Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ծանոթացեք Ուկրաինայի գերագույն գլխավոր կեղծարարին ու դեմագոգին, Հայաստանում եղածին արդեն ծանոթ եք

Ծանոթացեք Ուկրաինայի գերագույն գլխավոր կեղծարարին ու դեմագոգին, Հայաստանում եղածին արդեն ծանոթ եք
05.03.2022 | 23:20

Պուտինի հետ բանակցելու Զելենսկու թվացյալ և իրական նպատակները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 3-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ինչպես նման դեպքերում ասում են հեգնանքով, բարով եկար…
Զելենսկին, «Ведомости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը՝ ներառյալ Դոնբասի կարգավիճակը, Ուկրաինայում ռուսաց լեզվի խնդիրները և ներկայիս իրավիճակը։


«Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես գիտեմ դրանք խորապես, բոլոր այն տեղերը, որոնց մասին մենք խոսում ենք՝ Ուկրաինայի մասին, ռուսաց լեզվի հիմնահարցերի մասին, ես նրանք չեմ տեսնում, Դոնբասի մասին` բռնազավթված կամ չբռնազավթված, Դոնբասի կարգավիճակի մասին, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մասին, այն մասին, թե ինչ է կատարվում... Ես գիտեմ, թե որտեղ գտնել այս կետերը, որպեսզի չպատերազմենք... Միայն թե պետք չէ մեզ հետ խոսել ինչպես ուրիշ տեսակի երկրի»,- ասել է Զելենսկին (մեջբերումը` «РИА Новости»-ի)։


Զելենսկու այս հայտարարությունից հետո, բնականաբար, հարց է առաջանում` խիստ հարբած վիճակո՞ւմ է ասել, թե սթափ… Եթե լակած, ուրեմն էլի մի նմանություն… Բայց դատելով ամենից, սթափ է ասել և որոշակի քաղաքական հաշվարկով, նպատակով… Միայն թե այդ դեպքում հարց է առաջանում` եթե անկեղծ է ասել, որ պատրաստ է քննարկել նաև Ուկրաինայում ռուսաց լեզվի հիմնահարցերը ու դրանք նույնպես խորապես գիտի, ապա մի քանի բառից հետո ինչպե՞ս է ասել, որ ինքը նրանք (ռուսաց լեզվի հետ կապված հիմնահարցերը) չի տեսնում, այսինքն` Ուկրաինայում ռուսաց լեզվի արգելման, հետապնդման, ճնշման, սահմանափակման դրսևորումներ չկան… Իրականում, իհարկե, կան:
Եվ, վերջապես, կողմնորոշվել է պետք, հսկայական երկրի ղեկավար է, ամոթ է, հիմա Դոնբասը, որի և որի կարգավիճակի մասին ասում է, թե պատրաստ է Պուտինի հետ քննարկել, բռնազավթվա՞ծ է, թե չբռնազավթված…


Կարելի է սխալմամբ կարծել, որ Զելենսկին մտքում Դոնբասը բռնազավթված է համարում, բայց հանուն խաղաղության, զոհերի և ավերածությունների հետագա աճը կասեցնելու, կանխելու և Պուտինի հետ բանակցությունների կայացման համար է ասել, որ պատրաստ է նրա հետ քննարկել «Դոնբասի մասին` բռնազավթված կամ չբռնազավթված, Դոնբասի կարգավիճակի մասին»: Այո, կարելի է սխալմամբ կարծել, թե իսկը խաղաղության աղավնի է կամ գրեթե հրեշտակ:


Մյուս սխալ ենթադրությունն էլ այն կլինի, թե Զելենսկին Պուտինի ոտքերն է ընկել նրա հետ բանակցելու համար, որպեսզի ռուսական զորքերը չմտնեն Մարիուպոլ ու կիև, ՌԴ ռազմական հատուկ գործողությունը չավարտվի միայն իր հայտարարված նպատակներին հասնելուց հետո, Ուկրաինայի ազգայնամոլները, նեոնացիստները, ռուսների ու Ռուսաստանի մոլի թշնամիներն ամբողջությամբ չոչնչացվեն, ողջ մնացածներն էլ չկանգնեն քրեական պատասխանատվության առջև, ինքն էլ` նրանց հետ, առնվազն, որպեսզի չկորցնի իր իշխանությունը և Ուկրաինայից չճողոպրի, ասենք, Իսրայել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա կամ Լեհաստան:


Ի դեպ, վերոնշյալ ենթադրությունը բավական տրամաբանական է ու սկզբում քիչ էր մնում, որ տողերիս հեղինակն էլ այդ կարծիքը կազմեր, բայց մի շարք փաստերի ծանոթանալուց հետո պարզ դարձավ Զելենսկու ողջ կեղծավորությունն ու դեմագոգիան:
Հարց` եթե Ուկրաինայի նախագահն իսկապես նպատակ ունի բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել վերոնշյալ հարցերը, ապա մամուլի ասուլիսի ժամանակ ինչպե՞ս է համառորեն պատասխան է պահանջել ՆԱՏՕ-ից այն հարցին, թե երբ է դաշինքը պատրաստ փակել Ուկրաինայի երկինքը։


Մարտի 3-ին առցանց մասնակցելով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպմանը, նույն հարցը բարձրացրել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, դրանով իսկ, Զելենսկու հետ միասին, նպատակ ունենալով նաև բախում սադրել, պատերազմ հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Դե, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, նրանց թվում նաև` ԱՄՆ-ը, իհարկե, այս պահանջը մերժել են` բնավ ցանկություն չունենալով ամբողջովին մոխրանալ աշխարհակուլ միջուկային պատերազմի բոցերում, դրանց ղեկավարները, ինչպես ասում են, իրենց խելքը հացի հետ չեն կերել:
Հարց 2-րդ. եթե Զելենսկին իսկապես նպատակ ունի բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, ինչպե՞ս է մարտի 3-ին, «Русская весна»-ի տեղեկացմամբ, Արևմուտքին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային, եթե երկրի երկինքը փակելու պատրաստակամություն չլինի։ Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան արևմտյան բոլոր գործընկերներին նույն օրը նույնպես կոչ է արել Ուկրաինային անհապաղ տրամադրել մարտական ինքնաթիռներ։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի կամ արևմտյան երկրների պատասխանը ռազմական ինքնաթիռներ տրամադրելու խնդրանքներին դեռ անհայտ է:


Հարց 3-րդ. եթե Զելենսկին իսկապես նպատակ ունի բանակցել Պուտինի հետ, ապա ինչպե՞ս է շարունակում արտերկրից հրավերել և Ուկրաինայում ընդունել օտարերկրյա վարձկանների և ռուսատյաց հրոսակների, իսկ ուկրաինական դիվերսիոն խումբը լույս մարտի 4-ի գիշերը վտանգավոր սադրանք իրականացնում Եվրոպայի ամենամեծ` Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում:


Այս հարցերով բացահայտվում է Զելենսկու կեղծիքն ու դեմագոգիան` Պուտինի հետ խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահին նախապես քաջ հայտնի էր, որ Պուտինը մերժելու է իր հետ բանակցություններ վարելու առաջարկը, դրա համար ունենալով միանգամայն հիմնավոր պատճառներ: Մեկը, օրինակ, այն, որ ավելի վաղ Պուտինն իրեն հրավիրել էր Մոսկվա բանակցությունների, սակայն ինքն արհամարհել էր Ռուսաստանի նախագահին, մերժելով նրա առաջարկը:
Երկրորդ. մարտերն Ուկրաինայում արդեն շատ հեռուն են գնացել, քիչ չեն նաև ռուսական կողմի կորուստները, իսկ դրանք հատուցում են պահանջում` Ռուսաստանի թշնամիներին պատժելու տեսքով:


Երրորդ. Ռուսաստանն Ուկրաինայում իր ռազմական հատուկ գործողության հայտարարված նպատակներին դեռ չի հասել, ինքը` Զելենսկին էլ մտադիր չէ այդ պահանջները կատարել, ու քանի դեռ ՌԴ-ն չի հասել իր նպատակներին, մարտերը չեն դադարելու, որովհետև, հակառակ պարագայում, Ռուսաստանի զոհերն ու մյուս կորուստները կլինեն իզուր, ապարդյուն, դրանց հետ միասին, «օգուտը» կմնան Արևմուտքի պատժամիջոցները, թեկուզ զորքերն Ուկրաինայից դուրս բերելուց հետո որոշ չափով մեղմացվելիք:


Չորրորդ և ամենակարևորը. Ուկրաինայում իր ռազմական հատուկ գործողության հայտարարված նպատակներին ամբողջապես չհասնելու դեպքում, Ռուսաստանը մոտ ապագայում Ուկրաինայից լրջագույն սպառնալիքների հետ է բախվելու, ընդհուպ գործ է ունենալու այն ժամանակ արդեն զանգվածային բնաջնջման զենքի (միջուկային, կենսաբանական) տիրապետող ռուսատյաց ազգայնամոլների, նեոնացիստների հետ:
Այս ամենը նկատի ունենալու պարագայում պարզ է դառնում, որ Պուտինի հետ բանակցելու Զելենսկու առաջարկը ոչ թե անկեղծ է և իսկապես ունի բանակցելու նպատակ, այլ նպատակ է հետապնդում հետագա արյունահեղության ողջ մեղքն ու պատասխանատվությունը գցել ՌԴ նախագահի վրա, թե, տեսեք, ես ուզում էի նրա հետ հանդիպել, բանակցել, պատերազմը կանգնեցնել, բայց նա մերժեց: Ուկրաինայի նախագահը, միաժամանակ, նպատակ ունի իր հայտարարությամբ խաղաղասերի տպավորություն թողնել, ինչպես նաև Արևմուտքի հիմնականում քաղքենիական հասարակության խղճահարությունն առաջացնել Ուկրաինայի հանդեպ, այստեղից էլ խթանել երկրին Արևմուտքի օգնությունը, այդ թվում նաև` ռազմական...


Փետրվարի 23-ին Զելենսկին հայտարարել էր, որ նախաձեռնել է հեռախոսազրույց Պուտինի հետ, սակայն պատասխանը լռությունն է։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը բազմիցս խոսել էր ՌԴ նախագահի հետ կապ հաստատելու փորձերի մասին, մինչդեռ Պուտինը դրանից առաջ նրան հրավիրել էր Մոսկվա բանակցությունների, սակայն Զելենսկին մերժել էր առաջարկը։
Մարտի 1-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Զելենսկու զրույց դեռևս նախատեսված չէ։ Նա հիշեցրել էր, որ կողմերը Բելառուսում բանակցում են Ուկրաինայի իրավիճակի շուրջ, Պուտինին տեղեկացրել են ընթացքի մասին, սակայն դեռ վաղ է գնահատական տալը։ Ինչպես և սպասվում էր, Պուտինի կողմից Զելենսկու այս վերջին առաջարկը նույնպես մերժվեց: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ չի վարի:


Պեսկովը նշել է, որ, Կրեմլի կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները ստեղծված իրավիճակում պետք է ընթանան լռության պայմաններում և ոչ թե հրապարակայնության առարկա լինեն։
Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում պատվիրակությունները հնարավորություն ունեն իրենց դիրքորոշումները միմյանց փոխանցել հստակ և առանց ավելորդ միջնորդների։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի ապաազգայնացման ուղղությունից։ Նա, միաժամանակ, տեղեկացրել է, որ Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույց նախատեսված չէ։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 46575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ