքին հատուկ ծառայություններն իրականացնում են ներսում ունեցած իրենց ցանցի միջոցով:
-Կորոշակիացնե՞ք:
-Զոռով անուննե՞ր ես ուզում:
-Զոռով ուզում եմ:
-Առաջինը նրանք, ովքեր կատարեցին այդ սպանդը, երկրորդը նրանք, ովքեր օգտվեցին դրանից:

«ԵԹԵ ԳՈՐԾՆ ԻՍԿԱՊԵՍ ՆՈՐՄԱԼ ԸՆԹԱՑՔ ՈՒՆԵՆԱՐ, ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵԻՆ ՆԱԵՎ ՊԱՏՎԵՐ ՏՎՈՂՆԵՐԸ»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն»)
-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում, գաղտնալսում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Պարտադիր: Նմանատիպ հանդիպումներն անպայմանորեն ձայնագրվում են, հենց միայն այն պատճառով, որ հետագայում չարաշահումների տեղիք չտան: Ես չեմ կարծում, որ մեր օպերատիվ ծառայությունների պրոֆեսիոնալիզմն այնքան ցածր է, որ նրանք չեն հասկացել, որ պետք է ձայնագրեն:
-Ինչ-որ բան գիտե՞ք, ինչ-որ մեկն ինչ-որ բա՞ն է Ձեզ ասել, թե՞...
-Չէ-չէ-չէ, տրամաբանորեն եմ ասում:
-Բա ինչո՞ւ քրգործի մեջ այն «չարտացոլվեց»:
-Քրգործով, ըստ իս, շատ բան չդիտարկվեց, և եթե այդ գործն իսկապես նորմալ ընթացք ունենար, կբացահայտվեին նաև պատվեր տվողները:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ի՞նչ կարող էին խոսել Քոչարյանն ու Հունանյանը:
-Չե՜մ կարող ասել:
-Բայց չէ՞ որ «Ժառանգությունն» ամեն բան գիտի:
-Չէ՛, չեմ կարող ասել: Եվ հետո` այդ ժամանակ «Ժառանգությունը» դեռևս ձևավորված չէր: Եվ, այնուհանդերձ, նրանց միջև երկրորդ կարևորության խոսակցություն չէր կարող լինել:
-Երբևէ կլինի՞, որ գաղտնալսումը «մեյդան» գա:
-Դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում կլինի ժողովրդավարություն, և անձինք, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել այդ իրադարձությունների մեջ, այլևս իշխող վերնախավում չլինեն:
-Իսկ Լիտվինենկոյի ասածի՞ն ինչպես եք վերաբերվում:
-Որևէ երկրի հատուկ ծառայություն չէր կարողանա նմանատիպ գործողություն իրականացնել Հայաստանում, եթե ներսում բարձր հովանավորներ չունենար:

«ԵՐԲ ՄՅՈՒՍ ՇԱՏ ԲԱՆ ԻՄԱՑՈՂՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ, «ԾԱՄԾՄԵԼՆ» ԷԼ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է»
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Հայաստանի քաղաքագետների միության նախագահ)
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ եք կարծում` գաղտնալսում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Այդ հարցին կարող են պատասխանել միայն հատուկ ծառայությունները: Իհարկե, օրենքով պետք է լիներ, բայց արել են, թե ոչ, չեմ կարող ասել: Ի՞նչ տեխնիկական հնարավորություններ կային այդ օրը, դա մասնագիտական հարց է, ուստի դժվար է պատասխանել:
-Կար նախ և առաջ հարցի քաղաքական «կողմը», ըստ որի` Քոչարյանն ու Հունանյանը խոսել են այնպիսի բաներից, որ չէին ցանկանա հասարակությունն իմանար: Եվ հետո, Քոչարյանին շատերն ինչ-ինչ մեղսակցություն էին վերագրում, և նա պետք է առավելագույնս շահագրգիռ լիներ ձայնագրությունը հրապարակելու հարցում:
-Գիտե՞ք, այդ օրը խորհրդարանում և խորհրդարանի դահլիճում այնպիսի խուճապ էր տիրում, մի էնպիսի իրավիճակ էր, որ ուղղակի աննկարագրելի էր, և այդ իրավիճակում, ըստ էության, էլեմենտար կարգ ու կանոն հաստատող գործողությունների սպասելը շատ դժվար կլիներ:
-Բայց, պարոն Հովհաննիսյան, կարող էր այդ պահին Քոչարյանին էլ վտանգ սպառնալ, կարելի՞ էր առանց գաղտնալսման սարքի նրան ուղարկել «էն անիրավ աշխարհը» ` Նաիրիի հետ «բանակցելու»:
-Գաղտնալսման սա՞րքը պետք է ապահովագրեր նրան: Գաղտնալսման սարքը հետագայում ընդամենը պետք է փարատեր կասկածները, որոնք, հնարավոր է, առաջանային:
-Եվ առաջացան: Բայց չփարատվեցին:
-Իհարկե, տրամաբանական էր, որ այդ հանդիպումը պետք է գաղտնալսվեր:
-Վանոն իր գրքում գրում է, որ Հմայակը «շատ բան գիտի, բայց ծամծմում է», հը՞:
-Այն իրավիճակում, երբ մյուս շատ բան իմացողները կա՛մ լռում են, կա՛մ օր ու մեջ փոխում իրենց գնահատականների աշխարհաքաղաքական վեկտորը, «ծամծմելն» էլ հերոսություն է:
- Իսկ ի՞նչ կարծիքի եք Լիտվինենկոյի հնչեցրած տեսակետի մասին:
-Լիտվինենկոն մի տեսակետ է հնչեցնում, Շիրխանյան Վահանը` մեկ այլ և հայտարարում, թե ԱՄՆ-ն ու անգլոսաքսոններն են կանգնած 27-ի հետևում: Ես այդ գնահատականները համարում եմ քաղաքականացված և կոնյունկտուրային պահանջներից բխող:
-Եվ, այնուհանդերձ, կա՞ր «այլ ձեռք» 27-ի հետևում:
-Ես կարող եմ ասել միայն մեկ բան. երբ անջատված մասով դատախազությունը գործը կարճեց, նախօրոք դիմելով ազգաբնակչությանը՝ առաջարկելով նրան ձեռքի տակ ունեցած տեղեկությունները տրամադրել հատուկ քննչական խմբին, ինքս առաջարկեցի հետաքննել այն հարցը, թե ո՞ր պատգամավորները և ի՞նչ պատճառով են այդ օրը բացակայել նիստերի դահլիճից, մանավանդ որ կառավարության հետ այդ օրվա հարց ու պատասխանն առաջինն էր վաչապետ Վազգեն Սարգսյանի` Միացյալ Նահանգներ կատարած անչափ կարևոր այցից հետո, այդ իսկ պատճառով որևէ մեկը հենց այնպես չէր կարող բացակայել։ Առաջարկեցի այդ հետազոտությունների արդյունքում պարզել` պատգամավորական կորպուսում արդյոք եղե՞լ են պատգամավորներ, որոնք ինչ-ինչ տեղեկություններ են ունեցել նախապատրաստվող ահաբեկչության մասին և խույս են տվել իրենց վտանգի ենթարկելուց:
-Ո՞վ չկար այդ օրը պառլամենտում, պարոն Հովհաննիսյան:
-Ես առաջարկում էի հատուկ քննչական խմբին ճշտել դա:
-Բայց չէ՞ որ Դուք այդ նույն օրերին պառլամենտի ամբիոնից ասացիք, թե ովքե՛ր չեն եղել:
-Այո՛, կրկնել չեմ ուզում:
-ՕԵԿ-ի՞ն նկատի ունեք, պարոն Հովհաննիսյան:
-Դուք ասացիք:
-Դուք էլ էիք ասել:

«ԵՍ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ՕԵԿ)
-Պարոն Մարգարյան, 27-ին ՀՀ նախագահի ու տեռորիստների ղեկավար Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրում-գաղտնալսում չէր եղել, ի՞նչ եք կարծում, պե՞տք էր գաղտնալսել, թե՞ գաղտնալսվել է, սակայն հանրությանը չի ներկայացվել:
-27-ի դեպքերը տարիներ շարունակ համապատասխան մարմինները քննության են առել, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
-Պարոն Մարգարյան, ես հո Ձեզ չե՞մ հարցնում` ո՞ւր էր ՕԵԿ-ն այդ օրը, ես ընդամենը հարցնում եմ` ի՞նչ եք կարծում, գաղտնալսում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Չեմ կարող ասել: Ինքս այդ ժամանակ պատգամավոր չեմ եղել: Գաղտնալսումը կարգավորվում է օրենքով, ուր նշվում է, թե որ դեպքերում կարելի է գաղտնալսում իրականացնել։ Այն կարելի է իրականացնել միայն դատարանի որոշմամբ (կարելի է, չէ՞, պատկերացնել, թե դատարանը ոնց էր «որոշում» կայացնում` գաղտնալսել Քոչարյանի զրույցը... Հունանյանի հետ- հեղ.):
«Գաղտնալսեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ