Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
01.12.2009 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Մոսկվայում փորձ է արվում այդ տրամադրությունները ներկայացնել իբրև միանգամայն լուրջ ազդակներ հարավային ռազմավարական ուղղությամբ սպառնալիքներին առնչվող։ Բայց դա պայմանավորված է ավելի շուտ ոչ թե մանրակրկիտ վերլուծությամբ, այլ մակերեսային դիտարկմամբ կամ գործնականում հատվածական մեկնաբանություններով, որոնցով հանդես են գալիս ԶԼՄ-ներում «ավտոբուսային քաղաքագետները»։ Ովքեր, ի դեպ, մեծ մասամբ կրթություն են ստացել Ռուսաստանում։ Եթե Հայաստանի ՆԱՏՕ ընդունվելու հարցը քաղաքացիության իրավունք ստացած լիներ, ապա ասպարեզում գոյություն կունենար նաև առարկայական բանավեճ։ Ձեռք բերված չափորոշիչներով Հայաստանն ավելի նախընտրելի դիրքում է ՆԱՏՕ ընդունվելու հարցում, քան իր հարևանները, հատկապես, երբ դաշինքի անդամ են դարձել կառավարման և զինված ուժերի չափորոշիչների առումով բացարձակապես անհամարժեք պետություններ։
Բայց ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի կազմ նոր անդամներ ընդունելու հարցը պայմանավորված է քաղաքական խնդիրներով, որոնք Հարավային Կովկասում դեռևս հեռու են լուծումից։ Հարավային Կովկասի երկրներին ՆԱՏՕ ընդգրկելու ծրագիրն ամենից քիչ է պայմանավորված մեր տարածաշրջանում տիրող իրավիճակով։ Այդ հարցը կախված է շատ կոնկրետ խնդիրներից, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հետաքրքրություններին Սև ծովում, ՈՒկրաինայի աշխարհաքաղաքական կողմնորոշումներին, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև ավելի սկզբունքային հարցերի` արևմտյան հանրության տարածական, ժամանակային և ինստիտուցիոնալ սահմանները որոշելու վերաբերյալ։ Սահմաններ, որոնցում կարող էին ընդգրկվել Թուրքիան ու Ռուսաստանը, իբրև հնարավոր գերդաշինքի ամենաարևելյան մասնակիցներ։ Մինչև այժմ, ամենահզոր պետության կամ աշխարհում ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ոչ մի հայտարարություն կամ բանաձև պաշտպանության և անվտանգության վերաբերյալ, որևէ նշանակություն չի ունեցել, բացի քարոզչականից։ Ըստ այդմ, արժե՞, արդյոք, աղմուկ բարձրացնել Հայաստանի` ՆԱՏՕ ընդգրկվելու հավանականության հետ կապված։ Հնարավոր է` դա ունի որոշակի նպատակներ, որոնք պայմանավորված են Մոսկվայում տարբեր գաղափարների ու թղթերի դեմ պայքար ծավալելու անհրաժեշտությամբ, բայց երբեք չի կարող հանգեցնել արդյունքի սկզբունքային որոշումների կայացման առումով։
Մոսկովյան այդ աժիոտաժի առավել ճշմարտանման վարկածը, սակայն, Հայաստանի ներքաղաքական շահերն են։ Քաղաքական պայքարը Հայաստանում ձեռք է բերել անկանխատեսելի բնույթ, ինչը մեծ հետաքր-քրություն է առաջացրել արտասահմանի քաղաքական, դիվանագիտական և վերլուծական շրջանակներում։ Այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ հիմա խաղաքարտերը բացված են նաև ամերիկացիների կողմից, որոնք ցույց տվեցին, թե ով ում հետ է և ուր է գնում։ Իհարկե, Սերժ Սարգսյանի «ատլանտամետ» և «ամերիկամետ» ինքնաբավությունը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներինը, նույնքան կասկածելի է, որքան համակարգված արտաքին քաղաքականություն իրականացնելու նրանց ընդունակությունը։ Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը վերածվել է արևմտամետ և այլընտրանք չունեցող քաղաքական ֆիգուրի, և նա գիտակցաբար է մտել այդ խաղի մեջ, որը նրան միանգամայն ձեռնտու է։
Կշահի՞, արդյոք, այս խաղարկային իրավիճակում Ռուսաստանը, և ինչպիսի՞ հեռանկարում դա կարող է տեղի ունենալ։ Ստացվում է, որ Ռուսաստանը ձգտում է հստակության, կանխատեսելիության և միաչափության հաստատման Հայաստանում և ջանքեր է գործադրում ատլանտյան «կուսակցություն» ստեղծելու համար` կիրառելով ժողովրդականություն չվայելող հնարքներ։ Սակայն խաղարկային իրավիճակը կարող է շատ շուտով և հեշտությամբ տրանսֆորմացվել։ Բացարձակապես ակնհայտ է, որ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ամերիկացիները խաղագումար չեն դնի։ Ժամանակն է դա միանշանակ հասկանալու, ինչպես նաև այն, որ գործնականում Հայաստանի ամբողջ քաղաքական էլիտան մնացել է համաշխարհային քաղաքականության շրջագծից դուրս և համաշխարհային ուժային կենտրոնների համար չի կարող ընկալվել որպես գործընկեր։ Դա վերաբերում է ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև քաղաքական դասակարգին, առաջատար բիզնես շրջանակներին, վարչակազմին։
Առայժմ Հայաստանում իրագործվում է ամերիկյան և ոչ թե ռուսական նախաձեռնությունների տրամաբանությունը։ Սակայն հարց է առաջանում, թե ի՞նչը կարող է հանգեցնել այս կամ այն տերության ազդեցության մեծացմանը Հայաստանում, ուր քաղաքական դասակարգը, հասարակական ակտիվ շերտերը բացարձակապես ժողովրդականություն չեն վայելում, բայց, այնուհանդերձ, պահպանվում է հասարակական-քաղաքական կայունությունը։ Հայաստանի հետ կապված ԱՄՆ-ի նպատակը ոչ միայն հայկական գործոնի օգտագործումն է իբրև Թուրքիային զսպելու լծակ, այլև փորձել թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը Հայաստանին օգտագործի իբրև դաշնակից և գործընկեր, ու այդպիսով այն դուրս բերվի ռուսական քաղաքական խաղից։ Այս մոտեցումը բացարձակապես չի առնչվում երկրի ներքաղաքական կյանքին։ Ներքաղաքական գործընթացների վրա ազդելու ամերիկյան կամ ռուսական փորձերը չեն հանգեցնի քաղաքական գործիչների և հասարակության մեջ նախապատվությունների հստակեցման։ Այն պետությունը, որն ուզում է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, չպետք է պնդի ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անիրատեսական սխեմաների շրջանակում, որ արդեն լավ հայտնի է։ Չպետք է պնդել, որ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ և գեոտնտեսական հարցերում պետք է լինի սելեկտիվ։ Անհնար է Հայաստանից խլել տնտեսական և անվտանգության խնդիրների հետ կապված իր ընտրության իրավունքը։ Արտաքին ուժերի նախապատվությունների դրսևորումը ներքաղաքական դաշտում անփոփոխ կերպով հանգեցնելու է կտրուկ արձագանքի ու ոչ մի արդյունք չի տալու։ Գործընկերը, հատկապես ռազմավարական դաշնակիցը, չպետք է մշտապես կասկածի ենթարկի իր դաշնակցի «հավատարմությունը» և սահմանափակի նրա արտաքին հնարավորությունները, դրանով իսկ հանգեցնելով նրա թուլացմանը։
Հարկ է ուշադրություն դարձնել, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարները բավականաչափ քաղաքական փորձ ունեցող մարդիկ չեն և խիստ ենթակա են լոբբիստական ազդեցության։ Չնայած այն բանին, որ իշխանությունը կենտրոնացած է նախագահի աշխատակազմում, դա միայն պաշտոնական իշխանությունն է։ Սակայն պաշտոնականից բացի, Ռուսաստանում գոյություն ունի և չի թուլանում կոմերցիոն ընկերությունների ազդեցությունը, որոնք լրջորեն ազդում են արտաքին և ներքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության խնդիրների վրա։ Տնտեսական ճգնաժամը միգուցե թուլացնի այդ ընկերությունների ազդեցությունը, բայց նրանց փոխարեն կգան ուրիշները։ Ռուսաստանում մշակված են հայեցակարգային նշանակություն ունեցող բազմաթիվ դիրեկտիվ փաստաթղթեր, որոնք, սակայն, չեն աշխատում և չեն գործադրվում։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շատ կողմերով արտաքին մարտահրավերներին արձագանքելու բնույթ ունի միայն, ինչը սկզբունքորեն չի տարբերակում ռուսական քաղաքականությունն ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքականությունից, թեպետ այդ պետությունների դերն անհամեմատելի է Ռուսաստանի հետ։
Այս պայմաններում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող ունենալ բավականաչափ համակարգային ու հետևողական բնույթ։ Ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման ռուսական նախագիծը», որը կողմերին առաջարկվեց 2008-ի աշնանը, դասական օրինակ էր մի պետության քաղաքականության, որն այդպես էլ չի մշակել իր մոտեցումները տարածաշրջանների նկատմամբ կամ էլ ընդունակ չէ լուծելու այդ տարածաշրջանների խնդիրները։ Սակայն ռուսական քաղաքական ղեկավարության բնույթը, արտաքին քաղաքականության մշակման հանգամանքներն ու պայմանները հաշվի առնելով հանդերձ, այդ ամենը երկրորդական նշանակություն ունի քաղաքական կուրսի իրականացման հարցում։ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է վերանայել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները` ելնելով աշխարհում և տարածաշրջաններում առկա նոր միտումներից։ Հավանաբար, Մոսկվայում շատ քաղաքագետների թվում է, թե աշխարհում և տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ձևավորվել նոր հարաբերություններ կառուցելու այն պետությունների հետ, որոնք նախկինում երբեք չեն եղել Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցները, և այդ թվում է ամենից առաջ Թուրքիան։ Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կրկին կառուցվել միայն փոխադարձ զիջումների ռեժիմում, և այդ հեռանկարում ակնհայտ է դառնում Հայաստանի շահերը զոհելու գայթակղությունը, ընդ որում` խոսքը վերաբերում է արմատական ազգային շահերին։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է շատ բարդ և պայմանավորված է տարբեր հանգամանքներով, տարբեր գործընկերների խաչաձև շահերով։ 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ստորագրված բանաձևը դարձավ տապալման օրինակ, եթե խոսքը Հայաստանի շահերն անտեսելու փորձերի մասին է։ Բայց առայժմ անհասկանալի է մնում, թե որքանով է Ռուսաստանն իր համար պարզել սեփական հայացքների արատավորությունը և արդյոք չի՞ ձեռնարկի հերթական փորձերն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը բավարարելու ուղղությամբ։ Հայաստանի շահերը «հանձնելու» այդ փորձերից հետո Թուրքիան շտապեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն դրսևորել, և նույնիսկ բանակցություններ սկսվեցին Թուրքիայի սևծովյան ափում ստեղծված նոր ամերիկյան բազայում։ Դրանից բացի, Դմիտրի Մեդվեդևի այցը Բաքու 2009-ի հուլիսին, ուր շոշափվեցին «գազային հարցերը», սկզբունքորեն տապալվեց, ինչը և սպասվում էր։ Սակայն սրանք միայն առանձին դրվագներ են, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները ձեռք չբերեցին այն ռազմավարական բնույթը, ինչի հետ հույսեր էին կապել Մոսկվայում։ Այդ իրադարձությունները, անկասկած, դարձան այն կետը, որից սկսվեց նոր հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որոնք արդեն դժվար է լինելու անվանել դաշնակցային, առավել ևս` ռազմավարական։ Այդ իսկ պատճառով Մոսկվայում անհանգստություն է դրսևորվում Հայաստանի արտաքին քաղաքականության և նախապատվությունների կապակցությամբ։ Դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի ներքին իրադրության վրա և, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի այդ վերաբերմունքը կհանգեցնի Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորման։
Եթե ԱՄՆ-ի ներկայիս ծրագրերը` իր ռազմական ներկայությունը Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ուժեղացնելու հետ կապված, իրագործվեն և այդ տարածաշրջաններում ի հայտ գա «երրորդ ուժը», ապա Հայաստանի և հայաստանյան հասարակության ջանքերը` արտաքին քաղաքական նախապատվությունները սրբագրելու ուղղությամբ, ավելի հետևողական կդառնան։ Առայժմ Հայաստանն առանց հաջողության փորձել է իրագործել, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականություն, որն այդպես է ընկալվում միայն դիվանագիտական կոնտեքստում, բայց ոչ իրական քաղաքականության մեջ։ Այն, որ ԱՄՆ-ն իբր ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի վրա աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ կապված, և հատկապես ղարաբաղյան հարցում, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայաստանյան իշխանությունների հորինվածքը։ Ոչ մի քիչ թե շատ ճնշում ԱՄՆ-ի կողմից այս հարցում չկա։ Նման ճնշում չկա նաև ՆԱՏՕ-ի կազմ Հայաստանի ինտեգրման հետ կապված և ոչ միայն այն պատճառով, որ չկա պարտադրելու ցանկություն։ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կազմի, գործառույթների և պատասխանատվության գոտու ընդլայնումը նույնքան խնդրահարույց է, որքան նրա եվրոպական գործընկերների համար։ ԱՄՆ-ն առայժմ որոշում չի ընդունել և փորձում է գնահատել գեոռազմավարական հեռանկարը։ ԱՄՆ-ը միշտ նախընտրել է գործ ունենալ անմիջականորեն առանձին պետությունների հետ, քան այդ հարաբերությունները միջնորդավորել ՆԱՏՕ-ի շրջանակներով։ Հայաստանն ԱՄՆ-ը դիտարկում է որպես ռեզերվում գտնվող պետություն, և այդ ռեզերվն ամբողջությամբ ու միանգամայն համարժեք կօգտագործվի Հարավային Կովկասի վրա լիարժեք հսկողություն հաստատելուց հետո։ Հետևաբար, ինչի՞ համար է ավելորդ քաշքշուկը։ Եթե ընդունված է ասել, որ Ռուսաստանը չունի լիարժեք մշակված ծրագիր Հարավային Կովկասի վերաբերյալ, ապա ավելի մեծ չափով դա կարելի է ասել ԱՄՆ-ի մասին, որի շահերն այս տարածաշրջանում շատ սահմանափակ են և հանրագումարում բացառապես հանգում են նավթի արդյունահանմանն ու տարանցմանը։ Մնացած ամեն ինչ ենթակայացված է այս նպատակին։
Արևմուտքը, Հյուսիսն ու Արևելքը բավականաչափ հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Հարավային Կովկասում միայն երկու պետություն կա, որոնք սկզբունքորեն ընդունակ են ռազմավարական գործընկերներ լինելու։ Դա Հայաստանի Հանրապետությունն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս ընկալումը վաղուց է ձևավորվել Հայաստանի տարբեր, ռազմավարական և բոլորովին էլ ոչ ռազմավարական գործընկերների շրջանում։ Բայց այդ ամենը չափազանց բարդ և բացարձակապես պահանջված չէ հայկական քաղաքական դասակարգի շրջանակում քննարկելու համար, որը զբաղված է անիմաստ ինտրիգներով` ներգրավելով նաև արտաքին կողմերին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ